ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

100 միլիոնը՝ նախամեկնարկային նիշ

100 միլիոնը՝ նախամեկնարկային նիշ
12.09.2017 | 05:48

Պոլ Պոգբայի անցած տարվա տրանսֆերը կատարյալ շոկ, շոկի հետ էլ մեկնարկային նոր նիշ եղավ ֆուտբոլային աշխարհի համար: Պատահական չէ, որ ընթացիկ տարում հանրության կողմից այնքան հանգստությամբ ընդունվեցին Նեյմարի, Դեմբելեի, Մբապեի տրանսֆերները: Արդեն անտարակուսելի է ներկայանում, որ ակումբները սկզբունքորեն հասկացել են հետևյալ ճշմարտությունը՝ տաղանդավոր ֆուտբոլիստին 100 միլիոն եվրոյից պակաս գումարով զիջելը կատարյալ հիմարություն է:


Սույն նյութում դիտարկման կվերցվեն բացառապես երիտասարդ ֆուտբոլիստները՝ նրանք, ում տարիքը 23 է կամ մինչև 23, քանզի իմաստ չենք տեսնում հերթական անգամ խոսելու 100 միլիոնից ավելի արժեք ունեցող այնպիսի «տարեցների» մասին, որպիսիք են, զորօրինակ, Հարրի Քեյնը, Անտուան Գրիզմանը, Էդեն Ազարը… Այնպես որ, տարիքային սահմանափակումն այս դեպքում ավելի քան տեղին է:

ԴԵԼԵ ԱԼԻ
«Տոտենհեմի» վարած աշխատավարձի քաղաքականությունը, ինչ խոսք, շարժում է ու չի էլ կարող չշարժել «Չելսիի», «Արսենալի», մանչեստրյան երկու գերակումբների ու էլի այլոց ֆուտբոլիստների ծիծաղը, սակայն այստեղ դրվածքը դեռևս շարունակում է մնալ այսպիսին՝ շաբաթական 100 հազար եվրո ստանում են ակումբի գլխավոր աստղերը, մնացածները՝ նրանցից անհամեմատ նվազ: Բնականաբար, նման իրավիճակը երկար չի կարող շարունակվել՝ կամ հարկ կլինի առաջատարներին հավուր պատշաճի վարձատրել, կամ էլ նրանք ինքնակամ կհեռանան թիմից. ինչ-ինչ, գայթակղողներ կգտնվեն: Դելե Ալին, բնականաբար, դեռևս գագաթում չէ, բայց որ դրա մերձ հարևանությամբ է, կասկածող դժվար լինի: Իհարկե, այս պահի դրությամբ նրա համար դժվար թե հարյուր միլիոն առաջարկող լինի, բայց որ, ելնելով ռեալությունից, ակումբն արդեն իսկ պարտադրված է ֆուտբոլիստի գինը կրկնապատկելու մասին մտածելու, անառարկելի է:

ՅՈՒՐԻ ՏԻԼԵՄԱՆՍ
Վերջին տարիների «Մոնակոն» վերածվել է բավական էժան ֆուտբոլիստներին գերթանկարժեքի վերածող հարահոսի: Ընթացիկ տարում ակումբը մի երկու բացառություն արեց՝ ձեռք բերելով իրենց չափանիշներով բավական թանկ արժեցող ֆուտբոլիստների: Մասնավորապես, Տիլեմանսի համար վճարվեց 25 միլիոն եվրո: Սա խոսում է մարզիկից ակումբի ունեցած մեծ ակնկալիքների մասին: Տիլեմանսը շատ բաներով բացառիկ է: Իր քսան տարեկանում նա արդեն ունի Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձ, եղել է երկրի ազգային առաջնությունը շահած թիմի ավագ: Բելգիացին Ֆրանսիայում հրաշալի խաղային պրակտիկա կունենա, «կաշխատի» եվրոպական ֆուտբոլի ամենաճկուն մարզիչներից մեկի ղեկավարությամբ, Չեմպիոնների լիգայի մի երկու խաղի, անշուշտ, կմասնակցի, իսկ թե բախտը բերեց, մեկ էլ տեսար նրան կկարողանաս տեսնել Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում: Մի խոսքով` աճի իդեալական պայմաններ են՝ դրանից բխող շահավետ հեռանկարով:

ԲԱԼԴԵ ԿԵՅՏԱ
«Լացիոն» ստիպված էր նրան հանել վաճառքի, քանզի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը վերջանում էր, իսկ նա չէր ցանկանում ակումբի հետ այն երկարաձգել ու, այդ չուզենալով հանդերձ, իտալական ակումբին 30 միլիոն եվրոյի օգուտ տվեց: Ինչևէ: Ֆուտբոլիստը հիմա «Մոնակոյում» է, ու թե Լեոնարդու Ժարդիմը նրան ինչ դիրքում կօգտագործի, առայժմ մնում է գուշակել, բայց որ գերազանց մարզավիճակում գտնվող Կեյտան կարող է ավելի մեծ մակարդակի ֆուտբոլիստի հայտ ներկայացնել, անտարակուսելի է, եթե, իհարկե, բնավորության չորությունը չխանգարի նրան ու արջի ծառայություն չմատուցի կարիերայի վերընթացում:

ԱՆԴՐԵԱ ԲԵԼՈՏԻ
«Թուրինի» աստղն այս մրցաշրջանում իտալական ակումբում մնաց իրար հետ շաղկապված ու ոչ այնքան շաղկապված մի քանի պատճառով: Նրա վրա աչք ունեցող «Չելսին» կարողացավ ձեռք գցել իր համար գերնպատակ դարձած Ալվարո Մորատային, «Միլանը» գերապատվությունը տվեց մեկի փոխարեն միանգամից երկու հարձակվող գնելուն, իսկ «Թուրինի» նախագահ ՈՒրբան Կաիրոն ստեղծված պայմաններում վերցրեց ու հայտարարեց, որ իրենց հարձակվողին տրանսֆերի կհանեն 100 միլիոն եվրոյի դեպքում: Փաստորեն, «Թուրինը» մերժեց «Մոնակոյի», «Միլանի», «Չելսիի» 60-80-միլիոնանոց առաջարկները: Երևի ճիշտն էլ «Թուրինն» է անում. 20-գոլանոց ևս մեկ մրցաշրջան՝ գումարած երիտասարդ տարիք, ու խոշոր գործարքը շոշափելի ապագայում միանգամայն ռեալ կլինի:

ՍԱՈՒԼ ՆԻԳԵՍ
Մադրիդի «Աթլետիկոն» այն թիմը չէ, որը ցանկացած գնով կառչած է մնում առաջատար ֆուտբոլիստներից: Եթե ուշադիր ենք նայում, թիմի հսկայական վերելքը եղել է առաջատարների կանոնավոր վաճառքի պարագայում: Հանուն ճշմարտության ասենք, որ այս առումով անցած տարին բացառություն էր, սակայն եկողում հարկավ այդպես չի լինի: Յան Օբլակն արդեն իսկ հայտնել է թիմից հեռանալու մասին, Անտուան Գրիզմանն այս տարի ակումբից չհեռացավ նրան չվնասելու ասպետական պահվածքի պատճառով, քանզի ակումբում առաջատարներին լիարժեք փոխարինողներ հորիզոնում չերևացին: Վերը հիշատակված երկուսի օրինակով Սաուլն էլ իր անձի նկատմամբ ուշադրության պակաս չունի: Հենց միայն ինչ արժի, որ «Բարսելոնը» նրան իր ուշադրության կենտրոնում է պահում, սակայն միայն կատալոնյան ակումբին չէ, որ պետք է Սաուլի նման գրագետ կիսապաշտպան, իսկ սա նշանակում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային գինը եկող տարի անհամեմատ բարձր կլինի:

ՋԱՆԼՈՒԻՋԻ ԴՈՆԱՐՈՒՄԱ
Թե մեկ, երկու, երեք տարի անց որտեղ կխաղա այս ֆուտբոլիստը, բնականաբար հստակ չի կարող պատասխանել ոչ ոք, բայց որ նրա նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, անառարկելի է: Այս առումով բավական է հիշել, թե, կապված միլանյան ակումբից նրա հեռանալու հետ, ինչ զարգացումներ եղան նախորդ մրցաշրջանում, սակայն ամեն ինչ չի կարող հավերժորեն նույնը մնալ: Բոլոր դեպքերում, մոտ ապագայում պիտի սպասել դարպասապահների շրջանում կայանալիք ռեկորդային տրանսֆերի:
Եզրափակենք ու ոչ նրա համար, որ 100 միլիոնի նախամեկնարկային նիշի այլ հավակնորդներ չկան, այլ նրա համար, որ այդպիսիք կան, պարզապես խնդիրը ակումբների կողմից նրանց զիջել-չզիջելու պատրաստակամությունն է: Այդ շարքում են Քրիստիան Պուլիշիչը (Դորտմունդի «Բորուսիա»), Լերոյ Սանեն ու Գաբրիել Ժեզուշը («Մանչեստր Սիթի»), Մարկուս Ռաշֆորդը («Մանչեստր Յունայթեդ»), Մարկո Ասենսիոն (Մադրիդի «Ռեալ») և, վերջապես, Պաուլո Դիբալան, ով փայլում է «Յուվենտեսում» ու երազում է «Բարսելոնում» հանդես գալու մասին: Այնպես որ պատրաստվենք եկող տարվա տրանսֆերային պատուհանում գների նոր պայթյունների:

ԱՄԱՌՆ ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԵՂԱՎ ԵԿԱՄՏԱԲԵՐ
Ամառային տրանսֆերային պատուհանը փակված է, եղած ռեալության շրջանակներում անհրաժեշտ գնումները կատարված են: Ասում ենք՝ «եղած ռեալության շրջանակներում», քանզի եթե ցանկություններով առաջնորդվեինք, անգլիական «Լիվերպուլում» հանդես եկող Ֆիլիպե Կոուտինիոն պիտի արդեն իսկ լիներ «Բարսելոնում», սակայն այդպես չէ: Գոնե՝ այս տարի: Բնականաբար այս չկայացած գործարքը ներքևում հիշատակվող ակումբների շարքից դուրս է մղել այդ նույն անգլիական «Լիվերպուլին», քանզի այն կայանալու դեպքում խոսքը երկու կողմից էլ գնալու էր եռանիշ գումարի մասին: Ինչևէ: Ինչպես ասում են՝ ձուկը ծովում բազար չանենք, անցնենք անցնելիքին:

«ԲԱՐՍԵԼՈՆ»՝ 33,5 ՄԼՆ ԵՎՐՈ
Չնայած բրազիլացի հարձակվող Նեյմարի վաճառքից «Բարսելոնը» վաստակեց 222 միլիոն եվրո, այդուհանդերձ ակումբն անգամ չմտավ ամենամեծ դրական սալդո ունեցող առաջին թիմերի տասնյակ: Թեև գումարի չնչին չափ է, բայց և այնպես, գումար է՝ 4 միլիոն էլ եկավ Քրիստիան Թելիոյի վաճառքից. հօգուտ կատալոնյան ակումբի ճիշտ այսքանով քսակը թեթևացրեց «Բետիսը»:
Ֆինանսական այս զգալի ներհոսի կողքին, սակայն, «Բարսելոնի» բյուջեն իր բնական արտահոսքն էլ ունեցավ: Հենց միայն ՈՒսման Դեմբելեի համար հարկ եղավ վճարել 105 միլիոն եվրո (առանց բոնուսների հաշվարկի): 40 միլիոն էլ դրվեց Պաուլինիոյի ձեռքբերման վրա: Եթե բոլոր ծախսերը հաշվենք, անցած տրանսֆերային պատուհանում կատալոնյան ակումբն ունեցավ 192,5 միլիոնի գնում: Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ «Բարսելոնը» կարողանար հաջողեցնել և Կոուտինիոյի գնումը, ընդհանրապես ամառը կփակեին շատ լուրջ բացասական սալդոյով:

ԿԻԵՎԻ «ԴԻՆԱՄՈ»՝ 36 ՄԼՆ ԵՎՐՈ
ՈՒկրաինայի փոխչեմպիոնը Դորտմունդի «Բորուսիային» Անդրեյ Յարմոլենկոյի վաճառքից ստացավ 25 միլիոն: 15 միլիոնի չափ էլ եկավ Յունես Բելհանդին («Գալաթասարայ»), Լուկաշ Թեոդորչիկին («Անդերլեխտ»), Ռոման Յարեմչուկին («Գենտ») տրանսֆերի հանելուց: Ստացածի կողքին Իոսիպ Պիվարիչի ու Թոմաշ Կեձիորի ձեռքբերման վրա ակումբի ծախսած 3,5 միլոնը սկզբունքորեն կարելի է փող չհամարել՝ արձանագրելով, որ ուկրաինական ակումբը լավ էլ հաջողեց անցած տրանսֆերային պատուհանում:

«ԲԱՅԵՐ»՝ 40,8 ՄԼՆ ԵՎՐՈ
Ամռանը գերմանական ակումբը 79,3 մլն ընդհանուր գումարով վաճառքի հանեց միանգամից վեց ֆուտբոլիստի; Այդ վեցից ամենամեծ եկամուտը բերեցին կիսապաշտպաններ Հական Չալխանօղլին («Միլան»՝ 22 մլն), Քևին Քամպլը («Լայպցիգ»՝ 20 մլն) ու հարձակվող Չիչարիտոն («Վեստ Հեմ»՝ 17,8 մլն): Սակայն առողջ մենեջմենթ վարողի տրամաբանությամբ «Բայերը» վաստակած գումարն ամբողջությամբ չդրեց բարձի տակ՝ դրա մոտ կեսը հատկացնելով գնումներին: Ամենաշատ գումար ծախսվել է Լուկաս Ալաիրոյի վրա՝ 24 միլիոն:

«ԼԱՑԻՈ»՝ 42,55 ՄԼՆ ԵՎՐՈ
Իտալական ակումբին ամենամեծ դրամագլուխը (30 մլն) բերեց Բալդե Կեյտան, ով այսուհետ հանդես է գալու «Մոնակոյում»: Ակումբին միացյալ ուժերով 30 միլիոնից փոքր-ինչ ավելի գումար բերեցին իտալական «Միլան» տեղափոխված Լուկաս Բիլիան (17 մլն) ու անգլիական «Սաուտհեմպտոնի» գրանցում ստացած ՈՒեսլի Հուդտը (16,4 մլն):
Դառնալով ձեռքբերումներին՝ «Լացիոյի» գնումներից ամենաթանկը եղել է պորտուգալական «Բրագայի» 17-ամյա հարձակվող Պեդրու Նետուն (7,5 մլն), ում իրավունքներն ամբողջապես ունենալու համար իտալացիները 2019-ի ամռանը ևս 5 միլիոնի ծախս պիտի կատարեն:

«ՊՈՐՏՈՒ»՝ 48,9 ՄԼՆ ԵՎՐՈ
Ավանդույթի ուժով պորտուգալական ակումբը շարունակում է մնալ տրանսֆերային պատուհանի ամենահաջողակ խաղացողներից մեկը: «Հրեշները» 38 միլիոնի դիմաց «Միլանին» են զիջել Անդրե Սիլվային, անգլիական «Վուլվերհեմպտոնից» 17,9 միլիոն են ստացել Ռուբեն Նևեշի համար: Էլի մի շարք ֆուտբոլիստներ են համալրել ակումբի քսակի պարունակությունը, սակայն անհամեմատ փոքր չափերով:
Պիտի նկատել, որ վաճառքի կողքին «Պորտուն» հոգացել է և ձեռքբերման մասին: Ակումբը չի խնայել ու իր կազմում Օլիվեր Տորեսին ունենալու համար 20 միլիոն է հատկացրել «Աթլետիկոյին»: Բնավ էլ զարմանալի չի լինի, եթե մի երկու տարուց ակումբը նրան առնվազն կրկնակի գումարով վաճառքի հանի:

«ԹՈՒՐԻՆ»՝ 57 ՄԼՆ ԵՎՐՈ
Ամառը «Թուրինին» բերեց 79,6 միլիոն եվրո: Ակումբի եկամուտը ձևավորածների մեջ են Դավիդե Ձապակոստան («Չելսի»՝ 28 մլն), Նիկոլա Մաքսիմովիչը («Նապոլի»՝ 20 մլն), Բրունո Պերեսը («Ռոմա»՝ 12,5 մլն) ու Մարկո Բենասին («Ֆիորենտինա»՝ 10 մլն): Հետաքրքիր է, որ չորսն էլ իրենց ճակատագիրը շարունակել են կապել իտալական ակումբների հետ:
Ինչ վերաբերում է համալրումներին, կազմին թարմ արյուն ներարկելու համար ակումբն արել է 22,6 միլիոնի ծախս: Ամենամեծ գումարը վճարվել է բրազիլական «Սան Պաուլոյի» արդեն նախկին խաղացող Լյանկո Եվանգելիստա Նևեսա Վոյինովիչի համար՝ 7 միլիոն: Սերբական ծագումով բրազիլիացին 20 տարեկան է:

«ԱՅԱՔՍ»՝ 63,45 ՄԼՆ ԵՎՐՈ
Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվելն ու առհասարակ գովազդ անելու կարողությունն այս անգամ էլ եկամտաբեր եղան հոլանդական ակումբի համար, որն ամռան ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ստացավ 80 միլիոնի շահույթ: Հիմնական եկամուտը բերել են Մոուրիսիո Պոչետինոյի գլխավորած, ընթացիկ մրցաշրջանի համար չեմպիոնական հավակնություններ ունեցող «Տոտենհեմ» տեղափոխված Դավինսոն Սանչեսը (40 միլիոն) ու Դավի Կլասենը («Էվերտոն»՝ 27 մլն): Ակումբի ամենաթանկ ձեռքբերումը «Ռապիդի» 19-ամյա հարձակվող Մաքսիմիլիան Վյոբերն է՝ 7,5 միլիոն:

«ԼԻՈՆ»՝ 69,05 ՄԼՆ ԵՎՐՈ
«Այաքսի» օրինակով ֆրանսիական ակումբի գործարքում (119,5 մլն) նույնպես էական եղավ Չեմպիոնների լիգայում ունեցած հաջող մասնակցությունը: Գումարի առյուծի բաժինը բերածներն են 53 միլիոնով Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Ալեքսանդր Լյակազետը, «Բավարիայի» գրանցում ստացած Կորենտինա Տոլիսոն (41,5 մլն) ու «Զենիթ» տեղափոխված Էմանուել Մամանին՝ 16 միլիոն:
Հարկ է ասել, որ հենց «տեղում» էլ «Լիոնը» 50 միլիոնի գնում է արել: 10-ական միլիոն է վճարվել մասնավորապես Բերտրան Տրաորեի («Չելսի») ու Պապե Շեյխա Դիոպի («Սելտա») համար:

«ՄՈՆԱԿՈ»՝ 75,5 ՄԼՆ ԵՎՐՈ
Մոնեգասկներն ամառվա ընթացքում վաստակել են մոտ 180 մլն եվրո, որը մոտ այդքանով էլ կավելանա, երբ «Պարի Սեն Ժերմենին» Կիլիան Մբապեի վարձույթը վերածվի վաճառքի: Միայն «Մանչեստր Սիթին» Բենջամեն Մենդիի ու Բեռնարդո Սիլվայի համար ակումբին վճարել է 107,5 միլիոն: Ինչ վերաբերում է գնումներին՝ ի դեմս Բալդե Կեյտայի ու Յուրի Տիլեմանսի, «Մոնակոյի» 55 միլիոն ընդհանուր արժողությամբ ձեռքբերումների մասին արդեն գրել ենք:

«ՌԵԱԼ»՝ 76,5 ՄԼՆ ԵՎՐՈ
Հանրությանն իր թանկ գնումներին վարժեցրած իսպանական գրանտն այս տրանսֆերային պատուհանում զարմանալիորեն համեստ եղավ: Ձեռքբերածների մեջ, թերևս, հիշատակենք Թեո Էռնանդեսի վրա ծախսված 30 միլիոնը: Փոխարենն «արքայականն» այս անգամ 123 միլիոն է վաստակել: «Չելսի» տեղափոխված Ալվարո Մորատան ակումբին բերել է 62 միլիոն, գրեթե կիսով չափ պակաս է եղել «Մանչեստր Սիթի» տեղափոխված Դանիլոյի ներդրումը՝ 30 միլիոն: 13 միլիոն էլ բերել է երկու տարվա վարձավճարով «Բավարիա» տեղափոխված Խամես Ռոդրիգեսը, որի իրավունքներն ամբողջապես ունենալու համար մյունխենցիները ևս 42 միլիոնի նեղություն պիտի տան իրենց:

ԴՈՐՏՄՈՒՆԴԻ «ԲՈՐՈՒՍԻԱ»՝ 83,77 ՄԼՆ ԵՎՐՈ
Անգամ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին չվաճառելու պարագայում գերմանական ակումբն ընթացիկ տրանսֆերային պատուհանից դուրս եկավ մեծ պլյուսով: ՈՒսման Դեմբելեի բերած 105 մլն եվրոյի մասին արդեն գրել ենք, դրան կգա ավելանալու «Բարսելոնում» հանդես գալու համար բոնուսի տեսքով կատալոնյան ակումբի վճարելիք 40 միլիոն եվրոն: Ընդհանուր ջանքերով հավելյալ 40 միլիոն էլ բերել են Մատիաս Գինտերը, Էմրե Մորը, Սվեն Բենդերը: Հանուն ճշմարտության ասենք, որ ակումբի ծախսերն էլ փոքր չեն եղել: Յարմոլենկոյին ձեռք բերելն արժեցել է 25 միլիոն, ընդամենը հինգ միլիոնով պակաս է արժեցել «Ֆրայբուրգից» տեղափոխված Մաքսիմիլիան Ֆիլիպը:

«ԲԵՆՖԻԿԱ»՝ 122 ՄԼՆ ԵՎՐՈ
Լիսաբոնյան ակումբը կրկին հաստատեց տրանսֆերային պատուհանում բիզնեսի թագավոր լինելու իր բարձր կարգավիճակը: 2017-ի ամռանն ակումբը վաստակել է 130,85 միլիոն եվրո՝ ծախսելով ընդամենը 8,85 միլիոն: «Բենֆիկայի» ամենաթանկ ձեռքբերումը «Ռիու Ավեից» 3 միլիոնով տեղափոխված խորվաթ Ֆիլիպ Կրովինովիչն է: Ինչ վերաբերում է վաճառվածներին, Լիսաբոնից հեռացել են դարպասապահ Էդերսոնը («Մանչեստր Սիթի»՝ 40 մլն), պաշտպաններ Վիկտոր Նելսոն-Լինդելյոֆը («Մանչեստր Յունայթեդ»՝ 35 մլն), Նելսոն Սեմեդուն («Բարսելոն»՝ 30,5 մլն), հարձակվող Կոստաս Միտրօղլուն («Մարսել»՝ 15 մլն): Պիտի նկատել, որ «Բենֆիկան» ունի համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույն ակադեմիաներից մեկը, բացի այդ, կարողանում է փայլուն սելեկցիոն աշխատանք տանել:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ