ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Սևիլիան» վրեժխնդիր եղավ

«Սևիլիան» վրեժխնդիր եղավ
17.01.2017 | 12:10

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները գլխավորողներից (հիշեցնենք, որ բունդեսլիգայում դեռ չեն վերադարձել արձակուրդից) տուրը հաջող եղավ միայն «Չելսիի» համար, որը հետապնդողներից պոկվածությունն ավելի խոշոր դարձրեց: Մյուսների սայթաքումներն ավելի մեծացրին չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարի ինտրիգը, ինչն անկողմնակալ ֆուտբոլասերի համար միանգամայն շահավետ է, քանզի երբեմն անհայտությունը որոշակիությունից շատ ավելի լավ է:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի ու ընդհանրապես եվրոպական ֆուտբոլային գերտերությունների հանգստյան այս օրերի թիվ մեկ հանդիպումն անկասկած «Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայությունն էր: Հետաքրքրական էր՝ վերջին վեց հանդիպումը բացառապես հաղթանակով ավարտած տանտերերն ի՞նչ կարգի արգելափակոցներ կդնեին լիվերպուլյան հարձակման գծի առաջ, կգտնեի՞ն նրա պաշտպանությունը կոտրելու բանալին: Առաջ անցնելով՝ ասենք, որ մանչեստրցիներն առաջինում չհաջողեցին, երկրորդում՝ հաջողեցին, և դա լուսատախտակի վրա իր արտահայտությունը գտավ 1:1 հաշվի տեսքով՝ սկզբունքորեն դժվար ասելի թողնելով, թե շահողն ով եղավ, պարտվողը՝ ով: Բնականաբար սույնը նկատի ունենք հենց այս երկուսի կտրվածքով, որովհետև մեկ անվիճելի շահող եղավ, ու այն մրցաշարային աղյուսակը գլխավորող «Չելսին» է, որը «Լեստերի» հետ դիմակայությունում հաղթեց 3։0 հաշվով և իր մերձակա հետապնդողներից՝ «Տոտենհեմից» (չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Վեստ Բրոմվիչին») ու «Լիվերպուլից» առաջ է արդեն յոթ միավորով:
Նկատենք, որ տոտենհեմյան 4:0 հաշիվը արձանագրվել է նաև «Սուոնսի»-«Արսենալ», «Էվերտոն»- «Մանչեստր Սիթի» դիմակայություններում: Առաջինում՝ հօգուտ հյուրերի, երկրորդում` հօգուտ տանտերերի: Հատկապես անսպասելի էր երկրորդ դիմակայության հաշիվը, սակայն այդպիսի պաշտպանությամբ չորս գնդակ «կերած» տուն վերադառնալը պիտի որ այնքան էլ անպատվաբեր չլինի, որքան էլ դա խայտառակություն էր Խոսեպ Գվարդիոլայի սաների ու անձամբ իր՝ մարզչի համար, ում գործերն Անգլիո կողմերում սպասվածի պես չեն դասավորվում, թեև թիմը մնում է մեդալային հավակնորդներից մեկը: Ակումբի տերերն ահռելի գումարներ չեն ներդրել նրա համար, որ ցնցումների մեջ ապրեն: Նրանց անհրաժեշտ է երաշխավորված կայունություն:
«Չելսին» ունի 52, «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»` 45-ական միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
Վերջին տասն օրում սա «Սևիլիայի» ու Մադրիդի «Ռեալի» երրորդ առճակատումն էր: Առաջին երկուսն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում էին: Հատկապես հիշեցնենք երկրորդը, որում անդալուզցիները հաղթում էին 3:1 հաշվով ու, շնորհիվ նաև Սերխիո Ռամոսի դերակատարմամբ «արքայականի» հզոր ճնշման, ի վերջո խաղն ավարտվեց ոչ-ոքի: Հզոր վերջաբան ունեցավ և այս հանդիպումը: Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ «երաժշտության» պատվիրատուները եղան սևիլիացիները, ովքեր կարողացան ոչ միայն հավասարեցնել հանդիպման հաշիվը (շնորհիվ այդ նույն Սերխիո Ռամոսի ինքնագոլի), այլև կորզել հաղթանակը: Մի կողմ թողնենք այն, որ սա քառասուն անպարտ խաղաշարքից հետո «արքայականի» առաջին պարտությունն էր, սակայն եղածն առավել հատկանշական է այլ առումով: Հաղթեր «Ռեալը», հետապնդողներից առաջ պոկված կլիներ միավորների շատ ավելի մեծ պաշարով (չմոռանանք ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղը), ինչը գործնականում գրեթե անվիճելի կդարձներ նրա չեմպիոնական հավակնությունները:
Առաջնության վերջին հինգ խաղից երեքը ոչ-ոքիով ավարտած «Բարսելոնը» վերջապես սթափվեց, իսկ այդ սթափությունից ծանրորեն տուժեց հյուր ժամանած «Լաս Պալմասը», որը Կատալոնիայից հեռացավ հինգ անպատասխան գնդակ կերած: «Բարսելոնի» համեմատ չափազանց համեստ եղավ «Բետիսին» հյուրընկալած, խաղը նվազագույն հաշվով շահած «Աթլետիկոն»: Եվրագոտում մնալու համար պայքարող «Վիլյառեալը» «Դեպորտիվոյի» հետ խաղում բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
«Ռեալն» ունի 40, «Սևիլիան»՝ 39, «Բարսելոնը»՝ 38 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի հերթականը նույնպես պակաս հետաքրքրական զարգացումներ չարձանագրեց: Ասում են՝ ֆուտբոլային Ֆլորենցիայում տարվա մեջ մի բացառիկ օր կա, ու դա այն օրն է, երբ «մանուշակագույնները» հյուրընկալում են «Յուվենտուսին», եթե իհարկե այդ թշնամական ընդունելությունը հյուրընկալություն համարենք: Սա բավական հին պատմություն է, կապված է իտալական ու համաշխարհային ֆուտբոլի վառ անհատականություններից մեկի՝ Ռոբերտո Բաջոյի «Ֆիորենտինայից» «Յուվենտուս» տեղափոխման հետ:
Իհարկե, վիճակագրությունն անողոք հաստատում է, որ «ծեր սինյորան» այդ վոյաժներից թունոտ քնքշանքով սովորաբար վերադառնում է մանուշակները գրկին, սակայն այս անգամ բոլորովին այլ կերպ եղավ, ու դա հուրախություն ոչ միայն ֆլորենտացիների, այլև «Յուվենտուսին» կրնկակոխ հետապնդող «Ռոմայի», որին երկրի գործող չեմպիոնի 1։2 հաշվով կրած պարտությունը թույլ տվեց ընդհուպ մոտենալ նրան: Այդ մոտենալը հնարավոր եղավ նաև ի հաշիվ նրա, որ իտալական «գայլերն» արտագնայում պարտության մատնեցին «ՈՒդինեզեին», իսկ թե ինչու հաղթանակը եղավ ընդամենը նվազագույն հաշվով, սա արդեն թիմի հետ Լուչանո Սպալետիի քննարկելիք խնդիրն է:
Ինչ վերաբերում է իտալականի առաջին եռյակը կազմած մյուս թիմին՝ «Նապոլիին», հյուր եկած «Պեսկարայի» հետ նեապոլցիների տունտունիկ խաղալն ավարտվեց առաջին խաղակեսում: Երկրորդում տանտերերը երեք գոլ հեղինակեցին, որին մրցակիցը կարողացավ պատասխանել միայն մեկով, այն էլ՝ տասնմեկմետրանոցից, այն էլ՝ մրցավարի եզրափակիչ սուլոցից առաջ, որը սկզբունքորեն ոչինչ չէր փոխում:
«Յուվենտուսն» ունի 45 միավոր ու պակաս անցկացրած մեկ խաղ: «Ռոմայի» անվան դիմաց 44 միավոր է, «Նապոլին» ունի 41 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Թե վերջնահաշվում ինչպիսի դասավորություն կունենա հետապնդողներից զգալիորեն առաջ պոկված «Մոնակո»-«Նիցցա»-«Պարի Սեն Ժերմեն» եռյակը, դժվար է կանխագուշակել, որովհետև վերելքով հանդիպումներին հաջորդում են վարընթացները՝ ամեն ինչ պարուրելով անհայտության շղարշով: Թվում է, թե դիվիզիոնը եզրափակող «Մեցի» հետ ի՞նչ մի պրոբլեմ պիտի ունենար աղյուսակը գլխավորող «Նիցցան», սակայն արի ու տես, որ հաշվետու խաղում հարկադրված եղավ բավարարվել ընդամենը մեկ միավորով, այն էլ՝ տնային խաղում:
Առանձնապես ոչնչով տպավորիչ չէր և «Պարի Սեն Ժերմենը» «Ռենի» հետ արտագնա խաղում (1:0), սակայն բոլոր դեպքերում հաղթանակը մնում է հաղթանակ, մանավանդ որ այդ երեք միավորը չեմպիոնական մրցավազքում կարևոր գործոն է: Իսկ դիվիզիոնի հերթականի ամենահետաքրքրական հանդիպումը Մարսելում էր, որտեղ տեղի համանուն թիմը հյուրընկալել էր «Մոնակոյին»: Հակառակ բոլոր սպասումներին, տանտերերը ոչինչ չկարողացան հակադրել մոնեգասկներին, որոնք մրցակցի ողնաշարը հասցրին կոտրել արդեն առաջին խաղակեսում: Երկրորդում «Մոնակոն» բավարարվեց միայն մեկ գնդակ խփելով՝ ձևակերպելով հանդիպման 4։1 վերջնարդյունքն ու 45 միավորով գլխավորեց դիվիզիոնը: Նույնքան միավոր ունի և «Նիցցան»: «Պարի Սեն Ժերմենի» անվան դիմաց 42 միավոր է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ