ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Լիվերպուլը» դարձավ միանձնյա առաջատար

«Լիվերպուլը» դարձավ  միանձնյա առաջատար
08.11.2016 | 09:12

Հերթական հաղթանակը, այն էլ տպավորիչ հաշվով, «Լիվերպուլին» դարձրեց պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար, հետաքրքիր վիճակագրության հեղինակ դարձավ «Չելսին»՝ ներքին առաջնությունում հինգերորդ անընդմեջ հաղթանակը նշանավորելով հինգ անպատասխան գոլով, Զլատան Իբրահիմովիչը նաև Անգլիայում է դառնում պատմության անբաժան էջ, «Կաննը» «Նիցցայի» հաղթարշավն ընդհատեց՝ դառնալով մրցաշրջանում նրան պարտության մատնած առաջին թիմը, երիտասարդ ու լավ առումով ամբիցիոզ «Հոֆենհայմը» Մյունխենում «Բավարիային» հարկադրեց գոհանալ մեկ միավորով, տևական դադարից հետո Դորտմունդի «Բորուսիան» հիշեց, որ ֆուտբոլում կա և հաղթանակ ասած բանը, «Յուվենտուսը» ծանր հաղթանակի հասավ Վերոնայում, «Միլանին» վերստին սկսել է դուր գալ առաջատար եռյակի մաս կազմելը:

ԱՆԳԼԻԱ
Տասնմեկերորդ տուրը վերջ տվեց պրեմիեր լիգայի շարունակվող եռիշխանությանը: Դրա հող նախապատրաստողները եղան «Մանչեստր Սիթին» ու «Արսենալը», բնականաբար, իրենց համար վատ առումով: Երկուսն էլ հյուրընկալելիս 1:1 են խաղացել համապատասխանաբար «Միդլսբրոյի» (հյուրերը վերջին վայրկյաններին են հավասարեցրել հաշիվը) ու «Տոտենհեմի» հետ, որը լիգայում պարտություն չճաշակած միակ թիմն է մնում: «Մանչեստր Սիթին» ու «Արսենալը» 24-ական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականում են: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», այն ոչ միայն չկիսեց երկու տուր շարունակ իրեն բախտակից համարվողների ճակատագիրը, այլև այնպիսի գոլառատ հանդիպում ունեցավ, որ միայն կարելի է երազել: Մերսիսայդցիների զոհը եղավ գնդակների 1:6 հարաբերությամբ զիջած «ՈՒոտֆորդը»:
Հինգերորդ անընդմեջ խաղն ավարտելով հաղթանակով՝ «Չելսին» ներխուժեց առաջատար եռյակ ու ընդամենը մեկ միավորով է զիջում միանձնյա առաջատարին. «ազնվականներն» «Էվերտոնին» պարտության են մատնել հինգ անպատասխան գնդակի առավելությամբ: Եթե սրա կողքին հաշվի առնենք, որ այդ հինգ խաղում Անտոնիո Կոնտեի սաները 16 անգամ գրավել են մրցակցի դարպասը, սեփականը պահելով անառիկ, հիացականից զատ այլ խոսքեր չի կարելի ասել այս թիմի մասին:
Վերջապես, գոնե որոշ ժամանակով, կարելի է բավարարված համարել համաշխարհային ֆուտբոլի «ամենա» Ժոզե Մոուրինյոյի ամբիցիաները: Չորս անընդմեջ տուր չհաղթած «կարմիր սատանաներն» արտագնայում 3:1 հաշվով առավելության են հասել «Սուոնսիի» նկատմամբ: Այստեղ դուբլով աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը՝ խփելով պրեմիեր լիգայի պատմության 25000-րդ ու 25001-րդ գոլերը: Հոբելյանական գոլի առնչությամբ «գիտեի՞ք արդյոք»-ով սկսված լրագրողի հարցին շվեդ հարձակվողն արձագանքել է խիստ օրիգինալ՝ «Օ՜, ոչ, ես չգիտեի դա: Ես կարծում էի, թե խփում եմ կարիերայիս 25000-րդ գոլը»:
Ի դեպ, հաղթանակից թևավորված, հետխաղյա մամլո ասուլիսում Մոուրինյոն շտապել է ինչ-որ եզրեր հարթել՝ բարձրաձայնելով, թե թիմը հավատում է իրեն, ինքը՝ թիմին, ու որ դա երբեք էլ պրոբլեմ չի եղել, ինչը լավ էլ խոսում է թիմում եղած անհարթությունների մասին, եթե, իհարկե, գիտակցաբար խուսափում ենք «պրոբլեմ» բառն օգտագործելուց, թեև դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Ի լրումն տուրի հանդիպումների, հիշատակենք սեփական հարկի տակ «Վեստ Բրոմվիչին» 1:2 հաշվով զիջած «Լեստերին»: Հետաքրքրական է, որ սեփական դաշտում սա երկրի գործող չեմպիոնի առաջին պարտությունն էր 2015 թ. սեպտեմբերից հետո:

ԳԵՐՄԱՆԻԱ
Զուտ իներցիայի ուժով, թերևս, որպես անակնկալ կարելի է դիտարկել «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման 1:1 հաշիվը, սակայն սրա հետ մեկտեղ պիտի աչքի տակ ունենալ և այն, որ բունդեսլիգայի ամենաերիտասարդ թիմերից մեկն օրավուր է հասակ առնում, ու նրա հետ լրջորեն հաշվի չնստելը ծանր հետևանքներով է հղի: Իհարկե, «Բավարիան» ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար (վերջին րոպեներին երկու անգամ դարպասաձողն օգնության է հասել հյուրերին), սակայն ոչ ոք մյունխենցիներին չէր խնդրել դարպասը գրավելու փոխարեն կենտրոնանալ դարպասաձողի վրա:
Մյունխենցիների ոչ-ոքիից առավելագույնս օգտվեց «Մայնցին» հյուրընկալած ու 3:1 հաշվով առավելության հասած «Լայպցիգը», ինչը նրան հնարավորություն տվեց հավաքած միավորների թիվը հասցնելու 24-ի ու այս ցուցանիշով հավասարվելու երկրի գործող չեմպիոնին: «Հոֆենհայմը» 20 միավորով երրորդ հորիզոնականում է: Նրան կրնկակոխ հետևում է Մյոնխենգլադբախի «Բորուսիային» տանը հաղթած «Հերտան» (3:0), որի վաստակած միավորները նույնպես 20-ն են:
Ընդհանուրի թվում հիշատակենք նաև չորս խաղ անընդմեջ հաղթանակի քաղցրությունը չճաշակած Դորտմունդի «Բորուսիային», որն արտագնայում 5:2 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ: Նկատենք, որ դարպասի չորս գրավում Օբամեյանգի ակտիվում է, ով դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ:

ԻՍՊԱՆԻԱ
Հյուրընկալելիս «Լուգանեսի» նկատմամբ 3:0 հաշվով առավելությունը «արքայականի» համար ամրացված պահեց լա լիգայի առաջին հորիզոնականը (27 միավոր), իսկ ահա արտագնայում «Աթլետիկոն» ընկրկեց «Ռեալ Սոսիեդադի» առաջ (0:2) ու, կախված «Սևիլիա»-«Բարսելոն» դիմակայության արդյունքից, կարող էր հրաժեշտ տալ առաջին եռյակին: Ընթացիկ մրցաշրջանում սեփական դաշտում միավորներ չկորցրած (այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի խաղերում) «Սևիլիան» արագ անցավ գործի և միայն խաղակեսի ավարտին մոտ «կապտանռնագույնները» կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Իսկ հանդիպման երկրորդ կեսը միանգամայն ուրիշ բան էր. «Բարսելոնը» խաղում էր իրեն բնորոշ առանձնահատուկ շարմով ու հզորությամբ, ու որ «Սևիլիան» չպարտվեց խոշոր հաշվով (1:2), դրանում բացառիկ մեծ էր դարպասապահ Ռիկոյի ներդրումը, ինչը չես ասի վերջին խաղերում մանկական սխալներ գործող «Բարսելոնի» գերմանացի դարպասապահ Տեր Շտեգենի մասին: Ի դեպ ավելորդ չհամարենք նշել, որ «Աթլետիկոյի» ու «Սևիլիայի» սայթաքումից կարողացավ լավագույնս օգտվել «Վիլյառեալը»: Սեփական հարկի տակ պարտության մատնելով «Բետիսին»՝ թիմը 22 միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական՝ ավելի հետաքրքրական դարձնելով մրցանակային տեղերի շուրջ ծավալվող ինտրիգը:

ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուսի» հերթական երեք միավորը հեշտերից չես անվանի: Վերոնացիներն անգամ կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն «ծեր սինյորան» ուզածին այնուամենայնիվ հասավ՝ 2:1: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև «Պալերմո»-«Միլան» դիմակայությունում, ու դարձյալ հաղթողը հյուրերն էին: Հաղթական է եղել նաև «Ռոմայի» մրցելույթը. իտալացի «գայլերը» երեք անպատասխան գնդակի առավելությամբ են պարտության մատնել հյուր եկած «Բոլոնիային»: «Յուվենտուսն» ունի 30, «Ռոման»՝ 26, «Միլանը»՝ 25 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջատար եռյակից այս անգամ միավոր կորցրեց (ընդ որում՝ մրցաշրջանում առաջին անգամ) «Նիցցան»՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով «Կաննին», ինչը, այդուհանդերձ, նրան չխանգարեց մնալ առաջին հորիզոնականում: «Նիցցայի» ակտիվում նախկինի պես 29 միավոր է:
Տպավորիչ հաղթանակ տարավ «Մոնակոն»՝ առանձնակի դաժան վարվելով «Նանսիի» հետ՝ 6:0: Մոնեգասկների օրինակով առաջատարից հետ մնալը երեք միավորի հասցրեց «Ռենին» հյուրընկալած «Պարի Սեն Ժերմենը»: Այստեղ գրանցվել է հաղթանակ 4:0 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ