ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Անգլիական պրեմիեր լիգայի 2016-2017-ը

Անգլիական պրեմիեր լիգայի 2016-2017-ը
26.05.2017 | 12:00

Եվրոպական ակումբային ֆուտբոլում գրեթե անմնացորդ տիրություն են անում իսպանական թիմերը, սակայն ներքին առաջնություններից ամենահետաքրքրականը, մեր համեստ կարծիքով, կա ու մնում է անգլիականը, որտեղ մեկնարկող մրցաշրջանից առաջ չեմպիոնական տիտղոսին հավակնում է առնվազն չորս-հինգ թիմ, ու դժվար է ասել, թե սեզոնի ավարտին նրանցից որ մեկը կհայտնվի աղյուսակի գլխամասում: Կոնկրետ թիմի նախապատվություն չունեցող ֆուտբոլասերի համար այս առաջնությունը պարզապես գանձ է, որովհետև կյանքում լինում է և այնպես, երբ անորոշությունը որոշակիությունից շատ ավելի լավ է:

ԵՐԲ 10 ԹՎԻՑ ՀԱՆՎՈՒՄ ԿԱՄ ԴԵՆ Է ՇՊՐՏՎՈՒՄ 0-Ն


Լավատեղյակները միանգամից հասկացան, թե կոնկրետ ինչ նկատի ունենք կամ ինչ ենք հստակ ակնարկում: Այո, խոսքն անցած մրցաշրջանի տասներորդ հորիզոնականն այս առաջնությունում առաջինով փոխարինած «Չելսիի» մասին է, իսկ դա եղավ այսպես: Նախ թիմի ղեկին հայտնվեց Անտոնիո Կոնտեն՝ իտալացի մասնագետ, որ հաջողությամբ գլխավորում էր իտալական «Յուվենտուսն» ու ակումբի տերերի վարած տրանսֆերային քաղաքականության հետ տարաձայնությունների պատճառով հեռացել էր «ծեր սինյորայից»: Իհարկե, այդ հեռանալն անհամարժեքությամբ չէր փոխհատուցվել: Գնահատելով Կոնտեի տաղանդը, ընդառաջ Եվրոպայի 2016-ի առաջնությանը, նրան վստահվել էր երկրի ընտրանու ղեկը: Հավաքականը, ինչ խոսք, չհասավ մեդալային բարձունքների, սակայն մեկ քառորդում նրա ճանապարհը փակողը նույնքան չեմպիոնական թիմ էր, որքան այն մեկը, որի ճամփան ավելի վաղ փուլում փակեց այդ նույն Իտալիայի ընտրանին, իսկ նման պարտությունների համար թիմերն ու մարզիչները հիմնականում չեն դատապարտվում, որովհետև այդօրինակ մրցակցությունները նման են հանրահայտ ռուսական ռուլետկա կոչվածին, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը հիսունը հիսունի է:
Ինչևէ: 2016-ի ամռանը Կոնտեն հայտնվեց «Չելսիում»: Առաջին իսկ մրցաշրջանում թիմը չեմպիոն դարձնելու խնդիր ոչ մեկն էլ (ի միջի այլոց, այդ ոչ մեկը թիմի ռուս միլիարդատեր սեփականատեր Ռոման Աբրամովիչն է) նրա առաջ չէր դրել, բայց որ իտալացին, որպես խնդիր, պիտի «ազնվականներին» վերադարձներ առաջինների «փամփշտակալ», աներկբա էր:


Մեկնարկը եղավ վրիպումներով: Ոչ-ոքին «Սուոնսիի» հետ, ապա պարտությունները «Լիվերպուլից» ու «Արսենալից», բնականաբար, ոչ մեկի սիրտն էլ չշոյեցին, սակայն սրանց հետևեց տասներեք տուրից բաղկացած մրցելույթների շարան, որոնք թերահավատներին միանգամից լռեցրին: Կարճ ժամանակում Կոնտեն կարողացավ ստեղծել ձույլ կոլեկտիվ, որտեղ առանցքային դեր էր վերապահված ֆրանսիացի կիսապաշտպան Կանտեին, ով հետաքրքիր զուգադիպությամբ «Չելսիում» էր հայտնվել չեմպիոնական «Լեստերից» այդ նույն 2016-ի ամռանը: Այստեղ միջանկյալ նշենք, որ առաջնության ավարտին այս հրաշալի զույգը պատշաճորեն գնահատվեց.՝ Անտոնիո Կոնտեն ճանաչվեց մրցաշրջանի լավագույն մարզիչ, Կանտեն՝ լավագույն խաղացող:
Հասկանալի է, որ միայն այս երկուսով չէր պայմանավորված «Չելսիի» փայլուն մրցելույթը: Հրաշալի մրցաշրջան ունեցավ նաև «գոլ+փոխանցում» համակարգով 21 (16+5) միավոր հավաքած բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, իսկ նրա հայրենակից Տիբո Կուրտուան 16 խաղում մրցակիցներին զրկեց իր պաշտպանած դարպասը գրավելու ուրախությունից: Կոնտեին հաջողվեց վերադարձնել Դիեգո Կոստայի կորցրած գոլային հոտառությունը՝ բրազիլացին 35 խաղում հեղինակեց 20 գոլ: Ի միջի այլոց, Կոնտեն էապես պակասեցրեց հարձակվողի կողմից կոպիտ գործելու ցուցանիշը, որը, հարկավ, դաստիարակչական մեծ ծավալի աշխատանքի արդյունք է:


Արդ, թե ինչպիսին կլինի «Չելսին» նոր մրցաշրջանում, երբ նրա ուսերին կծանրանա նաև Չեմպիոնների լիգայի խաղերի մասնակցության բեռը (անցածում թիմն «ազատված» էր այդ հոգսից), դժվար է միանշանակ պատասխանել, որովհետև մեկնարկելիք մրցաշրջանում մնացածները նրա դեմ գործելու են կրկնապատկված ջանադրությամբ, քանզի չեմպիոնի «միս» բոլորն էլ սիրում են ուտել, սակայն բոլոր դեպքերում նկատենք, որ լավ առումով ամբիցիոզ իտալացին դիրքերը հեշտ լքողներից չէ. նա մարդու անհաշտ պայքար մղող տեսակ է:

1+3+3
Ենթավերնագրի տեսք ստացած թվերի այս կոմբինացիան ակնարկ է այն մասին, որ խոսելու ենք եվրախաղարկությունների մասնակցություն նվաճած թիմերից:
Չեմպիոնների լիգայում «Չելսիին» ընկերակցելու են «Տոտենհեմը», «Մանչեստր Սիթին» ու «Լիվերպուլը» (վերջին երկուսը՝ որակավորման փուլից): Բնականաբար, նրանց կարող է միանալ նաև «Մանչեստր Յունայթեդը», եթե կարողանա Եվրոպայի լիգայի գլխավոր եզրափակչում հաղթահարել հոլանդական «Այաքսի» արգելքը:
«Տոտենհեմը» չկրկնեց նախորդ տարվա վրիպումը: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում այն մինչև վերջին մի քանի տուրը «Լեստերի» հետ պայքար էր մղում ոսկե մեդալների համար և, ի վերջո, ստիպված եղավ «Արսենալին» զիջել անգամ փոխչեմպիոնությունը: Հիշեցնենք նաև, որ վերջին անգամ լոնդոնյան ակումբը նման հաջողություն ունեցել էր 1994-1995-ի մրցաշրջանում:
Ինչ խոսք, «Մանչեստր Սիթիի» երկրպագուների ակնկալիքներն անհամեմատ մեծ էին, քան թիմի բրոնզե բարձունքը, սակայն կոլեկտիվում Պեպ Գվարդիոլայի աշխատանքային առաջին տարին հիմնականում ծախսվեց հարմարվելու վրա: Հիշենք, թե իսպանացի մասնագետը Քրիստոսի ինչ տանջանք քաշեց մասնավորապես պաշտպանական գծի հետ կապված: Եթե բացվելիք տրանսֆերային պատուհանում Գվարդիոլան կարողանա ստանալ ակնկալածը, նոր մրցաշրջանում, հարկավ, կտեսնենք որակապես նոր «Սիթի»:


Չեմպիոնների լիգայի մեկնարկելիք նոր մրցաշրջանում անգլիական չորրորդ թիմը պրեմիեր լիգան չորրորդ տեղով եզրափակած «Լիվերպուլն» է: Ավարտված մրցաշրջանում Յուրգեն Կլոպի սաները եղան աղյուսակի վերին հորիզոնականներում հայտնված թիմերի ահն ու սարսափը, սակայն լիվերպուլցիները չափից ավելի շատ միավորներ կորցրին անհամեմատ թույլերի հետ պայքարում:


Եվրոպայի լիգայի խաղարկությունում անգլիական ֆուտբոլը նույնպես ներկայացված է երեք թիմով: Դրանք են «Արսենալը», «Մանչեստր Յունայթեդն» ու «Էվերտոնը»:
Ինչ վերաբերում է «Արսենալին», վերջին քսան տարում այն առաջին անգամ է, որ ներկայացված չի լինելու եվրոպական գլխավոր խաղարկությունում, և սա կրկնապատկում, եռապատկում ու քառապատկում է Արսեն Վենգերի քննադատների թիվը: Հաջող մասնակցության դեպքում լոնդոնցիները, իհարկե, կարող են ուղղել իրենց վրիպումը՝ Եվրոպայի լիգայից Չեմպիոնների լիգայում հայտնվելով:
Առաջնության վեցյակում վեցերորդ տեղում հայտնվելով՝ «Մանչեստր Յունայթեդը» միանշանակ ձախողվեց առաջնությունում, սակայն ակնհայտ է, որ խորամանկ պորտուգալացին ընթացքից սևեռվել էր Եվրոպայի լիգայի վրա, խաղարկություն, որի կարևորությունը գոնե մի քանի տարի առաջ չէր տեսնում: Իհարկե, սա նման է նրան, որ առյուծ չեղած տեղը կատուն էլ է առյուծ, բայց դե: Մոուրինյոն կհաղթի՞ գոնե այստեղ, գլուխ գովելու և իմպերատորի տեսքով հանրությանը ներկայանալու հնարավորություն կստանա, չի՞ հաղթի, հետևանքները կարող են լինել ընդհուպ ողբերգական: Մի խոսքով, «Այաքսի» հետ հաղթական հանդիպումը Ժոզե Մոուրինյոյի բացառիկ շանսն է:

Եվրոպայի լիգայում անգլիական երրորդ թիմը պրեմիեր լիգայի առաջին ութնյակում կայունորեն իր տեղն ունեցող «Էվերտոնն» է:

ԼՔԱԾՆԵՐՆ ՈՒ ՀԱՄԱԼՐԱԾՆԵՐԸ
Ավարտված մրցաշրջանում պրեմիեր լիգային հրաժեշտ տվեցին «Հալ Սիթին», «Միդլսբրոն» ու «Սանդերլենդը»: Նկատենք, որ վերջին երկուսը բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք նվաճել էին մեկ մրցաշրջան առաջ: Նրանց փոխարինելու կգան առաջին լիգայի խաղարկությունը հզոր թափով անցկացրած «Նյուքասլն» ու «Բրայտոնը»: Այս երկուսին կմիանա «Հադերսֆիլդ»-«Ռեդինգ» զույգի հաղթողը:
Նյութն ավարտելուց առաջ լավագույն մարզիչ ու լավագույն խաղացող ճանաչված Անտոնիո Կոնտեի ու Ն՛Գոլո Կանտեի կողքին հիշատակենք նաև մյուս առանձնացվածներին:
Լավագույն ռմբարկուն «Տոտենհեմի» ներկայացուցիչ, 29 գոլ հեղինակած Հարի Քեյնն է, ով այդպիսին է նաև «գոլ+փոխանցում» հաշվարկով (29+7), «Լավագույն ասիստենտը»՝ Քևին դե Բրյունեն (18 արդյունավետ փոխանցում, «Մանչեստր Սիթի»):
Տարբեր հաշվարկներով շատ առանձնացվածներ կան, սակայն բավարարվենք ևս մի քանիսի հիշատակումով ու վերջացնենք: Ամենաանխոցելի դարպասապահն է Տիբո Կուրտուան (16 «չոր խաղ»՝ 36-ից), ամենակոպիտ խաղացողը՝ Խոսե Խոլեբասը (33 խաղում 14 դեղին քարտ, «ՈՒոթֆորդ»), ամենաշատ գնդակ խփած թիմը «Տոտենհեմն» է (86), ամենաքիչ բաց թողածը՝ նույնպես, ամենաքիչ գոլ խփած թիմը «Միդլսբրոն» է (27), ամենաշատ բաց թողածը՝ «Հալ Սիթին» (80):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ