«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գավաթային կրքեր

Գավաթային կրքեր
27.01.2017 | 11:24

«ՌԵԱԼԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ


Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ քառորդում պատասխան հանդիպումների փուլն է: Չորս զույգից խաղացել է արդեն երեքը: Կիսաեզրափակչում են «Ալկորկոնին» շրջանցած «Ալավեսը», որին երկրորդ խաղում լիուլի բավարարեց 0:0 արդյունքը (մրցակցի հարկի տակ հաղթել էր 2:0 հաշվով), «Էյբարի» հետ արտագնայում ոչ-ոքի խաղացած «Աթլետիկոն» (հյուրերը հաշիվը հավասարեցրել են խաղավարտից հինգ րոպե առաջ, թեպետ պարտությունն էլ մադրիդցիներին կհաներ կիսաեզրափակիչ, քանի որ նրանք առաջին հանդիպումը շահել էին 3:0 հաշվով ու ստեղծել անհաղթահարելիության հզոր պաշար) և, որ խոշոր անակնկալ է, «Սելտան»: Այս հանդիպման մասին՝ թերևս ավելի մանրամասն:
Սեփական հարկի տակ առաջին հանդիպումը 2:1 հաշվով տանուլ տալով «Սելտային»՝ պատասխանում «արքայականին» բացառապես հաղթանակ էր պետք, այն էլ երկու գնդակի առավելությամբ, ինչը բնականաբար անհամեմատ հեշտացնում էր տանտերերի գործը, թեպետ Մադրիդի «Ռեալը» մնում է Մադրիդի «Ռեալ»:
26-րդ րոպեին «արքայականը» հաշվի մեջ կարող էր անցնել առաջ, սակայն տանտերերին փրկեց դարպասաձողը: 13 րոպե անց արդեն «Ռեալը» փրկվեց անխուսափելի թվացող գոլից: Միջանկյալ ևս մեկ փորձից հետո «Սելտան» խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ անցավ հաշվի մեջ՝ առավելագույնս բարդացնելով «արքայականի» առջև ծառացած խնդիրը:
62-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն թնդանոթային հարվածով տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը: Վիճակագրության սիրահարների համար նշենք՝ «Բալաիդոս» մարզադաշտը մեկ անգամ չէ, որ տեսել է պորտուգալացու գոլային իրացումները: Սակայն որքան խաղը մոտենում էր ավարտին, այնքան նվազում էին «Ռեալի» շանսերը, որովհետև, որպես նվազագույն ծրագիր, գոնե ցանկալի ոչ-ոքիի հասնելու համար պետք էր ևս երկու անգամ խոցել «Սելտայի» դարպասը:
«Ռեալի» համար տագնապի պայթյունը հետևեց հանդիպման 84-րդ րոպեին. մրցակիցը կրկին հաշվի մեջ առաջ անցավ, իսկ մինչ մրցավարի կողմից խաղի ավարտի ազդարարումը միակ բանը, որ կարողացավ անել Զիդանի թիմը, օրվա հանդիպման հաշիվը հավասարեցնելն էր, ինչը խոշոր հաշվով ոչինչ չտվեց «արքայականին», քանի որ կիսաեզրափակչի ուղեգիրը շահեց «Սելտան»:
Ինչ խոսք, որ ոչ լրիվ տասն օր անց «Ռեալը» Վիգոյում կարող է վրեժխնդիր լինել տանտերերից, սակայն դա լինելու է դիմակայություն արդեն առաջնության շրջանակներում ու ոչ մի կապ չունի «Արքայական գավաթ» անվանյալի հետ:
Երեկ ուշ երեկոյան կայացել է մեկ քառորդի չորրորդ հանդիպումը: «Բարսելոնը» հյուրընկալել էր Սոսիեդադի «Ռեալին», որին առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով:

ԵՐԿՐԻ ՀԱՐԱ՞ՎԸ, ԹԵ՞ ԿԵՆՏՐՈՆԸ
Ֆրանսիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի զույգերը կազմել էին «Բորդոն» ու «Պարի Սեն Ժերմենը», «Մոնակոն» ու «Նանսին»: Առաջինում լուրջ մրցակցություն ծավալվեց լոկ առաջին խաղակեսում, որտեղ կողմերը փոխանակեցին մեկական գոլ ու գնացին հանգստի: Ընդմիջումից հետո հյուրերն անցան տանտերերի մանրամասն մշակմանը, ինչն արտահայտվեց նրանց դարպասի երեք գրավմամբ: Մայրաքաղաքցիների կազմում երկուական գոլ են հեղինակել դի Մարիան ու ընթացիկ մրցաշրջանում բացառիկ արդյունավետությամբ գործող Էդինսոն Կավանին:
Երկրորդ դիմակայությունն անհամեմատ ծանր ընթացք ունեցավ: Ընթացիկ առաջնությունում բացառիկ արդյունավետությամբ փայլող մոնեգասկները լոկ մեկ անգամ գտան հյուրերի դարպաս տանող ճանապարհը (գոլի հեղինակն է Ֆալկաոն), թեպետ այդ մեկ անգամն էլ բավարար էր եզրափակչի ուղեգիրը ձեռք բերելու համար:

ԱՆՀՅՈՒՐԸՆԿԱԼ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ»
Արդեն կայացած իրողություն է Իտալիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի չորս խաղից երկուսը: Կիսաեզրափակչի առաջին ուղեգրի տերը դարձավ «Նապոլին», որը սեփական հարկի տակ ընդունեց «Ֆիորենտինային» ու առավելության հասավ նվազագույն առավելությամբ:
Երկրորդ դիմակայությունում հանդիպեցին հավերժական մրցակիցներ «Յուվենտուսն» ու «Միլանը», որտեղ, խոստովանենք, հաշվի առնելով առաջնությունում կողմերի մասնակցության որակական կողմը, առավել շահեկան էր ներկայանում «ծեր սինյորան»:
Ասել, թե հանդիպումը լարված ստացվեց, նշանակում է ոչինչ չասել: Դրա հավաստումը ոչ միայն արձանագրված հաշիվն էր՝ 2:1 հօգուտ «Յուվենտուսի», այլև ֆուտբոլիստներին «խելքի բերելու» նպատակով հանդիպման մրցավարի ցույց տված դեղին քարտերի թիվը՝ ութ: Ավելին՝ Իրատին հարկադրված եղավ դաշտից հեռացնել Լոկատելիին, ինչը վերջնականապես ի չիք դարձրեց ցանկալի արդյունքի հասնելու միլանցիների աղոտ հույսերը:
Կիսաեզրափակչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Նապոլին», իսկ ահա «Ինտեր»-«Լացիո», «Ռոմա»-«Չեզենա» զույգերը դեռ պիտի պարզեն, թե իրենցից որ երկուսն է ավելի արժանի կիսաեզրափակչի ուղեգրին: Առաջին զույգի հանդիպումը կայանալու է հունվարի 31-ին, երկրորդը կխաղա մեկ օր անց:

ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՋՈՂ ԳՆԱ
Եթե ամեն ինչ հաջող գնա, Հենրիխ Մխիթարյանի ձեռքերում կարող է հայտնվել Անգլիայի լիգայի գավաթը, ինչը նշանակալից երևույթ կլինի հայկական ֆուտբոլի համար, քանզի մեր օրերի Հայաստանում ֆուտբոլը բացակա հասկացություն է (որքան էլ վառ երևակայություն ունենաս, գրտնակը ջութակ չես անվանի), ու Մխիթարյանով մխիթարվելուց զատ մեզ ոչինչ չի մնում: Սակայն այդ ուրախությունն ապրելու համար նախ անհրաժեշտ էր, որ երեկ ուշ երեկոյան կայացած «Հալ Սիթի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում վերջինս չվրիպեր պատասխան խաղում, մանավանդ որ ընդհանուր ելքի առումով ավելի քան բավարար հիմքեր կային (առաջին դիմակայությունում մանչեստրցիները հաղթել են երկու անպատասխան գնդակի առավելությամբ): Ինչ վերաբերում է կիսաեզրափակիչ մյուս հանդիպմանը, «Լիվերպուլի» հետ մրցակցությունում «Սաուտհեմպտոնը» հաջողակ եղավ նաև երկրորդում ու դարձյալ նույն 1:0 հաշվով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ