Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Կարդիֆյան եզրափակչում են «Ռեալն» ու «Յուվենտուսը»

Կարդիֆյան եզրափակչում են «Ռեալն» ու «Յուվենտուսը»
12.05.2017 | 11:11

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների մասին մեր վերլուծականը վերնագրել էինք «Պատասխան խաղերը սպառնում են վերածվելու ձևականության», ու դրանում ոչ նոստրադամուսություն կար, որ ինչ-որ չափով գլուխ գովեինք, ոչ էլ դրան դույզն-ինչ առնչվող հետք: Երկրորդ խաղում էլ «Յուվենտուսի» պաշտպանությունը սկզբունքորեն անգործ թողեց մոնեգասկների հարձակման գիծը, իսկ «Աթլետիկոյի» համար զուտ մարդկայնորեն անհաղթահարելի եղավ առաջին դիմակայությունում «արքայակականից» կրած 0։3 հաշվով պարտության գործոնը: ՈՒ սա գիտե՞ք նաև ինչու: Որովհետև Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում մի անգամ արդեն եղել է հեքիաթը, ու դա եղել է մեկ ութերորդի հանրահայտ դիմակայությունում, որտեղ… Էլ ի՞նչ որտեղ: Եթե կան հիշողության կորստի հետ խնդիր ունեցողներ, որոնք 0:4-ին 6:1-ով պատասխանելը չեն հիշում, այդ պատասխանած թիմի անունը չեն հիշում, իմ մեղքը ո՞րն է:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍՆ» ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ «ՄՈՆԱԿՈՅԻՆ»


Ենթավերնագրի մեջ եղած ճշմարտությունն ինձ մեխանիկորեն ազատում է խաղի ընթացքին մանրամասնորեն անդրադառնալուց, մանավանդ որ այն «Աթլետիկո»-«Ռեալ» դիմակայությունից մեկ օր առաջ էր, ու ընթերցողն այս ընթացքում հասցրել է այդ դիմակայության վերաբերյալ բազմաթիվ վերլուծականներ կարդալ։ Ահա նաև այս պատճառով է, որ սույն մրցակցությանը մենք որոշեցինք անդրադառնալ հնչած կարծիքների ներկայացման ձևաչափով, որոնք, անշուշտ, շատ ավելի տարողունակ են մեր ասելիքից:
«Marca» (իսպանական մարզական հեղինակավոր պարբերական). «Մոնակոն» Եվրոպայի երիտասարդ թիմերից մեկն է, որի Չեմպիոնների լիգայի այս փուլում հայտնվելուն ոչ ոք չէր սպասում: Ամենայն վստահությամբ մոնեգասկներին կարելի է անվանել ներկայիս եվրամրցաշրջանի գլխավոր հայտնություն, իսկ նրանց մասնակցությունը կիսաեզրափակչին՝ հարյուրտոկոսանոց հաջողություն: Եզրափակիչ անցավ շատ ավելի փորձառու ու հասուն թիմ»:


Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուսի» գլխավոր մարզիչ). «Անհրաժեշտ է պատշաճը մատուցել երկու խաղում էլ որակյալ ֆուտբոլ ցույց տված «Մոնակոյին»: Այդ տաղանդավոր տղաներն արժանի են գովասանական խոսքերի: Պիտի հուսանք, որ հանուն Բուֆոնի ու մեր երկրպագուների, այս անգամ մեզ կհաջողվի հաղթել եզրափակչում: Երեք տարվա մեջ երկու անգամ եզրափակիչ դուրս գալը հասարակ խնդիր չէ, ու պիտի շնորհավորել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին»:
Այստեղ միջանկյալ նկատենք, որ չնայած մարզական երկարատև կարիերային ու նվաճած հնարավոր բոլոր տիտղոսներին, երեսունիննամյա Ջանլուիջի Բուֆոնը, որը ոչ միայն իր թիմի, այլև համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է, մինչև այժմ չի հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակչում:


Կիլիամ Մբապե («Մոնակոյի» հարձակվող). «Մենք կամենում էինք պրոբլեմներ ստեղծել «Յուվենտուսի» համար, սակայն հազվադեպ էինք սպառնում նրանց դարպասին, իսկ դա անբավարար էր: Իմ գո՞լը: Դրանից ոչ մի օգուտ չկար, ու այն իրենից ոչինչ առանձնահատուկ չի ներկայացնում: Մենք մրցաշարը լքում ենք գլուխներս բարձր ու ափսոսալու ոչինչ չունենք: Մենք շատ բան սովորեցինք, այդ թվում և ես: Կաշխատենք հաջորդ մրցաշրջանում վերադառնալ այստեղ առավել պատրաստված»:
Դիմիտար Բերբատով («Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստ). «Այսօր «Յուվենտուսը» վարպետաց դասեր անցկացրեց «Մոնակոյի» համար և՛ հարձակման գծում, և՛ մնացած բոլոր բաներում: Հուսով եմ, որ հետագայում ևս այս ակումբը կհասնի ավելի լուրջ բաների»:

ՇՆՈՐՀԻՎ ԱՎԵԼԻ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ


«Աթլետիկո»-«Ռեալ» դիմակայության ելքը վճռեց սեփական հարկի տակ «սերուցքայինների» ավելի խոշոր հաշվով տոնած հաղթանակը, իսկ այն, որ «Աթլետիկոն» կռիվ էր տալու մինչև վերջ, բոլորի համար տարրական ճշմարտությունների շարքից էր:
Մրցակցությունն իսկապես փառահեղ էր: «Աթլետիկոն» կատաղի մեկնարկեց ու արդեն տասնվեցերորդ րոպեին հանդիպումը շահում էր 2:0 հաշվով: Էլի մի գերլարում ու «Սանտյագո Բեռնաբեուում» գրանցված 3:0-ն չեզոքացվում էր: Սակայն ֆուտբոլիստներն էլ մարդիկ են՝ հոգնել կա, շունչը հետ բերելու, եղածն ի մի բերելու խնդիր կա: ՈՒ մինչ Դիեգո Սիմեոնեի սաները սույնի մեջ էին, «արքայականը» կարողացավ դուրս գալ մեկնարկային շփոթից, խաղը հավասարեցրեց ու…
Կանցնեն տարիներ, տասնամյակներ, ֆուտբոլային տեսություններում, որպես դասական օրինակ, ժամանակ առ ժամանակ հա ցույց կտան Քարիմ Բենզեմայի ֆանտաստիկ անցումն ու դրանից ծնված գոլը: Ինչ խոսք, որ օրվա մեջ փառքի առյուծի բաժինը հասավ դարպասը գրաված, «արքայականի» կարդիֆյան եզրափակչի մասնակցությունն ապահոված Իսկոյին, սակայն, կրկնում ենք, հաջորդելիք ժամանակային տիրույթում անանց փառքը Բենզեմայինն է, որը գուցե այնքան էլ հաճախակի չի գրավում մրցակիցների դարպասը, սակայն եթե գրավում է, դրանք լինում են «Ռեալի» ու մասնավորապես այն գլխավորած Զինեդին Զիդանի համար հանգուցային։ Այստեղ գուցե ֆուտբոլիստի ու մարզչի արյան կանչի, արմատների հարազատության գործոնն էլ կա, որը միայն մակերեսային պատկերացումների տեր մարդկանց համար է երկրորդական: Այստեղ խոսքի արանքում նկատենք, որ սա «սերուցքայինների» 61-րդ անընդմեջ խաղն էր դարպասի գրավմամբ. նման գոլային հանդիպումների շարք մինչ այժմ ունեցել է միայն Մյունխենի «Բավարիան»:
Ինչևէ: Ինչպես և կանխատեսել էինք, «Աթլետիկոն» հաղթեց պատասխան խաղում, սակայն ընդհանուր դիմակայության 4:2 հաշիվը «արքայականի՛ն» դուրս բերեց եզրափակիչ: Ընդ որում՝ երկրորդ տարին անընդմեջ: Իսկ եթե մի փոքր էլ հետ գնանք, սա «արքայականի» չորրորդ անգամն է վերջին երեք տարում, ինչը ֆենոմենալ արդյունք է: «Յուվենտուսի» ոչ պակաս տպավորիչ վիճակագրության մասին չենք նշում, որովհետև վերևում արդեն հիշատակել ենք:


Դառնալով «Ռեալին»՝ հարց է առաջանում. կկարողանա՞ այն հունիսերեքյան հանդիպումը վերածել պատմության նոր էջի (մինչ այժմ աշխարհի ոչ մի թիմի, նաև՝ մարզչի) չի հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Այդ հարցին չափազանց դժվար է պատասխանել, որովհետև պակաս ամբիցիաներով Կարդիֆ չի մեկնի և «ծեր սինյորան», որը նույնպես պատմություն կերտելու խնդիր ունի: Իհարկե, «Յուվենտուսինը» պակաս մասշտաբային է, առանձին վերցրած անհատի մակարդակի, սակայն համաշխարհային ֆուտբոլի մեջ անառարկելի հետք թողած Բուֆոնն իսկապես արժանի է իր արխիվում Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսն ունենալու:
Ինչևէ:


Կարդիֆում լինելու է ֆանտաստիկ մրցակցություն: Բախվելու են երկու հզոր թիմեր, ֆուտբոլային երկու փառահեղ դպրոցների ներկայացուցիչներ: Թե նրանցից ո՞ր մեկին կհաջողվի գլխավերևում պահել համաշխարհային ակումբային ֆուտբոլի գավաթների գավաթը, ստույգ կարելի է պատասխանել խաղի ավարտից հետո: Այ հենց այստեղ է, որ ապագան կանխատեսելու առումով չենք կարող ոտք գցել հայտնի պայծառատեսի հետ, որքան էլ որ երկուսիս անունն էլ սկսվում է նույն տառով, իսկ ինչ վերաբերում է ազգանուններին, թող ամեն մեկս մնա իր ունեցածով:
Ի դեպ, նույնը հավասարապես վերաբերում է մեր ունեցած հայրենիքներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ