«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վրիպելը հակացուցված է

Վրիպելը հակացուցված է
21.03.2017 | 11:49

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններն արդեն անցել են հանգուցակետի բերող ճանապարհի ու ժամանակի երեք քառորդը: Դրանցից երեքում (Գերմանիա, Իտալիա, Անգլիա) չեմպիոնության ինտրիգը գրեթե բացակայում է, եթե, իհարկե, բացառում ենք ֆորսմաժորայինի տարբերակը, մյուս երկուսում (Իսպանիա, Ֆրանսիա) «արյան գետեր» դեռ հոսելու են: Ինչ խոսք, որ հիշյալ առաջնությունները միայն որոշվող չեմպիոններով չեն հետաքրքիր: Սա այն դեպքը չէ, երբ կամ-կամի սկզբունքն է բացառիկ իրականը: Զորօրինակ Անգլիայի առաջնության առաջին վեցյակից Չեմպիոնների լիգայի մեկ քառորդում չկա ոչ մի թիմ, ու պրեմիեր լիգայում մնալու օրհասական խնդիր լուծող «Լեստերն» է միայն գոնե այս պահի դրությամբ փրկում ողջ անգլիական ֆուտբոլի դեմքը: Բերած օրինակն օրինաչափությունների շարքից չէ՞: Մտածողության ակնհայտ մաշվածություն եմ տեսնում այսպես կարծողների դատողություններում, իսկ դա, համենայն դեպս, տաճար տանող ճանապարհ չէ: ՈՒ ոչ միայն ֆուտբոլի պարագայում: Ավելի բան ասելու բերան մի բացեք:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի 28-րդ տուրը ներկայացնենք երկրի գործող չեմպիոնի ու ընթացիկում, չեմպիոնությանն ամենամոտ գտնվող թիմի հանդիպումներից, որքան էլ թե՛ անգլիականի, թե՛ համայն եվրոպականի թիվ մեկ դիմակայությունը Մանչեստրում էր՝ «Սիթիի» ու «Լիվերպուլի» միջև:
Առաջնության վերջին երեք խաղում «Լեստերը» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը (այս վերջինը «Վեստ Հեմի» նկատմամբ էր, նրա իսկ դաշտում, 3:2 հաշվով) ու փոքր-ինչ հանգիստ շունչ կարող է քաշել վտանգավոր գոտուց որոշակիորեն հեռանալու համար: Իսկ եթե այս հաղթանակների կողքին հիշենք և Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի պատասխան խաղում «Սևիլիայի» նկատմամբ տոնած հաղթանակն ու «աղվեսների» մեկ քառորդ դուրս գալու պատմական փաստը, ամենասովորական սխալմունք կարող է ներկայանալ առաջնության բարձրագույն խմբում մնալու մասին նրանց ջանքերի գործադրումից խոսելը:
«Չելսին» արտագնայում երեք միավոր վաստակեց «Ստոկ Սիթիի» հետ մրցակցությունում՝ (2:1)՝ միավորների թիվը հասցնելով 69-ի: Եթե նկատի ունենանք, որ «ազնվականները» սեփական հարկի տակ գրեթե հարյուրտոկոսանոց արդյունք են ցույց տալիս, իսկ դրսում մնացել է ընդամենը չորս խաղ անցկացնել, որոնցում, ի դեպ, «Չելսին» դարձյալ մնում է իր կամքը թելադրող կողմ, ապա առաջին տեղի համար պայքարող մնացած թիմերը իրենց հավակնությունների մասին գոնե այս տարի պիտի մոռանան:
Անգլիայում բացառիկ կատաղի պայքար է գնում մրցանակային եռյակում հայտնվելու համար, որքան էլ այստեղ մտածում են այսպես՝ եթե առաջինը չես, ուրեմն առաջինը չես: Հիշենք, թե անցած մրցաշրջանում տեսնելով, որ «Լեստերին» այլևս բռնացնել չի լինի, «պտույտներն» ինչպես շոշափելիորեն թուլացրեց «Տոտենհեմը», ու դա թիմի համար ինչ կարող էր արժենալ: Ինչևէ: Սակայն սրա կողքին չենք կարող չնկատել, թե ընթացիկում այդ նույն «Տոտենհեմը» ինչ արյուն-քրտինք կտրած է պայքարում յուրաքանչյուր միավորի համար, ու դրա առարկայական հավաստիացումներից մեկն էլ սեփական հարկի տակ «Սաուտհեմպտոնի» հետ դիմակայությունն էր, որը հաղթական եղավ Մորիսիո Պոչետինոյի սաների համար՝ 2:1:
Շարունակում է վշտացնել «Արսենալը»: Արտագնայում «Վեստ Բրոմվիչին» զիջելը (1:3) նկատելիորեն նվազեցրեց առաջնության մեդալների համար պայքարելու նրա շանսերը: Նմանատիպ արդյունք գրանցվեց և «Միդլսբրո»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում, սակայն այս անգամ հօգուտ հյուրերի:
Եվ վերջում «Մանչեստր Սիթի»-«Լիվերպուլ» առճակատման մասին, որը բոլոր իրավունքներն ուներ ամենաառաջինը լինելու:
Այս դիմակայությունն առանձնահատուկ էր ոչ միայն մրցաշարային, ոչ միայն երկու խարիզմատիկ մարզիչների ու նրանց ֆուտբոլային փիլիսոփայության ճշտի ու էլի մի քանի առումներով: Դրանցից ոչ մեկն էլ երկրորդական-երրորդական չէ հարկավ, սակայն, մեր կարծիքով, առավել ինտրիգայինը «Լիվերպուլի» ու նրա գլխավոր մարզչի ձևավորված ռոբինհուդյան կերպարն է:
Ընթացիկ մրցաշրջանում բավական հեշտությամբ միավորներ կորցնելով աղյուսակի միջին ու ստորին հորիզոնականներում գտնվող թիմերի հետ մրցապայքարում՝ «Լիվերպուլը» դրանք կոմպենսացնում է գրանդների հետ խաղում: Այսպես՝ աղյուսակի առաջին վեցյակում գտնվող թիմերի հետ մրցակցությունում այն տոնել է հինգ հաղթանակ, նույնքան անգամ էլ խաղալով ոչ-ոքի: Ասել է թե, «Լիվերպուլը» մի թիմ է, որը խլում է հարուստներից ու բաժանում է աղքատներին:
Լավ: Առանձնապես չերկարացնենք: Մանչեստրյան ակումբի հետ մրցակցությունն ավարտվել է 1:1 հաշվով, հաշիվը հերոսաբար հավասարեցնողները եղել են տանտերերը, ու սա մի խաղ էր, որտեղ կողմերից յուրաքանչյուրը նվազագույնը գոնե երկու անգամ պիտի գրավեր դիմացինի դարպասը:
69 միավորով առաջատարը «Չելսին» է: Նրանից տասը միավոր պակաս ունի «Տոտենհեմը», վերջինիցս երկու նիշով հետ է «Մանչեստր Սիթին»: Չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին» «Մանչեստր Յունայթեդը» զիջում է ընդամենը չորս միավորով, սակայն 52 միավորի պարագայում երկու պակաս անցկացրած խաղ ունի: Նույն երկու պակաս անցկացրած խաղով, սակայն հիսուն միավորով եվրագոտու թիմերի շարքը եզրափակում է «Արսենալը»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Մարտ ամիսը բավական ծանր ընթացք ունի «Լայպցիգի» համար, որն իր թեթև, անկաշկանդ խաղով բավական մեծ թարմություն էր բունդեսլիգայի համար: Հիմա որոշակիորեն դժվար էլ է ասել՝ հոգնությո՞ւնն է պատճառը, թե՞ մրցակիցներն ավելի լրջմիտ են մոտենում առաջնության նորեկին, բայց փաստը մնում է փաստ, որ վերջին երեք խաղում թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել: Անցած տուրում «Վոլֆսբուրգին» նվազագույն հաշվով զիջելուց հետո այս տուրում էլ արդեն 0:3 խոշոր հաշվով է պարտվել «Վերդերին»:
Փոխարենը տուրը հաղթական է եղել մրցաշարային աղյուսակի անվիճելի առաջատար «Բավարիայի», «Լայպցիգին» հետապնդող Դորտմունդի «Բորուսիայի» ու «Հոֆենհայմի» համար: Երեքն էլ հաղթանակները տոնել են նվազագույն հաշվով: Առաջինը Մյոնխենգլադբախում պարտության է մատնել տեղի «Բորուսիային», երկրորդն ու երրորդը առավելության են հասել «Ինգոլշտադտի» ու «Բայերի» նկատմամբ:
«Լայպցիգը» 49 միավորով երկրորդ հորիզոնականում է: Դորտմունդի «Բորուսիայից» այն առաջ է երեք, «Հոֆենհայմից»՝ չորս միավորով: Եվրագոտում են «Հերտան» ու «Քյոլնը», որոնք այս տուրում մրցեցին իրար հետ: Ստացվել է բավական գոլառատ հանդիպում. «Քյոլնը» սեփական հարկի տակ հաղթել է 4:2 հաշվով: Ինչ վերաբերում է «Բավարիային», այն 62 միավորով, խփած-բացթողածի ապշեցուցիչ 61:13 հարաբերակցությամբ հպարտ առանձնության մեջ է, ու դժվար թե որևէ մեկը կարողանա խաթարել նրա օլիմպիական անդորրը:

ԻՍՊԱՆԻԱ
«Աթլետիկ»-«Ռեալ» մրցակցության երկրորդ խաղակեսում կողմերը մեկական գոլ են փոխանակել, սակայն, ի հաշիվ առաջինում նույնպես խփած գոլի, «Ռեալը» հաղթանակի է հասել 2:1 հաշվով:
Մադրիդցիների հաղթանակին հաղթանակով է պատասխանել «Վալենսիային» հյուրընկալած «Բարսելոնը», որին այդպես էլ «գծերից» չի հանել առաջինը մրցակցի հաջողության հասնելը: Նաև շնորհիվ Մեսիի դուբլի, կատալոնյան ակումբը 4:2 հաշվով հաղթանակ է տոնել՝ պահպանելով «արքայականից» ունեցած երկու միավորով հետ մնալը, որն արդյունք է նախորդ տուրում «Դեպորտիվոյից» կրած պարտության:
Եվ այնուամենայնիվ տուրի շրջանակներում առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում «Աթլետիկո»-«Սևիլիա» դիմակայությունը, մանավանդ որ ընթացիկում վերջինս առաջին եռյակից դուրս է մղել Դիեգո Սիմեոնեի սաներին: Միանգամից ասենք, որ մադրիդցիները շանս չտվեցին անդալուզցիներին, ինչի առարկայական վկայությունն է արձանագրված հաշիվը՝ 3:1:
65 միավորով (գումարած պակաս անցկացրած մեկ խաղը) առջևում շարունակում է մնալ «արքայականը»: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնից» վեց միավոր պակաս ունի «Սևիլիան», որն էլ իր հերթին երկու միավորով է առաջ 55 միավոր վաստակած «Աթլետիկոյից»: Եվրոպական գոտում շարունակում են մնալ «Ռեալ Սոսիեդադն» ու «Վիլյառեալը»:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակում տուրը փոփոխություններ չբերեց: Առանց բացառության, առաջին եռյակը կազմած թիմերը հաղթանակ տարան: «Յուվենտուսն» արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ, «Ռոման» 3:1 հաշվով սեփական հարկի տակ հաղթահարեց «Սասուոլոյի» արգելքը, իսկ մեկ օր առաջ «Էմպոլիի» հետ մրցակցությունում «Նապոլին» արդեն իսկ առաջին խաղակեսում ստեղծել էր ամրության այնպիսի պաշար, որ մնում էր պարզապես հանդիպումը հասցնել ավարտին: Սակայն իրավիճակը հովվերգականից ավելի ընդունած նեապոլցիները քիչ էր մնում հատուցեին նման տրամադրվածության համար: Բարեբախտաբար (բնականաբար՝ հյուրերի համար) «Էմպոլիին» քչություն արեց ժամանակը, ասենք, հաջողությունն էլ մինչև վերջ ուղեկից չեղավ: Ինչևէ, գրանցվել է 3:2 հաշիվ՝ հօգուտ հյուրերի:
«Յուվենտուսն» ունի 73, «Ռոման»՝ 65, «Նապոլին»՝ 63 միավոր: Եվրագոտում են «Լացիոն» ու «Ինտերը»: Առաջինը արտագնայում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Կալյարիի», երկրորդը՝ «Թուրինի» հետ՝ 2:2:

ՖՐԱՆՍԻԱ
Հերթական խաղում ևս «Նիցցան» արտագնայում բավարարվեց մեկ միավորով՝ մեկական գնդակ փոխանակելով «Նանտի» հետ: Հետաքրքիր է, որ տխուր սովորույթի ուժով այն նորից է առաջինը գոլ բաց թողել ու հերոսաբար անցել իր իսկ առաջադրած խնդրի լուծմանը:
«Նիցցայի» ոչ-ոքիների հենքի վրա իրենց հերթականները հաղթանակով են ավարտել թե՛ առաջատար «Մոնակոն», թե՛ նրան կրնկակոխ հետապնդող գործող չեմպիոնը: Հարավցիների պայքարում մոնեգասկները երեք անպատասխան գնդակի տարբերությամբ առավելության հասան «Կաննի» նկատմամբ, իսկ «Պարի Սեն Ժերմենը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Լիոնին»:
«Մոնակոն» ունի 71, ՊՍԺ-ն՝ 68, «Նիցցան»՝ 64 միավոր: Չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիոնի» միավորները 50-ն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ