ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Բարսելոնն» անցնում է առաջ

«Բարսելոնն» անցնում է առաջ
03.03.2017 | 12:34

Արդեն որերորդ խաղն է՝ «Ռեալն» իր համար խնդիրներ է ստեղծում ու անցնում դրանց հերոսական լուծմանը, իսկ առիթից օգտվողը դառնում է «Բարսելոնը», գավաթային կրքերի անմեկնելի փոթորիկ էր թե Ֆրանսիայում, թե Իտալիայում: Վերջինում՝ նաև մրցավարների ակտիվ միջամտությամբ:

ԻՍՊԱՆԻԱ
Մրցաշրջանի առաջին կեսի «Լաս Պալմաս»-«Ռեալ» դիմակայության առնչությամբ «արքայականն» այնքան էլ հաճելի հուշեր չուներ: «Կղզիաբնակները» կարողացել էին արժանի դիմադրություն ցույց տալ հյուրերին ու միավոր պոկել ¥2:2¤: Բնականաբար, պատասխան խաղում իսպանական ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի գրանդներից մեկը պիտի ապացուցեր, որ Կանարներում եղածը դեպքերի անհաջող զարգացում էր: Մադրիդյան մրցակցությունում, մինչ «արքայականն» ինչն ինչպես անելու որոնումների մեջ էր, Իսկոն, ում «Ռեալը» վարձավճարով հանձնել է «Լաս Պալմասին», առաջ մղեց իր թիմը:
«Սերուցքայիններն» արագ հավասարեցրին հաշիվը՝ բուն զարգացումները, ուզենալով, թե չուզենալով, թողնելով երկրորդ խաղակեսին: ՈՒ հենց այստեղ էլ որոտաց այն, ինչի պատճառով տերտերը, ծառայողական պարտականություններից դուրս, պարտադրված խաչակնքում է: Բեյլի կարմիր քարտից ոգևորված՝ «Լաս Պալմասը» երկու գոլ հեղինակեց՝ առաջատարին կանգնեցնելով պարտության վտանգի առաջ: Ինչ խոսք, որ, ի հաշիվ Քրիշտիանու Ռոնալդուի դուբլի, մադրիդցիները, այնուամենայնիվ, կարողացան փրկել խաղը, սակայն այն արժեցավ վաստակած ընդամենը մեկ միավոր: Պլանավորված երեքի փոխարեն մեկը «Ռեալին» դուրս մղեց առաջին հորիզոնականից, քանի որ ժամեր առաջ «Բարսելոնը» ֆուտբոլի փոխարեն թենիս էր խաղացել հյուր եկած «Սպորտինգի» հետ ¥6:1¤, ու մեկ նիշով շրջանցել արդեն 56 միավոր ունեցող արքայականին:
«Բարսելոն»-«Սպորտինգ», «Ռեալ»-«Լաս Պալմաս» բախումներից զատ, առաջնությանը լրացուցիչ լարվածություն կարող էր հաղորդել երեկ ուշ երեկոյան կայացած «Սևիլիա»-«Աթլետիկ» դիմակայությունը: Կախված դրանում անդալուզցիների համար հաղթական ելքից՝ 52 միավոր ունեցող սևիլիացիները կարող են ընդհուպ մոտենալ առաջին երկու հորիզոնականներում գտնվողներին՝ որակապես սրելով մեդալների համար պայքարը:

ԻՏԱԼԻԱ
Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» կամային հաղթանակ տոնեց հյուր ժամանած «Նապոլիի» նկատմամբ՝ 3:1: Պարտությունը վերջինիս մարզական տնօրենը մեկնաբանել է մրցավարական կազմի աղաղակող կողմնակալությամբ. «Մենք պարտվեցինք մրցավարի երկու սխալի պատճառով, որոնք նույնիսկ ոչ թե վիճելի, այլ պարզապես ամոթալի էին, այնպիսին էին, որոնք վնաս են հասցնում ողջ իտալական ֆուտբոլին: Առաջին տասնմեկմետրանոցի դրվագում Դիբալան միտումնավոր կոնտակտ էր փնտրում, որ վաստակի տուգանային: Երկրորդ դեպքում Ռեյնան գնաց դեպի գնդակը, ապա նոր դիպավ Կուադրադոյին: Ավելին՝ դա եղավ այն բանից հետո, երբ մրցավարը տասնմեկմետրանոց չնշանակեց «Յուվենտուսի» դարպասին»:
Երկրորդ կիսաեզրափակչում ուժերը չափել են «Լացիոն» ու «Ռոման»: Այստեղ «Լացիոն» տոնել է հաղթանակ երկու անպատասխան գնդակի տարբերությամբ ու, անկեղծ լինենք, «Ռոման» ավելի շատ հիշեցնում էր ատամնաթափ գայլի:

ՖՐԱՆՍԻԱ
Գավաթի խաղարկության 1/8-ում «Բորդոն» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Լորիանի» նկատմամբ, «Ֆրեժյուսը» սեփական հարկի տակ պարտության է մատնել «Օսերին»՝ 2:0, իսկ «Անժն» արտագնայում փակել է դեպի մեկ քառորդ շարժվող «Սերկլ Բաստիայի» ճանապարհը՝ 1:0:
Բավական լարված է եղել «Ավրանշ»-«Ստրասբուրգ» դիմակայությունը, որտեղ հաղթողին որոշելու համար պահանջվել է լրացուցիչ ժամանակ ¥հիմնականում գրանցվել է 1:1 արդյունք¤: ՈՒ քանի որ դա էլ չի որոշել հաղթողին՝ 0:0, գործի են դրվել հետխաղյա տասնմեկմետրանոցները, որտեղ հաջողությունն ուղեկցել է տանտերերին: «Կևիի Ռուան»-«Գենգամ», «Նիոր»-«Պարի Սեն Ժերմեն» մրցակցություններում հաջողությունն ուղեկցել է հյուրերին: «Գենգամն» առավելության է հասել 2:1, ՊՍԺ-ն՝ 2:0 հաշվով:
Ֆանտաստիկ լարված ընթացք է ունեցել «Մարսել»-«Մոնակո» դիմակայությունը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2, իսկ սա նշանակում է հարաբերությունների պարզում լրացուցիչում: Հիմնական ժամանակի օրինակով «Մոնակոն» կրկին առաջ է անցել հաշվի մեջ, ինչին «Մարսելը» կարողացել է արձագանքել փոխադարձ խոցումով: Սակայն մոնեգասկները չեն թողել բանը հասնի հետխաղյա տասնմեկմետրանոցներին: Նրանց հերթական պոռթկումը ճակատագրական է եղել տանտերերի համար:
Երեկ ուշ երեկոյան հարաբերություններն են պարզել «Բերգերացն» ու «Լիլը»՝ մեկ ութերորդի վերջին զույգը:

ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնում կայացել է երկրի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին հանդիպումը: Հիշեցնենք, որ ոչ-ոքիի պատճառով այն իրականում վերախաղարկում էր: Սեփական հարկի տակ «Մանչեստր Սիթին» «Հադերսֆիլդի» նկատմամբ եղավ ավելի քան քինախնդիր՝ հյուրերին հինգ անգամ պարտադրելով գնդակը հանել դարպասից: «Հադերսֆիլդը» կարողացել է պատասխանել մեկով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ