Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Էստաֆետը փոխանցվեց Կատարին

Էստաֆետը փոխանցվեց Կատարին
17.07.2018 | 03:16

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանն այն անցկացրեց չափազանց բարձր մակարդակով (ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն համարել է եղած առաջնություններից լավագույնը)` ձեռքի հետ դաս տալով հատկապես մի քանի չկամների: Խոսքս ոչ էլ ուզում եմ մասնավորեցնել, որովհետև այսքան տարի դրա մասին բազմիցս եմ գրել, ու մեր ընթերցողը խնդրից լավատեղյակ է: ՈՒ որ մեկընդմիշտ փակենք Ռուսաստանի թեման, հիշենք և նրա ընտրանուն, որը գլխից ոչ թե վեր, այլ չափազանց վեր ցատկեց՝ հաճելիորեն զարմացնելով թե՛ ռուսներին, թե՛ մնացած ֆուտբոլային աշխարհը:


Ամեն մի առաջնության զարդերի զարդը գլխավոր եզրափակիչ խաղն է: Որպես օրենք՝ այն գերազանցապես հետաքրքիր է ստացվում: Բացառություն չկազմեց և այս մեկը՝ մոսկովյանը, որում ուժերը չափեցին Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիները: Եթե Ֆրանսիայի մասնակցությունն անակնկալների շարքից չէր՝ Դիդե Դեշամը Ռուսաստան էր բերել բոլոր օղակներում բացառիկ բալանսավորված թիմ, նույնը չենք կարող ասել Խորվաթիայի հավաքականի մասին, որը, սկսած 1998-ից, ուժեղ թիմերի շարքում է, սակայն այնքան ուժեղի համարում չունի, որ վերցնես ու հաստատապես աշխարհի չեմպիոնական կոչման ռեալ հավակնորդ համարես: Ինչևէ:
Խաղն ապշեցուցիչ ընթացք ունեցավ, ու այն ֆրանսիացիների համար բացառիկ հաջող էր ծավալվում, ինչը չես կարող ասել խորվաթների վերաբերմամբ: Տեսեք՝ հօգուտ ֆրանսիացիների խորվաթական ինքնագոլ եղա՞վ, տասնմեկմետրանոց եղա՞վ: ՈՒրիշ էլ ի՞նչ էր պետք, որ խորվաթները կոտրվեին: Բարեբախտաբար այս երկուսի արանքում, ի դեմս Պերիշիչի, նրանք կարողացան մրցակցին մի անգամ կտցահարել ու հանդերձարան գնալ հոգիներում հույսի լույսը բնավ էլ չմարած:


Երկրորդ խաղակեսի առաջին տասնհինգ րոպեն կատարյալ մղձավանջ էր ֆրանսիացիների համար, որոնց շարքերում սկսեց աչք ծակել խուճապային տրամադրությունը: Խփեին այդ պահին խորվաթները, խոշոր հարցական կլիներ, թե ում մերն էր տղա բերելու: Սակայն խորվաթները ոսկի պահը ձեռքից բաց թողեցին, ու հարաբերականորեն ուշքի եկած ֆրանսիացիները հաշվի մեջ մեկ գնդակով էլ առաջ անցան:
Այս առաջնության ընթացքում Խորվաթիան հանդիպումներ ունեցել է, որտեղ մրցակիցը հաշվի մեջ առաջ է եղել, բայց որ փորձած լինեին երկու գնդակի առավելություն հալեցնել, նման բան ես որ չեմ հիշում: 3:1-ը գրեթե արդեն դատավճիռ էր, սակայն ֆրանսիացիները չէին կարող տագնապ չունենալ, որ հաշվի մեջ իրենց առաջ մղած Մանջուկիչը (հիշենք ինքնագոլը), իր սխալը չէր ուղղելու: Հետևաբար, նրանց պետք էր ամրապնդել հաջողությունը, ու դա Պոգբայից րոպեներ անց արեց Կիլիան Մբապեն (ֆրանսիացիներից գոլ է հեղինակել և Գրիզմանը):
Եզրափակիչների համար 4:1 հաշիվը հետ բերվողներից չէ: Կարելի է այն խմբագրման ենթարկել, սակայն այն աստիճանի, որ… արդեն ասացինք՝ հնարավորներից չէ: Զուտ մարդկայնորեն կարելի է ուրախանալ, որ Մանջուկիչը, այնուամենայնիվ, ուղղեց իր սխալն ու Լյորիսին ստիպեց գնդակը հանել դարպասից՝ հաշիվը դարձնելով 4:2 (1966 թ. առաջնությունից հետո սա ամենագոլառատ եզրափակիչն էր), սակայն արագորեն իր վախճանին մոտեցող խաղաժամանակի հետ սպառվում էին խորվաթների ուժերը՝ գնալով ավելի ու ավելի առարկայական դարձնելով այն, որ խորվաթական ֆուտբոլի այս սերնդին վիճակված չէ կրել աշխարհի չեմպիոնի բարձր տիտղոսը:


Ողբերգությու՞ն է սա: Թերևս՝ ոչ, քանզի աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակն էլ պակասներից չէ մի երկրի համար, որը ֆուտբոլում նոր-նոր է փորձում ավանդույթներ հաստատել: Խորվաթական ֆուտբոլի այս սերունդը միանգամայն իրավունք ունի գլուխը բարձր պահած ապրելու, քանզի այն իր երկրի համար արեց անհնարինը, ու արդեն իսկ նրանք հերոսներ էին՝ անկախ եզրափակիչ հանդիպման արդյունքից:
Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, նրանք առաջնություն էին եկել ֆավորիտի կարգավիճակով ու հասան իրենց ուզածին: Պիտի այստեղ պատշաճը մատուցենք նրանց ընտրանու գլխավորին՝ Դիդիե Դեշամին, որը կարողացել էր հաղթողների թիմ ստեղծել, հասնել օղակների այնպիսի համագործակցության, որտեղ ամեն մեկն արեց իրենից կախված առավելագույնը՝ այդպես էլ անորոշության մեջ թողնելով, թե որ օղակին տաս գերապատվությունը:


Դիդիե Դեշամը Ռուսաստան էր բերել ֆուտբոլային աշխարհում լավ էլ անուն ունեցող անհատներ, սակայն կարողացել էր հասնել նրան, որ այդ անհատականությունները նախ և առաջ ներկայանում էին որպես մեկ միասնական թիմ, համույթ, ապա նոր որպես վառ անհատականություն: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ հարկ եղած դեպքում տանը մնացած ֆուտբոլիստներից Դեշամը կարող էր գրեթե նույն հզորությամբ երկրորդ թիմ էլ կազմել, սակայն ձեռքի տակ աստղեր ունենալը քիչ է, և այս առաջնությունը դրա առարկայական դասը մեկ հավաքականի օրինակով չէ, որ տվեց:


Այս հաղթանակով ֆրանսիացիները կրկնեցին 1998 թվականի առաջնության հաջողությունն ու դարձան աշխարհի կրկնակի չեմպիոն: Ի միջի այլոց, դա նրանք կարող էին անել դեռևս չորս տարի առաջ, սակայն այն անգամ եզրափակիչը նրանց չժպտաց: Ի դեպ, Եվրոպայի 2016-ի առաջնությունն էլ նրանց համար եղավ լուրջ փորձություն՝ այն ժամանակ դուրս եկավ, որ պորտուգալացիների աստեղային ժամն էր, ու ֆրանսիացիների երիտասարդ թիմը պիտի սպասեր իր ժամը հնչելուն:
Մի նուրբ հանգամանք էլ կուզենայինք ընթերցողի դատին հանձնած լինել՝ վստահելով իրողությունները երկշերտ ընկալելու նրա մտքի կարողությանը (բազմաշերտի մասին լռենք՝ այն քիչ թվով մարդկանց է վերապահված): 1812 թվականի նապոլեոնյան արշավանքն աչքի տակ ունենալով՝ պիտի որ Ռուսաստանը չլիներ ֆրանսիացիների հաղթավայրը, սակայն եկեք չմոռանանք, որ այս ճակատամարտում նրանց մրցակիցները ռուսները չէին, իսկ հանուն խորվաթների Մոսկվան կրակի տալը կլիներ մի այլ կարգի թիթիզություն, թեպետ դա Պուտին ձյաձյան էլ անել թույլ չէր տա, որքան էլ Մակրոնը փորձում է իր երազների մեջ Ռուսաստանի լիդերի հետ ոտք գցել, երևալ Պուտինին հավասար տղա (թող հլա բարով-խերով հուլիսի 16-ի Թրամփ-Պուտին հանդիպումը լինի, էնժամ կիմանանք՝ Պուտինի «կալիբրի» տղա կա՞ էս աշխարհում):


Այո, ֆրանսիացիները դարձան աշխարհի կրկնակի չեմպիոն ու ցույց տվեցին, թե չեմպիոնական թիմն ինչ պարամետրերի է կոչված համապատասխանելու: Թե դրանից ով ինչ դաս կքաղի, կերևա արդեն 2022 թվին, Կատարում, որն էլ ռուսներից վերցրեց աշխարհի հերթական առաջնությունը կազմակերպելու էստաֆետը: Հարկավ, կարելի է խոսել կատարյան սպասվելիք առաջնության յուրահատկություններից, բայց որ հիմիկվանից խոսենք, բա 2022 թվին ի՞նչ ենք անելու: Այնպես որ, ժողովուրդ ջան, թող ասելիքներս քիչ լինի, բայց լինի, լինելիս էլ տեղին լինի:


Սակայն, ինչպես գիտեք, աշխարհի առաջնությունը հո միայն հաղթող թիմով չէ: Այն ավելի քաղցրացնելու համար կազմակերպիչները բավականին բաներ են մոգոնել, որոնք պակաս հետաքրքրական չեն: Այսպես՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ու «Ոսկե գնդակի» տեր դարձավ խորվաթ Լուկա Մոդրիչը (արծաթե գնդակը հանձնվել է բելգիացի Էդեն Ազարին, բրոնզե գնդակը՝ ֆրանսիացի Անտուան Գրիզմանին): Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է Կիլիան Մբապեին: Մունդիալի լավագույն դարպասապահ է ճանաչվել բելգիացի Տիբո Կուրտուան, իսկ լավագույն ռմբարկուն (վեց գոլով) անգլիացի Հարի Քեյնն է: Մի բան էլ հիշատակենք. Դիդիե Դեշամը Ֆրանց Բեկենբաուրերից ու Մարիո Զագալոյից հետո դարձավ երրորդը, որն աշխարհի չեմպիոն է եղել թե՛ ֆուտբոլիստի, թե՛ մարզչի որակում:
Որպեսզի ընթերցողի առաջ պարտքներս հնարավորինս ամբողջական մարած լինենք, ասենք, որ երրորդ տեղի համար պայքարում մրցել են Բելգիայի ու Անգլիայի ընտրանիները: Անգլիացիներն այդպես էլ չեն դիմացել մրցակցի փորձությանն ու խաղը տանուլ են տվել երկու անպատասխան գնդակի տարբերությամբ. գոլերը խփել են Մենիեն ու Էդեն Ազարը: Մեր մեջ ասած՝ Անգլիայի ընտրանին պիտի որ լավ էլ նեղացած լինի թե՛ թագավորական ընտանիքից, թե՛ երկրի վարչապետ Թերեզա Մեյից. այս երկուսից ոչ մեկն էլ չբարեհաճեց իր երկրի հավաքականի մասնակցությամբ խաղերին ներկայանալ, թեպետ անգլիացիները հասել էին մինչև կիսաեզրափակիչ:


Ես ընդհանրապես մի բան գիտեմ. ֆուտբոլասերի հետ չի կարելի տարաձայնությունների մեջ մտնել՝ ով էլ լինես: Այն սարսափելի հզոր ուժ է ու կարող է ամենայն լրջությամբ հաշվետվություն պահանջել երկրի հավաքականի նկատմամբ անհարգալից լինելու համար:
Լա՜վ, ասենք թե թագուհին տարիքն առած կին է, հազիվ իր կատվի հետ բզբզա, բա ողջ թագավորական ընտանիքում մեկը չկա՞ր, որ այլ բաներից բացի ֆուտբոլ էլ սիրեր: Լա՜վ, թագավորական ընտանիքն էլ թողնենք հանգիստ: Բա էն Թերեզը, էն Մեյ կոչվածը… Ասա քեզ ո՞վ էր ասում գլխիցդ մեծ գործ բռնեիր, Սկրիպալների թունավորման գործը բերեիր Ռուսաստանի հետ կապեիր, որ էսօրվա պես ազիզ օրով Ռուսաստան գալու ո՛չ երես ունենայիր, ո՛չ էլ ոտնատեղ: Մինչդեռ կգայիր, չենք ասում թե Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի պես պար գայիր (Աստված ամեն մեկին չէ, որ ցույց տալու բան է տվել), բայց գոնե տղեքին թև ու թիկունք կկանգնեիր, ու նրանք էլ բելգիացիների հետ խաղում իրենց էդպես ոտնահարված չէին զգա:


Տո, մի կողմից էլ, մեր մեջ ասած, Մեյի… Անգլիացիների դարդը մե՞զ են տվել: Դրանք չէի՞ն, որ ասում էին, թե իրենց նավերը մեր լեռները չեն բարձրանա: Ջհանդամը բարձրանան: Սկի էն մի բարձրացածի հետքերը ողջ երկրագնդով ընկած կարողանու՞մ են գտնել, որ ձերի դարդն էլ քաշենք: Ա՛յ, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն ուրիշ բա՜ն: Աչքիս էդ ակնահաճո տիկնոջ մեջ հայկական ինչ-որ բան կա, թե չէ մեր գրաբարը ինչու պիտի նրա ազգանվան բաղկացուցիչը դառնար:


Այ, տեսնում ես, սիրելի ընթերցող, որ ֆուտբոլը միայն ֆուտբոլ չէ, ֆուտբոլը նաև հարակից այլ բաներ է, սակայն ոչ երբեք Նեմեց Ռուբո, ով, ասում են, ոնց որ թե ձեռ է քաշում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այո, ֆուտբոլը միայն ֆուտբոլ չէ, այլև հարակից բաներ, բայց ոչ երբեք Նեմեց Ռուբո: Դա արդեն չափից ավելի կլինի: Մոլորակն էդ ծանրությանը չի դիմանա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ