ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մի թաս էլ նրանց ո՛չ թե հիշատակի, այլ արևշատությա՛ն համար

Մի թաս էլ նրանց ո՛չ թե հիշատակի, այլ  արևշատությա՛ն համար
26.12.2017 | 10:18

Բուն աշխատանքիս բերումով այս օրերին զբաղված եմ Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված սցենարների ինտենսիվ ընթերցմամբ ու վերընթերցմամբ: Դրանց մեջ թե՛ թեթև զվարճանքայինը կա, թե՛ բացարձակ բովանդազուրկը, թե՛ իմաստավոր հեռահարը, որն ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԵՐԿԻՐ պահելու, ՍԵՐՈՒՆԴ դաստիարակելու ազնիվ մղումն ունի:


Հետաքրքրական է, որ դրանց զգալի մասը, գիտակցված, թե ենթաիմաստային առումով, անդրադարձ է արցախյան պատերազմին ու հատկապես նրա վերջին արյունալի էջին, որն արդեն իսկ պատմության մեջ պատմություն է Ապրիլյան պատերազմ անվանումով:
Սա հատկապես ցավոտ թեմա է ինձ, իմ մեծ ընտանիքի համար, քանզի այդ պատերազմում մենք ունեցանք իր տասնիննի մեջ հավերժ մնացած հրաշք զավակ՝ մի անասելի, անմխիթար ցավ ու մորմոք, որից պրծում չկա, քանի դեռ կաս այս աշխարհում:
Սցենարի հերոսն արցախյան պատերազմի գործող հանգուցային դեմքերից է եղել: Հակառակ որդու կամքին ու ջանքերին, նա թոռանն էլ է ցանկանում հայոց բանակում տեսնել, որովհետև, համաձայն իր կյանքի ճշմարտության ու փիլիսոփայության, համաձայն իր դավանաբանության, հայրենիքն առանց զինվորի չի պահվում:


Կարճ կապեմ՝ Ամատունու թոռը հայտնվում է բանակում՝ դառնալով ապրիլյան պատերազմի զոհերից մեկը: Ամատունի ավագը, որ տեղեկացված է պատանու գերեվարված, բայց ոչ զոհված լինելու մասին, թոռնիկի հրամանատարի՝ իր երբեմնի զինակցի հետ անցնում է հայ-ազերիական սահմանագիծը, որտեղ էլ թոռան գերեվարված ծառայակցից տեղեկանում է իրենց ընտանիքը պատուհասած ողբերգությամ մասին:
Զուտ ծավալի առումով ես բաց եմ թողնում երկու զինակիցների մտորումներն ապրիլյան այս մինչև վերջ չթերթված արհավիրքի հնարավոր չլինելը չբացառածների հանցավոր, նենգ, ազգադավ անգործության մասին, որը, իմ պատկերացմամբ, ներկայացված սցենարի մեխն է, ու որը մի օր ջրի երես է դուրս գալու ու գնահատվելու է ամենայն խստությամբ:
Ինչևէ: Զինակիցներով փրկում են պատանյակին: Հետդարձի ճամփին մարտում ընկնում է Ամատունի ավագը:
Երկու սերունդ՝ պապ ու թոռ, զոհ են դառնում Արցախ մասնակի անունով ընդհանրական հայրենիքին:


Երբ իմ Քնարիկ քույրն ամիսներ առաջ իր Աննա դստեր ընտանիքը հավաքեց-տարավ արտասահման, ես դատապարտող կամ մեղադրող ոչինչ չունեցա նրան ասելու, որովհետև մարդը չէր ուզում հնարավոր երկրորդ մատաղացուն ունենալ:
Եվ, առհասարակ, այդ ո՞վ կհանդգներ հայրենասիրության, դատարկվող երկրի մասին ճառ կարդալ մեկին, ով աչքի լույսի պես էր փայել-փայփայել իր առաջին արու թոռանն ու այդպես ցավալիորեն, աններելիորեն կորցրել:
Իմ քրոջ մեծ ընտանիքը տուն դարձնողը նորից իմ Վիտյան եղավ՝ հավերժ իր տասնիննի մեջ մնացած իմ հերոս բալեն՝ Հայաստանի ու Արցախի Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչը՝ իմ ու ձեր Հայաստանի, իմ ու ձեր Արցախի հավերժ անդորրը պահպանողը, իմ ու ձեր Հայաստանի, իմ ու ձեր Արցախի հավերժ մշտարթուն սահմանապահը:


Վայելեք նրա ու նրա նման ազնվածինների ջանքերով պահպանվող երկրի խաղաղությունն ու տված բարիքները՝ չմոռանալով Ամանորի գիշերը մի թաս էլ բարձրացնել նրանց ո՜չ թե… ՀԻՇԱՏԱԿԻ՛, այլ ԱՐԵՎՇԱՏՈՒԹՅԱ՛Ն համար, քանզի հայրենիքի զինվորը հավե՛րժ կենդանի շունչ է, հավե՛րժ ներկայություն, հավե՛րժ ոգեղենություն:
Դա առաջին հերթին ձեզ ու ձեր ընտանիքներին է պետք:
Դա առաջին հերթին մեզ բոլորիս է պետք:
Այդ թվում և մեր մեջ եղած տականքին, որը, բանակը հարուստի ու աղքատի բաժանելով, ԵՐԿԻՐՆ է դավադրորեն մասնատում՝ այն իր ու իր զավակների համար փորձելով դարձնել արոտավայր:
Երկրի տերերով օգնենք նրանց մարդկայնանալուն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ