«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ծանր հաղթանակներն առանձնահատուկ կշիռ ունեն

Ծանր հաղթանակներն  առանձնահատուկ կշիռ ունեն
28.02.2017 | 12:28

Մարզչի որակում Կառլո Անչելոտիի հոբելյանական հազարերորդը կատարյալ տոնի վերածեցին նրա գլխավորած «Բավարիայի» ֆուտբոլիստները, մյունխենցիների օրինակով շարունակում են չեմպիոնական ուղիով վստահ ընթանալ «Չելսին» ու «Յուվենտուսը», «Ատալանտան» «Նապոլիի» հետ արտագնայում չբավարարվեց լոկ սեփական դարպասն անառիկ պահելով, դրանով իսկ երկրորդ տեղում ավելի ամրապնդվելու հրաշալի պայմաններ ստեղծելով «Ռոմայի» համար, հաղթանակով ավարտեց իր հերթականը ֆրանսիական դիվիզիոնի առաջին եռյակը, միանգամայն անհույս տեղից խաղը կարողացավ փրկել Մադրիդի «Ռեալը»: Սակայն հանգստյան օրերի զարդն անվերապահորեն «Աթլետիկո»-«Բարսելոն» դիմակայությունն էր, ու սրանում բացառիկ դեր էր վերապահված նրանց ունեցած քաշային կարգին:

ԻՍՊԱՆԻԱ
«Աթլետիկո»-«Բարսելոն» դիմակայությունը հանգստյան օրերի եվրոպական ֆուտբոլի թիվ մեկ դիմակայությունն էր, ու բնավ էլ նշանակություն չունի, որ մադրիդցիները լա լիգայի առաջին եռյակում չեն: Ավելին. «սպառնում» են դուրս մնալ մեդալների համար պայքարողների շարքից:
Հանդիպման գոլերը ծնվեցին երկրորդ խաղակեսում: Ռաֆինիան 64-րդ րոպեին առաջ մղեց կատալոնցիներին, տանտերերից նյարդերի քայքայման ընդամենը վեց րոպե պահանջվեց հավասարությունը վերականգնելու համար: Սակայն ինչպես «Լեգանեսի» հետ վերջին խաղում, Լիոնել Մեսին կրկին ասաց իր ծանրակշիռ խոսքըն, ու կատալոնցիներն իրենց ոչ այնքան սիրելի մայրաքաղաքից վերադարձան երեք միավոր վաստակած:
Դրամատիկ էր «արքայականի» հանդիպումը «Վիլյառեալի» հետ: Խաղի ավարտին մնացել էր 26 րոպե, ու հույս չկար, որ «սերուցքայինները» կխուսափեն պարտությունից, քանզի 2:0-ն բավական ծանրակշիռ առավելություն է «հետ գալու» համար: Սակայն մադրիդցիներին ակնհայտորեն օգնության հասան տանտերերը խաղի ելքի վերաբերյալ իրենց վաղաժամկետ պատկերացումներով: «Վիլյառեալի» վերջի սկիզբը դրեց Գարետ Բեյլը, ապա տասնմեկմետրանոցը հաջողությամբ իրացրեց Ռոնալդուն, իսկ փոխարինման ելած Մորատան «հանգցրեց» գոնե մեկ միավոր վաստակելու տանտերերի հույսը: Ի դեպ, նման մի հերոսացման հեղինակ էլ օր առաջ դարձել էին սևիլիացիները՝ արտագնայում կամային հաղթանակով նշանավորելով «Բետիսի» հետ անդալուզիական դիմակայությունը՝ 2:1:
55 միավոր ունեցող «Ռեալը» շարունակում է մեկ միավորով առաջ լինել կատալոնցիներից՝ չհաշված պակաս անցկացրած խաղից բերելիք, իսկ գուցե չբերելիք միավորները (ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղ ունի): «Սևիլիայի» միավորները 52-ն են:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Դինոզավրեր» անվանյալ «Համբուրգի» հետ դիմակայությունում Մյունխենի «Բավարիան» վերստին հաստատեց, որ դրանք, որպես կենդանատեսակ, վաղո՜ւց անհետացել են երկրի երեսից, ու եթե անգամ բացառենք խնդրի գեղագիտական կողմը, արդարացված չէ թիմին նման անունով «պատվելը»: Հանդիպման 8:0 հաշիվը, որ ձևավորվեց Ռոբերտ Լևանդովսկու (երեք), Կոմանի (երկու), Արթուրո Վիդալի, Դավիդ Ալաբայի, Արիեն Ռոբենի գոլային հարվածներից հետո, չափազանց հեռու է ֆուտբոլային կոչվելուց: Սակայն, եթե մյուս կողմից էլ նայում ես, թե մյունխենցիների հետ վերջին յոթ խաղում քանի անգամ են «դինոզավրերը» գնդակը հանել սեփական դարպասից, իսկ դա եղել է 44 անգամ, ապա դիմակայության հաշիվը պիտի որ առանձնապես չզարմացնի ֆուտբոլասերին: Բոլոր դեպքերում նկատենք, որ մարզչի որակում Անչելոտիի հոբելյանական հազարերորդ խաղը նրա սաները շուքով տոնեցին:
Մյունխենցիների հաղթական տոնայնությունը պահեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ ու երրորդ տեղերում գտնվող «Լայպցիգն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Առաջինը սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ, երկրորդն արտագնայում 3:0 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգին»:
Հաղթելու դեպքում միավորներով դորտմունդցիներին հավասարվելու հնարավորություն ուներ «Հոֆենհայմը», սակայն «Շալկեն» հյուրերին ընդամենը մեկ միավոր վաստակելու հնարավորություն տվեց՝ 1:1:
Նախկինի պես առաջատարը շարունակում է մնալ «Բավարիան»՝ պահպանելով հինգ նիշով պոկվածությունը 48 միավոր ունեցող «Լայպցիգից»: Դորտմունդի «Բորուսիայի» միավորները 40-ն են: Նշենք նաև, որ «Հոֆենհայմի» հետ եվրագոտում են «Հերտան» ու «Այնտրախտը», որոնք տուրի շրջանակներում մրցում էին իրար հետ: Հաղթել է «Հերտան»՝ 2:0:

ԱՆԳԼԻԱ
Առաջին խաղակեսում հեղինակելով չորս գոլ (հեթ տրիկի հեղինակ է դարձել Հարի Քեյնը)՝«Տոտենհեմը» մնացած խաղաժամանակում բարեհամբույր գտնվեց «Ստոկ Սիթիի» նկատմամբ՝ չառանձնանալով ո՛չ եղածն ավելացնելու առանձնակի ձգտմամբ, ո՛չ էլ նույնը թողնելով անել մրցակցին:
Փաստացի ունենալով ընդամենը մեկ հնարավորություն՝ «Սուոնսին» կարողացավ առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին հավասարեցնել հաշիվն ու իր համար հուսատու հաշվով գնալ հանդերձարան: Սակայն երկրորդում «Չելսին» խաղին հաղորդեց խելահեղ արագություն ու հանդիպման ելքը, ինչպես և վայել է առաջատարին, վճռեց իր օգտին՝ 3:1: Հետաքրքիր է, որ բոլոր գոլերը թիմերի իսպանացի մարզիկների անվան դիմաց են գրանցված: Ահա այսպիսի հարվածային դեսանտ անգլիական ֆուտբոլում:
Տուրի շրջանակներում մանչեստրյան երկու ակումբների դիմակայությունը հետաձգվել էր, քանի որ հանդիպման նախանշված օրը համընկել էր Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի օրվա հետ, ու գավաթի հավակնորդներից մեկը «Մանչեստր Յունայթեդն» էր: Նշենք, որ պատվավոր ավարը նվաճել է Հենրիխ Մխիթարյանի ներկայացրած թիմը՝ 3:2 հաշվով պարտության մատնելով «Սաուտհեմպտոնին»: Հաղթական գոլի հեղինակը Զլատան Իբրահիմովիչն է, որ խփել է նաև հանդիպման առաջին գնդակը:
Հենց նույն գավաթի եզրափակչին մասնակցելու պատճառով, բնականաբար, հետաձգվել էր նաև «Սաուտհեմպտոն»-«Արսենալ» հանդիպումը, իսկ «Լեստեր»-«Լիվերպուլ» դիմակայությունը կայացել է երեկ ուշ երեկոյան: Բնականաբար, այս հանդիպումների ելքը կարող է սկզբունքորեն փոխել պրեմիեր լիգայի առաջին եռյակի դասավորությունը, սակայն, այսուհանդերձ, եղած ռեալության շրջանակներում ներկայացնենք այն: Եվ այսպես, առաջին տեղում «Չելսին» է 63 միավորով, ու նրա դիրքին ընթացիկ մրցաշրջանում եթե ոչ ընդհանրապես, գոնե առաջիկա խաղերում ոչինչ չի սպառնում: Երկրորդ հորիզոնականում առայժմ «Տոտենհեմն» է 53 միավորով, նրան հաջորդում է «Մանչեստր Սիթին»՝ 52 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի հերթականը նշանավորվեց «Նապոլի»-«Ատալանտա» դիմակայության բավականին անակնկալ հանգուցալուծումով, թեպետ իտալական նոր նախագիծը ընթացիկ մրցաշրջանում հասցրել է բոլորին հաճելիորեն զարմացնել իր կայուն մրցելույթներով, ու բնավ էլ պատահական չէ, որ պայքարում է եվրագոտին կազմողների շարքում մնալու համար: Յուրաքանչյուր խաղակեսում հեղինակելով մեկական գոլ՝ հյուրերը Նեապոլից հեռացան երեք միավոր վաստակած՝ իտալական ֆուտբոլի ամենաշատ գոլեր խփող թիմին զրկելով իրենց դարպասը գրավելու հաճույքից:
Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև «Յուվենտուս»-«Էմպոլի» մրցակցությունում: Կարծում եմ՝ ընթերցողը չպիտի զարմանա «Ծեր սինյորայի» խաղին նման չորուկ անդրադարձից, որովհետև հաղթելն այս թիմի համար վաղուց դարձել է փեշակ, իսկ այդ հաղթանակները, բնականաբար, ձեռք են բերվում թիմի վարպետության շնորհիվ:
«Նապոլիի» վրիպումը հրաշալի շանս էր «Ինտերին» հյուր գնացած «Ռոմայի» համար: Հաղթելու դեպքում իտալական «գայլերը» նեապոլցիներից պոկվածությունը կարող էին հասցնել վեց միավորի, ու պատկերացրեք, որ «Ռոմային» հաջողվեց դա անել, այն էլ` բավական թեթևությամբ, թեպետ մի պահ «Ինտերը», այնուամենայնիվ, փորձեց ատամներ ցույց տալ՝ 1:3:
«Յուվենտուսն» ունի 66, «Ռոման»՝ 60, «Նապոլին»՝ 54 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Որքան էլ «Գենգամը» փորձեց հակակշիռ լինել «Մոնակոյին», այդուհանդերձ մինչև վերջ չհաջողեց ու ստիպված էր համակերպվել պարտության հետ՝ 1:2: Նույնպիսի հաշիվ արձանագրվեց և «Նիցցա»-«Մոնպելիե» դիմակայությունում: Առաջին խաղակեսում բաց թողած գոլը տանտերերը կոմպենսացրին երկրորդի երկուսով ու շարունակում են վստահորեն մնալ մրցանակային եռյակի ուղեծրում: «Մոնակոյի» ու «Նիցցայի» հաղթական ելույթներին նույնքան հաղթական պատասխանեց «Պարի Սեն Ժերմենը»՝ արտագնայում 5:1 հաշվով առավելության հասնելով «Մարսելի» նկատմամբ ու անփոփոխ պահելով առաջին եռյակի «Մոնակո»-ՊՍԺ-«Նիցցա» դասավորությունը, որտեղ առաջինն ունի 62, իսկ երկրորդն ու երրորդը՝ 59-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ