ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բաց թողած երեք խաղ՝ գումարած Իտալիայի գավաթայինը

Բաց թողած երեք խաղ՝  գումարած Իտալիայի գավաթայինը
19.05.2017 | 13:15

Չորեքշաբթին իսպանական, ֆրանսիական, անգլիական ֆուտբոլում բաց թողած հանդիպումների լրացումների, իտալական ֆուտբոլում երկրի գավաթի խաղարկման գլխավոր եզրափակչի օր էր: Այն, որպես տոն, իհարկե կայացավ, ֆուտբոլասերը տեսավ բարձրակարգ ֆուտբոլ և, որ անչափ կարևոր է, իրենց սպառիչ պատասխանները ստացան օդում կախված հարցեր: Ճիշտ է՝ ոմանց համար անհաճո, սակայն ոմանց համար էլ սկզբունքորեն հակառակ բնույթի, ու սրանից ոչ պիտի առանձնապես ցավ ապրել, ոչ էլ ուրախությունից խենթանալ՝ կյանք է իր տարատեսակ դրսևորումների մեջ:

ՖՐԱՆՍԻԱ
«Մոնակո»-«Սենտ Էտիեն» դիմակայությունով մոնեգասկների չեմպիոնությունը, խոշորագույն ցանկության դեպքում անգամ, մանր-մունր խոսակցությունների առիթ չի տա այլևս, եթե հանկարծ այնպես ստացվեր, որ ունեցած վերջին երկու (բնականաբար, ներառյալ «Սենտ Էտիենի» հետ այս դիմակայությունը) հանդիպումներից երկուսում էլ նրանք վրիպեին, իսկ «Պարի Սեն Ժերմենը» վերջին տուրում հաղթեր: Ճիշտ է, իրողությունների նման զարգացման դեպքում էլ աղյուսակի վերին հորիզոնականում կլիներ «Մոնակոն», սակայն ի հաշիվ լրացուցիչ գործակիցների: Հուրախություն իրենց բազմամիլիոն երկրպագուների, ողջ մրցաշրջանը փայլուն անցկացրած մոնեգասկները «Սենտ Էտիենի» նկատմամբ տոնած հաղթանակով (2:0) իրենց առավելությունը երկրի գործող չեմպիոնի նկատմամբ դարձրին համոզիչ՝ նրանից ունեցած պոկվածությունը հասցնելով վեց ավելի քան համոզիչ միավորի:
Թե 2017-2018 մրցաշրջանն ինչպիսին կլինի այս երիտասարդ, տաղանդավոր կոլեկտիվի համար, պարուրված է անհայտության խոշոր շղարշով: Եվրոպական գրանդ ակումբների կողմից «Մոնակոյի» ֆուտբոլիստների նկատմամբ սկսվել է իսկական որս: Նաև փողախեղդ անելու տեսքով գայթակղիչ առաջարկությունների պակաս չկա: Ակումբի տերերը կկարողանա՞ն թիմը զերծ պահել արտաքին գործոններից՝ թույլ չտալով կազմաքանդել, թե՞ այն կդիտեն շահավետ բիզնես նախագիծ, դժվար է պատասխանել, թեպետ սպասելու առանձնակի ժամանակ էլ չկա. դիմացն ամառային տրանսֆերային պատուհանն է, ու շատ շուտով պարզ կդառնա ամեն ինչ:


ԻՍՊԱՆԻԱ
Չեմպիոնական մրցավազքում «Ռեալ»-«Բարսելոն» անհաշտ դիմակայության ավարտի ազդարարմանն ուղղված խոշոր քայլ կատարեց «արքայականը»: «Սելտայի» հետ հետաձգված հանդիպումն այն շահեց վստահաբար` 4։1 հաշվով, ու կատալոնյան ակումբից առաջ է արդեն երեք միավորով: Իհարկե, օրակարգում շարունակում է մնալ վերջին տուրի գործոնը, որովհետև «սերուցքայինների» վրիպելու ու «Բարսելոնի» չվրիպելու դեպքում կողմերը կրկին կհավասարվեն միավորներով, իսկ այս դեպքում շահողը կլինի վերջինս, քանզի լրացուցիչ գործակիցները հօգուտ կատալոնցիների են: Հարկավ դժվար է սպասել իրադարձությունների նման զարգացում, բայց, ինչպես ասում են, մեկ էլ տեսար: Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Բարսելոնը» հյուրընկալում է «Էյբարին», իսկ «Ռեալը» հյուր է գնալու «Մալագային», որն այս պահի դրությամբ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:

ԱՆԳԼԻԱ
«Սաուտհեմպտոն»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը մրցաշարային աղյուսակի կտրվածքով ոչինչ ոչ հօգուտ, ոչ էլ ի նպաստ չէր լուծում վերջինիս համար, ու հանդիպումն էլ, ի վերջո, ավարտվեց Ժոզե Մոուրինյոյի սաների համար այնքան սովորական դարձած ոչ-ոքի արդյունքով՝ 0:0: Նկատենք, որ սա մանչեստրյան ակումբի 15-րդ ոչ-ոքին էր առաջնությունում, և, անկախ վերջին տուրի արդյունքից, այս ցուցանիշով այն երկրի չեմպիոնն է, թեպետ, հասկանում եք, նման կարգի չեմպիոնությունից զրոյական խեր կա: Այս պարագայում «կարմիր հրեշների» հայացքն ամբողջությամբ ուղղված է Ստոկհոլմին, որտեղ մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի գլխավոր եզրափակչում մրցելու են հոլանդական «Այաքսի» հետ: Հաղթանակը, բացի գավաթը նվաճելուց, «Մանչեստր Յունայթեդի» առաջ ուղիղ ճանապարհ կբացի Չեմպիոնների լիգա: Ահա ինչու զարմանալի չէ, թե Մոուրինյոն ինչու է կարևորում Եվրոպայի լիգայի խաղարկությունը, որի կարևորության վերաբերյալ սրանից հինգ տարի առաջ տրամաբանորեն հակառակ կարծիք ուներ:

ԻՏԱԼԻԱ
Մի քանի օր առաջ էր, որ «Յուվենտուսը» Հռոմում էր, ու թե ձեռքին ճար լիներ, «Ռոմայի» հետ առաջնության խաղից հետո կրակի կտար հավերժական քաղաքը: Հիշեցնենք, որ իտալական «գայլերը» այդ դիմակայությունում պարզապես բզկտեցին «ծեր սինյորային»՝ թույլ չտալով օր առաջ նվաճել երկրի չեմպիոնի կոչումը:
Երկրի մայրաքաղաք թուրինցիների այս վերջին վոյաժը պայմանավորված էր «Լացիոյի» հետ ունենալիք գավաթային խաղով: Ընթացիկ մրցաշրջանը փայլուն անցկացնող «Լացիոն» (Սիմեոնե Ինձագիի գլխավորությամբ այն դարձել է մեծ խնդիրներ լուծելու ունակ թիմ) «Յուվենտուսի» հետ քննությունը պատվով բռնելու բոլոր նախադրյալներն ուներ, սակայն «ծեր սինյորան», ինչպես ասում են, ձուկը գլխից բռնեց: ՈՒ մինչ հռոմեացիները նրա հարձակվողների չեզոքացման որոնումներում էին, «Յուվենտուսի» պաշտպանները, ի դեմս Դանի Ալվեսի ու Լեոնարդո Բոնուչիի, վճռեցին խաղի ելքը:
Ընդ որում՝ առաջին խաղակեսի առաջին կեսին:
Արդյունքում Մասիմիլիանո Ալեգրիի սաները երրորդ անգամ անընդմեջ նվաճեցին երկրի գավաթը: Ինչ վերաբերում է հետաձգված չեմպիոնությանը, «Յուվենտուսը», անկասկած, այն կանի մայիսի 21-ին` «Կրոտոնեի» հետ խաղում, որից հետո ամբողջ տասնհինգ օր իրեն կնվիրի «Ռեալի» հետ դիմակայությանը նախապատրաստվելուն: Կարդիֆում հաղթելը Ալեգրիի համար բացառիկ կարևորության խնդիր է. չէ՞ որ այս դեպքում նա թիմին հրաժեշտ կտա մրցաշրջանի բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած: Իսկ որ Ալեգրին մրցաշրջանից հետո հրաժեշտ է տալու «Յուվենտուսին», այդ մասին գիտի անգամ թուրինյան յուրաքանչյուր կատու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ