Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Չորրորդ տուրի հերոսները մենք ենք՝ հայերս

Չորրորդ տուրի հերոսները  մենք ենք՝ հայերս
15.11.2016 | 08:51

Սան Մարինոյի ու Էստոնիայի ընտրանիների հետ գերմանացիների ու բելգիացիների մրցակցությունը, ըստ էության, վերածվեց նախավարժանքի, նրանց պես պարտության դառնությունն առայսօր չեն ճաշակել և շվեյցարացիները, սիամական երկվորյակների պես իսպանացիներն ու իտալացիները շարունակում են մնալ իրենց խմբայինի գլխամասում, ֆանտաստիկ արդյունք են ցույց տալիս Հայաստանի ու Հունաստանի ընտրանիները՝ առաջինը մրցավարի սուլոցից ակնթարթ առաջ կորզում է հաղթանակը չեռնոգորցիներից, երկրորդը բոսնիացիների հետ խաղում խուսափում է պարտությունից: Եվ, այնուամենայնիվ, փորձենք պատասխանել, թե աշխարհի առաջնության խաղերի խմբային փուլերի հանդիպումներին ինչու ենք անդրադառնում՝ առանցքում ունենալով երևանյան դիմակայությունը, և ինչու է նյութն այսպես վերնագրված:

Ձևակերպումը ոչ գլուխգովանության, ոչ էլ տեղական հայրենասիրության դրսևորում է: Ավելին, ոչ էլ մեր մասնավոր կարծիքն է: Բոլորն են տպավորված մերոնց արածից: Իրատես լինենք՝ տպավորված են, ապշած են, զարմացած են, շոկի, թե մեկ այլ բանի մեջ են ոչ թե մերոնց խաղի որակից, այլ հանդիպումում արձանագրվածից, որովհետև 0:2 հաշվով պարտվելու պայմաններում գալ ու հասնելը, ապա և խաղը շահելը, հանաք-մասխարություն չէ:
Նորից եմ ասում՝ իրատես լինենք, քանզի հուսալ, թե այս հաղթանակով վերադարձանք աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրերի համար պայքարողների շարք, ուտոպիայի ժանրից է: Քթիմազություն չանեք ու ասածիս դիմադարձեք «եթե խմբում ենք, արդեն իսկ պայքարողների թվում ենք»-ով: Դա ընդամենը կցուցանի ոչ թե տրամաբանված մտածելու ձեր ունակությունը, այլ իմաստակությունը:


Խոսքս վերաբերում է խնդրի ոչ թե ձևական, այլ բովանդակային կողմին: Այնպես որ, չափը ճանաչելը չի խանգարի, եթե չասենք՝ կօգնի, սակայն այս դեպքում եթե-ի ևս մեկ կիրառմամբ՝ այս հաղթանակն ավանսով ենք ընդունում, խաղից խաղ մեր որակական հատկանիշներն ենք բյուրեղացնում, որպես սկիզբ վերադառնում ենք Հայաստանի այն հավաքականի մակարդակին, որը տարիներ առաջ համարյա թե եզրափակչի ուղեգրի տեր էր դառնում, ու որը չկարողացավ դա անել, ես ինչ իմանամ, ինչ մի քանիսի տված խաղերի արդյունքում. պատմությունն այնպիսի բան է, որ վաղ թե ուշ ցանկացած վարագույր բացում է, ցանկացածի դերակատարություն վեր հանում:
Ինչևէ:


Հանդիպման առաջին խաղակեսը մեզ համար տխուր, եթե չասեմ հուսահատ ավարտ ունեցավ: Բաց թողած երկու գնդակն էլ այն կարգից էին, որ սկզբունքորեն կոպիտ սխալ է համարվում անգամ մանկապատանեկան ֆուտբոլի մասնագիտացված դպրոցներում ու դրա համար հասնում է խիստ պատիժ՝ ընդհուպ հեռացում: Սակայն ի՞նչ կարող ես անել, երբ վիճակն է այսպիսին, ու դրա մասին լրջորեն հոգացող չկա:
Երկրորդ խաղակեսը մեզ համար դարձավ մեր երկրորդ «Ավարայրը»: Աղերսվող համեմատության թերևս միակ տարբերությունն այն է, որ այնտեղ, որպես վերջին տարբերակ կամ վերջին բաստիոն, հարբած փղերն էին, այստեղ՝ «խիզախ բազեները» (չեռնոգորցիների թիմն այսպիսի անվանում ունի): Ստեղծված իրադրությունում մեզ ոչինչ չէր մնում, բացի վրա տալուց, իսկ երբ վրա ես տալիս, ինչպես քո «կպչելու», այնպես էլ քեզ «կպչելու» հավանականությունը մեծանում է: Նկատի ունեմ՝ գնդակի: Բարեբախտաբար, Արտակ Գրիգորյանի 30-40-մետրանոց դրիբլինգն ավարտվեց դարպասապահի հետ մղած գնդակին կպչելով ու դարպասում հայտնվելով: Հիմա սա զուտ պատահականությո՞ւն էր, թե՞ վերևներում հյուսված «դավադրություն», այնքան էլ կարևոր չէ: Կարևորն ուրիշ բան էր՝ մենք խաղի մեջ էինք: «Ռամկի» կռվին (տե՛ս Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը) եկավ փոխարինելու մեթոդական ճնշումը: Չեռնոգորցիները դժվարությամբ էին դիմակայում: Ռուսները նման դեպքերի համար լավ ձևակերպում ունեն՝ «и пошло, поехало»:


Խաղային մեկ այլ դրվագում մրցակցի դարպասային հրապարակի խառնաշփոթում փայլուն կողմնորոշվեց Վարազդատ Հարոյանը, ու եղավ գրեթե անհավատալին: Խաղի հաշիվը մենք հավասարեցրել էինք, մնում էր տուրք չտալ վերջին րոպեներին գոլ ուտելու տխուր ավանդույթին կամ մեր ձախության մանկական հիվանդությանը: Երկու անգամ դրանով «փայլեց» դարպասապահ Բեգլարյանը ու դրանցից առավել մահացուից փրկեց Հրայր Մկոյանը, որն իր լուսապայծառ գլխով հրաշքով փակեց դարպաս տանող ճանապարհը: Հանդիպման ընթացքում հիշարժան ուրիշ պահեր էլ եղան (այդ թվում` մեր հրաշք Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ, որն իսկապես մեր ֆուտբոլի ամենալուսե անձն է), սակայն եկեք սահունորեն մոտենանք օրվա գլխավոր հանգուցալուծմանը: Գևորգ Ղազարյանի ռմբահարումը պարզապես մեկ ակնթարթով առաջ ընկավ մրցավարի սուլոցից:
Մենք հաղթեցինք:


Եղածն իսկապես ֆանտաստիկայի ոլորտից էր: Սա գերկամային հաղթանակ էր, ու հետխաղյա մամլո ասուլիսում երիցս ճիշտ էր հավաքականի գլխավոր մարզիչը, որ սա մեր կամքի ու ոգու հաղթանակն էր, որն իրականություն դարձավ շնորհիվ բռունցքվածության, համախմբված գործողությունների:
Սա մեր առաջին երեք միավորն էր չորս հանդիպումներում: Ինչ խոսք, որ տխուր վիճակագրություն է, սակայն շատ ավելի կարևորը կոտրված ոգու հետբերումն էր, սեփական ուժերի նկատմամբ հավատով լցվելը: Մնացածը ժամանակի հետ լուծվող խնդիր է, որը, հետևողական գործելու արդյունքում, ուշ թե շուտ տալու է իր պտուղները: Իսկ ոմանց չէր խանգարի իմանալ, որ հավաքականին խանգարողը բնավ էլ թիմի երկրպագուն չէ: Եթե ձեռի հետ կարողանանք այս տարրական իմացությունն էլ յուրացնել, մարզչին իր որոշումներում ու անելիքներում չխանգարել, քթներս մեզ անհասու գործերի մեջ չխրել, ամեն ինչ լավ կլինի:

A ԽՈՒՄԲ
Ֆրանսիա-Շվեդիա դիմակայությունում կողմերից մեկի հաղթանակը խմբում վերջ էր տալու երկիշխանությանը: Եվրոպայի վերջին առաջնության եզրափակչի մասնակիցները հաջողությամբ լուծեցին խնդիրը՝ հասնելով կամային հաղթանակի (2:1), ինչը Հոլանդիայի ընտրանու համար (լյուքսեմբուրգցիներին հաղթելու դեպքում) միավորներով շվեդներին հասնելու փայլուն հնարավորություն էր: Հոլանդացիներն իրենց մինիմում ծրագիրը հաջողությամբ լուծեցին՝ 3:1: Ինչ վերաբերում է Բուլղարիա-Բելառուս մրցակցությանը, հանդիպման ելքը որոշել է տանտերերի խփած միակ գոլը: Ֆրանսիացիներն ունեն 10, շվեդներն ու հոլանդացիները՝ 7-ական, բուլղարացիները՝ 6 միավոր:


B ԽՈՒՄԲ
Նաև չորրորդ տուրի հանդիպումում անպարտ մնաց Շվեյցարիայի ընտրանին, որի մրցակիցը Ֆարերյան կղզու ներկայացուցիչներն էին՝ 2:0: Հաղթանակներ տոնեցին նաև Հունգարիայի ու Պորտուգալիայի ընտրանիները: Առաջինը 4:0 հաշվով առավելության հասավ Անդորայի նկատմամբ, երկրորդը՝ Լատվիայի (4:1): Պորտուգալացիները 9 միավորով երկրորդ տեղում են, հունգարացիներն ունեն յոթ միավոր: Խմբայինի մյուս երեք թիմերը գործնականում դիտորդի կարգավիճակում են:

C ԽՈՒՄԲ
Այս վեցյակում վաղօրոք հայտնի միակ ֆավորիտը գերմանացիներն էին, ու Սան Մարինոյի նման ֆուտբոլային գաճաճին հաղթելը դժվարություն չէր կարող ներկայացնել, ինչն էլ նրանք հեշտությամբ արեցին՝ տանտերերի դարպասն անպատասխան ութ գոլ «լցնելով»: Իսկ ահա երկրորդ ուղեգրի համար քիչ արյուն չի թափվելու: Ասվածը առաջինը հաստատեցին հյուսիսիռլանդացիները՝ միանգամայն անսպասելի հաջող մեկնարկած ադրբեջանցիներին չորս անգամ հարկադրելով գնդակը հանել սեփական դարպասից: Իրենց հավակնությունների մեջ պակաս հետևողական չեղան և չեխերը՝ պարտության մատնելով նորվեգացիներին՝ 2:1:
12 միավորով առջևում են գերմանացիները, հյուսիսիռլանդացիներն ու ադրբեջանցիներն ունեն յոթական, չեխերը՝ հինգ միավոր:

D ԽՈՒՄԲ
Ընտրական փուլը սկսելով վրացիների նկատմամբ հաղթանակով՝ Ավստրիայի ընտրանին չի կարողանում դուրս գալ այդ հաղթական էյֆորիայի ազդեցությունից: Այս անգամ նրա ճանապարհին կանգնողը իռլանդացիներն էին՝ 0:1: Սերբերի հետ դիմակայությունում մինչև վերջին պահը հաղթանակին մոտ էին ուելսցիները, սակայն հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 1:1: Նույն սխեման աշխատեց և Վրաստան-Մոլդովա մրցակցությունում: Իռլանդացիներն ունեն 10, սերբերը՝ 8, ուելսցիները՝ 6, ավստրիացիները՝ 4 միավոր:

E ԽՈՒՄԲ
Մեր հավաքականի մասին արդեն խոսել ենք, ուստի անդրադառնանք մյուս երկու զույգը կազմածների մրցելույթին ու աղյուսակում նրանց հերթականությանը: Ռումինացիների հետ մրցավեճում լեհերն ավելի քան համոզիչ էին՝ 3:0, ինչն էլ վաստակած տասը միավորով նրանց տեղ է ապահովել առաջին հորիզոնականում: Շատ կարևոր երեք միավորի տեր դարձան դանիացիները՝ 4:1 հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնելով Ղազախստանի ընտրանուն ու ընդհուպ մոտենալով յոթ միավոր ունեցող չեռնոգորցիներին: Իրենց հերթին հինգ միավոր ունեցող ռումինացիները մեկ միավորով են հետ մնում դանիացիներից:

F ԽՈՒՄԲ
Բրիտանական դերբիում Անգլիայի ընտրանին համոզիչ էր Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ, ինչի հավաստումը եղավ նաև հանդիպման հաշիվը՝ 3:0: Սլովակիայի ու Լիտվայի ընտրանիների մրցակցությունում տանտերերը մի քանի գլխով բարձր եղան հյուրերի համեմատությամբ՝ հաղթելով անպարկեշտորեն խոշոր հաշվով՝ 4:0: Խոշոր հաշվի արձանագրում էր սպասվում և Մալթա-Սլովենիա դիմակայությունում, սակայն հյուրերն իրենց առավելությունը կարողացան հավաստել լոկ մեկ խփած գոլով: Անգլիացիներն ունեն 10, սլովենացիները՝ 8, սլովակները՝ 6, լիտվացիները՝ 5 միավոր: Այստեղ դեռ վաղ է խաղից դուրս համարել 4 միավոր ունեցող շոտլանդացիներին:

G ԽՈՒՄԲ
Այստեղ շարունակվում է իսպանացիների ու իտալացիների երկիշխանությունը: Ի դեպ, տուրում նրանք հաղթանակ են տարել նույն 4:0 հաշվով: Իսպանացիները հյուրընկալելիս պարտության են մատնել մակեդոնացիներին, իտալացիները՝ Լիխտենշտայնի ընտրանուն (հյուրընկալվելիս): Տասական միավոր ունեցող այս երկյակին ընդամենը մեկ միավորովեն զիջում իսրայելցիները, ովքեր արտագնայում 3:0 հաշվով հաղթել են ալբանացիներին: Նկատենք, որ սա այն սակավաթիվ խմբերից է, որտեղ սկզբունքորեն տարակարծություններ պիտի որ չլինեն առաջին երկու տեղում հայտնվելիք թիմերի հարցում:

H ԽՈՒՄԲ
Բելգիա-Էստոնիա դիմակայության հաշիվն անպարկեշտորեն մեծ ստացվեց: Որքան էլ չբացառենք էստոնացիների խփած գոլի գործոնը, 8:1-ն իրականում խոսում է մեկ դարպասի վրա ծավալված գործողությունների մասին: Դրամատիկ զարգացումներով անցավ Հունաստան-Բոսնիա-Հերցեգովինա դիմակայությունը: Հանդիպման ավարտից միայն վայրկյաններ առաջ ն տանտերերը կարողացան խուսափել պարտությունից՝ 1:1: Զուտ վիճակագրության սիրահարների համար հիշատակենք Կիպրոս-Ջիբրալթար մրցակցության հաշիվը՝ 3:1, քանի որ այս երկու թիմերն էլ զրոյական շանս ունեն խմբային պայքարում: Բելգիայի ընտրանին ընթանում է առանց միավորների կորստի, 10 միավոր ունեն հույները, բոսնիացիները՝ 7:

I ԽՈՒՄԲ
Խորվաթ ուլտրաների «ջանքերով» որակազրկված «Մակսիմիրը» մրցակցող կողմերին դիմավորեց առանց հանդիսատեսի, սակայն անգամ մարզադաշտի մեռելային լռությունը տանտերերին չխանգարեց, որ իրենց գործը պատվով անեն: Իսլանդացիները հեռացան պարտված՝ յուրաքանչյուր խաղակեսում ընդունելով մեկ գնդակ ու աղյուսակի երկրորդ հորիզոնականից նահանջելով երրորդ: Նրանց տեղը բավականին տաքուկ հարմարվելու եկան ուկրաինացիները, ովքեր նվազագույն հաշվով առավելության հասան ֆինների նկատմամբ: Հաղթական հանդիպում ունեցան և թուրքերը՝ երեք միավոր շահելով Կոսովոյի ընտրանուց ու շարունակելով մնալ ուղեգրի հավակնողների թվում: Խորվաթներն ունեն 10, ուկրաինացիները՝ 8, իսլանդացիները՝ 7, թուրքերը՝ 5 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ