Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վարշավյան ապտակ «արքայականին»

Վարշավյան ապտակ  «արքայականին»
04.11.2016 | 09:19

Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների չորրորդ տուրից հետո հարյուրտոկոսանոց արդյունք ունեցող միակ թիմը մնաց «Աթլետիկոն»: Մադրիդցիներն արդեն իսկ ապրում են եզրափակիչ հանդիպումների սպասումով: Նրանց հետ փլեյ օֆում են նաև «Բավարիան», «Արսենալը», «Պարի Սեն Ժերմենը»: Նույնն անելու համար միայն հրաշքը կարող է խանգարել Մանչեստրից վիրավոր սրտով տուն դարձած «Բարսելոնին», «Սևիլիային», Դորտմունդի «Բորուսիային»: Սկզբունքորեն փլեյ օֆում է և «արքայականը», որը «Լեգիայի» հետ խաղում պարզապես ապշանքի մատնեց ողջ ֆուտբոլային աշխարհը: «Բարսելոնի» հետ ունեցած դիմակայությունից հետո կարող է աչքերի քունը գտնել Խոսեպ Գվարդիոլան: «Լեստերը» թեև միավոր կորցրեց, սակայն չզիջեց լիդերությունը, «Լիոնն» իր համար գրեթե ոչինչ չնշանակող ոչ-ոքիի հասավ «Յուվենտուսի» հետ մրցակցությունում՝ ձեռքի հետ հարամելով Բուֆոնի տոնը:

A ԽՈՒՄԲ
Հակառակ սպասվածի, «Լուդոգորեց»-«Արսենալ» դիմակայությունը ոչ թե լարված, այլ գերլարված ստացվեց, ու դրա հիմնական մեղավորներն Արսեն Վենգերի սաներն էին: Հեշտ հաղթանակի հետևից եկած լոնդոնցիներն անսպասելիորեն դեմ առան բուլղարացիների կատաղի դիմադրությանը՝ արդեն տասնհինգերորդ րոպեին զիջելով 0:2 հաշվով: Բարեբախտաբար (բնականաբար՝ իրենց համար), լոնդոնցիներն արագ դուրս եկան շոկային վիճակից ու հանդիպման առաջին կեսն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Թվում էր, թե երկրորդում ամեն ինչ կգնա հալած յուղի պես, սակայն տանտերերը խեղդվողի հուսահատությամբ կառչել էին փրկարար ոչ-ոքիից ու մարող խաղաժամանակի ֆոնին գրեթե հաջողում էին, սակայն Օզիլի անհատական վարպետությունը վերջ դրեց ամեն ինչին՝ 2:3:
Ոչ պակաս դրամատիկ էր և «Բազել»-«Պարի Սեն Ժերմեն» մրցակցությունը: Սակայն այստեղ էլ խաղի վերջին րոպեները եղան հօգուտ հյուրերի՝ 1:2: Ի դեմս տասական միավոր ունեցող «Արսենալի» ու «Պարի Սեն Ժերմենի», ըստ էության, այս խմբում խաղարկության փլեյ օֆ դուրս եկածների հարցը լուծված է (ինչպես և սպասվում էր), խնդիրը վերաբերում է միայն ում՝ առաջին, ում՝ երկրորդ տեղով դուրս գալուն: Մեկական միավոր ունեցող «Լուդոգորեցին» ու «Բազելին» ոչինչ չի մնում, բացի Եվրոպայի լիգա դուրս բերող իրավունքը վիճարկելուց:

B ԽՈՒՄԲ
Նեապոլցիների համար ներքին առաջնությունում «Յուվենտուսի» հետ խաղում մսխած ահռելի էներգիան վճռորոշ դեր ունեցավ «Բեշիկթաշի» հետ մրցակցությունում, ու չլիներ 79-րդ րոպեին Կուարեժմայի իրացրած տասնմեկմետրանոցը, խոշոր հարց է՝ «Նապոլին» Ստամբուլից մեկ միավոր վաստակած կհեռանա՞ր, թե՞ թուրքերը կհաղթեին նաև տնային խաղում: Ի դեպ, «Նապոլին» միակ իտալական թիմն է, որին կարողացել է հաղթել «Բեշիկթաշը»:
«Բենֆիկա»-Կիևի «Դինամո» մրցակցությունում ֆուտբոլի աստվածուհին հանդիպման ելքը վճռելը վերապահել էր խաղային հիմնական ժամանակի տասնմեկմետրանոցներին: Եթե պորտուգալացիներն իրենց բաժին բախտի տերը եղան, ուկրաինացիները ստիպված են Չեմպիոնների լիգայի փլեյ օֆի հետ կապված երազանքները թողնել հետագա տարիներին՝ 1:0:
«Նապոլին» ու «Բենֆիկան» ունեն յոթական, «Բեշիկթաշը» ՝ վեց միավոր:

C ԽՈՒՄԲ
Գվարդիոլայի բարսելոնյան խայտառակությունն առանձնահատուկ կշիռ էր վերապահել «Մանչեստր Սիթի»-«Բարսելոն» դիմակայությանը: Ասենք, որ «քաղաքաբնակները» կարողացան մաքրել ամոթի մրուրը, ու թեև 3:1-ը ոչ մի կերպ 4:0 չէ, սակայն բերած միավորներով հավասարարժեք է: Հետաքրքիր է, որ «Սիթիի» պաշտպանական գիծը վերստին անկարող եղավ սանձելու Մեսիին, ով խաղադաշտից նորից հեռացավ իր հերթականով: Գվարդիոլայի թիմի կազմում նշենք ռմբարկուի անսպասելի որակներ դրսևորող Գյունդողանին, որը ներքին առաջնության վերջին հանդիպման օրինակով դարձյալ երկու գոլ հեղինակեց: Ահա թե ինչ է նշանակում իր մարզչին գտնելը թուրք մարզիկի ու իր մարզչին չգտնելը Հենրիխ Մխիթարյանի պարագայում:
Զիջեր Մյոնխենգլադբախի «Բորուսիային», «Սելտիկը» վերջնականապես կթաղեր նաև Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելու հույսը: Սակայն Դեմբելեին հաջողվեց տասնմեկմետրանոցից վերականգնել հաշվի հավասարակշռությունը: «Բարսելոնն» ունի 9, «Մանչեստր Սիթին»՝ 7, «Բորուսիան»՝ 4, «Սելտիկը»՝ 2 միավոր: «Բարսելոնի» հետ փլեյ օֆ դուրս գալու հավանականությունը բնականաբար ավելի մեծ է «Սիթիի» պարագայում:

D ԽՈՒՄԲ
«Ռոստովի» հետ մրցակցությունում Մադրիդի «Աթլետիկոն» կարողացավ երկրորդ երեք միավորը վաստակել՝ շարունակելով անպարտ հանդիպումների շարքը: Տնային պարտությունից հետո մադրիդյան հանդիպումում ռուսները մոտ էին միավոր վաստակելուն, սակայն, ի դժբախտություն նրանց, գործեց վերջին վայրկյանին բաց թողած գնդակի դրաման՝ 2:1: Նշենք, որ Գրիզմանի երկու գոլն էլ չափազանց գեղեցիկ էին, ֆուտբոլի մեծ վարպետին միանգամայն արժանի:
Հաղթանակած է տուն դառնում նաև «Էյնդհովենի» նկատմամբ կամային հաղթանակ տոնած Մյունխենի «Բավարիան»՝ 2:1: Ընթերցողին հարկավ հետաքրքիր կլինի իմանալ, որ գերմանացիների կազմում երկու գոլ հեղինակած Ռոբերտ Լևանդովսկին չորս անգամ էլ ցնցել է դարպասաձողը: Ընդ որում, եթե առաջին երեքից հետո մարզիկը հուսահատությունից գլուխն էր բռնում, չորրորդից հետո պարզապես համակվել էր հիստերիկ ծիծաղով: Դե ինչ, լինում է և այսպիսի զարմանալի դիպուկություն:
«Աթլետիկոյի» պես «Բավարիան» էլ է լուծել փլեյ օֆ դուրս գալու խնդիրը, պարզապես միակ մութ հարցը մնում է, թե ո՞ր տեղով: Ինչ վերաբերում է մեկական միավոր ունեցող «Էյնդհովենին» ու «Ռոստովին», նրանց լուծելիք խնդիրը բոլորովին այլ «օպերայից» է:

E ԽՈՒՄԲ
«Մոնակոյի» հետ խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն զիջեց 0:3 հաշվով, սակայն պարտություն էլ կա, պարտություն էլ: Սա մի խաղ էր, որտեղ մոնեգասկներն ինչ ուզեցին, արեցին մրցակցի հետ, իսկ բանակայիններն առարկայնորեն ցույց տվեցին, թե ինչպես կարելի է չխաղալ ֆուտբոլ: Սակայն իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ ԲԿՄԱ-ն դեռ շարունակում է հավակնել ինչ-որ բանի:
Սկզբունքային մրցավեճում «Բայերը» երեք միավորով է վերադառնում Լոնդոնից: Ճիշտ է, հանդիպման ելքը վճռած միակ գոլն ինչ-որ տեղ բախտ բերելու արդյունք էր, սակայն ընդունված է ասել, որ հաջողությունն ուղեկցում է ուժեղին:
Չորրորդ տուրից հետո արդեն «Մոնակոն» ու «Բայերն» են համարվում եզրափակիչ դուրս գալու գլխավոր հավակնորդներ (ունեն 8 և 6 միավոր), «Տոտենհեմը» նահանջեց երրորդ հորիզոնական (4 միավոր): Աղյուսակը եզրափակողի անունը չհիշատակենք, միայն ասենք, որ ունի երկու միավոր:

F ԽՈՒՄԲ
Այն, ինչ արեցին լեհերն «արքայականի» հետ, ֆանտաստիկայի ժանրից է, ու «Լեգիայի» ֆանատներին այլ բան չի մնում, եթե ոչ կամովին մոխրաթաղ անել գլուխները Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում թույլ տված «ղալաթների» (ականջդ կանչի, Վանո Սիրադեղյան) ու այս հանդիպումը խաղադաշտում դիտելու հաճույքից զրկվելու համար, քանի որ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժել էր թիմին: Սակայն ասենք, որ եթե մարզասերն անգամ մարզադաշտում էլ լիներ, խաղասկզբում չէր տպավորվելու իր թիմի խաղով, քանի որ «Ռեալն» արդեն 55-րդ վայրկյանին առջևում էր: Գոլի հեղինակը Բեյլն է: Ի դեպ, սա ակումբի պատմության մեջ Չեմպիոնների լիգայի խաղերում խփած ամենաարագ գոլն էր: Մադրիդցիները երկրորդ գոլը խփեցին 35-րդ րոպեին, սակայն լեհերին հաջողվեց հանգստի գնալ 1:2 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի 83-րդ րոպեին «Լեգիան» հանդիպումն արդեն շահում էր 3:2 հաշվով, ու թվում էր, թե սենսացիան, այնուամենայնիվ, տեղի կունենա, սակայն մադրիդցիները կարողացան արագ վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ ավելիին հասնել չկարողացան: Մի խոսքով՝ 3:3:
Հեշտ չստացվեց նաև «Բորուսիա»-«Սպորտինգ» դիմակայությունը: Հանդիպման միակ գոլի հեղինակը Ադրիան Ռամոսն է, ով հաղթանակ ապահովեց դորտմունդցիներին: «Բորուսիան» տասը միավորով գլխավորում է աղյուսակը, «Ռեալը» հետ է մնում երկու նիշով: Պորտուգալացիներն ունեն երեք միավոր ու միակ բանը, որ կարող են անել, Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելն է:

G ԽՈՒՄԲ
Կոպենհագենյան դիմակայությունը տեղի համանուն թիմի ու «Լեստերի» միջև ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Սույն մրցակցության կապակցությամբ հիշարժանը թերևս միայն այն է, որ Անգլիայի գործող չեմպիոնը կորցրեց առաջին միավորները, ինչը, սակայն, չխանգարեց նրա լիդերությանը՝ տասը միավոր:
Խմբայինի մյուս դիմակայությունն էլ չփայլեց գոլերի առատությամբ: «Բրյուգեի» նկատմամբ իր առավելությունը հաստատելու համար «Պորտուին» բավականացրեց մեկ գոլը, ինչն էլ յոթ միավորով նրան հասցրեց աղյուսակի երկրորդ հորիզոնական: «Կոպենհագենն» ունի հինգ միավոր ու դեռ կարող է պայքարել փլեյ օֆի ուղեգրի համար: Ինչ վերաբերում է «Բրյուգեին», նա էլ, Զագրեբի «Դինամոյի» նման, չորս տուրից հետո չունի վաստակած և ոչ մի միավոր:

H ԽՈՒՄԲ
«Սևիլիան» Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում չորս անպատասխան գոլով պարզապես «ծամեց» մրցակցին և ունեցած միավորների թիվը հասցրեց տասի: Ի դեպ, հաղթեր «Լիոնին», նույնքան միավոր կարող էր ունենալ նաև «Յուվենտուսը», որն արդեն տասներեքերորդ րոպեին խաղը շահում էր 1:0 հաշվով: Սակայն գիտակցումն այն բանի, որ այս մրցակցությունում պարտությունը գործնականում նշանակում է փլեյ օֆում հայտնվելու աղոտ հույսերի մահ, լիոնցիներին ստիպեց մինչև վերջ պայքարել: Արձանագրված ոչ-ոքին (1:1) նաև թույլ մխիթարանք էր սեփական հարկի տակ «ծեր սինյորայից» կրած պարտության անպատվության դիմաց (թուրինցիները հաղթել էին տասը հոգով) ու ինչ-որ տեղ հոգու հանգստություն, որ փչացրին Բուֆոնի տոնը, որ իր հոբելյանական հարյուրերորդ խաղն էր անցկացնում Չեմպիոնների լիգայում ու լիոնյան հանդիպումում ֆանտաստիկ սեյվերով խանգարեց տանտերերին գոնե ոչ-ոքի գրանցել: Դե ինչ, ֆուտբոլում լինում են նաև այս կարգի մանրախնդրություններ, ու դրանք իրերի, դեպքերի տրամաբանական զարգացումների շրջանակում են: «Լիոնն» ունի չորս միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ