ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Տոներ էին, եղան-պրծան, գործի անցնելու ժամանակն է

Տոներ էին, եղան-պրծան,  գործի անցնելու ժամանակն է
10.01.2017 | 09:28

Անգամ Սուրբ ծննդի ու Ամանորի տոներին (էս եվրոպացիների մոտ ամեն ինչ թարս է, չնայած էնպես էլ չէ, որ մենք աշխարհամասի մաս չենք) արձակուրդ չգնացած անգլիական առաջնությանն այս օրերին միացան «մարտադաշտ» վերադարձած իսպանականն ու իտալականը, ինչը բազմազանության տեսանկյունից ինքնին լավ է աչքի առաջ այս օրերին խոզի բուդ ու հնդուհավի միս տեսնելուն վարժված ֆուտբոլասերի համար, եթե անգամ մի պահ մոռացության տանք առողջ ապրելակերպին գործնականում ապավինելու հրամայականը, որի մասին հիմնականում, խոսքը մեր մեջ, սիրում ենք դատողություն անել բազմոցին թիկնած փիլիսոփայի դիրքերից:

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ
Արձակուրդից վերադառնալը լա լիգայի առաջին եռյակում գտնվող թիմերից երկուսը գոլային հրավառությամբ տոնեցին: «Արքայականը» «Գրանադային» հաղթեց 5:0 հաշվով, ինչը քաշային կարգերի անհամապատասխանության պայմաններում առանձնապես մեծ հերոսություն չէ, բայց դե ֆուտբոլասերը գոլով ապրող մարդ է՝ նրա սիրտը միայն այդպես կամ էլ «Բարսելոնի» պես սիրուն խաղով կարելի է սիրաշահել:
«Ռեալի» մարտաշնչին փորձեց համաքայլ լինել և «Սևիլիան»՝ արտագնայում պարտության մատնելով (4:0) Սոսիեդադի «Ռեալին»: Վերը հիշված երկուսին համաքայլ եղավ և «Էյբարին» հյուր գնացած «Աթլետիկոն», սակայն անհամեմատ համեստ հաշվով (2:0):
Սակայն տուրի ամենասպասված հանդիպումը բնականաբար «Վիլյառեալ»-«Բարսելոն» դիմակայությունն էր, որտեղ մրցակցող կողմերի ուժերի բևեռվածությունն այնչափ ցցուն չէ, ինչպես նախորդ երեք զույգերի պարագայում էր: Բացի այս, մեջտեղում մի ուրիշ գործոն էլ կար. օրեր առաջ գավաթի խաղում «Աթլետիկից» կրած պարտության համար կապտանռնագույններն ինչ-որ բանով երկրպագուի սիրտը պիտի շահեի՞ն, թե՞ չէ:
Առաջ անցնելով՝ ասենք, որ այդ սիրաշահումը մասնակի եղավ, ու եթե չլիներ հանդիպման իննսուներորդ րոպեին տուգանայինից դարպասի Մեսիի գրավումը, կատալոնցիները խաղը տանուլ կտային:
Արդ՝ ի՞նչ ստացվեց այս ոչ-ոքիի արդյունքում:


«Բարսելոնը» երկրորդից նահանջեց երրորդ հորիզոնական՝ մեկ միավորով զիջելով երկրորդում հայտնված, 36 միավոր ունեցող «Սևիլիային»: Սակայն կատալոնյան ակումբի երկրպագուների համար սա չարյաց փոքրագույնն է, այն արդեն հինգ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալից» որը դեռ մի պակաս անցկացրած խաղ էլ ունի ակտիվում (ի դեպ, «արքայականի» առաջիկա հանդիպումը «Սևիլիայի» հետ է): Եթե «Ռեալին» հաջողվի այդ դիմակայությունում երեք միավորի տեր դառնալ, կնշանակի «Բարսելոնից» արդեն ութ միավորի պոկվածություն (կրկին հիշեցնեմ՝ չմոռանանք ակտիվում մեկ խաղ պակաս ունենալու պարագան), ինչը կարող է չեմպիոնական մրցավազքում անհաղթահարելի գործոն դառնալ, եթե, իհարկե, Զիդանի սաների նյարդերը տեղի չտան: Գուցե այսպես ասելով շատ ենք առաջ ընկնում, բայց դե փաստի հետ էլ չես կարող հաշվի չնստել:


Եթե լա լիգայում ապագա չեմպիոնի հարցը ուրվագծումից հաստատագրումի միտումներ է դրսևորում, սկուդետեում, ի դեմս «ծեր սինյորայի» վստահ ելույթների, կարծես թե ամեն ինչ լինելու է նախորդ տարիների պես: «Յուվենտուսի» այս անգամվա հաղթանակը «Բոլոնիայի» նկատմամբ էր՝ իր համար միանգամայն «աշխատանքային» հաշվով. այն ձևակերպվեց Իգուաինի երկու, Դիբալայի մեկ ու թիմի դարպասն անառիկ պահած Բուֆոնի «չորության» հանրագումարում: Ի դեպ, այս հաղթանակով իտալական ֆուտբոլի առաջատարը թարմացրեց սկուդետեում իրեն իսկ պատկանող մի ռեկորդ, որն արվում է բացառապես տնային խաղերի հաշվարկով. «Բոլոնիայի» նկատմամբ հաղթանակը թվով քսանվեցերորդն էր թիմի համար: Նախորդը, որ բաժին է հասնում «Մրցաշրջան 2013-2014»-ին, հավասար էր քսանհինգի:


Մեկ խաղ պակաս անցկացրած երկրի գործող չեմպիոնի ակտիվում 45 միավոր է՝ չորսով շատ «Ռոմայից», որը, ինչպես երևում է, բացառապես կարող է ծանրանալ արծաթե մեդալների համար պայքարի վրա: Հերթականում իտալական «գայլերը» նվազագույն հաշվով պարտության են մատնել «Ջենովային» նրա իսկ դաշտում ու երեք միավորով առաջ են տուրում «Սամպդորիայի» նկատմամբ 2:1 հաշվով առավելության հասած «Նապոլիից»: Գործնականում նույնքան միավոր կարող է ունենալ և «Կալյարիի» հետ տուրի հանդիպումը հաղթանակով ավարտած «Միլանը» (1:0), եթե երեք միավոր վաստակի նաև ակտիվում ունեցած մեկ պակաս խաղում: Ներկա պահին միլանյան երիտասարդ թիմը հինգերորդ հորիզոնականում է և մեկ միավորով է հետ չորրորդ հորիզոնականում գտնվող «Լացիոյից», որը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Կրոտոնեին»:

ԳԱՎԱԹԻ ԽԱՂԵՐ
Սրանց սկզբունքորեն կարելի էր և չանդրադառնալ՝ հաշվի առնելով դրանց նախնական փուլում գտնվելը թե՛ Անգլիայում, թե՛ Ֆրանսիայում, սակայն վիճակագրության սիրահարներ կան, որոնց պահանջները չի կարելի հաշվի չառնել: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթի 1/32 փուլի առաջին խաղերում եվրագոտում գտնվող «Չելսին», «Տոտենհեմը», «Արսենալը», մանչեստրյան «Յունայթեդ» ու «Սիթի» ակումբները համապատասխանաբար հաղթել են «Պետերբորոյին» (4:1), «Աստոն Վիլային» (2:0), «Պրեստոնին» (2:1), «Ռեդինգին» (4:0), «Վեստ Հեմին» (5:0), իսկ «Լիվերպուլը» գոլազուրկ հանդիպում է ունեցել «Պլիմուտի» հետ: Այս վերջինիս «թերացումը» կարգով անհամեմատ ցածր ակումբի հետ եղել է այն պատճառով, որ Յուրգեն Կլոպը ակումբի պատմության մեջ խաղադաշտ է հանել ամենաերիտասարդ թիմը, որի միջին տարիքային շեմը հազիվ է հարևանություն անում 21 տարվա հետ: Այստեղ, թերևս, միջանկյալ նկատենք, որ «Ռեդինգի» հետ խաղում «կարմիր սատանաների» կազմում ՈՒեյն Ռունին խփել է իր մարզական կարիերայի 249-րդ գոլն ու կրկնել ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չառլտոնի ցուցանիշը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի գավաթի խաղարկության հանդիպումներին, որոնք նույնպես 1/32 փուլում են, եվրագոտում գտնվողներից հաղթանակներ են տոնել «Մոնակոն»՝ «Այաչոյի» (2:1), «Պարի Սեն Ժերմենը» «Բաստիայի» (7:0), «Լիոնը»՝ «Մոնպելիեի» (5:0) նկատմամբ, իսկ հյուր գնացած «Նիցցան» պարտվել է «Լորիանին»՝ 1:2:

Մարտին
ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ