Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ռուրյան անհավանական դերբին

Ռուրյան անհավանական դերբին
28.11.2017 | 14:10

«Բարսելոնի» հետ տնային մրցակցությունում «Վալենսիային» հաջողվում է պահել Լալիգայի լարվածությունը՝ ժամանակից շուտ խաղից դուրս չթողնելով մեդալների մյուս հավակնորդներին, Դորտմունդի «Բորուսիային» ֆանտաստիկ դիմադրություն է ցույց տալիս «Շալկեն»՝ ոչ միայն հրաշքով փրկվելով պարտությունից, այլև դառնալով բունդեսլիգայի պատմության մեջ նման իրավիճակից դուրս եկած երկրորդ թիմը, մոնեգասկները կրկին թույլ էին երկրի անցած տարվա արծաթե մեդալակիրներից, «Բավարիան» ծանր հարված է ստանում մյոնխենգլադբախցիներից, թեև ընդամենը երեք գոլ է արձանագրվել այս դիմակայությունում, «Մանչեստր Յունայթեդին» հաղթանակ է պարգևում մրցակիցը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ, ընթացիկ մրցաշրջանում ներքին առաջնությունում Ռոնալդուի խփած երկրորդ գոլը հաղթանակ է բերում «արքայականին», դարձյալ անկասելի էր «Մանչեստր Սիթին», որի կտրվածությունը երկրորդ տեղում գտնվող մանչեստրյան մյուս ակումբից կազմում է ութ միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Հաղթանակների ամբողջական շարքից հետո մրցաշարային վիճակը կարգավորած, արդեն քանի տուր վստահորեն առաջին հորիզոնական բարձրացած «Բավարիան» ծանր փորձություն անցավ Մյոնխենգլադբախում՝ տեղի «Բորուսիային» զիջելով 1:2 հաշվով, ինչն այդուհանդերձ 29 միավորով աներեր պահեց բունդեսլիգայի առաջատարի նրա դիրքերը: Սա, անշուշտ, շանս էր «Վերդերին» հյուրընկալած «Լայպցիգի» համար: Հաղթանակի դեպքում այն կսկսեր երկրի գործող չեմպիոնից հետ մնալ արդեն երեք միավորով: Երկրի փոխչեմպիոնը հաջողությամբ լուծեց խնդիրը (2:0) և իրեն կրնկակոխ հետապնդող, 24-ական միավոր ունեցող «Շալկեից» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» առաջ է երկու միավորով: Վերջինիս ունեցած հանդիպման մասին վերն արդեն նշել ենք:
Շատ ավելի դրամատիկ էր Դորտմունդի «Բորուսիա»-«Շալկե» դիմակայությունը: Հանդիպումը չափազանց կտրուկ սկսած դորտմունդցիները խաղի առաջին կեսի 25-րդ րոպեին առջևում էին չորս անպատասխան գնդակի առավելությամբ: Թվում էր, թե ամեն ինչ արդեն անհուսալիորեն տանուլ է տրված, սակայն ռուրյան դերբին կրկին ապացուցեց, որ անկանխատեսելի է իր ընթացքով, անհաշտ պայքարի ոգով: «Շալկեն» երկրորդ խաղակեսում կարողացավ մրցակցի չորս գոլին նույնքանով պատասխանել ու արժանանալ միավորի, որն իր կշռով հաղթանակի արժեք ունի: Ահա այսպիսի գերկամային խաղ ցուցադրեց «Շալկեն» մրցակցի հարկի տակ: Միջանկյալ նկատենք, որ բունդեսլիգայի պատմության մեջ գելզենկիրհենցիները դարձան երկրորդը, որ ընթացքում ունեցած 0:4 հաշվով պարտությունից խուսափում են: Արդեն հեռավոր ներկայացող 1970-ական թվականներին առաջինը նման բան արել են «Բավարիայի» ֆուտբոլիստները, որոնք սեփական հարկի տակ «Բոխումից» 0:4 հաշվով պարտությունն ի վերջո վերածել են 6:5 հաշվով հաղթանակի:
Տասնմեկերորդ տուրը փոփոխություն մտցրեց եվրալիգայում գտնվող թիմերի կազմում: Դա եղավ այն բանից հետո, երբ «Համբուրգին» հյուր գնացած «Հոֆենհայմը» զիջեց 0:3 հաշվով ու մնաց ունեցած 20 միավորով: Այդքան է և արտագնայում «Այնտրախտի» նկատմամբ նվազագույն հաշվով առավելության հասած «Բայերի» միավորների թիվը, որն աղյուսակում մեկ աստիճանով վեր է ի հաշիվ լրացուցիչ գործակիցների:

ԱՆԳԼԻԱ
«Լիվերպուլ»-«Չելսի» դիմակայությունում գրանցվել է 1:1 հաշիվը: Ընդ որում` պարտությունից խուսափողը եղել են «ազնվականները»: Դա եղել է այն բանից հետո, երբ 83-րդ րոպեին դաշտ մտնելն ու գրեթե անմիջապես գոլ խփելը համատեղել է Վիլիանը: Կորզած միավորը «Չելսիին» հնարավորություն է տվել 26 միավորով մնալու աղյուսակի երրորդ հորիզոնականում: Այս հանդիպման առնչությամբ այլ մանրամասներ չասենք, քանզի տարողունակ է ներկայանում Յուրգեն Կլոպի մեկնաբանությունը, որն էլ ամբողջությամբ մեջբերում ենք. «Գոհ եմ իմ թիմի խաղից: Մի փոքր դժվար է խաղալ, երբ «Չելսին» խաղադաշտ է բերում ութ պաշտպանի: Սակայն պետք է ասեմ, որ նման բարդ շաբաթից հետո սա իմ տեսած լավագույն ոչ-ոքիներից էր: Բոլորին ինչ-որ չափով հաջողություն է պետք, որը մենք չունենք: Պատասխան գնդակից առաջ ցանկանում էինք փոխել տակտիկական դասավորվածությունը, սակայն մրցավարը չթողեց ժամանակին կատարել պահանջվող փոփոխությունները»:
Լիվերպուլյան հանդիպման 1:1 հաշիվն է արձանագրվել նաև «Տոտենհեմ»-«Վեստ Բրոմվիչ» դիմակայությունում: Ընդ որում՝ այստեղ պարտությունից խուսափողը եղել են տանտերերը, որոնք 24 միավորով հինգերորդ հորիզոնականում են արդեն:
«Բրայտոնի» հետ խաղում «Մանչեստր Յունայթեդին» հաղթանակ է պարգևել հյուրերի խփած ինքնագոլը՝ տանտերերին օգնելով 29 միավորով ամրագրված պահելու աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Նշենք, որ վերջապես խաղաժամանակ է ստացել Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինման ելնելով 71-րդ րոպեին:
Նույն նվազագույն հաշվով առավելությունն է գրանցվել և «Բյոռնլի»-«Արսենալ» մրցավեճում: Այստեղ հավելյալ ժամանակն ի նպաստ հյուրերի է եղել, որոնք 25 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում են: 11-մետրանոցը հաջողությամբ իրացրել է Ալեքսիս Սանչեսը:
Եվ վերջապես առաջատարի մասին: Առաջնության նորեկին՝ «Հադերսֆիլդին», հյուրընկալված «Մանչեստր Սիթին» երկրորդի առաջին րոպեներին տասնմեկմետրանոցից վերականգնել է հաշվի հավասարությունը, իսկ խաղավարտին նաև կարողացել հաշվի մեջ առաջ անցնել: Խոսեպ Գվարդիոլայի սաներն առջևում են 37 միավորով: Սա ընթացիկում նրանց 12-րդ հաղթանակն էր 13 հանդիպումից:


ԻՍՊԱՆԻԱ
«Ռեալը» ծանրագույն հաղթանակ տարավ «Մալագայի» հետ մրցակցությունում: Հյուրերը կարողացել են երկու անգամ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտից 15 րոպե առաջ Ռոնալդուն խփել է հանդիպման հաղթական գոլը, որն ընթացիկ մրցաշրջանի ներքին առաջնությունում նրա երկրորդ գնդակն էր: Դարպասի հինգ գրավում է արձանագրվել և «Լևանտե»-«Աթլետիկո» դիմակայությունում, սակայն այս դեպքում միայն մի թիմի կատարմամբ: Դժվար չէ ենթադրել, որ այդ թիմն «Աթլետիկոն» է:
53-րդ րոպեին սեփական հարկի տակ «Սևիլիային» 2:0 հաշվով հաղթող «Վիլյառեալն» ակնհայտորեն մինչև վերջ չհավատաց իր ուժերին, արդյունքում հանդիպումը զիջեց ցավագին 2:3 հաշվով: Սակայն Լալիգայի թիվ մեկ հանդիպումը, բնականաբար, Վալենսիայում էր, որտեղ սրերը խաչաձևելու էին մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում տեղաբաշխված «Բարսելոնն» ու «Վալենսիան», որոնք ամենաշատ գոլերն են հեղինակել այս առաջնությունում, նաև ինչի պատճառով ակնկալվում էր գոլառատ խաղ այս դիմակայությունում: Շտապենք ասել, որ հանդիպումն ավարտվել է կողմերի մեկական գոլի փոխանակմամբ ու խոշոր հաշվով տանտերերը վարձահատույց են եղել իրենց համառության համար: Իհարկե դժվար է ասել, թե ինչպիսի ելք կունենար այս մրցակցությունը, եթե մրցավարը կարողանար նկատել առաջին խաղակեսում Մեսիի խփած ակնհայտ գոլը, բայց եղածը եղած է, իսկ նման դեպքերի զոհերին ոչինչ չի մնում մրցաշրջանի ավարտին սպասելուց զատ, երբ գործի կդրվի տեսակրկնությունից օգտվելու հնարավորությունը:
Մրցաշարային աղյուսակը 35 միավորով շարունակում է գլխավորել «Բարսելոնը», նրանից չորս միավորի հեռավորության վրա է «Վալենսիան», որից իրենց հերթին նույնքան հեռավորության վրա են «Աթլետիկոն» ու «Ռեալը»: «Ռեալի» պես եվրագոտում են նաև «Սևիլիան» ու «Վիլյառեալը»: Նրանք համապատասխանաբար ունեն 25 և 21 միավոր:

ԻՏԱԼԻԱ
«Նապոլի»-«Ինտեր» զույգը շարունակում է վստահորեն զբաղեցրած պահել սկուդետեի առաջին երկու հորիզոնականը: Ի դեպ, երկուսն էլ հաջողության են հասել արտագնա խաղում: Առաջինը նվազագույն առավելությամբ հաղթել է «ՈՒդինեզեին», երկրորդը երեք անգամ է գրավել «Կալյարիի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը: «Նապոլին» ունի 38, «Ինտերը»՝ 36 միավոր:
«Ջենովան» սեփական հարկի տակ ահեղ դիմադրություն է ցույց տվել իտալական «գայլերին» ու կարողացել է մրցակցից միավոր կորզել, թեպետ թվում էր, թե դա պիտի հեշտությամբ աներ թվային գերազանցության պայմաններում: Ինչևէ, արձանագրվել է 1:1 հաշիվ, ինչը մրցաշարային աղյուսակում մեկ խաղ պակաս անցկացրած «Ռոմային» (միավորների թիվը՝ 31) չի տվել երրորդ հորիզոնականում գտնվող «Յուվենտուսին» շրջանցելու հնարավորություն: Փոխարենը 14-րդ տուրի հանդիպումը վերելքով է անցկացրել «ծեր սինյորան»՝ սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասնելով «Կրոտոնեի» նկատմամբ: Այն արդեն ունի 34 միավոր:
«Ռոմայի» օրինակով եվրագոտում են «Ֆիորենտինայի» հետ սեփական հարկի տակ միավոր կիսած «Լացիոն» (1:1) և «Սամպդորիան», որը «Բոլոնիայի» հետ տուրի հանդիպումը տանուլ է տվել 0:3 հաշվով: «Իտալական «գայլերի» անվան դիմաց 29 միավոր է, «Սամպդորիան» ունի 26:

ՖՐԱՆՍԻԱ
«Մոնակո»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունն այս մրցաշրջանում բոլոր դեպքերում առաջինը չէր, ու դարձյալ թույլ կողմը երկրի գործող չեմպիոնն էր: Մոնեգասկներն այս անգամ էլ չկարողացան լրջագույնս դիմադրել մայրաքաղաքցիներին ու զիջեցին 1:2 հաշվով: Հերթական այս հաղթանակը «Պարի Սեն Ժերմենի» միավորների թիվը դարձրեց 38՝ գործնականում անառարկելիի վերածելով նրա ապագա չեմպիոնությունը: Այս պարտությունը «Մոնակոյին» հարկադրեց նահանջել երրորդ հորիզոնական, քանի որ երկրորդ է բարձրացել արտագնայում երկրի անցած տարվա բրոնզե մեդալակիր «Նիցցային» նրա իսկ դաշտում հինգ անպատասխան գնդակով պատժած «Լիոնը»: Ճիշտ է՝ միավորների թվով՝ 29, լիոնցիները մոնեգասկների հետ հավասար են, սակայն տեղերի վերջնական բաշխման գործում իրենց ասելիքն են ասել լրացուցիչ գործակիցները:
«Գենգամին» հյուրընկալած ու նվազագույն հաշվով հաղթած «Մարսելի» միավորները 30-ն են, ու մարսելցիները շարունակում են մնալ եվրագոտու թիմերի ցանկում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ