Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Կես միլիարդը դեռ ամեն ինչ չէ

Կես միլիարդը դեռ ամեն ինչ չէ
26.09.2017 | 14:41

Իտալիայում երկիշխանություն է, Իսպանիայում՝ մենիշխանություն, ու սա՝ դրանցում մրցաշարային աղյուսակը գլխավորողների կողմից առանց միավորի կորստի: «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնի» կողքին կարող էր լինել և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», սակայն չկարողացավ կոտրել «Մոնպելիեի» դիմադրությունը:

ԻՍՊԱՆԻԱ
Ելնելով կողմերի ուժերի հարաբերակցությունից՝ «Ժիրոնայի» հետ «Բարսելոնի» մրցակցությունը պիտի որ անակնկալ չխոստանար: Խոշոր հաշվով այդպես էլ եղավ, թեպետ անակնկալներից հանդիպումն անմասն չմնաց: Հյուր եկած կատալոնցիների երեք գոլից երկուսը… տանտերերի կատարմամբ էր: Մեսին այս անգամ գոլ չխփեց, փոխարենը գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:
Նախորդ տուրում «Բետիսից» կրած պարտությունը լրջորեն տրորել էր «արքայականի» ինքնասիրությունը՝ պարտադրելով «Ալավեսի» հետ խաղին մոտենալ ավելի հավաք: «Ռեալը» միանգամայն օրինականորեն վաստակեց հասանելիք երեք միավորը, սակայն գրանցված հաշիվը (1:2) վկայում է, որ տանտերերն այնքան էլ դյուրությամբ չեն պարտվել: Ինչ վերաբերում է տուրի կենտրոնական հանդիպմանը, այն Մադրիդում էր, տեղի «Աթլետիկոյի» ու անդալուզցիների ֆուտբոլային հպարտության՝ «Սևիլիայի» միջև: Երկրորդ խաղակեսում տանտերերը վերջնականապես կոտրել են հյուրերի դիմադրությունն ու հաղթանակ տոնել 2:0 հաշվով, ինչը Դիեգո Սիմեոնեի սաներին հնարավորություն է տվել առաջին եռյակից դուրս մղել օրվա մրցակցին ու 14 միավորով ամրապնդվել երկրորդ հորիզոնականում՝ մեկ միավորով շրջանցելով «Ռեալին»: Վեց խաղից հետո բացարձակ արդյունքով առաջին հորիզոնականում, բնականաբար, կատալոնյան ակումբն է:

ԻՏԱԼԻԱ
Չզիջելով իրար՝ սկուդետեում «Նապոլին» ու «Յուվենտուսը» վեցերորդ տուրից հետո էլ են պահպանում երկիշխանությունը ու դարձյալ առանց միավորների կորստի: Արտագնայում «Նապոլին» բավականին ծանր հանդիպում ունեցավ առաջնության նորեկի՝ ՍՊԱԼ-ի հետ (3:2): Փոխարենը «ծեր սինյորան» առանձնակի դժվարություններ չունեցավ թուրինցիների հետ դիմակայությունում՝ նրանց ծնկի բերելով չորս անպատասխան գնդակի առավելությամբ:
«Ինտեր»-«Ջենովա» խաղը տանտերերի համար չափազանց լարված ստացվեց, ու մինչև խաղավերջ հայտնի չէր՝ այդ հանդիպումում, ի վերջո, դարպասի գրավում կարձանագրվի՞: Ամբրոզոյի գոլը միլանցիներին բերեց երեք միավոր, ու «Ինտերը» պահպանեց իր տեղն առաջին եռյակում:

ԱՆԳԼԻԱ
Որքան թեթև ընթացք ունեցավ «Մանչեստր Սիթիի» դիմակայությունը «Կրիստալ Պալասի» հետ, նույնքան դժվար դասավորվեցին առաջնության մյուս լիդերի՝ «Մանչեստր Յունայթեդի» գործերը «Սաուտհեմպտոնի» հետ խաղում: Սեփական հարկի տակ առաջինը հաղթանակ տոնեց 5:0 հաշվով, երկրորդն արտագնայում բավարարվեց նվազագույն առավելությամբ: Չնայած գոլերի նման հարաբերակցությանը, այդուհանդերձ, երկուսն էլ վաստակել են նույն երեք միավորն ու 16 միավորով գլխավորում են աղյուսակը: Ավելորդ չհամարենք նշել, որ վերջին երեք խաղում «Մանչեստր Սիթին» հաղթել է գոլերի 16:0 հարաբերակցությամբ, ինչը տպավորիչ վիճակագրություն է:
«Ստոկ Սիթիի» հետ արտագնան «Չելսին» անցկացրեց մեծ թափով (4:0) ու վարձահատույց եղավ երեք միավոր վաստակելով: Նշենք, որ հեթ տրիկի հեղինակ է դարձել ամառային այս տրանսֆերային պատուհանում Մադրիդի «Ռեալից» ձեռք բերված Ալվարո Մորատան:
Տուրը հաջողակ էր նաև 11-ական միավորով 4-6-րդ հորիզոնականներում գտնվող «Տոտենհեմի», «Լիվերպուլի» (երկուսն էլ ունեցել են արտագնա հանդիպում, երկուսն էլ հաղթել են նույն 3:2 հաշվով՝ համապատասխանաբար մրցակից ունենալով «Վեստ Հեմին» ու «Լեստերին»), «ՈՒոտֆորդի» համար: Միջանկյալ նշենք, որ վերջինս էլ է տուրի հերթականը անցկացրել դրսում, պարզապես «Սուոնսիի» հետ նրա դիմակայության հաշիվն է փոքր-ինչ համեստ՝ 2:1:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Դորտմունդի «Բորուսիան», որը տուրում մրցեց Մյոնխենգլադբախի իր անվանակցի հետ: Իհարկե, վերջինս շատ կուզենար, որ այդ հանդիպումն իրականում եղած չլիներ, սակայն ի՞նչ կարող ես անել՝ եղածը եղած է, իսկ հանդիպման 6:1 հաշիվը՝ դաժանագույն խարան, որ գլադբախցիներին դեռ երկար է ուղեկցելու:
Նախորդ տուրի ծանրագույն հաղթանակից ոգևորված՝ «Հոֆենհայմը» երեք միավոր պոկեց «Շալկեից» ու 14 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ մեկ միավորով առաջ անցելով երկրի գործող չեմպիոնից՝ «Բավարիայից», որն առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկելով «Վոլֆսբուրգի» դարպասը, ակներևաբար հարցը համարեց լուծված ու պատժվեց միանգամայն արժանվույն: Գերմանական «գայլերը» բավարացիների խփածին պատասխանեցին նույնքանով ու Մյունխենը լքեցին միավոր վաստակած:
Դորտմունդի «Բորուսիան» ունի 16 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում առաջին վրիպումն ունեցավ «Պարի Սեն Ժերմենը», որի մոտ կես միլիարդ արժողությամբ հարձակման գիծը չկարողացավ խոցել առավել քան համեստագույն «Մոնպելիեի» դարպասը: Ճիշտ է, հանդիպմանը չէր մասնակցում Նեյմարը (ասում են՝ մկանի թեթև վնասվածք ունի, ու չեն կամեցել Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղից առաջ ռիսկի դիմել, թեպետ սրա կողքին հավասարապես ապրելու իրավունք ունի և այն վարկածը, որ նրան պատժել են «Լիոնի» հետ խաղում կամայականությունների դրսևորման համար):
«Պարի Սեն Ժերմենի» այս սայթաքումն առավել քան ձեռնտու էր նախօրեին արտագնայում 4:0 հաշվով «Լիլի» նկատմամբ հաղթանակ տոնած ու միավորների քանակը 18-ի հասցրած «Մոնակոյի» համար, որն ընդհուպ մոտեցավ առաջատարին ու նրանից հետ է արդեն ընդամենը մեկ միավորով:
Երրորդ հորիզոնականում գտնվող «Սենտ Էտիենը» «Ռենի» հետ տնային խաղում անընդհատ եղավ հետապնդող ու այսպիսի պահվածքի համար «վարձատրվեց» այդ նույն երրորդ հորիզոնականին հրաժեշտ տալով, քանզի օր առաջ սեփական հարկի տակ «Գենգամին» հաղթած «Բորդոն» հասցրել էր միավորներով (15) շրջանցել նրան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ