Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Միայն երեքում է առաջնությունն անավարտ

Միայն երեքում է առաջնությունն անավարտ
15.05.2018 | 00:48

Ֆուտբոլային եվրոպական գերտերություններից ընթացիկ մրցաշրջանը ավարտեցին Գերմանիան ու Անգլիան, մյուս երեքը դեռևս մեկ տուր ունեն անցկացնելու: Չեմպիոնների առումով տարակարծություններ չկան, նրանք գրեթե բոլորն էլ վաղաժամկետ էին նվաճել այդ տիտղոսը, սակայն ինտրիգը շարունակում էր մնալ մրցանակային մյուս տեղերի, ինչպես նաև եվրախաղարկությունների մասնակցություն նվաճելու հարցում: Իհարկե, այս շարքում կարելի էր հիշատակել և այն ակումբները, որոնք հարկադրված են լքելու ներկայացրած երկրների բարձրագույն խումբը, սակայն եկեք դա թողնենք մեկ այլ պատեհ առիթի:

ԻՍՊԱՆԻԱ
Տուրը, որ նախավերջինն էր ընթացիկ մրցաշրջանում, գրեթե ոչ մի փոփոխություն չմտցրեց առաջին յոթնյակը կազմածների դասավորությունում` բացառությամբ փոխատեղված «Վիլյառեալի» (արտագնայում 4:2 հաշվով առավելության է հասել «Դեպորտիվոյի» նկատմամբ) ու «Բետիսի» (տնային խաղում 2:2 է խաղացել «Սևիլիայի» հետ), որոնք 60-ական միավորով 5-6-րդ հորիզոնականներում են: 55 միավորով «Սևիլիան» յոթերորդ տեղում է:
«Աթլետիկոն» արտագնայում նվազագույն հաշվով հաղթանակով երեք կարևոր միավոր կորզեց «Խետաֆեից»` պահպանելով Մադրիդի «Ռեալից» երեքմիավորանոց պոկվածությունը (Սիմեոնեի սաներն ունեն 78 միավոր), որն իր հերթին խոշոր 6:0 հաշվով հաղթանակ է տոնել «Սելտայի» նկատմամբ:
Սակայն տուրի առավել հետաքրքիր հանդիպումը բոլորովին ուրիշ մեկն էր, թեպետ մրցաշարային առումով այն բացարձակապես հետաքրքրություն չէր ներկայացնում: Խոսքը վերաբերում է «Լևանտե»-«Բարսելոն» դիմակայությանը, որում որքան էլ ջանաց չեմպիոնությունը վաղաժամկետ ապահոված կատալոնյան ակումբը, այդուհանդերձ մրցաշրջանը չկարողացավ եզրափակել առանց պարտության` 4:5: Հետաքրքրական է, որ երկու կողմից էլ կա հեթ տրիկ ձևակերպած մարզիկ. «Լևանտեից» դա արել է Բոատենգը, «Բարսելոնից»` Կոուտինիոն: Հավելենք, որ հանդիպմանը չի մասնակցել Լիոնել Մեսին, որի հետ կատալոնյան ակումբը մի բան է, առանց նրա` բոլորովին այլ բան:
Շարունակեց չորրորդ տեղին գամված մնալ արդեն 70 միավոր ունեցող «Վալենսիան»` նվազագույն հաշվով պարտության մատնելով իրեն հյուրընկալած «Ժիրոնային»:


ԳԵՐՄԱՆԻԱ
Մրցանակային եռյակի դասավորության առումով բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրը պատասխանելու էր ընդամենը մեկ հարցի` «Հոֆենհայմ»-Դորտմունդի «Բորուսիա» երկյակից որ մեկն է հայտնվելու երրորդ հորիզոնականում, քանի որ «Բավարիան» չեմպիոնությունը, այսպես ասենք, անհիշելի ժամանակներից էր տոնել (նշենք, որ այն 1:4 հաշվով զիջել է «Շտուտգարդին», ինչը, բոլոր դեպքերում, խոշոր անակնկալ է), իսկ «Շալկեն» փոխչեմպիոնության իր հավակնությունները երկու տուր առաջ էր բավարարել (այս վերջինում նվազագույն հաշվով առավելության է հասել «Այնտրախտի» նկատմամբ ու միավորների թիվը հասցրել 63-ի, ինչը 21-ով պակաս է մյունխենցիների ունեցածից): Սակայն առավել հետաքրքիրն այն էր, որ հանգամանքների բերումով «Հոֆենհայմն» ու Դորտմունդի «Բորուսիան» հարաբերությունները պարզելու էին դեմ առ դեմ պայքարում: Իր վերջին շրջանի հանդիպումները (բացառությամբ մեկի) կատաղի թափով անցկացրած «Հոֆենհայմը» կարողացավ կորզել հաղթանակ (3:1) ու դառնալ երրորդ մրցանակակիր:
«Հոֆենհայմի» ու Դորտմունդի «Բորուսիայի» օրինակով առաջնությունը 55 միավորով ավարտեց և «Բայերը», որը տնային խաղում «Հանովերի» նկատմամբ առավելության հասավ 3:2 հաշվով, սակայն, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, զբաղեցրեց միայն հինգերորդ հորիզոնականը:
Տպավորիչ հաղթանակ տարավ «Հերտային» հյուր գնացած «Լայպցիգը»` երկրի անցած փոխչեմպիոնը (6:2), սակայն ստիպված է այս մրցաշրջանն ավարտել վեցերորդ տեղով:


ՖՐԱՆՍԻԱ
Չափազանց հետաքրքիր ու լարված էին դիվիզիոնի նախավերջին տուրի հանդիպումները: Արտագնայում միանգամայն անսպասելիորեն «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ հաղթանակի հասած (2:0) «Ռենը» Եվրոպայի լիգայում հանդես գալու լուրջ հայտ ներկայացրեց` 57 միավորով հայտնվելով հինգերորդ հորիզոնականում, սակայն տուրի հանդիպումներից, թերևս, սա չէր ամենակարևորը: «Գենգամի» հետ արտագնայում իր համար ճակատագրական ոչ-ոքի արդյունք «ապահովեց» «Մարսելը» (3:3), ինչը նրա ունեցած 74 միավորով նշանակեց թիմի փոխչեմպիոնական հավակնությունների հոգեհանգիստ:
Աղյուսակի ստորին շերտերում տեղավորված ու դիվիզիոնին հրաժեշտ տալու ռեալ տագնապների մեջ գտնվող «Ստրասբուրգի» հետ խաղում իրադարձությունները ողբերգական դասավորվեցին մինչ այդ 75 միավորով երկրորդ տեղում գտնվող «Լիոնի» համար: Տանտերերը հանդիպման առաջին կեսը շահեցին 1:0 հաշվով: Երկրորդում «Լիոնը» դարպասի երկու գրավումով հաշվի մեջ անցավ առաջ, ու բան չէր մնացել դիմակայությունն իր համար հաղթական ելքով ավարտելուն, երբ «Ստրասբուրգը» վերականգնեց հաշվի հավասարությունը: Բուռն ոգևորության հետևանքն այն եղավ, որ տանտերերը լրացուցիչում կարողացան հաղթական գոլն էլ խփել` իրենց ազատելով ավելի ցածր կարգ ունեցող մրցաշարում հանդես գալու տագնապներից, զուգահեռաբար կանաչ լույս վառելով «Մոնակոյի» համար, որը գերլարված պայքարում, ի վերջո, կարողացավ հաղթանակ կորզել «Սենտ Էտիենից» (1:0) ու 77 միավորով վերադարձնել երկրորդ հորիզոնականը:


ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի առաջին վեցյակը կազմած թիմերից երեքի հանդիպումներն էլ ավարտվել են նույն հաշվով («Սաուտհեմպտոն»-«Մանչեստր Սիթի»` 0:1, «Հադերսֆիլդ»-«Արսենալ»` 0:1, «Մանչեստր Յունայթեդ»-«ՈՒոտֆորդ»` 1:0), մյուս երեքը եղել են ավելի քան գոլառատ: Ահռելի ծանր գնով երրորդ հորիզոնականը ձեռք գցեց երկրի անցած տարվա փոխչեմպիոնը, ավելին, խաղի որոշակի փուլում նա 1:3 հաշվով տանուլ էր տալիս «Լեստերին», սակայն, թե ինչպես կարողացավ այդ պարտությունը, ի վերջո, վերածել 5:4 հաշվով կամային հաղթանակի, պարզապես անպատմելի է:
Մինչ խաղի ընթացքում հնարավոր ամեն կարգի վայրիվերումներ էր ունենում «Տոտենհեմը», երրորդ տեղի համար պայքարում նրա հիմնական մրցակից «Լիվերպուլը» ասֆալտ փռող մեքենայի նման անցավ «Բրայտոնի» վրայով` պատժելով ուղիղ չորս անգամ: Առաջնությունը Յուրգեն Կլոպի սաներն ավարտեցին չորրորդ տեղում` ձեռք բերելով Չեմպիոնների լիգայի եկող խաղարկության ուղեգիր, սակայն «Լիվերպուլը» այդ նվաճումը կարող է զիջել անգլիական մեկ այլ ակումբի, եթե մայիսի 26-ին Կիևում կայանալիք Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության եզրափակչում առավելության հասնի Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Այնպես որ, երկրի չեմպիոն հռչակված «Մանչեստր Սիթիի» պես, որը, ի դեպ, վաստակեց 100 միավոր` հիրավի գրոսմայստերական ցուցանիշ, տարվա թիմ կարող է դիտարկվել և էքսցենտրիկ գերմանացի մասնագետի նույնքան էքսցենտրիկ թիմը:
Մրցաշրջանի իր վերջին հանդիպումը պարտությամբ ավարտեց երկրի գործող չեմպիոն «Չելսին», երեք անպատասխան գնդակի տարբերությամբ տանուլ տալով «Նյուքասլին» ու 70 միավորով եզրափակելով առաջին հնգյակը, սակայն «ազնվականների» գլխավոր մարզչի դարդն ուրիշ դարդերից է. մեկնարկող մրցաշրջանի նախապատրաստական մասում չհամընկան նրա ու թիմի սեփականատիրոջ պատկերացումները հնարավոր ձեռքբերումների կտրվածքով, արդյունքում էլ ահա այս բավականին տխուր պատկերը: Ինչ խոսք, Կոնտեն լքելու է «Չելսին», ու ինչպես որ այն իր գլխին ունենալու է մեկ այլ արժանավոր մասնագետ, այնպես էլ իտալացի մարզիչը կգտնի իր տաղանդին համապատասխան արժանավոր թիմ:

ԻՏԱԼԻԱ
Տուրի կենտրոնականն անվիճելիորեն «Ռոմա»-«Յուվենտուս» դիմակայությունն էր, որտեղ վերջինս ընդամենը կես քայլի վրա էր չեմպիոնությունից, իսկ տանտերերը ներկայացվելիք ժամանակահատվածում պակաս տպավորիչ մրցելույթներ չեն ունեցել. վերջին չորս խաղում միայն հաղթանակ են տոնել 10:2 ընդհանուր հաշվով` գումարած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը, որը քիչ էր մնացել երկու հանդիպման արդյունքով «գայլերի» առաջ բացեր այդ խաղարկության եզրափակչի դռները: Առաջ անցնելով ասենք, որ շատ թեր ու դեմ կային հօգուտ կամ ի վնաս կողմերի (որքան էլ դրանք հետաքրքրական են, տեղի խնայողության պատճառով թույլ տվեք չնշել), բայց որ երկուսին էլ հավասարապես ձեռք էր տալիս նաև ոչ-ոքին, այս մասին եկեք չլռենք, քանզի այն մասնավորապես «ծեր սինյորայի» առջև վաղաժամկետ կբացեր չեմպիոնության դռները: Իհարկե, այլ հարց է, թե որքանով «Ռոման» հոգու խորքում իրեն լավ կզգար Հռոմում թուրինցիների չեմպիոն հռչակվելուց: Կարճ կապենք՝ հանդիպումում դարպասների գրավում չի արձանագրվել:
Սեփական հարկի տակ ճակատագրական հանդիպում ունեցավ «Ինտերը» «Սասուլոյի» հետ` զիջելով 1:2 հաշվով: Այս պարտությունը միլանցիներին վերջնականապես զրկեց երրորդ տեղի համար պայքարից: Ի միջի այլոց, այս պարտությունը շահեկան էր և «Լացիոյի» համար, որը «Կրոտոնեի» հետ խաղում բավարարվեց միավոր վաստակելով (2:2):
«Սամպդորիայի» հետ խաղում «Նապոլին» կարողացավ երեք միավորի տեր դառնալ (2:0), սակայն այդ հաղթանակը մրցաշարային աղյուսակի առումով նեապոլցիների համար զրոյական նշանակություն ուներ, քանի որ նրանց ակնկալածը լոկ ոսկին էր, իսկ արծաթը նույնքան անհիշելի ժամանակներից նրանց բաժին հասած բան էր:
«Ատալանտա»-«Միլան» մրցակցությունում կողմերը փոխանակեցին մեկական գոլ, ու ամեն մեկը մնաց իր ունեցած տեղում. «Միլանը» վեցերորդն է, «Ատալանտան»` յոթերորդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ