Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Հույսի ևս մեկ շաբաթ

Հույսի ևս մեկ շաբաթ
14.07.2017 | 10:51

Մազ էր մնացել, որ եվրախաղարկություններում հայկական ֆուտբոլի մասնակցության թեման հերթական անգամ օրորոցում ավարտվեր (հիշեցնենք՝ Եվրոպայի լիգայի մասնակցություն ստացած մեր երեք թիմերն էլ՝ «Շիրակը», «Գանձասար-Կապանն» ու «Փյունիկը», որակավորման առաջին իսկ փուլից վերածվեցին շարքային դիտորդի): Բարեբախտաբար, «Ալաշկերտը» երջանիկ բացառություն եղավ՝ երկու խաղում «Սանտա Կոլոմայի» դիմադրությունը կոտրելով ու Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս գալով, որտեղ մրցակից էր ունենալու բելառուսական ԲԱՏԷ-ին:

Այդ դիմակայության առաջին ռաունդն արդեն իսկ ավարտված է:
Ավարտված է մեզ համար միանգամայն ձեռնտու ելքով: Իհարկե, հաղթանակն ավելի ցանկալի կլիներ, սակայն 1:1-ի տեսքով ոչ-ոքին էլ պակաս շահավետ արդյունք չէ, եթե մեզ մոտ կայանալիք դիմակայությունում կարողանանք ձեռքից բաց չթողնել դրա բերած առավելությունը: Միջանկյալ նշեմ, որ երկու գոլի հեղինակն էլ նույն ֆուտբոլիստն է՝ ԲԱՏԷ-ն ներկայացնող Ալեքսեյ Ռիոսը:
Փաստացի մենք ստացել ենք Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի արգելքը շրջանցելու ռեալ հնարավորություն, ինչը հայկական ակումբային ֆուտբոլի համար պատմական արդյունք կլինի: Պիտի որ կարողանանք այս արգելքը հաղթահարել, ու դրան խանգարող ոչինչ չկա: Հակառակը, եթե մի քիչ էլ բախտավոր լինենք, մեկ էլ տեսար Ռիոսը կամ ԲԱՏԷ-ից մեկ ուրիշը մի հատ էլ հաճելի նվեր արեց: Չէ, ես չեմ ասում, թե մենք չենք կարողանա գոլ խփել, սակայն կողքից հաջողությունն էլ չէր խանգարի: Ինչևէ, երկու դիմակայության արդյունքով հնարավոր լավատեսությունը որոշակիորեն ամրապնդվում է նաև նրանով, որ պատասխան խաղում մենք կանգնած չենք լինելու ծայրահեղ կացության առաջ, երբ ամեն գնով անհրաժեշտ է միայն հաղթանակ:


Հուրախություն բոլորիս, մեր տղաներին լիուլի բավարարում է և ոչ-ոքին, սակայն այնպիսի ոչ-ոքի, որը լինի գոլազուրկ: Մնացած բոլոր ոչ-ոքիները, բացի 1:1-ից, որը խաղը կարող է անհամորեն երկարացնել միանգամայն անկանխատեսելի հետևանքներով, ի վնաս մեզ են նույնքան միանգամայն հասկանալի պատճառներով:
Բոլոր դեպքերում, գոնե մեկ շաբաթ ուրախանալու առիթ ունենք, դեմներս նվիրական հույսի մեկ շաբաթ կա, ու սա արդեն իսկ լավ է:
Հայկական ակումբային ֆուտբոլի թեման շարունակենք 2017-ի մարտին Մոսկվայում ծնունդ առած «Արարատը» ներկայացնելով: Այն հանդես է գալիս Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայում, ավելի բարձր լիգա տեղափոխվելու խնդիր ունի: Այստեղ հրաշալի հասկանում են, թե «Արարատ» անվան տակ ինչ բարձր բրենդ են ներկայացնում: Թիմում հանդես են գալիս թե՛ փորձառու, թե՛ երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստներ:
Միանգամայն հասկանալի է, որ ցանկացած ծրագիր խորապես կենսունակ է, եթե ունի ֆինանսական հզոր բազա: Թիմի նախագահ Վալերի Հովհաննիսյանի հավաստմամբ` խնդրո առնչությամբ ամեն ինչ կարգին է: Ակումբի բարձր տրամադրվածության մասին է վկայում նաև գլխավոր մարզիչը՝ Սերգեյ Բուլատովը: Դե ինչ, հավատանք, որ մոսկովյան «Արարատին» սպասում է պայծառ ապագա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ