ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Նոր մրցաշրջանի տաք շունչը

Նոր մրցաշրջանի տաք շունչը
07.07.2017 | 09:24

Տրանսֆերային պատուհանը դեռ մի ամբողջ ամիս էլ գործելու է: Իրենց համար գլխավոր գործարքների հարցում ակումբները, բնականաբար, շտապում են. հավասարապես արժեքավոր են ինչպես ձեռքբերումները, այնպես էլ ունեցածի պահպանումը, ու դեռ խոշոր հարց է, թե որն է ավելի առաջնայինը: Ինչևէ: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

ԻՍՊԱՆԻԱ
Այո, խոսակցություններն ավարտված են, Մեսին դարձյալ անհասանելի է համաշխարհային ֆուտբոլի երևելի ակումբների համար, քանի որ սրանից տասնյոթ տարի առաջ «Բարսելոնի» հետ նրա «ամուսնությունը», ինչպես երևում է, բոլոր ժամանակների համար էր, և այդ միության կայունությունն ու անխախտությունը չի կարող փլուզել ոչինչ ու ոչ ոք:
Համենայն դեպս՝ մինչև 2021 թիվը:


Պայմանագրի այս վերաթարմացումով ֆուտբոլային հանճարը միանգամից թանկացավ 60 միլիոն եվրոյով (նախկինում նրա հրաժարիմքը կազմում էր 240 միլիոն եվրո), իսկ շաբաթական աշխատավարձը դարձավ 500 հազար: Ի դեպ աշխատավարձի սույն բարձրացումը միանգամայն ժամանակին էր, քանի որ սրանից օրեր առաջ, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 30-ին, ամուսնական շռնդալից հանդիսությամբ (աշխարհի չորս ծայրերից հրավիրած հյուրերով) Լեոն ամբողջովին պաշտոնականացրեց հարաբերությունները իր երկու զավակների մայր, ձեռքի հետ էլ՝ մանկության տարիների ընկերուհի ու սեր Անտոնելա Ռոկուցոյի հետ: Ստացվում է՝ աշխատավարձի այս բարձրացումով «Բարսելոնը» արքայական նվեր արեց համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ աստղին, բայց, կներեք, եթե նրան էլ չաներ, բա ո՞ւմ աներ: Ինչևէ, Մեսիի թեման համարենք փակված ու անցնենք առաջ:
Իհարկե, համարժեքության մասին խոսք չի կարող լինել, սակայն պակաս հետաքրքրական նորություն չկա և Մադրիդի «Ռեալի» կողմերից. «արքայականն» արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է Թեո Էռնանդեսի տրանսֆերի մասին: «Ալավեսի» 19-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար «սերուցքայինները» ստիպված էին 24-ի փոխարեն 26 միլիոն եվրոյով «աղքատացնել» սեփական գանձանակը: Սակայն Էռնանդեսի պարագայում խնդիրն այնքան էլ գումարի չափը չէ: Բանն այն է, որ այս պաշտպանը Մադրիդի «Ռեալի» հավերժական թշնամի Մադրիդի «Աթլետիկոյի» սան է ու վերջինիս հետ պայմանագիր ունի մինչև 2021 թվականը, բայց քանի որ այս ընթացքում երբեք հանդես չի եկել վերջինիս կազմում (մերժել է ակումբի առաջարկները), իր ընդունելիք որոշումներում միանգամայն ազատ է: Իսկ «արքայականի» նկատմամբ նրա սերն էն գլխից է եղել: Այնպես որ, այստեղ էլ դառնում ենք ականատեսը ևս մեկ «happy end»-ի:


«Արքայականի» երկրորդ հնարավոր ձեռքբերման մասին եկեք այս նյութի շրջանակներում չխոսենք, քանզի «Մոնակոյի» շողշողացող աստղի՝ Կիլիամ Մբապեի հնարավոր ձեռքբերումը միանգամից մի քանի ֆուտբոլիստի շահերի հետ է բախվում, և դեռ ակումբը նախ իր համար պիտի հասկանա, թե այս ֆուտբոլիստին ձեռք բերելով նրա՞, թե՞ եղած մյուս երեքից որի խաղային ժամանակը պիտի սահմանափակի: Մի խոսքով, չափազանց բարդ հարց է, երբ դրա վերջնական լուծումն «արքայականում» գտած կլինեն, այնժամ էլ կատարվածը կֆիքսենք:
«Արքայականի» կազմ Թեո Էռնանդեսի շռնդալից մուտքի կողքին միանգամայն աննկատ մնաց այնտեղից Պեպեի հեռանալը: Ի դեպ, նա «սերուցքայիններին» լքած միակ պորտուգալացին չէ, հեռացավ նաև Ֆաբիու Կոենտրաուն: Պեպեն այսուհետ հանդես կգա թուրքական «Բեշիկթաշում», Կոենտրաուն՝ հարազատ «Սպորտինգում»: Նկատենք, որ վերջինս վարձավճարով է բաց թողնվել:

ԱՆԳԼԻԱ
Հայտնի դարձավ անգլիական «Արսենալի» ամենախոշոր ձեռքբերումը՝ ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: Նա ֆրանսիական այս թիմի սան է, հենց այստեղ է կայացել որպես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ:
«Առյուծների» կազմում Լյակազետը խաղադաշտ է ելել 18 տարեկանում, իսկ մեկ տարի անց, «Բենֆիկայի» հետ խաղում (Չեմպիոնների լիգա) խաղադաշտ ելնելով, հանդիպման 71-րդ րոպեին 0:4 հաշվով պարտության պայմաններում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ՝ հարցականի տակ դնելով «արծիվների» հաղթանակը:
Իհարկե, իր այսօրվա մակարդակին հասնելու և առաջատար ակումբների հետաքրքրության ոլորտում հայտնվելու համար ֆուտբոլիստից պահանջվեց ամբողջ յոթ տարի, սակայն գլխավորն այն է, որ արդեն հայտնվել է: Ճիշտ է, գործարքի գնի վերաբերյալ ստույգ տեղեկություն չկա, սակայն «Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլասը հայտարարել է, որ ակումբն «Արսենալից» կստանա 45-50 միլիոն եվրո:
Նկատենք, որ «Արսենալի» պատմության մեջ սա երկրորդ թանկ ձեռքբերումն էր: Առաջինն Օզիլն է՝ 47 միլիոն եվրո արժեքով: Լյակազետի թեման փակելուց առաջ ասենք, որ իր վերջին 91 գոլը ֆուտբոլիստը խփել է վերջին չորս տարում: Եվրոպական առաջնությունների առաջատար հնգյակում հանդես եկող ֆուտբոլիստներից այդ ժամանակում այդքան ու ավելի գոլի հեղինակ են դարձել միայն Քրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Զլատան Իբրահիմովիչը, Ռոբերտ Լևանդովսկին և Գոնսալո Իգուաինը:
«Արսենալի» կողքին «տաք» լուրերի հեղինակ դառնալու հավակնություններ է ցույց տալիս «Մանչեստր Յունայթեդը», որն ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» 24-ամյա հարձակվող Ալվարո Մորատային: «Արքայականին» առաջարկված 80 միլիոն եվրոն, ասում են, Ֆլորենտինո Պերեսի հոնքն էլ չի շարժել, ինչը վերջնականապես է հունից հանել Ժոզե Մոուրինյոյին, որը, ասում են, արդեն իսկ պատրաստ է ամեն ինչ չեղյալ համարելու: Այնպես որ, բարեկամներս, ինչպես տեսնում եք, թիմերը միայն ֆուտբոլային հանդիպումների ժամանակ չէ, որ իրար միս են ուտում:


Մորատայի անվան շուրջ առաջացած այս աժիոտաժի ֆոնին փոքր-ինչ ստվերում է մնում ուր որ է «կարմիր սատանաներին» հրաժեշտ տալու պատրաստ ՈՒեյն Ռունիի անձը, ում խաղամակարդակը, ավաղ, արդեն նախկինը չէ: Եթե հորիզոնում ինչ-որ բան չուրվագծվի, ինչին հավատալն այնքան էլ ռեալ չէ, Ռունին միանգամայն ձրի կհայտնվի հարազատ «Էվերտոնում»:
Կազմը համալրելու հետ կապված շարժեր են նկատվում նաև «Չելսիում»: Հետաքրքրական է, որ Անտոնիո Կոնտեն քայլեր է ձեռնարկում թիմի առանց այն էլ ուժեղ պաշտպանությունն ավելի ուժեղ դարձնելու ուղղությամբ: Ասում են՝ իտալացու ուշադրության կենտրոնում է հայտնվել իտալական «Ռոմայի» 24-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը: Տրանսֆերի մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի առաջիկայում: Ենթադրյալ գին է նշվում 33 միլիոն եվրոն՝ պլյուս 5 միլիոն եվրո բոնուսը:

ԳԵՐՄԱՆԻԱ
Իրականացվող գործարքների մասշտաբայնության առումով միանգամայն խաղաղ «առավոտներ» են բունդեսլիգայում, թեպետ չես կարող ասել, թե երբ և որտեղ ինչն ինչքանով կպայթի: Համենայն դեպս, քիչ թե շատ աշխուժություն մտցնողը Մատիաս Գինտերի տեղափոխության փաստն է Դորտմունդի «Բորուսիայից» Մյոնխենգլադբախի «Բորուսիա» (17 միլիոն եվրո)՝ չհաշված Լևերկուզենի «Բայերից» իտալական «Միլան» 23-ամյա թուրք կիսապաշտպան Հաքան Չալխանօղլուի տեղափոխությունը: Ի դեպ, «Միլանն» ընթացիկ տրանսֆերային պատուհանում ակտիվ գնումների մեջ է: Ակներևաբար թիմը որոշել է երկու ճակատում էլ (ներքին առաջնություն, Եվրոպայի լիգա) հավասար պայքար մղել:
Այսօրվա համար՝ այսքանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ