ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Սկսվել է թագի համար պայքարը

Սկսվել է թագի համար պայքարը
18.11.2016 | 09:35

Նոյեմբերի 11-ին ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկել է շախմատի թագի համար Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտը: Կայացել է չորս տուր, բոլորն էլ ավարտվել են ոչ-ոքի: Սակայն պիտի նկատել, որ տուրից տուր, ինչը միանգամայն բնական է, լարվածությունն աճում է, պարտիաները դառնում են տևական: Այս առումով հատկապես ուշագրավ էր վերջինը, որտեղ ռուս գրոսմայստերը, մասնագետների կարծիքով, տասնիններորդ քայլում վրիպում թույլ տվեց՝ ճերմակադաշտ փիղը փոխելով հակառակորդի ձիու հետ, ինչը գործողությունների անհամեմատ մեծ դաշտ ապահովեց մրցակցի համար: Իր հերթին անհաջող է համարվում աշխարհի չեմպիոնի 45-րդ քայլը (f4), որը, նրա համոզմամբ, հեշտությամբ էր բացում հաջողություն տանող դուռը: Եղածը Մագնուս Կառլսենը մրցակցի համար բնութագրել է որպես փրկություն, իր համար՝ վրիպում:

Նշենք, որ մրցամարտը բաղկացած է տասներկու դասական պարտիայից՝ քառասուն քայլի համար հարյուր րոպե ստուգիչ, այնուհետ քսան քայլի համար հիսուն, ապա պարտիան ավարտին հասցնելու համար (բնականաբար՝ շարունակվելու դեպքում) 15 րոպեի հավելումով՝ յուրաքանչյուր քայլի համար երեսուն վայրկյանի տրամադրումով: Մինչև 30-րդ քայլը չի թույլատրվում ոչ-ոքիի համաձայնության գալ՝ բացի նույն քայլի եռակի կրկնության դեպքերից: Հաղթող է համարվում 6,5 միավոր հավաքողը:


Հաշվի հավասարության դեպքում (6:6), անցկացվելու է չորս պարտիայից բաղկացած թայ բրեյք՝ 25 րոպե ստուգիչ ժամանակով՝ գումարած յուրաքանչյուր քայլի համար տրվելիք տասը վայրկյանը: Եթե սրանից հետո էլ կողմերի միջև հավասարությունը պահպանվում է, խաղարկվելու է երկու պարտիա 5 րոպե ստուգիչ ժամանակով՝ գումարած յուրաքանչյուր քայլի համար տրվելիք երեք վայրկյանը: Եթե սա էլ չի որոշում հաղթողին՝ նշանակվում է չորս բլից պարտիա: Իսկ եթե հանգամանքներն այնպես են դասավորվում, որ սրանից հետո էլ կողմերի միջև պահպանվում է հավասարությունը, խաղարկվում է վճռորոշ պարտիան, որտեղ սպիտակ ֆիգուրներով խաղացողին տրվում է հինգ, սևերին՝ չորս խաղային րոպե՝ հավելած 61-րդ քայլից հետո տրվելիք երեք վայրկյանը: Այս պարտիայում ոչ-ոքին սև ֆիգուրներով հանդես եկող շախմատիստի համար հավասարազոր կլինի հաղթանակի: Իհարկե, այս վերջին պարտիայի անցկացումը, այսինքն՝ այդ փուլին հասնելը, ֆանտաստիկայի ոլորտից է, սակայն կազմակերպիչները պարտավոր են ամեն ինչ մանրամասների մեջ հաշվարկել:
Նկատենք, որ չեմպիոնության համար Սերգեյ Կարյակինն առաջին անգամ է մրցում, մինչդեռ Կառլսենի համար այն երրորդն է՝ սկսած 2013 թվականից: Այն ժամանակ նա թագը խլեց Վիշվանաթան Անանդից, իսկ մեկ տարի անց հաջողությամբ պահպանեց նույն Անանդի հետ խաղում: Այստեղ, թերևս, միջանկյալ նշենք, որ երկու մրցամարտում էլ Կառլսենը չի թողել բանը հասնի լրացուցիչ պարտիաներին. առաջին դեպքում հաղթել է 10-րդ, երկրորդում՝ 11-րդ պարտիայում:


Աշխարհի գործող չեմպիոնը քսանհինգ տարեկան է, հավակնորդը՝ 26: Սա շախմատի թագի համար պայքարի պատմության մեջ ամենաերիտասարդական դիմակայությունն է: Մինչ այս մրցակցող կողմերի միջև տարիքային տարբերություն առնվազն տասը տարուց պակաս չի եղել:
Ընթերցողին հնարավոր հետաքրքրող ինֆորմացիայից նշենք և այն, որ հանդիպման մրցանակային ֆոնդն ավելի քան մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար է՝ մրցակիցների միջև բաժանվելիք 60:40 տոկոսային հարաբերությամբ: Գումարի առյուծի բաժինը, բնականաբար, հասնելու է աշխարհի չեմպիոնին. Կառլսենի հաղթելու պարագայում, հասկանալի է, աշխարհի հին ու նոր չեմպիոնին, Սերգեյ Կարյակինի դեպքում՝ նորընծային: Թերևս այստեղ էլ հարկ համարենք միջանկյալ նշել, որ մինչև թագի համար պայքարը Կառլսենն ու Կարյակինը շախմատի տախտակի առաջ հանդիպել են քսանմեկ անգամ, և դրանցից միայն հինգն է ունեցել հաղթական ավարտ՝ չորսում առավել է եղել աշխարհի գործող չեմպիոնը:


Մասնագետներից շատերի կարծիքով՝ մրցապայքարում աշխարհի գործող չեմպիոնի հաղթանակի հնարավորությունն անհամեմատ մեծ է: Նրանք կարծում են, որ Կառլսենը չի թողնի, որ բանը հասնի տասներկու պարտիաների խաղարկմանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ