Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Տոն էր՝ վայելեցինք

Տոն էր՝ վայելեցինք
26.10.2018 | 03:12

Եթե չհաշվենք, որ Նիկոլին խորհրդարանը ասաց՝ «չէ», որը «հա»-ի էր հավասար, այս երկու օրը ֆուտբոլասերը կատարյալ բավարարվածության զգացողությամբ ապրեց ու, հուրախություն բոլորիս, հետաքրքիր մրցակցությունների պակաս չկար: Հենց միայն «Մանչեստր Յունայթեդ»-«Յուվենտուս» դիմակայությունը, հենց միայն «Պարի Սեն Ժերմեն»-«Նապոլի» առճակատումը, հենց միայն «Բարսելոն»-«Ինտեր», «Բորուսիա»-«Աթլետիկո» մրցակցությունները բավական են, որ երանության գրկում հայտնվես, թեպետ Երանուհու գիրկն էլ չէր խանգարի:

A ԽՈՒՄԲ
«Բրյուգե»-«Մոնակո» մրցակցությունում կողմերը կարողացել են մեկական գոլ փոխանակել ու բնականաբար մեկական միավոր վաստակել, ինչն էլ այս պահի դրությամբ դարձել է նրանց ողջ ունեցած-չունեցածը: Երկուսն էլ խմբայինում կրիտիկական վիճակում են, քանզի գնդակների 8:0 գերազանց հարաբերակցություն ու ինը միավոր ունեցող Դորտմունդի «Բորուսիան», կարելի է ասել, արդեն իսկ լուծել է խմբայինից դուրս գալու խնդիրը, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» իր շանսը բաց չի թողնի, թեպետ, եթե դառնալու լինենք դորտմունդցիների հետ ունեցած մրցակցությանը, այնպիսի խայտառակ պարտություն է կրել, որ հանուրի զարմանքն է հարուցել: Բոլոր դեպքերում նշենք, որ «Աթլետիկոյին» չորս անպատասխան գնդակի առավելությամբ հաղթած թիմ մատների վրա կհաշվես: Մադրիդցիները վեց միավորով երկրորդ հորիզոնականում են:

B ԽՈՒՄԲ
«Բարսելոնը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր իտալական «Ինտերին» ու անգամ Մեսիի բացակայության պայմաններում ¥առաջնության վերջին խաղում վնասել է ձեռքն ու վեց շաբաթով դուրս մնացել պայքարից¤ 2:0 հաշվով պարտություն հասցրել: Ինչպես միշտ, կատալոնյան ակումբը վիրտուոզ էր, մրցակցին առանց շանս տալու, տեխնիկապես գրագետ էր, կատարողականով՝ փայլուն: Խմբային մյուս՝ «Էյնդհովեն»-«Տոտենհեմ» դիմակայությունում արձանագրվել է ոչ-ոքի հաշիվ՝ 2:2, ինչն էապես նվազեցրել է հաջորդ փուլ դուրս գալու անգլիական ակումբի շանսերը:
«Բարսելոնն» ունի 9, «Ինտերը»՝ 6, «Էյնդհովենն» ու «Տոտենհեմը»՝ մեկական միավոր:

C ԽՈՒՄԲ
Ծայրաստիճան դրամատիկ ու դրամատիկությամբ հանդերձ ֆուտբոլասերին ահռելի լարվածության մեջ պահող եղավ «Պարի Սեն Ժերմեն»-«Նապոլի» մրցակցությունը: Իտալացիները գերազանց սկսեցին ու գերազանց էլ շարունակեցին այնքան ժամանակ, քանի դեռ չէր եղել հանդիպման հաշիվը հավասարեցրած ինքնագոլը: Ճիշտ է՝ դրանից հետո նրանք մի անգամ էլ խիզախեցին, սակայն մրցավարի հավելած ժամանակում գոլի հեղինակ դարձած դի Մարիան նեապոլցիներին թույլ չտվեց երեք միավոր վաստակած հեռանալ Փարիզից, ինչը կլիներ Չեմպիոնների լիգայի այս տուրի խաղարկության խոշոր անակնկալներից մեկը: Իսկ ահա «Լիվերպուլը» շատ թեթև ու արագ անցավ «Ցրվենա Զվեզդայի» վրայով, թիմի, որն իր պատրաստվածության մակարդակով այս խաղարկության բան չէ, ասել է թե այստեղ անելու բան էլ չունի՝ բացի աջ ու ահյակ միավորներ բաժանելուց:
Յուրգեն Կլոպի սաները վեց միավորով առաջին հորիզոնականում են, «Նապոլին» մեկ միավոր պակաս ունի, իր հերթին նրանից էլ մեկ միավորով հետ է «Պարի Սեն Ժերմենը»:


D ԽՈՒՄԲ
«Գալաթասարայ»-«Շալկե» դիմակայությունում արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի, իսկ ահա Մոսկվայի «Լոկոմոտիվը» զիջել է «Պորտուին» ու այն էլ ազդեցիկ հաշվով՝ 1:3: Ի միջի այլոց, այս հանդիպումը ինտրիգներից զուրկ չի եղել ու այնքան էլ չի հիշեցրել առանց կռվի պարտություն: Խաղի արդեն տասներորդ րոպեին մոսկվացիները կարող էին հաշվի մեջ առաջ անցնել ու խաղի միանգամայն այլ սցենար առաջարկել մրցակցին, եթե անվրեպ իրացնեին տասնմեկմետրանոցը: Չեն արել, պորտուգալացիներն էլ իրենց շանսը բաց չեն թողել: Այստեղ յոթ միավորով «Պորտուն» է աղյուսակի գլխավերևում, 5 ու 4 միավորներով նրան են հաջորդում «Շալկեն» ու «Գալաթասարայը»: Ինչ վերաբերում է Մոսկվայի «Լոկոմոտիվին», զրո միավորով եզրափակում է աղյուսակը:

E ԽՈՒՄԲ
«Այաքս»-«Բենֆիկա» և ԱԵԿ-«Բավարիա» դիմակայությունների արդյունքներում դժվար է անակնկալ փնտրել: Հոլանդական թիմը պորտուգալացիներին հաղթել է նվազագույն հաշվով, մյունխենցիները հաղթել են երկու գնդակի տարբերությամբ:
Ի՛նչ է տվել սա հաղթող կողմերին:
Մրցաշարային աղյուսակում մինչ այդ ունեցած տեղերի առումով՝ ոչինչ: Երկուսն էլ շարունակել են մնալ առաջին երկու հորիզոնականում, միայն թե այս անգամ ավելի ունեցած երեք միավորով, իսկ մրցակիցների մասին չխոսենք, քանզի նրանց մոտ էլ դրության փոփոխություն չի եղել և ամենայն հավանականությամբ այս դրությամբ էլ հրաժեշտ կտան խմբայինին, ու դա չնայած նրան, որ դիմացը դեռ անցնելիք ճանապարհ կա:

F ԽՈՒՄԲ
Միանգամից ասենք, որ «Մանչեստր Սիթին» «Շախտյորին» նրա իսկ դաշտում հույսի նշույլ իսկ չթողեց: 3:0 հաշվով պարտությունը ֆուտբոլում կատակ բաներից չէ ու միանգամայն այլ բաների մասին է խոսում, որոնք չենք մասնավորեցնում ուկրաինական թիմին որոշակի հարգանքի տուրք մատուցելով, զուտ նրա համար նաև, որ այստեղ երկար տարիներ հանդես է եկել մեր Հենրիխ Մխիթարյանը, իսկ, այ, «Հոֆենհայմ»-«Լիոն» դիմակայության առնչությամբ կարելի է հա խոսել ու խոսել: Այստեղ գրանցվել է Չեմպիոնների լիգայի խաղային այս երկու օրվա ամենամեծ հաշիվը: Կողմերը մեկմեկու երեք գոլով են պատվել՝ այդպես էլ չկարողանալով իրար ծնկի բերել: Հավելենք սոսկ, որ գերմանացիները հաշվի հավասարությունը կարողացել են վերականգնել միայն հավելված ժամանակում:

G ԽՈՒՄԲ
Հաշվի առնելով «արքայական» ակումբի վերջին շրջանի թույլ մրցելույթները՝ մի փոքր էլ հեգնանքով կարող ենք ասել, որ պլզենյան «Վիկտորիայի» դեմ այն խիզախեց՝ հաղթելով 2:1 հաշվով: Սակայն այս հաղթանակը ոչ մի կերպ չի նվազեցնում թիմի գլխավոր մարզչի գլխին կուտակված ամպերի ծանրությունը: Առջևում «Բարսելոնի» հետ ունենալիք էլ կլասիկոն է, որի բացասական ելքը վճռական կդառնա Լոպետեգիի համար: Ի միջի այլոց, այդ խաղը վնասվածքի պատճառով հարկադրված բաց կթողնի Լեո Մեսին, որը բաց չի թողել վերջին 11 տարվա էլ կլասիկոներից և ոչ մեկը ու դրա լավագույն ռմբարկուն է: Ինչևէ, գոնե այս առումով Օլիմպոսի աստվածները «Ռեալի» գլխավորի հետ են:
Ինչ վերաբերում է «Ռոմա»-ԲԿՄԱ դիմակայությանը, ռուսների համար նախախաղային ողբերգությունը (փլվել էր մետրոյի շարժասանդուղքը՝ դառնալով երեք տասնյակի չափ մարդկանց վնասվածքի պատճառ) ներհյուսվեց մրցակցությանը: Իտալական «գայլերը» երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Վեցական միավորով «Ռեալն» ու «Ռոման» առաջին երկու հորիզոնականում են, Մոսկվայի բանակայինները մնացել են ունեցած չորս միավորով:

H ԽՈՒՄԲ
Աղյուսակը եզրափակած ու ոչ մի միավոր չունեցած «Յանգ Բոյզը» լավ էլ կռիվ տվեց «Վալենսիայի» հետ, ու որ իսպանացիները միավոր վաստակած են հեռանում Շվեյցարիայից, անկեղծ լինենք, դրա համար պիտի հպարտ լինեն՝ 1:1: Իսկ խմբայինի ու առհասարակ այս խաղարկության զարդերից էր «Մանչեստր Յունայթեդ»-«Յուվենտուս» դիմակայությունը:
Իհարկե Մոուրինիոն շատ կուզենար, որ իր թիմը չպարտվեր, սակայն «ծեր սինյորային» հաղթական ոգի բերած Ռոնալդուն թող որ անմիջական չի փայլում թիմում, սակայն բոլորին ստիպել է ավելի հավաք զգալ իրենց: Ինչևէ, «Յուվեն» հաղթել է ու բնավ էլ նշանակություն չունի, որ նվազագույն հաշվով: Իտալացիներն ինը միավորով գլխավորում են խմբայինը, չորս միավոր ունի «Մանչեստր Յունայթեդը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ