«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Չելսիի» անակնկալ սայթաքումը

«Չելսիի» անակնկալ  սայթաքումը
04.04.2017 | 10:50

Ի դեմս «Նապոլի»-«Յուվենտուս» և «Մոնակո»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունների, անցած հանգստյան օրերին եվրոպական ֆուտբոլը թեև ունեցավ վառ ընդգծված երկու դիմակայություն, այդուհանդերձ ամենաանսպասելին ու ամենաքննարկելին եղավ «Չելսի»-«Կրիստալ Պալաս» մրցակցությունն իր տարօրինակ ելքով, թեպետ քիչ մտորումների տեղիք չեն տալիս և Անգլիայի գործող չեմպիոնի վերջին ժամանակների մրցելույթները, թիմ, որն այնուամենայնիվ պատմության մեջ կմնա ոչ թե Վարդիով ու Մարեզով, այլ նրան չեմպիոնության բերած Կլաուդիո Ռանիերիով:

ԱՆԳԼԻԱ
Մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլը» 3:1 հաշվով պարտության մատնեց միանգամից հինգ երիտասարդ ֆուտբոլիստի խաղադաշտ հանած «Էվերտոնին»: Թե ինչո՞վ էր պայմանավորված կազմի նմանօրինակ մեծաթիվ փոփոխությունը, այն էլ դերբիում, հստակ կարող է պատասխանել միայն «Էվերտոնի» գլխավորը, բայց որ սրանից միակ շահողը առաջնության մեդալների համար պայքարը շարունակող «Լիվերպուլն» էր, դա էլ առանձնապես մեծ գաղտնիք չէ:
«Բյոռնլի»-«Տոտենհեմ» դիմակայությունում հյուրերն ամեն ինչով առավել էին տանտերերից, 2:0 հաշվով հաղթանակն էլ դրա պարզ վկայությունն է, ինչպես որ նորմալ տրամաբանության շրջանակներում էր «Մանչեստր Յունայթեդ»-«Վեստ Բրոմվիչ» դիմակայության ոչ-ոքին (0:0), որտեղ տանտերերը ոչնչով չզիջեցին հյուրերին:
Սակայն այնպես չէ, որ պրեմիեր լիգայի հերթականն անմասն մնաց անակնկալներից: Եղավ ու այն էլ ինչպիսի՜ն: Սեփական հարկի տակ մրցաշրջանի անվիճելի առաջատարը՝ «Չելսին», որն անհիշելի ժամանակներից անպարտ հանդիպումների մի ողջ շարան էր պարգևել մարզասերին, միանգամայն անսպասելի զիջեց վտանգավոր գոտուց խուսափելու փորձեր անող «Կրիստալ Պալասին» (1:2): Ընդ որում, բոլոր գոլերը գրանցվել են հանդիպման առաջին 11 րոպեներին:
Գերլարված է անցել «Արսենալ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը: Երկու անգամ առաջ անցնելով հաշվի մեջ՝ այդուհանդերձ հյուրերը բավարարվել են մեկ միավորով՝ 2:2:
Ինչ վերաբերում է «Լեստերին», մարզչի փոփոխությունից հետո «աղվեսները» լրիվ մտել են նախորդ տարվա չեմպիոնական հուն՝ պարտության մատնելով ճանապարհին հայտնված ցանկացածին: Սա այդ շարքից չորրորդ անընդմեջն էր: «Լեստերի» այս անգամվա զոհը «Ստոկ Սիթին» էր՝ 2:0: Եվ այնուամենայնիվ թույլ տվեք նկատել, որ «աղվեսների» այս հաղթանակներում որոշակի գաղտնիք կա, որն ավելի քան պարզորոշ վկայում է, որ ունեցած անհաջողությունները պայմանավորված էին նախկին մարզչի դեմ ըմբոստանալով: Համենայն դեպս, Վարդիի այն վկայությունը, թե իր ու իր ընտանիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ են հնչում, այնքան էլ դատարկ զնգոց չէ:
69 միավորով առաջատարը «Չելսին» է: Յոթ միավոր պակաս ունի «Տոտենհեմը»: Հաղթանակից հետո 59 միավորով երրորդ հորիզոնականում է «Լիվերպուլը»: Վերջինիցս երկու նիշով հետ է «Մանչեստր Սիթին»: Եվրագոտում գտնվող թիմերի շարքը եզրափակում է «Մանչեստր Յունայթեդը» (53 միավոր):

ԳԵՐՄԱՆԻԱ
«Հերտայի» հետ չար կատակ խաղաց երկրորդ խաղակեսում «Հոֆենհայմի» ունեցած թվային գերազանցությունը՝ 1:3: Ինչ խոսք, հաշիվն անհամեմատ մեծ կլիներ, քանզի միայն երկրորդ խաղակեսում տանտերերին երեք անգամ օգնության հասավ դարպասաձողը: Միջանկյալ նկատենք, որ վերջին տարիներին «Հերտան» «Հոֆենհայմի» համար դարձել է միավորների հեշտ մատակարար: Մեկ օր անց կայացած «Շալկե»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունը, որն ավարտվել է 1:1, ավելի ցցուն դարձրեց «Հոֆենհայմի» հաղթանակի արժեքը: 48 միավորով այն մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է արդեն ու մեկ միավորով շրջանցել է դորտմունդցիներին:
Հաղթական հանդիպումներ ունեցան ներկա փուլում գերազանց մարզավիճակում գտնվող «Բավարիան» ու բունդեսլիգայի նորեկ «Լայպցիգը», որին վերջին երեք խաղում ուղեկցում էր անհաջողությունը (ընդամենը մեկ միավոր է վաստակել): Առաջինը վեց անպատասխան գնդակի առավելությամբ հաղթեց «Աուգսբուրգին» (երեք գոլ Լևանդովսկու հաշվեկշռում է) ու եթե մի քիչ էլ հաջողակ լիներ, խփած գոլերի քանակը կվերածեր երկնիշ թվի, երկրորդը «Դարմշտադտին» պարտության մատնեց 4:0 հաշվով:
65 միավորով մյունխենցիներն առաջին հորիզոնականում են, «Լայպցիգը» վաստակել է 52 միավոր: Եվրագոտում են «Հերտան» ու «Քյոլնը»: Վերջինս 1:2 հաշվով զիջել է «Համբուրգին»:

ԻՍՊԱՆԻԱ
Հաղթանակներով ավարտեցին դիմակայությունները Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը»: «Արքայականը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Ալավեսին», «Բարսելոնն» արտագնայում գերազանցեց «Գրանադային» (4:1):
Շարունակում է տեղատվությունը «Սևիլիան»: Այս անգամ նրանից միավոր կորզողը «Սպորտինգն» էր՝ 0:0: Հակառակ անդալուզցիների, շարունակում է վերընթացը «Աթլետիկոն»: Հերթականում «Մալագայի» նկատմամբ հաղթանակը (2։0) մադրիդցիներին հնարավորություն տվեց առաջին եռյակից դուրս մղելու «Սևիլիային» ու թեև վերջինիս հետ միավորներով հավասար է (58), ուժի մեջ է մտել լրացուցիչ գործակիցների գործոնը:
«Ռեալն» ունի 68 միավոր՝ պլյուս պակաս անցկացրած մեկ խաղ: «Բարսելոնը» հետ է մնում երկու միավորով: Եվրագոտում շարունակում են մնալ սեփական հարկի տակ «Լեգանեսի» հետ ոչ-ոքի խաղացած «Ռեալ Սոսիեդադը» (1:1) ու «Էյբարին» զիջած «Վիլյառեալը» (2:3):

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի թիվ մեկ դիմակայությունը հարկավ «Նապոլի»-«Յուվենտուս» մրցակցությունն էր, որում այդպես էլ հաղթող կողմ չեղավ՝ 1:1, իսկ շահողը եղավ նախօրեին «Էմպոլիին» սեփական հարկի տակ պարտության մատնած «Ռոման» (2:0), որը մեկ միավորով նվազեցրեց «ծեր սինյորայից» հետ մնալն ու նույնքան միավորով առաջ պոկվեց երկրորդ տեղի համար պայքարում իրեն հետապնդող նեապոլցիներից:
«Յուվենտուսն» ունի 74, «Ռոման»՝ 68, «Նապոլին»՝ 64 միավոր: Եվրագոտում են «Սասուոլոյին» ու «Ջենովային» պարտության մատնած «Լացիոն» ու «Ատալանտան»: Երկուսն էլ հաղթել են արտագնայում: Առաջինը մրցակցությունը շահել է 2:1, երկրորդը՝ 5:0 հաշվով:

ՖՐԱՆՍԻԱ
Լիգայի գավաթի եզրափակչի «Մոնակո»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունում սպասվում էր ոչ միայն անհաշտ, այլև գոլառատ մրցակցություն, քանի որ երկու թիմերն էլ դավանում են հարձակողական ֆուտբոլ: Թե՛ անհաշտության, և թե՛ գոլառատության կտրվածքով մարզասերի սպասումներն արդարացան, թերևս միակ տարօրինակը մոնեգասկների մեկ գոլով բավարարվելն էր: Փոխարենը շատ ավելի նշանառու եղան մայրաքաղաքցիները, ովքեր Կավանիի (երկու), դի Մարիայի ու Դրախսլերի ջանքերով չորս գոլ հեղինակեցին, թեև կարող էին անել և ավելին, եթե առանձին դրվագներում գնդակն այդպես բուռն չհակառակվեր:
Առաջնության շրջանակներում հանդիպումներ են ունեցել «Նիցցան» ու եվրագոտում հայտնվելու համար պայքարող «Լիոնը»: «Նիցցան» 2:1 հաշվով պարտության է մատնել «Բորդոյին»՝ հավաքած միավորների թիվը հասցնելով 67-ի (ընդամենը մեկ միավորով է հետ մնում երկրորդ հորիզոնականում գտնվող «Պարի Սեն Ժերմենից»՝ չհաշված վերջինիս պակաս անցկացրած մեկ հանդիպումը), երկրորդն արտագնայում ոչ-ոքի է խաղացել «Ռենի» հետ՝ 1:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ