Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Չելսին» էլ ստանձնեց չեմպիոնի լիազորություններ

«Չելսին» էլ ստանձնեց  չեմպիոնի լիազորություններ
16.05.2017 | 08:20

Այո, եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից չեմպիոնական մրցավազքում Մյունխենի «Բավարիային» առաջինն ընկերակցեց «Չելսին»: Առանց կոնկրետանալու նշենք, որ մյուս երեքից մեկի կտրվածքով գրեթե տարակարծություններ չկան, երկուսի առնչությամբ վճռորոշ կարող է լինել հոգեբանական գործոնը: Եվ այնուամենայնիվ, եվրոպական գերտերությունների առաջնությունները միայն մեդալի արժանացածներով չեն հետաքրքիր: Թիմերը կատաղի պայքար են մղում եվրախաղարկությունների մասնակցության իրավունք ձեռք բերելու համար: Սրանց կարևորությունը նշելու համար հիշատակենք Անգլիայի նախորդ առաջնությունը ձախողած, սակայն Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչումը վիճարկող «Մանչեստր Յունայթեդին», որը Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչմանն արժանանալու դեպքում հաջողությամբ կսվաղի ներքին առաջնությունում ունեցած անհաջողությունը:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի 36-րդ տուրը պաշտոնապես հաստատեց լոնդոնյան երկու ակումբների՝ «Չելսիի» ու «Տոտենհեմի» չեմպիոնական ու փոխչեմպիոնական լիազորությունները: Առաջինը դրան հասավ «Վեստ Բրոմվիչի» (1։0), երկրորդը՝ «Մանչեստր Յունայթեդի» (2:1) հետ պայքարում, իսկ թե ով կտիրանա բրոնզե մեդալներին, կիմանանք մրցաշրջանի ավարտական տուրում, քանի որ այստեղ «Լիվերպուլի», «Մանչեստր Սիթիի» և անգամ «Արսենալի» ունեցած միավորների այնպիսի խտություն է, որ կողմերից յուրաքանչյուրի վրիպումը կարող է ամեն ինչ հիմնովին խառնել իրար:
Ասենք, որ ավարտված տուրում երեք թիմերն էլ հաղթել են: «Լիվերպուլն» արտագնայում չորս անպատասխան գնդակով է պատժել «Վեստ Հեմին», հյուրընկալվելիս «Արսենալը» նույնքան անգամ գրավել է «Ստոկ Սիթիի» դարպասը, սակայն սեփականը չի կարողացել չոր պահել (4:1): Ավելի համեստ հաշվով է եղել «Մանչեստր Սիթիի» հաղթանակը «Լեստերի» նկատմամբ՝ 2:1: Ի դեպ, այստեղ եղել է ֆուտբոլային հանդիպումներում բավական սակավադեպ հանդիպող բան: 2:1 հաշվի ժամանակ տասնմեկմետրանոցն իրացնելիս Մահրեզը սայթաքել է, և ստացվել է այնպես, որ հարվածելիս գնդակը դիպել է ֆուտբոլիստի մյուս ոտքին, ապա նոր հայտնվել դարպասում, իսկ կանոնակարգով սա համարվում է կրկնակի հարված ու դարպասի գրանցում չի արձանագրվում, ինչը, բնականաբար, եղել է հօգուտ «քաղաքաբնակների»:
«Չելսին» ունի 87, «Տոտենհեմը»՝ 80, «Լիվերպուլը»՝ 73 (մեկ խաղ ավելի է անցկացրել), «Մանչեստր Սիթին»՝ 72, «Արսենալը»՝ 69 միավոր: Եվրագոտում են «Մանչեստր Յունայթեդն» ու «Էվերտոնը»: Նրանք համապատասխանաբար ունեն 65 ու 61 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Անգլիական պրեմիեր լիգայի օրինակով բունդեսլիգայում էլ չեմպիոնն ու փոխչեմպիոնը հայտնի են, ու տուրն առանձնահատուկ նշանակություն էր ստացել նրանով, որ նրանք իրար հետ էին մրցելու: Ովքեր տեսել են այս դիմակայությունը, հաստատ անմոռաց տպավորություն են ստացել, ու բանը հաստատ միայն գոլառատությունը: «Բավարիան» առաջնության նորեկին կամքի ու նվիրվածության այնպիսի դաս տվեց, որ հազարավոր ուսումնական ձեռնարկներից ավելին է:
«Լայպցիգը» հանդիպումը սկսեց արագ գոլով ու հանդերձարան գնաց հաղթած՝ 2:1: Գերմանական նոր նախագիծը երկրորդ խաղակեսում էլ նույնքան բռնկուն մեկնարկեց: Ճիշտ է՝ մյունխենցիները կրկին նվազագույնի հասցրին տանտերերի առավելությունը, սակայն «Լայպցիգը» շատ արագ վերականգնեց երկու գնդակի տարբերությունը: Խաղի մնացած ժամանակահատվածում առավելագույնը, ինչ կարող էր անել «Բավարիան», պարտությունից խուսափելն էր: Սակայն ի՜նչ պարտությունից խուսափելու մասին է խոսքը: Ռոբերտ Լևանդովսկու, Դավիդ Ալաբայի, Արիեն Ռոբենի ջանքերով մյունխենցիները նախ կրճատեցին հաշվի տարբերությունը, ապա հավասարեցրին, իսկ վերջում, մրցավարի սուլոցից վայրկյան առաջ, ապշանքի մեջ թողեցին մրցակիցներին՝ 5։4: Ահա այսպիսի հաղթանակ:
Գերգոլառատ եղավ և «Վերդեր»-«Հոֆենհայմ» դիմակայությունը: Առաջնության բրոնզի համար Դորտմունդի «Բորուսիայի» հետ կենաց-մահու կռվի մեջ մտած «Հոֆենհայմը» իրեն հանգստանալու շռայլություն թույլ տվեց լոկ այն բանից հետո, երբ տանտերերի դարպասը խոցել էր հինգ անգամ: Իհարկե, խաղի մնացած ժամանակահատվածում «Վերդերը» պարտության դառնությունը փոքր-ինչ մեղմեց՝ երեք գոլ հեղինակելով, սակայն դա, բնականաբար, հարցի լուծում չէր:
Արտագնայում անսպասելի ծանր ստացվեց Դորտմունդի «Բորուսիայի» մրցակցությունն «Աուգսբուրգի» հետ: Այստեղ գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1:
«Բավարիան» ունի 79, «Լայպցիգը»՝ 66, «Բորուսիան» ու «Հոֆենհայմը»՝ 61-ական միավոր: Եվրագոտում շարունակում են մնալ «Դարմշտադտին» 2։0 հաշվով հաղթած «Հերտան» ու սեփական հարկի տակ «Ինգոլշտադտի» դիմադրությունն այդպես էլ կոտրել չկարողացած «Ֆրայբուրգը»:

ԻՏԱԼԻԱ
Այն, որ արդեն 36-րդ տուրի արդյունքներով «Յուվենտուսը» հերթական անգամ կարող էր նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը, անհավանականությունների շարքից չէր, մանավանդ որ դրա համար բավարար էր հավերժական քաղաքից մեկ միավոր վաստակած հեռանալը: Սակայն իտալական «գայլերը» թուրինյան ակումբին դա թույլ չտվեցին անել երկրի սրտում: Փոքր-ինչ կատակի տալով՝ ասենք՝ երևում է, ամենուրեք է գավառցիների նկատմամբ մայրաքաղաքցիների մեծամտությունը: Միաժամանակ նկատենք, որ «Ռոման» երկրորդ տեղի համար կենաց-մահու պայքարի մեջ է «Նապոլիի» հետ, որն արտագնայում պարզապես անցել էր «Թուրինի» վրայով՝ հեղինակելով հինգ անպատասխան գոլ ու մեծագույն անհամբերությամբ էր սպասում «Յուվենտուսի» կողմից «գայլերի» բուրդը քամուն տալուն, ինչն իրենց համար կնշանակեր սկուտեղի վրա երկրորդ հորիզոնականի մատուցում: Սակայն «Նապոլիի» սպասումները, ինչպես վերն ակնարկեցինք, չարդարացան: Դարպասի երեք գրավումով «գայլերն» այնպես բզկտեցին «ծեր սինյորայի» մարմինը, որ այն սքողած ժանյականախշ զգեստների ինտիմի մաս կազմող տարրերի պատառիկները մայրաքաղաքցիների թաց հռհռոցի տակ երևի մինչ այժմ էլ թևածում են Հռոմի հնամենի աշտարակների վրա: «Ռոմայի» 3:1 հաշվով հաղթանակը «Յուվենտուսին» պարտադրեց չեմպիոնությունը տոնելու այլ քաղաք գտնել` զուգահեռաբար «գայլերին» հնարավորություն տալով փակ պահելու նեապոլցիների ունեցած փոխչեմպիոնական ախորժակը:
Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Յուվենտուսը» 85 միավորով առաջին հորիզոնականում է: Նրան 81 ու 80 միավորներով հաջորդում են առաջին եռյակը վստահորեն եզրափակող «Ռոման» ու «Նապոլին»:
Եվրագոտում շարունակում է վստահաբար մնալ «Լացիոն», որը տուրում 2։3 հաշվով զիջեց նման ախորժակ ունեցող «Ֆիորենտինային»: Իրենց հերթին «մանուշակագույնները» վեցերորդ հորիզոնականում հայտնված «Միլանից» հետ են ընդամենը մեկ միավորով, ու այս երկուսից միայն մեկին է վիճակված եվրախաղարկություններին մասնակցելու պատիվը: Ինչ վերաբերում է «Ատալանտային» (տուրում նրա մրցակիցն է եղել «Միլանը»՝ արտագնայում հանդիպումն ավարտվել է 1:1), այն վեցյակի չորրորդ հորիզոնականում է ու անհամբերությամբ սպասում է սկսվելիք եվրախաղարկություններին:

ԻՍՊԱՆԻԱ
4:1 հաշվով ավարտեցին տուրի իրենց հանդիպումները «Բարսելոնն» ու «Ռեալը»: Առաջինը նման արդյունք գրանցեց Կանարյան կղզիներում, երկրորդը՝ սեփական հարկի տակ: Սակայն եթե կատալոնցիների մրցակիցը համեստագույն «Լաս Պալմասն» էր (հեթ տրիկի հեղինակ է դարձել Նեյմարը), «արքայականինը» եվրախաղարկությունների կրակ ու բոց «Սևիլիան» էր, ու ակնկալվում էր, որ անդալուզցիները կճակատեն «Ռեալի» հետ ու անհամեմատ կլարեն երկրի չեմպիոնության համար «Բարսելոնի» ու «Ռեալի» պայքարը:
Իր հերթին համոզված, որ «Սևիլիայի» համար այնքան էլ հեշտ չի լինելու «Ռեալի» հետ պայքարում ու առաջնությունում իր երրորդ տեղին առանձնապես ոչինչ չի սպառնում, «Աթլետիկոն» «Բետիսի» հետ մրցակցությանն առանձնապես լուրջ չէր տրամադրվել ու քիչ էր մնացել դրա համար պատժվեր: Ասենք այսպես՝ այստեղ գրանցվել է կամային ոչ-ոքի, եթե, իհարկե, ոչ-ոքին այդպիսին լինում է՝ 1:1:
«Բարսելոնն» ու մեկ պակաս խաղ անցկացրած «Ռեալն» ունեն 87-ական, «Աթլետիկոն»՝ 75 միավոր: Եվրագոտում են «Սևիլիան», «Վիլյառեալն» ու «Աթլետիկը»: «Վիլյառեալը» ոչ-ոքի է խաղացել «Դեպորտիվոյի» (0:0), «Աթլետիկը»՝ «Լեգանեսի» հետ (1:1):


ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի նախավերջին տուրը փայլուն են անցկացրել թե՛ առաջատար «Մոնակոն», թե՛ չեմպիոնական մրցավազքում նրանից երեք միավորով հետ մնացող «Պարի Սեն Ժերմենը»: Մոնեգասկները սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության են հասել «Լիլի» նկատմամբ, երկրի գործող չեմպիոնն անկասելի է եղել «Սենտ Էտիենի» հետ մրցակցությունում՝ 5։0: Առաջատար եռյակից վրիպել է միայն «Նիցցան»՝ տանը 0։2 հաշվով զիջելով «Անժին»: Եռյակը կազմածների անվան դիմաց համապատասխանաբար շողշողում են 89, 87, 77 թվերը:
Եվրագոտում «Լիոնին» շարունակում է ընկերակցել «Մարսելը»: Առաջինն արտագնայում 3:1 հաշվով հաղթահարել է «Մոնպելիեի» արգելքը, երկրորդը հյուրընկալվելիս կարողացել է ոչ-ոքիի (1:1) հասնել «Բորդոյի» հետ մրցակցությունում, որը նրանից հետ է մնում ընդամենը մեկ միավորով: Փաստորեն, վերջին տուրը դիվիզիոնում վճռական կլինի ինչպես չեմպիոնի ի հայտ բերման, այնպես էլ եվրախաղարկության մասնակիցների ճշգրտման հարցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ