ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Օլդ Թրաֆորդը» երգում է «Օ՜, Մխիթարյան»

«Օլդ Թրաֆորդը» երգում է «Օ՜, Մխիթարյան»
13.12.2016 | 11:30

Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ է պարգևում «Մանչեստր Յունայթեդին», շարունակում է անպարտ մրցելույթների շարքով հիացնել «Չելսին», ներքին առաջնությունում ճգնաժամի մեջ հայտնված Անգլիայի գործող չեմպիոնը վերջին ժամանակներս դարպասի ճանապարհը մոռացած Վարդիի օգնությամբ դաժան հաշվեհարդար է տեսնում «Մանչեստր Սիթիի» հետ, «Ռեալին» միավոր կորցնելուց դարձյալ փրկում է Սերխիո Ռամոսը, «Բավարիան» «տաքսի» է ձևակերպում «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումում ու, օգտվելով ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կրած առաջին պարտությունից, միավորներով հավասարվում նրան, թուրինյան դերբիում «ծեր սինյորան» ապացուցում է, որ հավասարը չունի, «Բորդոյի» նկատմամբ առավելության հասնելուց հետո «Մոնակոն» կրկին փորձում է իր «հագով կարել» դիվիզիոնի առաջին հորիզոնականը՝ թեկուզ և երկիշխանության գնով ու չի հաջողում, քանզի «Պարի Սեն Ժերմեն»-«Նիցցա» դիմակայությունում մայրաքաղաքցիները բավարարվեցին ոչ-ոքիով:

ԳԵՐՄԱՆԻԱ
Եթե, ի հաշիվ խաղավարտին մոտ խփած գնդակի, «Քյոլնի» հետ մրցակցությունում Դորտմունդի «Բորուսիային», այնուամենայնիվ, հաջողվեց խուսափել պարտությունից (1:1), նույնը չհաջողվեց անել բունդեսլիգայի առաջատարին, որը հյուր էր գնացել «Ինգոլշտադտին» ու զիջեց նվազագույն հաշվով: Սա պարզապես փառահեղ նվեր եղավ «Բավարիային», որը սեփական հարկի տակ «տաքսի» արեց «Վոլֆսբուրգին» (դուբլ է հեղինակել Լևանդովսկին)՝ գերմանական «գայլերի» դարպասը խոցելով հինգ անգամ: Հաղթանակը մյունխենցիներին հնարավորություն տվեց միավորներով (33) ոչ միայն հավասարվելու վերջին տուրերի անփոփոխ առաջատարին, այլև, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, շրջանցել նրան: «Լայպցիգի» այս պարտությունից հիմա արդեն առավել քան սպասված է դառնում բունդեսլիգայի հերթական տուրը, որտեղ բավարացիները «սրերը խաչաձևելու» են լայպցիգցիների հետ: Ի դեպ, վերջիններիս այս տեղատվությունից բունդեսլիգայում անպարտ մնացած միակ թիմը մնաց «Հոֆենհայմը», որը նախօրեին արտագնայում գոլազուրկ հանդիպում էր ունեցել «Այնտրախտի» հետ:
Տուրն առաջատար եռյակի մասով ուրիշ անակնկալ չմատուցեց, քանի որ «Վերդերին» հյուրընկալած «Հերտան» (27 միավոր) եթե անգամ պարտվեր, միևնույն է, ոչինչ չէր սպառնում երրորդ հորիզոնականում նրա գտնվելուն: Երևի հենց սույնն էլ ունեցավ իր վճռորոշ դերը: Գրանցվել է պարտություն նվազագույն հաշվով:

ԱՆԳԼԻԱ
Խաղի մեջ ծանր մտնելու բնավորություն ունեցող «Արսենալն» իր արատավոր սովորույթին անդավաճան մնաց նաև «Ստոկ Սիթիի» հետ խաղում, սակայն ընթացքում ամեն ինչ շտկեց, բերեց, տեղը դրեց՝ 3:1, իսկ ահա «Լեստերի» հետ խաղում առաջին խաղակեսին բաց թողած երեք գոլը ճակատագրական եղավ «Մանչեստր Սիթիի» համար (2։4): «Լեստերից» երեք գոլի հեղինակ է դարձել Ջեյմի Վարդին, որն այս մրցաշրջանում առանձնապես աչքի չէր ընկնում ռմբարկուի իր որակներով:
Հանդես գալով սեփական հարկի տակ՝ նվազագույն առավելությամբ իրենց հանդիպումներն ավարտեցին «Չելսին» ու «Մանչեստր Յունայթեդը»: Առաջինը գերազանցեց «Վեստ Բրոմվիչին» ու պահպանեց մրցաշարային աղյուսակում իր միանձնյա լիդերությունը (սա «ազնվականների իններորդ անընդմեջ հաղթանակն էր), երկրորդը երեք միավոր կորզեց շատ ավելի ահեղ մրցակցից՝ «Տոտենհեմից»: Այս դիմակայությունում հայ ֆուտբոլասերի համար եղավ մեկ լավ ու մեկ վատ բան: «Կարմիր սատանաներին» հաղթանակ բերեց մեր Հենրիխ Մխիթարյանի գոլը, իսկ վատն այն էր, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ ու հարկադրված էր խաղադաշտը լքել պատգարակի վրա: Ըստ Մոուրինյոյի, մեր տղայի հետ կապված առանձնապես լուրջ բան չկա, և նա խաղադաշտ կվերադառնա երկու շաբաթից: Ի դեպ, Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:
Անգլիական թոփ ակումբներից միակ ոչ-ոքի խաղացածը «Լիվերպուլն» էր, որը սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 2:2:
15-րդ տուրից հետո «Չելսին» ունի 37, «Արսենալը»՝ 34, «Լիվերպուլը»՝ 31 միավոր:

ԻՍԻՍՊԱՆԻԱ
Ի դեմս Լա Կորունիան ներկայացնող «Դեպորտիվոյի», «Ռեալն» ահռելի դիմադրության հանդիպեց սեփական դաշտում, ու եթե չլիներ հավելյալ ժամանակի լրացուցիչ րոպեներին Սերխիո Ռամոսի վճռորոշ հարվածը գլխով, «արքայականը» ստիպված էր լինելու հաշտվել մեկ միավոր ձեռք բերելու հետ՝ 3:2: Ավելորդ չհամարենք հիշել, որ այդպես նա փրկեց «Ռեալին» նաև «Բարսելոնի» հետ խաղում:
«Օսասունան» հեշտ պատառ եղավ «Բարսելոնի» համար, և խոշոր հաշվով պարտությունից նրան չօգնեցին անգամ տան պատերը: Մեսին դարձել է դուբլի հեղինակ (առաջնությունում խփած նրա գոլերն արդեն 11-ն են), մեկ գոլ էլ Լուիս Սուարեսի ակտիվում է:
«Սելտայի» հետ դիմակայության ելքը «Սևիլիան» որոշեց երկրորդ խաղակեսում (3։0)՝ ձեռքի հետ ամրագրված պահելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այստեղ բոլոր երեք գոլերի հեղինակն էլ Վիսենտե Իբորան է:
Մրցաշարային աղյուսակի գլխամասում 37 միավոր ունեցող Մադրիդի «Ռեալն» է, 31 միավորով նրան հաջորդում է «Բարսելոնը»:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում առանձնակի լարվածությամբ էր սպասվում թուրինյան դերբին: Կարծիք կար, որ «Թուրինը» պիտի լուրջ ճակատ տա «Յուվենտուսի» հետ մրցակցությունում: Առաջին խաղակեսում այդպես էլ եղավ: «Թուրինն» առաջ անցավ հաշվի մեջ, «ծեր սինյորան» հերոսաբար հավասարեցրեց հաշիվը: Սակայն երկրորդում նոմինալ հյուրերը երկու գնդակ էլ հեղինակեցին ու հասան կամային հաղթանակի: Դուբլի հեղինակ է դարձել Գոնսալո Իգուարինը: Առաջատար եռյակում ուժերի դասավորության առումով բացառիկ հետաքրքրություն էր ներկայացնում 32-ական միավոր ունեցող «Ռոմայի» ու «Միլանի» դիմակայությունը, սակայն այն երեկ ուշ երեկոյան էր և հանդիպման ելքի մասին կարող եք տեղեկանալ մեր կայքէջից:
39 միավորով աղյուսակը հպարտ միայնության մեջ գլխավորում է «Յուվենտուսը»:

ՖՐԱՆՍԻԱ
Արդեն երկրորդ անընդմեջ տուրն է, որ «Մոնակոն» դառնում է մեկ օրվա թագավոր (նախօրեին չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության էր մատնել «Բորդոյին» նրա իսկ դաշտում), սակայն մեկ օր անց հանդես եկած «Նիցցան» «քացախ լցրեց» նրա ախորժակին: Հանուն ճշմարտության ասենք, որ «թագավոր» դառնալու մոնեգասկների շանսերն այս անգամ ավելի քան առարկայական էին, քանզի «Նիցցան» հյուր էր գնացել երկրի գործող չեմպիոնին ու մայրաքաղաքում պրովինցիալի ճիշտ տեղը պիտի որ կարողանային ցույց տալ: ՈՒ քանի որ «պիտի որ»-ը մեջը պայմանականություններ պարունակող բան է, «Պարի Սեն Ժերմենը» դեռևս պիտի կարողանար իր ճշմարտությունը ապացուցել: Առաջ ընկնելով ասենք՝ խաղով ապացուցեց, իսկ, այ, հաշվի առումով՝ ոչ: Ավելին, ով գիտի քանի լիտր քրտինք թափեց խաղի ոչ-ոքի՝ 2:2 արդյունքին հասնելու համար: Ահա այսպես «Նիցցան» ի դերև հանեց «Մոնակոյի» հավակնությունները՝ դիվիզիոնի իր լիդերությունը երկարացնելով ևս մեկ տուրով:
Տասնյոթերորդ տուրի արդյունքներով «Նիցցան» ունի 40, «Մոնակոն»՝ 39, «Պարի Սեն Ժերմենը»՝ 36 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

‚ÂÂâ€ÂÂÂ/1338495490" rel="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 15.08.2024