Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հստակեցումներն ամբողջականանում են

Հստակեցումներն ամբողջականանում են
13.10.2017 | 08:07

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնների մատակարար գլխավոր երկու խմբայիններում պայքարը սկզբունքորեն ավարտված է եվրոպական թևում առաջին հորիզոնականները նվաճածների, հարավամերիկյանում՝ առաջին չորս տեղը զբաղեցրածների մակարդակով: Ըստ այդմ, ռուսաստանյան եզրափակչում եվրոպական խմբերից կլինեն Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Բելգիայի, Իսլանդիայի, հարավամերիկյանից՝ Բրազիլիայի, ՈՒրուգվայի, Արգենտինայի, Կոլումբիայի ընտրանիները: Եվրոպականից սպասվում է ևս չորս, հարավամերիկյանից՝ մեկ թիմի մասնակցություն: Թե ովքեր են լինելու այդ երջանիկները, ցույց կտան անցողիկ խաղերը: Համառոտ ներածականի բնույթ ունեցող այս մուտքից անցնենք մանրամասներին:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԵՎ
Գերմանիան, Բելգիան, Իսպանիան, Անգլիան, Ֆրանսիան, Լեհաստանը խմբայինները սկզբունքորեն անցան առանց ավելորդ բարդությունների, հատկապես տպավորիչ էր Գերմանիայի հավաքականը, որ ցույց տվեց բացարձակ արդյունք՝ հնարավոր երեսունից նույնքան միավոր հավաքելով: Պակաս տպավորիչ չէ նաև Յոախիմ Լյովի ղեկավարած համույթի խփած-բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 43:4:
Գերմանացիների ֆոնին փոքր-ինչ համեստ էին Իսպանիայի ու Բելգիայի ընտրանիներն իրենց ունեցած քսանութ միավորով, սակայն սա, կրկնում ենք, համեստ ցուցանիշ է դիտվում գերմանացիների ցույց տված փայլուն արդյունքի ֆոնին: Այնպես որ, նման գերազանցությամբ խմբայինն անցնելը այնքան էլ կատակ բան չէ:


Խմբային փուլում առավել դժվարություններ ունեցան Պորտուգալիայի, Իսլանդիայի, Սերբիայի հավաքականները: Առաջին տեղով դուրս գալու համար պորտուգալացիները պիտի պարտության մատնեին իրենց հիմնական մրցակցին՝ շվեյցարացիներին, որոնցից էլ կրել էին միակ պարտությունը: 2:0-ն միանգամայն բավարար եղավ հարցը լուծելու համար, թեպետ այն առանց Ռոնալդուի մասնակցության էր, որն այս փուլում լավագույն ռմբարկու դառնալու բոլոր շանսերն ուներ՝ ի հաշիվ խփած 15 գոլի: Սակայն Քրիշտիանուին դա չհաջողվեց, որովհետև ավելի կատաղի դիպուկությամբ աչքի ընկավ Լեհաստանը ներկայացնող, 16 գոլի հեղինակ դարձած Ռոբերտ Լևանդովսկին, ում մեծագույն ծառայություններ մատուցեց մեր հավաքականը՝ միայն նրանից բաց թողնելով երեք գոլ (մարդ անհարմար էլ է զգում այդ խաղում կրած պարտության հաշիվը հիշատակել):
Եվրոպայի վերջին առաջնությունում փայլած իսլանդացիները խմբայինն անցան սեփական կարողությունների հստակ գիտակցումով, առանց ավելորդ վայրիվերումների, ու ի վերջո այստեղ ստացվեց այնպես, որ ամենամեծ շանսեր ունեցող Խորվաթիայի ընտրանին (մինչև նախավերջին տուրն առաջին հորիզոնականում էր) անցողիկ խաղում է ապացուցելու եզրափակչին մասնակցության իր ամբիցիաները:


Խմբային փուլի ամենամեծ ձախողումը Նիդերլանդների հավաքականինն էր (առաջ անցնելով՝ ասենք, որ հարավամերիկյան թևից նրա բախտը կիսեց Չիլիի ընտրանին), որը, ինչպես գիտեք, «հաջողեցրել էր» դուրս մնալ նաև վերջին եվրոպականից: Ինչ-որ բանի ակնկալիք ունենալու համար վերջին խաղում նրանք շվեդներին պիտի հաղթեին յոթ գնդակի տարբերությամբ, իսկ դա, հավանական լինելով, թերևս անհավանականությունների շարքից էր: Զուտ վիճակագրության սիրահարների համար ասենք, որ Արիեն Ռոբենի խփած երկու գնդակն էլ եղավ այդ մրցակցության վերջնական հաշիվը, որը թեև շվեդների հետ ապահովեց միավորների հավասարություն, սակայն լրացուցիչ գործակիցները հօգուտ վերջիններիս էին, և նրանք էլ նվաճեցին անցողիկ խաղերի մասնակցության իրավունք: Ի դեպ, այդ խաղից հետո Ռոբենը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու երկրի ընտրանու կազմում: Իհարկե, համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկին հավաքականի կազմում մարզական կարիերայի ավելի լավ ավարտ կսազեր, սակայն նրա բաժին ճակատագիրն էլ այս էր:
Եվրոպական թևի մասին ասելիքը, թերևս, սահմանափակենք այսքանով՝ հիշեցնելով լոկ, որ անցողիկ խաղերը, վերը հիշատակված Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականներից զատ, կայանալու են Իտալիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Դանիայի, Հունաստանի հավաքականների մասնակցությամբ: Հավարտ տեղեկացնենք, որ երկրորդ տեղը գրաված հավաքականների մեջ էր նաև Սլովակիայի ընտրանին, սակայն անցողիկ խաղերի մասնակցության իրավունք չստացավ ունեցած ամենացածր միավորների (18) պատճառով:


ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՎ


Խմբային արդյունքներով այստեղ կարող էր գրանցվել միանգամից երկու սենսացիա: Բարեբախտաբար, եղավ մեկը, սակայն եկեք եղածի մասին խոսենք հերթով:
Մրցաշարի ավարտից դեռևս մի քանի տուր առաջ ռեալ տագնապ կար, որ աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցության իրավունք ապահովող առաջին չորս տեղերում կարող է չլինել Արգենտինայի ընտրանին, իսկ ֆուտբոլային տոնահանդեսն առանց նրա. խոստովանենք, կզրկվեր ամենավառ գույներից, էլ չեմ խոսում այն խոր հիասթափությունից, որ ֆուտբոլասերն ունենալու էր Մեսիին առաջնությունում չտեսնելով:


Էկվադորի ընտրանու հետ վճռորոշ խաղում երկրի ազգայինի կազմում միանգամայն այլ ֆունկցիաներ ունեցող Մեսին տեսնելով, որ դեպքերը զարգանում են չափազանց դրամատիկ (էկվադորցիներն առաջին իսկ րոպեին բացել էին հաշիվն ու հյուրերին զիջելու մտադրություն չունեին), խաղը վճռականորեն վերցրեց ձեռքն ու անձամբ անցավ գրոհների եզրափակմանը: Հենց նրա հեթ տրիկն էլ որոշեց ամեն ինչ՝ 3:1:
Վերջին տուրում Բրազիլիա մեկնած Չիլիի ընտրանին, որ Ամերիկայի գավաթի վերջին երկու խաղարկության հաղթողն է, Ռուսաստանում վերջերս անցկացված Համադաշնության գավաթի եզրափակչի մասնակիցը, ծանր պարտություն կրեց 0:3 հաշվով, սակայն այն ինքնին կարող էր դժբախտություն գուժել միայն մեկ պարագայում՝ եթե Պերուի ու Կոլումբիայի մրցամարտն ավարտվեր ոչ-ոքի հաշվով: Չիլիացիների ողջ դժբախտությունն այն եղավ, որ այդ հանդիպումն այդպես էլ ավարտվեց:


Այս ոչ-ոքիի առնչությամբ արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացել: Հանդիպման ավարտից 14 րոպե առաջ պերուացիները կարողացել են հավասարեցնել հաշիվը ու դրանից հետո խիստ ուշագրավ վարքագիծ է դրսևորել կոլումբիացիների ավագ Ռադամել Ֆալկաոն: Գոլից հետո նա ակտիվ բանակցությունների մեջ է եղել տանտերերի ֆուտբոլիստների հետ՝ ամենայն հավանականությամբ առաջարկելով հանդիպումն այդպես էլ ավարտել: Հիմա սույնը կապացուցվի, թե ոչ, բավական նուրբ խնդիր է, որովհետև Ֆալկաոն բանակցել է բերանն ափով փակած, որ չկարողանան շրթունքների շարժումից ինչ-որ բան եզրակացնել:
Ինչևէ: Թերևս անհրաժեշտություն կա մի փոքր ավելի բացված ներկայացնելու այս 1:1 հաշվի ֆենոմենը: Այն կոլումբիացիների առաջ ուղիղ ճանապարհ էր բացում եզրափակիչ (ի դեպ, նմանատիպ իրավիճակ էր լինելու նաև նվազագույն հաշվով նրանց պարտության դեպքում), իսկ պերուացիների համար ձեռնտու էր այնքանով, որ նրանց համար ամրագրած էր պահում հինգերորդ տեղը, որը հնարավորություն է տալիս մասնակցելու անցողիկ խաղերին: Ընդ որում, չիլիացիների հետ հավասար միավոր ունենալու գործոնը նրանց բնավ չէր անհանգստացնում, քանի որ լրացուցիչ գործակիցները հօգուտ իրենց էր:


Ահա այսպիսի դրամատիկ ավարտ ունեցան հարավամերիկյան թևի խմբային հանդիպումները: Ավելացնենք լոկ, որ Արգենտինայի ու Կոլումբիայի հավաքականների հետ եզրափակիչ դուրս են եկել խմբայինն առաջին երկու տեղերով ավարտած Բրազիլիայի ու ՈՒրուգվայի ընտրանիները, որոնք վաղաժամկետ էին լուծել եզրափակիչ դուրս գալու իրենց հարցերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ