ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Սուրբ Վալենտինի տոնից մինչ Մարտի ութ ձգվող անհանգիստ սպասումների օրեր

Սուրբ Վալենտինի տոնից մինչ Մարտի ութ  ձգվող անհանգիստ սպասումների օրեր
17.02.2017 | 09:59

Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին հանդիպումներն անվիճելիորեն գերազանցեցին ֆուտբոլի սիրահարի սպասումները: Չորս խաղում տասնհինգ գոլը թիվ է, այն էլ՝ լուրջ թիվ: Ի վերջո, այդքանը խփվել է այնպիսի թիմերի հանդիպումներում, որոնք ոչ «Ճ» կարգի են, ոչ էլ այդ լիգան են ներկայացնում:
Անակնկալ արդյունքնե՞ր: Հենց միայն «Բարսելոնի» փարիզյան բզկտվելը ձեզ հերիք չէ՞ խոսակցությունն ավարտված համարելու համար:

Cherchez la femme
Ասում են՝ կռվից հետո սուր չեն ճոճում:
Ճիշտն ասած՝ մեր ժամանակների մանրության ֆոնին մի փոքր վիճելի է ներկայանում խնդրո ասպետական այս ընկալումը, բայց ոչ կոնկրետ սույն դեպքի՝ «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն» չստացված դիմակայության պարագայում:
Ինչու չստացվա՞ծ:
Բա եթե խաղադաշտում այդ օրը միայն մեկ թիմ կար, ի՞նչ դիմակայության մասին կարող է խոսք լինել: Կլասիկայից է հայտնի, որ նույնիսկ փառապանծ Դոն Կիխոտն իր պայքարում մենակ չէր: Դիմացը հողմաղացներն էին: Ոչ բուտաֆորիկ:
«Բարսելոնը» մրցակցությունը տանուլ տվեց անհուսալիորեն: Պատասխան խաղում 0:4-ը շտկել փորձելը գրեթե անհավանականության ոլորտից է: Համենայն դեպս, Չեմպիոնների լիգայում չի եղել նման անհուսալի իրավիճակից դուրս գալու դեպք: Հարկավ, նախադեպի բացակայությունը դեռ չի նշանակում անվերապահություն, սակայն դրությունն այն աստիճանի ծայրահեղ է, որ մնում է միայն ապավինել մոմ վառելուն: Ինչ խոսք, եթե լիներ գոնե երեք տարի առաջվա «Բարսելոնը», խնդիրն այսչափ անհուսալի չէր ներկայանա, սակայն օրացույցի վրա վաղուց 2017 թիվն է, «Բարսելոնն» էլ, ցավոք սրտի, անկայուն ելույթներով հմայաթափ անողը:


Խաղի ավարտից հետո Լուիս Էնրիկեն պարտության մեղքն ամբողջությամբ է ստանձնել՝ շեշտը դնելով կիրառված խաղային սխեմայի սխալականության վրա: Սակայն հարց է առաջանում՝ չարդարացնող 4-2-3-1-ից ընթացքում հնարավոր չէ՞ր անցնել ավանդական 4-3-3-ին՝ գոնե հեղինակության գոլ խփելով ու հույսի որոշակի տոկոս ավելացնելով:
Չէ, պարզվում է՝ եթե համառում ենք, մինչև վերջ ենք համառում:
Հա՜, բան չասինք՝ համառել, բայց եթե արդյունք չկա՞, ու արածդ վերածվում է մարդկային պարզ կոտոշությա՞ն:
Շա՞տ կոպիտ ստացվեց:
Առարկություն չեմ ընդունում: Նրբանկատ արտահայտվելու ձեր հորդորը նման է նրան, որ մեկի քամակը դուրս է գալիս, մյուսն ասում է՝ տուր, տանեմ կատվիս:
Չգիտեմ:


Եթե անդավաճան սիրո պես «Բարսելոնը» մեջս նստած չլիներ, գուցե զահլա ունենայի ու պարտությունը բացատրեի սուրբ Վալենտինի օրվա տված խաղերով կամ, հավատարիմ մեր ազգայինի ակունքներին, Սուրբ Սարգսի տոնին նախորդած գիշերը կատալոնցիների կերած աղի բլիթի անհամ քանակով, սակայն այս դեպքում պիտի ամբողջովին հույսս կտրեմ պատասխան խաղի հնարավոր դրական ելքի աղոտ սպասումից, որովհետև մարտի ութը դարձյալ կապվում է կանանց հետ, ու այս դեպքում իրապե՞ս պիտի հավատալ cherchez la femme-ի նույնքան անհամ իմաստությանը (պարտության այլ հոդաբաշխ բացատրություն չեմ գտնում): Թվում է, թե սույնի ճշմարտացիությանը պիտի ավելի շատ տուրք տար «Պարի Սեն Ժերմենը», մանավանդ որ արտահայտության ծագումնաբանությունը Փարիզի կողմերից է գալիս, սակայն արի ու տես, որ թիմը նախընտրելի համարեց Անխել դի Մարիայի ու Էդինսոն Կավանիի ծննդյան օրը տղամարդավարի նշելը (ի դեպ՝ նաև շնորհիվ նրանց. առաջինը դարձել է երկու, երկրորդը՝ մեկ գոլի հեղինակ):
Սակայն այստեղ կա մի խոշոր բայց՝ կատալոնյան ակումբի երկրպագուների համար խիստ շահավետ: Եթե ՊՍԺ-ն առաջնորդվում է ծննդյան օրերի գործոնով, հավատացնում եմ ձեզ, որ մարտի ութին նրա կազմում անգամ մեծագույն ցանկության դեպքում չի գտնվի մարտի 8-ին ծնված թեկուզ մեկ ֆուտբոլիստ, իսկ դի Մարիան ու Կավանին սկզբունքորեն չեն կարող ծնված լինել թե՛ փետրվարի 14-ին, թե՛ մարտի 8-ին, եթե անգամ զորակցության կանչենք հին տոմարը: Այնպես որ, առաջ՝ դեպի մարտի 8 ու… առանց կանանց:

ԱՐԺԱՆԻ ԷԻՆ ՊԱՐՏՎԵԼՈՒՆ
Դորտմունդի «Բորուսիան» Լիսաբոնում նվազագույն հաշվով զիջեց տեղի «Բենֆիկա» թիմին ու թե այդ պարտության հնարավոր մեղավորին փնտրելու լինեն, գերմանացիներն իրենցից դուրս պիտի որ չնայեն, եթե ջայլամի քաղաքականություն չեն ուզում վարած լինել:
Տեսեք, թե որն է խնդիրը:
Ամբողջ հանդիպման ընթացքում պորտուգալացիները դարպասը գրավելու միայն մեկ ռեալ հնարավորություն ունեցան ու գրավեցին, իսկ դորտմունդցիներից միայն Օբամեյանգն առնվազն երեք անգամ կարող էր այդ բանը անել:
Սկզբունքորեն հարց է առաջանում՝ եթե անգամ տասնմեկմետրանոցից չես կարողանում դարպասը խոցել, հո քեզ ամբողջովին դատարկ դարպաս չե՞ն կարող տալ: Ախր ֆուտբոլային կանոնագրքում նման կետ էլ չի նախատեսված, որ հանուն քո սիրուն աչքերի նման կարգի զիջման գնան: Համ էլ սիրուն աչքերս ո՞րն է: Շուրջպար ես մտել՝ պիտի շորորաս, եթե անգամ շորորացնելու բան չունես: Բա նայողների մեղքը ո՞րն է:


Հանուն ճշմարտության պիտի ասել, որ «Բորուսիայի» պարտության մեջ իսկապես անուրանալի էր պորտուգալացիների հրաշքներ գործած բրազիլացի դարպասապահ Սանտանա դե Մորաեսը: Եվ այնուամենայնիվ պատասխան խաղը, թույլ տվեք խոհեմաբար նկատել, չափազանց ծանր է լինելու «Բենֆիկայի» համար, որը երկու հանդիպման արդյունքով դրական ելքի իր ակնկալիքներում եթե ապավինելու է միայն իր դարպասապահի հրաշագործությանը, չարաչար սխալված կլինի:

ԻՆՏՐԻԳԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Մադրիդի «Ռեալ»-«Նապոլի» դիմակայության առնչությամբ մասնագետների գերազանց մասը, բուքմեյքերական գրասենյակները նախախաղյա գուշակություններում առավելությունը տալիս էին իսպանացիներին, ու դա «արքայականի» հեղինակությանը տուրք չէր միայն:
Օբյեկտիվորեն «Ռեալը», այն էլ սեփական հարկի տակ, պիտի կարողանար ապացուցել իր առավելությունը, որը պայմանավորված է բազում գործոններով: Եվ, այդուհանդերձ, առաջին խաղակեսը կողմերին չբերեց առավելություն՝ փոխանակվեց մեկական գոլ, ինչը, անկասկած, հօգուտ հյուրերի էր, քանզի մրցակցի հարկի տակ խփածը ծանրակշիռ առավելություն է:
Մինուս մեկից խաղը վերսկսելը, բնականաբար, «արքայականին» պարտադրում էր անցում ավելի ագրեսիվ գործողությունների:
Հանդերձարանից դուրս գալուց չորս րոպե հետո Տոնի Կրոսն առաջ մղեց իր թիմին: Եվս հինգ րոպե ու հաշիվն արդեն 3:1 էր: Ապշեցուցիչ գոլի հեղինակ դարձավ Կազիմիրոն՝ ռմբահարելով Ռենայի պաշտպանած դարպասը:
Ասել, թե այս ընթացքում նեապոլցիները պասիվ դիտողի դերում էին, կնշանակի կեղծել ճշմարտությունը: Պարզապես, մինչ նրանք հետևելիք գլխավոր հարվածի ուղղության որոշումներում էին, «արքայականն» իրենն արեց, ու այդ արածի մեջ հիրավի պիտի հավուր պատշաճը մատուցել «Ռեալի» գլխավորին՝ Զինեդին Զիդանին, որը, քաջ գիտակցելով, որ հյուրերը կենտրոնանալու են Քրիշտիանու Ռոնալդուի չեզոքացման վրա՝ որպես հարվածի գլխավոր ուղղության, վերջինիս վերապահել էր միանգամայն այլ՝ սնուցողի, մատակարարի դերակատարում, ինչը պորտուգալացին պարզապես փայլուն կատարեց: Սա այն տարբերակն է, որը բանաստեղծը մեկ այլ դեպքի առնչությամբ դիպուկ ձևակերպել էր այսպես՝ «ուր ես-ը ձուլվում է հզոր մենք-ի մեջ»:


Արդ փորձենք պատասխանել այն հարցին, թե երկու հանդիպման արդյունքով 3:1 հաշիվը «Ռեալին» երաշխավորո՞ւմ է ապահովագրված անցում հաջորդ փուլ:
Պատասխանի մեջ գոնե ես փութկոտ չէի լինի:
Նեապոլցիների հարձակման գիծը չափազանց ագրեսիվ է, ու որ այն հանդիպման երկու գրեթե հարյուրտոկոսանոց հնարավորությունից ոչ մեկը չկարողացավ վերածել գոլի, «արքայականի» երջանկությունն էր:
Ի՞նչ է հուշում այս ամենը:
Ակնհայտ է մի բան՝ Նեապոլում թեժ է լինելու: Տանտերերի 2:0 հաշվով հնարավոր հաղթանակը բնավ էլ անհավանականության ոլորտից չէ, ու ահա թե ինչու է աշխարհում շատ բան տեսած Զիդանն ասում, որ հանդիպման ընդհանրական ելքը որոշված չէ:

ԻՆՏՐԻԳ, ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Որ շատ հետ չգնանք, գոնե առնվազն տասը տարի բոլորը գիտեն, որ Արիեն Ռոբենը գնդակն ընդունելու է հարձակման աջ թևում, մի երկու հոգու խաբելով՝ փոքր-ինչ առաջանալու է կենտրոն ու հուժկու հարվածով ծակելու է դարպասի վերին ձախ անկյունը:
Գիտեն ու չեն կարողանում դեմը առնել:
Գիտեն ու խայծն անընդհատ կուլ են տալիս:
Բա սա նորմա՞լ բան է:
Իհարկե նորմալ չէ, բայց այս աննորմալությունը դույզն-ինչ խանգարո՞ւմ է հոլանդացու մեծությամբ հիանալուն:
«Արսենալն» ինչ արե՞ց:
Առաջին խաղակեսում մի փոքր թպրտաց ու վերջ:


Առաջին խաղակեսի 1:1-ը սկզբունքորեն լավատեսական ոչինչ չէր հուշում լոնդոնցիներին, որովհետև ակնհայտ էր, որ քնած գազանն արթնանալու է ու կատաղած անելու է իր անելիքը: Ընդամենը տասը րոպեում հեղինակելով երեք գոլ՝ մյունխենցիներն իրենց համար երաշխավորեցին մի վիճակ, որ պատասխան խաղին կղզի կարող են ուղարկել թիմի երկրորդ կազմը, իսկ հինգերորդից հետո, ի՜նչ երկրորդ կազմ, կարող են պահեստային նստարանի դատարկ լուսանկարն ուղարկել ու վերջ:


5:1 հաշիվը հենց այն է, որ կոչվում է ֆորսմաժորային իրավիճակ: Սակայն պատասխան խաղում իսպառ չի կարելի բացառել «Արսենալի» հաղթանակը: Գիտեք՝ այնուամենայնիվ կա մի հասկացություն, որը կոչվում է պրոֆեսիոնալ համերաշխություն: Դիցուք թե Լոնդոնում «Արսենալը» «Բավարիային» հաղթի 1:0 կամ 2:1 հաշվով, դրանից Անչելոտիի գուլպանե՞րն են ծակվելու, թե՞ դեմքի խոզանն է մեկ օրվա վաղեմության մասին հիշեցնելու: Փոխարենը Արսեն Վենգերը գոնե մասամբ դուրս կգա թնդանոթային այն հրետակոծության տակից, որում հայտնվել է վերջերս: Մայրամուտ է (սա ես ոչ թե հեգնանքով, այլ ցավով եմ ասում), թող իր խաղաղ հունով հասնի վերջաբանին:
Ի վերջո, այն ամեն մեկի դռանն էլ չոքելու է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ