Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ո՞վ է լինելու «Ոսկե գնդակ-2016-ի» տիրակալը

Ո՞վ է լինելու «Ոսկե  գնդակ-2016-ի» տիրակալը
28.10.2016 | 12:00

Հոկտեմբերի 24-ին «Ֆրանս ֆուտբոլը» հրապարակեց «Ոսկե գնդակի» 2016 թ. հավակնորդների երեսուն հոգուց բաղկացած ցանկը: Հասկանալի է, որ հաղթողը մեկն է լինելու, ու դա պարզ կդառնա այս օրերի համար հեռավոր թվացող 2017-ի հունվարի 13-ին: Փորձենք այդ երեսունից ներկայացնել հաղթողի առավել հավանական թեկնածուին՝ բնականաբար չբացառելով անակնկալի տարրը:

Լիոնել Մեսի («Բարսելոն», Արգենտինայի հավաքական) -Ոչ միայն միլիարդը վաղուց անցած երկրպագուների գերակշիռ մասի, այլև բազմաթիվ ծանրակշիռ մասնագետների խորին համոզմամբ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ու նրա ֆուտբոլային հանճարն անվիճելի է: Պատահական չէ, որ ցարդ արգենտինացին հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի» ու այս ցուցանիշով միակն է աշխարհում:


Անցկացվելիք մրցանակաբաշխությունում հօգուտ նրա է խոսում «Բարսելոնի» բոլոր պաշտոնական խաղերում նրա խփած 453 գնդակը (զուտ Իսպանիայի առաջնությունում՝ 312), որը ակումբի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է:
Վեցերորդ անգամ հեղինակավոր մրցանակին արժանանալու համար ի՞նչը կարող է խանգարել ֆուտբոլային կախարդին:


Պատասխանը մեկն է՝ Արգենտինայի հավաքականը, որը նրա մասնակցությամբ ոչ մի մրցաշարում չի արժանացել հաղթողի դափնուն:
Այս առումով առանձնապես ցավոտ էր Ամերիկայի գավաթի վերջին խաղարկությունը, որտեղ արգենտինացիները եզրափակչում հետխաղյա տասնմեկմետրանոցներով զիջեցին Չիլիի ընտրանուն: Ընդ որում` չիրացրած տուգանայինն այնպես էր ազդել արգենտինացու վրա, որ առաջնության ավարտից անմիջապես հետո հայտարարեց հավաքականում ելույթները դադարեցնելու մասին: Սա կատարյալ շոկ էր ֆուտբոլային աշխարհի համար, ու գործին երկրի նախագահի խառնվելուց հետո միայն ֆուտբոլիստը փոխեց որոշումը:
Ինչ վերաբերում է ակումբային մակարդակով ֆուտբոլիստի գործերին, վիճակն անհամեմատ լավ է: Գարնանը թիմը դուբլ է արել՝ հաղթելով թե՛ ներքին առաջնությունում, թե՛ գավաթի մրցակցությունում, իսկ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մեկնարկային խաղերում հեղինակել է վեց գոլ:


Քրիշտիանու Ռոնալդու (Մադրիդի «Ռեալ», Պորտուգալիայի հավաքական)- Պորտուգալացու ամենախոշոր հաղթաթուղթը Եվրոպայի առաջնությունում հաղթելն է: Թեպետ նա գրեթե չխաղաց եզրափակչում (վնասվածքի պատճառով փոխարինվել է), սակայն գլխավոր խաղ տանող ճանապարհին ունեցած ներդրումը մեծ է: Դեռևս խմբային փուլում այդ նա էր, որ կարողացավ երկու անգամ հավասարեցնել հունգարացիների հետ հանդիպման հաշիվն ու ընտրանին դուրս բերել փլեյ օֆ: Մեկ ութերորդում այդ նա ստեղծեց հաղթական գոլը՝ Կուարեժմային տալով դարպասը գրավելու հնարավորություն, իսկ ՈՒելսի հետ կիսաեզրափակչի հաղթական գոլի հեղինակն արդեն ինքն էր: Աշխարհամասի առաջնությունում խփած գոլերի հաշվին նա հավասարվեց լեգենդար Միշել Պլատինիին, ով ինը գնդակով մինչ այդ միակն էր: Քրիշտիանուն միաժամանակ դարձավ միակ ֆուտբոլիստը, ով գոլեր է խփել Եվրոպայի չորս առաջնություններում:


Ակումբային մակարդակով Ռոնալդուի գործերը նույնպես վատ չեն: Դեռևս անցած տարի խփելով 230-րդ գոլը՝ նրան հաջողվեց շրջանցել լեգենդար Ռաուլին ու դառնալ «արքայականի» լավագույն ռմբարկու: Այդ նույն տարում նա դարձավ նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ռմբարկու՝ չորս խաղում դառնալով տասնմեկ գոլի հեղինակ, սակայն անգամ դա ու դրա հետ մեկտեղ ակումբի պատմության լավագույն ռմբարկու դառնալը չօգնեցին «Ոսկե գնդակ-2015» մրցակցությունում Մեսիին հաղթելուն: Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ պորտուգալացին այս պատվավոր մրցանակին արժանացել է երեք անգամ: Այնպես որ «պոկեր» անելու շանսեր կան:


Գարետ Բեյլ (Մադրիդի «Ռեալ», ՈՒելսի հավաքական)- 2013 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը (նրան ձեռք բերելու համար «Ռեալն» անգլիական «Տոտենհեմին» վճարեց հարյուր միլիոն եվրո) ընթացիկ տարում ոչ միայն «արքայական» ակումբի հույս դառնալու կրկնահայտ է ներկայացրել, այլև փայլուն մասնակցություն է ունեցել Եվրոպայի առաջնությանը, որտեղ ՈՒելսի ընտրանին սենսացիոն կերպով հասավ կիսաեզրափակիչ (զիջել է պորտուգալացիներին):


Թերևս կարիք չկա ասելու, որ հավաքականի գլխավոր հարվածային ուժը, ոգեշնչողն ու կազմակերպիչը հենց նա էր: Նշենք խմբային փուլի խաղերում նրա խփած երեք գոլը, մեկ ութերորդում՝ գոլային փոխանցումը, մեկ քառորդում ներդրած ահռելի ջանքերը, որոնք պսակվեցին կիսաեզրափակիչ դուրս գալով: Ներկա պահին հավաքականի կազմում նա հեղինակել է 24 գոլ, ինչն ընդամենը չորսով է պակաս Իան Ռաշի արդյունքից:
Իհարկե, լինելով ֆուտբոլային ոչ խոշոր տերության ներկայացուցիչ, միայն ակումբի մակարդակով դժվար է ֆուտբոլային «գայլերին» ձեռնոց նետել, սակայն «Եվրո-2016»-ում հավաքականի մատուցած անակնկալը կարող է դեր խաղալ ձայների հաշվարկում:
Անտուան Գրիզման (Մադրիդի «Աթլետիկո», Ֆրանսիայի հավաքական) -Այս ֆուտբոլիստը ոչ միայն ակումբի, այլև հավաքականի առանցքային խաղացողի հայտ է ներկայացրել: 2014-ին 30 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Աթլետիկո»՝ նա 81 խաղում 53 գոլի հեղինակ է դարձել, ու մատուցած ծառայությունների համար է, որ ակումբը նրա հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը:


Եվրոպայի վերջին առաջնությունում Գրիզմանը դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն՝ միաժամանակ արժանանալով թե՛ լավագույն ֆուտբոլիստի, թե՛ լավագույն ռմբարկուի (6 գնդակ) անհատական տիտղոսներին: «Ոսկե գնդակի» համար պայքարում հօգուտ 25-ամյա ֆրանսիացու կարող է խոսել նաև Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության եզրափակչի մասնակից լինելը:


Լուիս Սուարես («Բարսելոն», ՈՒրուգվայի հավաքական)- ՈՒրուգվայցին առաջին տարին չէ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կազմում է: Նրա աստղը ծագել է դեռևս 2010-ի աշխարհի առաջնությունում, որից մեկ տարի անց տեղափոխվեց «Լիվերպուլ» և երեք տարվա ընթացքում միայն Անգլիայում կայացած խաղերում դարձավ 69 գոլի հեղինակ:
2014-ին «Բարսելոն» տեղափոխվելը նրա կարիերայում անվիճելիորեն հսկայաքայլ էր: Առաջին հարյուր խաղում նրա անվան դիմաց գրանցվեց 88 գնդակ, 43 գոլային փոխանցում, ինչը ֆանտաստիկ ցուցանիշ է: Համեմատության համար՝ այդ տարի այս երկու ցուցանիշների հանրագումարում Ռոնալդուի ցուցանիշն էր 95+29, Մեսիինը՝ 41+14:


Հիշատակենք ևս մեկ տվյալ՝ 2014-2015 մրցաշրջանում Սուարես-Մեսի-Նեյմար եռյակը դարձավ 122 գոլի հեղինակ: Լա լիգայի պատմության մեջ նման արդյունք ցույց չի տվել և ոչ մի եռյակ: «Ոսկե գնդակի» համար պայքարում թե մի բան էլ խանգարի նրան, ծանր բնավորությունն է լինելու: Հիշենք 2014 թվի աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կելինիի հետ միջադեպը: Իտալացուն կծելու համար Սուարեսը որակազրկվեց միջազգային ինը խաղով, ինչպես նաև չորս ամսով զրկվեց ֆուտբոլային ակտիվ գործունեությունից:


Ամփոփենք: Մնացած քսանհինգ թեկնածուների մեջ հեղինակությունների պակաս չկա: Դրանք ինչպես համեմատաբար հին, այնպես էլ համեմատաբար նոր անուններ են: Հիշատակենք մի քանիսին՝ Զլատան Իբրահիմովիչ, Ջանլուիջի Բուֆոն, Սերխիո Ագուերո, Անդրես Ինիեստա, Թոմաս Մյուլլեր, Պոլ Պոգբա, Ռոբերտ Լևանդովսկի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ