Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Էլ կլասիկոյին սպասելիս

Էլ կլասիկոյին սպասելիս
22.12.2017 | 12:50

Անցած օրերի եվրոպական ֆուտբոլում տնօրինություն անողը գերազանցապես գավաթային խաղերն էին: Առաջնության հանդիպումներ միայն Ֆրանսիայում ու Իսպանիայում էին, սակայն մի նրբությամբ. եթե տուրի արդյունքներով ֆրանսիական առաջնությունում թիմերի դասավորության առնչությամբ կարող ենք ավելի քան հստակ լինել, նույնը չենք կարող անել իսպանականի հետ կապված, քանի որ տուրն այստեղ անհամորեն մի քանի օրվա է բաժանված, ինչի պատճառով էլ եզրահանգումների կարող ենք գնալ սոսկ շաբաթվա վերջում: Սակայն այստեղ սպասումը փոխհատուցվում է մի բանով, որն իրականում համաշխարհային իրադարձություն է՝ էլ կլասիկո է ու, արդյունքից անկախ, որն ինքնին հետաքրքիր է, հարց է՝ արդյո՞ք «Բարսելոնը» «արքայականի» համար չեմպիոնական միջանցք կկազմի:

ԻՍՊԱՆԻԱ
Լալիգայի խաղերի առնչությամբ, ըստ էության, ամեն ինչ ասացինք, ծավալվելու առանձնապես բան էլ չկա: Թերևս, միակ հետաքրքրականն այն է, որ տուրի շրջանակներում առաջնության լավագույն վեցյակից հանդիպում է ունեցել լոկ «Սևիլիան» ու արտագնայում զիջել «Ռեալ Սոսիեդադին»: Ավելացնենք՝ անկախ մնացած հանդիպումների ելքից՝ «Սևիլիան» 29 միավորով կշարունակի մնալ հինգերորդ հորիզոնականում, սակայն վատն այն է, որ անդալուզցիները, կարծես, վերջնականապես հրաժարվել են մեդալների համար պայքարելու մտքից:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի 19-րդ տուրը հաղթական է եղել առաջին քառյակը կազմած թիմերի համար, ինչը նշանակում է, որ նրանց դասավորությունում փոփոխություններ չէին կարող լինել: Աղյուսակը 50 միավորով գլխավորում է տանը «Կաննին» 3:1 հաշվով հաղթած «Պարի Սեն Ժերմենը»: 41-ական միավորով երկրորդ-երրորդ հորիզոնականներում են «Մոնակոն» ու «Լիոնը»: Առաջինը հյուրընկալելիս առավելության է հասել «Ռենի» նկատմամբ (2:1), երկրորդն արտագնայում նույն հաշվով նույնն է արել «Թուլուզի» հետ: 38 միավորով քառյակը եզրափակում է «Տրուային» հաղթած «Մարսելը»՝ 3:1:

ԻՏԱԼԻԱ
Երկրի գավաթի մեկ քառորդ փուլ դուրս եկան զույգերը կազմածներից առավել հեղինակավոր թիմերը: Այդուհանդերձ նշենք, որ մրցակիցները հեշտությամբ չեն զիջել դիրքերը, ինչի մասին վկայում են արձանագրված արդյունքները: «Նապոլին» նվազագույն առավելությամբ է հաղթահարել «ՈՒդինեզեի» արգելքը (1:0), «Ատալանտա»-«Սասուոլո», «Ռոմա»-«Թուրին» դիմակայություններում գրանցվել է 2:1 արդյունքը: Միակ տարբերությունն այն է, որ իտալական «գայլերը» հաղթանակը կերտել են արտագնա խաղում: «Յուվենտուս»-«Ջենովա» մրցակցությունում ուժեղագույնն է եղել «ծեր սինյորան»՝ 2:0:

ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնի թիմերը գավաթային խաղերում մեկ փուլ առաջ են իտալացիներից: Ասել է թե` այստեղ կայացել են մեկ քառորդի մրցակցությունները: Դրանցից երկուսում գրանցվել է 2:1 արդյունքը: «Չելսին» ծնկի է բերել «Բոռնմուտին», «Բրիստոլը»` «Մանչեստր Յունայթեդին»: Այս վերջին հանդիպման կապակցությամբ հետխաղյա մամլո ասուլիսում խիստ պատկերավոր է եղել Ժոզե Մոուրինյոն, որը, չնայած պարտությանը, իր ֆուտբոլիստներին համեմատել է առյուծների հետ: Միայն թե անհասկանալի է մնում՝ այդ ի՞նչ առյուծներ են, որ զիջել են կարգով անհամեմատ ցածր «Բրիստոլին»: Իսկ գուցե պորտուգալացին պարզապես վախեցե՞լ է թիմի հաջորդ փուլ դուրս գալուց, որտեղ կարող էր հնարավոր մրցակից ունենալ «Մանչեստր Սիթիին», որին օրեր առաջ զիջել է առաջնության խաղում: Մոուրինյոյի հոգին շա՜տ խոր է, այնտեղ անթիվ-անհամար սատանաներ են բնակվում, ու չես կարող ասել, թե որ պահին որի հետ է պատրաստ գործարք կնքելու: Ինչ վերաբերում է մեր Մխիթարյանին, պորտուգալացին մեծահոգաբար նրան խաղաժամանակ այս անգամ տրամադրել է՝ փոխարինման դուրս գալու հնարավորություն տալով, միայն թե անհասկանալի է մնում, թե այս անգամ ինչ մոծակ է կծել ինքնահմայվածին:
Քառյակի վերջին թիմը դարձել է «Մանչեստր Սիթին»: Գվարդիոլայի սաներին չափազանց լուրջ դիմադրություն են ցույց տվել տանտերերը՝ «Լեստերի» ֆուտբոլիստները: Նրանք առաջնության առաջատարի հետ հիմնական խաղաժամանակն ավարտել են մեկական գոլերի փոխանակմամբ՝ լրացուցիչում դարպասները պահելով անառիկ ու բանը հասցնելով ֆուտբոլային գիր-ղուշի՝ տասնմեկմետրանոցների, որտեղ առավել հաջողակ են եղել «քաղաքաբնակները»: Կիսաեզրափակչում նրանց մրցակիցը կլինի «Բրիստոլը» (կրկին հիշենք նրանց՝ «Մանչեստր Յունայթեդին» հաղթելու փաստը): Մյուս զույգը, բնականաբար, կազմել են «Արսենալն» ու «Չիլին»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Մեկ ութերորդ փուլն են անցել գերմանական ակումբները: Նվազագույն հաշվով հաղթանակ են տոնել «Պադերբոռն»-«Ինգոլշտադտ», «Շալկե»-«Քյոլն» զույգերի առաջին թիմերը: Նույնպիսի հաշիվ է արձանագրվել և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Բայեռն» դիմակայությունում, որտեղ առավել հաջողակ եղել են տանտերերը:
Իր հաղթանակում անհամեմատ համոզիչ է եղել «Մայնցը», որը «Շտուտգարտի» դարպասը երեք գնդակ է ուղարկել՝ սեփականն ընդունելով մեկը:
Գոլերի հրավառություն է արձանագրվել «Վերդեր»-«Ֆրայբուրգ» դիմակայությունում, տանտերերի երեքին, սակայն, հյուրերը կարողացել են պատասխանել միայն երկուսով:
Երկու մրցակցության հիմնական խաղաժամանակն ավարտվել է զրոյական ելքով, առաջացել է լրացուցիչը նշանակելու անհրաժեշտություն, որտեղ էլ «Այնտրախտը» կարողացել է կոտրել «Հայդենհայմի» (2:1), «Վոլֆսբուրգը» «Նյուրնբերգի» (2:0) դիմադրությունը: Հաղթողները, ի դեպ, եղել են հյուրի կարգավիճակում:
Գերմանական մեկ ութերորդի թիվ մեկ առճակատումը, բնականաբար, Մյունխենում էր, տեղի «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» միջև: Մյունխենցիներն այս անգամ էլ են կարողացել առավել լինել՝ 2:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ