Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Գվարդիոլան «Սիթին» դարձնում է երազանքի թիմ

Գվարդիոլան «Սիթին» դարձնում է երազանքի թիմ
19.12.2017 | 11:18

Այսպես ասելը, այն էլ սեզոնի կեսին, բնականաբար, ռիսկի լուրջ տոկոս է պարունակում, այն էլ այն դեպքում, երբ, նույնքան բնականաբար, աշխարհը չի սկսվում ու չի էլ ավարտվում մառախլապատ Ալբիոնով (խոսքը մեր մեջ՝ մենք, ի դեմս իսպանական Լալիգայի, ծանրության ուրիշ կենտրոն գիտենք, որը, ավելի ստույգ, ոչ թե կենտրոն, այլ կենտրոնների կենտրոն է), բայց այն, ինչ մանչեստրյան այս ակումբի հետ անում է Խոսեպ Գվարդիոլան, մեծագույն հարգանքի է արժանի:

ԱՆԳԼԻԱ
Այո, պրեմիեր լիգայում վերջին տարիներին եղանակ ստեղծող «Տոտենհեմն» էլ չդիմացավ «Մանչեստր Սիթի-2017» գվարդիոլական տարբերակի քննությանը: Սակայն չդիմանալ էլ կա, չդիմանալ էլ: Հասկանալի է, որ մրցակցությունն ուրիշի հարկի տակ էր, հասկանալի է, որ նման դեպքերում իրենց գործողություններում հյուրերը որոշակիորեն կաշկանդված են լինում, սակայն այն աստիճանի՞, որ չորս հատ չոր գոլ ուտելուց հետո (արանքում «Սիթին» չի կարողացել 11-մետրանոց իրացնել) խաղավարտին լոկ, այն էլ օգտվելով հյուրընկալող կողմի մեծահոգի թույլտվությունից, հեղինակության գոլ խփե՞ս: Պրեմիեր լիգայում 40 գոլի սահմանագծին ռեալ մոտեցած մեկ թիմ կա միայն՝ «Մանչեստր Յունայթեդը», սակայն ողջ հարցն այն է, որ «Մանչեստր Սիթին» նույնքան ռեալությամբ մոտեցել է 20-ով ավելիի` 60 գոլի սահմանագծին: Սա իրականության հետ հաշվի նստել չսիրողներին լրացուցիչ ինչ-որ բան հուշու՞մ է, թե՞ չէ:
Արտագնայում «Վեստ Բրոմվիչի» հետ հանդիպումը հաղթանակով ավարտեց ընթացիկում պրեմիեր լիգայի երկրորդ թիմը`«Մանչեստր Յունայթեդը» (2:1), որի կազմում, Ժոզե Մոուրինյոյի թեթև ձեռքով, դարձյալ տեղ չկար Հենրիխ Մխիթարյանի համար: Միջանկյալ ասենք, որ արդեն այս ձմեռ մեր ֆուտբոլիստի կողմից մանչեստրյան ակումբը լքելու խոսակցությունները խիստ առարկայանում են:
«Սաուտհեմպտոնի» հետ մրցակցությունը հաղթանակով ավարտեց «Չելսին»` բավարարվելով մրցակցի դարպասի մեկանգամյա խոցումով: Փաստորեն, մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում եղածների դիրքերում փոփոխություն չեղավ:
Նախորդ տուրի գոլազուրկ ոչ-ոքիները հաղթանակի փոխակերպեցին «Լիվերպուլն» ու «Արսենալը»: Առաջինն արտագնայում անհանդուրժող եղավ «Բոռնմուտի» նկատմամբ (4:0), երկրորդը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Նյուքասլին»: Նրանք 34 ու 33 միավորով չորրորդ-հինգերորդ հորիզոնականներում են:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Բավարիայի» հետ մրցավեճում հույսն ամեն գնով միավոր կորզելու վրա դրած տանտերերը հյուրերին երկար ժամանակ կաշկանդել էին իրենց գործողություններում: Ամեն ինչ գնում էր ոչ-ոքի ելքով հանգուցալուծման, սակայն 79-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը շտուտգարտցիների համար արեց իր սև գործը, որից հետո հանդիսատեսն ականատես եղավ որակապես այլ ֆուտբոլի: Գոլ խփելու 100-տոկոսանոց հնարավորություն երկուստեք ունեցան, սակայն գնդակը համառորեն չէր հատում դարպասային գիծը: Ի վերջո, մրցավարի ավելացրած ժամանակը պսակվեց հօգուտ «Շտուտգարտի» նշանակված տասնմեկմետրանոցով, որը, մեր համոզմամբ, ամեն ինչ կարող էր լինել, բացի այդպիսին լինելուց: Մյունխենցիների դարպասապահ Սվեն ՈՒլրայխը հետ մղեց հարվածը՝ վերականգնելով արդարությունը: Մյունխենցիների միավորները 41-ն են:
«Այնտրախտի» հետ դիմակայությունում պարտությունից փրկվեց Ֆրանկֆուրտ մեկնած «Շալկեն»՝ 0։2 հաշվով պարտությունը կարողանալով վերածել ոչ-ոքիի: «Շալկեն» 30 միավորով երկրորդ հորիզոնականում է:
Կամային հաղթանակի հասավ «Հոֆենհայմին» հյուրընկալած Դորտմունդի «Բորուսիան»՝ մարտը շահելով 2:1 հաշվով ու միավորների թիվը հասցնելով 28-ի, ինչը լրացուցիչ գործակիցների հաշվարկով նրան տեղ ապահովեց առաջին եռյակում:
Շատ հետաքրքիր զարգացումներ էին «Լայպցիգ»-«Հերտա» դիմակայությունում: Խաղասկզբի հինգերորդ րոպեին դառնալով գոլի հեղինակ՝ կոպիտ խաղի համար հյուրերը երկու րոպե անց խաղադաշտում մնացին տասը ֆուտբոլիստով: Թվում էր՝ դրանից լայպցիգցիների գործը հեշտացավ: Սակայն, արի ու տես, որ իրավիճակից շահողը նորից բեռլինցիները եղան՝ հանդերձարան գնալով երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան որոշակիորեն բեկել խաղը, սակայն ոչ այն աստիճանի, որ փրկվեին պարտությունից: «Հերտան» հաղթանակ է տոնել 3:2 հաշվով՝ «Լայպցիգին» թողնելով ունեցած 28 միավորով, ինչը վերջինիս համար նշանակեց նահանջ հինգերորդ հորիզոնական:
Իր անկայուն ելույթներով մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներն անընդհատ փոփոխությունների ենթարկող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3:1 հաշվով տնային հաղթանակ տոնեց «Համբուրգի» նկատմամբ ու 28 միավորով եզրափակում է աղյուսակի առաջին վեցյակը:
Գերգոլառատ հանդիպման ականատես եղան «Հանովեր»-«Բայեր» դիմակայությանը եկած մարզասերները: Առաջին խաղակեսը շահեցին տանտերերը (3:2), երկրորդը՝ հյուրերը (1:2): Արդյունքում մարտական ոչ-ոքի, ինչը «Բայերի» համար ամրագրած պահեց աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Ի դեպ՝ նույնպես 28 միավորով:

ԻՏԱԼԻԱ
«Ինտերն» ընդամենը երկու տուր վայելեց սկուդետեն գլխավորելու հաճույքը: Նրան «գծերից» գցողը եղավ հյուր ժամանած «ՈՒդինեզեն»՝ 3:1: Ճակատագրի հեգնանքով այս նույն հաշիվն արձանագրվեց և «Թուրին»-«Նապոլի» դիմակայությունում: Նեապոլցիները վերադարձրին երկու տուր առաջ կորցրած առաջին հորիզոնականը:
«Նապոլիի» օրինակով հյուրընկալվելիս հաղթական մրցելույթ ունեցավ և «ծեր սինյորան»՝ Բոլոնիայում տեղի համանուն թիմին պատժելով 3:0 հաշվով:
«Նապոլին» ունի 42, «Յուվենտուսը»՝ 41, «Ինտերը»՝ 40 միավոր:
Չորրորդ տեղում ընթացող «Ռոմայի» դիմակայությունը «Կալյարիի» հետ անցավ իտալական «գայլերի» ճնշող գերազանցության պայմաններում, սակայն այդ առավելությունը լուսագրերում արտահայտվեց 1:0 համեստ տեսքով: Նկատենք, որ գոլը խփվել է գրեթե մրցավարի սուլիչի հնչելու հետ մեկտեղ, ինչպես նաև արձանագրենք, որ 38 միավոր ունեցող «Ռոման» մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Ատալանտայի» հետ «Լացիոյի» դիմակայությունը ոչնչով չէր կարող ազդել մրցաշարային աղյուսակում հռոմեացիների զբաղեցրած դիրքի վրա, սակայն երեք միավոր վաստակելու դեպքում նրանք կարող էին մնալ, այսպես ասած, հաղթական փամփշտակալում, քանի որ այս պարագայում «Լացիոյի» միավորները կարող էին դառնալ 35 ու սա` մեկ պակաս անցկացրած խաղի պայմաններում: Հանդիպումը եղել է գոլառատ, կողմերն արձանագրել են դարպասի երեքական գրավում, ինչը, բնականաբար, առավելություն չի տվել և ոչ մեկին:
«Ռոմայի», «Լացիոյի» օրինակով եվրագոտում է և «Սասուոլոյի» հետ տնային հանդիպումը տանուլ տված «Սամպդորիան» (0։1): Վերջինիս միավորները 26-ն են:

ԻՍՊԱՆԻԱ
34 միավոր ունեցող, մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Վալենսիան» ծանր փորձություն անցավ «Էյբարի» հետ մրցակցությունում՝ խաղավարտին մոտ ձեռքից բաց թողնելով գոնե մեկ միավոր վաստակելու հնարավորությունը՝ 1։2: Այս պարտությունն ավելի քան տեղին եղավ «Աթլետիկոյի» համար, որը նվազագույն հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ ու 36 միավորով հաստատվեց երկրորդ հորիզոնականում:
«Բարսելոն»-«Դեպորտիվո» առճակատումը ցույց էր տալու, թե որքանով է ավելանալու մրցակիցների նկատմամբ կատալոնցիների ունեցած միավորների պաշարը, ու քանի որ «կապտանռնագույնների» մերձակա հետապնդողն «Աթլետիկոն» է, համեմատականն անենք վերջինիս հետ: Վալվերդեի սաները Սիմեոնեի սաներից արդեն ավելի ունեն վեց միավոր, քանի որ հերթականն ավարտել են հաղթանակով, չորս անպատասխան գնդակի առավելությամբ (Մեսին չի իրացրել տասնմեկմետրանոցը):
Աշխարհի ակումբային առաջնության հետ կապված՝ «Լեգանեսի» հետ տուրի հանդիպումը բաց թողեց առայժմ 31 միավոր ու երկու խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը»: Հենց Սաուդյան Արաբիայում էլ Ռոնալդուն անդրադարձել է «Բարսելոնի» հետ դեկտեմբերի 23-ին սպասվելիք դիմակայությանն ու հույս հայտնել, որ, էլ կլասիկոյում պարտվելով, կատալոնցիներն առաջնությունում իրենց համար ոսկե մեդալների համար պայքարելու հնարավորություն կստեղծեն ու ժամանակից շուտ չեն մարի առաջնության ինտրիգը:
«Սևիլիա»-«Լևանտե» դիմակայությունում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Անդալուզցիները 29 միավորով հինգերորդն են, նրանց է հաջորդում 24 միավոր ունեցող «Վիլյառեալը», որն արտագնայում նվազագույն հաշվով առավելության է հասել «Սելտայի» նկատմամբ:

ՖՐԱՆՍԻԱ
Երկու գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ է դարձել Նեյմարը «Ռեն»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունում: Արդյունքում մայրաքաղաքցիները հանդիպումը շահել են 4:1 հաշվով՝ շարունակելով 47 միավորով գլխավորել դիվիզիոնի առաջնությունը: Հաղթանակով է ավարտել «Սենտ Էտիենի» հետ արտագնա մրցակցությունը նաև «Մոնակոն»՝ նույնպես չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը, միայն թե, ի տարբերություն «Պարի Սեն Ժերմենի», մոնեգասկները սեփական դարպասն անառիկ են պահել:
Մրցակցային աղյուսակում երրորդ տեղի համար չափազանց հետաքրքիր մրցակցություն էր սպասվում «Լիոն»-«Մարսել» դիմակայությունում, քանզի երկուսն էլ ունեին հավասար՝ 35-ական միավոր: Հաղթողը 38 միավորով ընկերակցելու էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մոնակոյին»: Այդ թիմը եղավ «Լիոնը» որն իր ուժեղ լինելը հավաստեց երկու անպատասխան գնդակի առավելությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ