ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Մոուրինյոյի ստեմֆորդբրիջյան խայտառակությունը

Մոուրինյոյի ստեմֆորդբրիջյան խայտառակությունը
25.10.2016 | 10:46

«Միլանի» ֆանտաստիկ խաղը «Յուվենտուսին» արժեցավ պարտություն, «Բարսելոնը» լոկ հավելյալ ժամանակում կոտրեց «չղջիկների» դիմադրությունը, պրեմիեր լիգան ջունգլիների հետ համեմատած Արսեն Վենգերը՝ «Չես ուզում քեզ ուտեն, պիտի կենտրոնացած լինես»-ի մասին չէր կարող զգուշացրած չլինել իր սաներին, սակայն չկարողացավ հասնել նրանց պահանջված կենտրոնացածությանը, թեպետ «Միդլսբրոյի» հետ ոչ-ոքին «Արսենալին» չխանգարեց մնալու աղյուսակի վերնամասում, «Չելսին» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ջարդուփշուր արեց Ժոզե Մոուրինյոյի «Մանչեստր Յունայթեդին» ու, փառք Աստծո, որ Հենրիխ Մխիթարյանն անմասն մնաց այդ անպատվությունից:


ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում չեմպիոնության հավակնողներից մեկ օր առաջ մրցելույթ ունեցած ու միայն հավելյալում «Վալենսիայի» նկատմամբ (3:2) առավելության հասած «Բարսելոնին» մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, բնականաբար, երկար չէր կարող ամրակցված մնալ: Հանդիպման առնչությամբ ասենք, որ «չղջիկներն» իսկապես հրաշալի խաղացին, ու միայն հավելյալ ժամանակում կատալոնցիները կարողացան առավելության հասնել: Հաղթական գոլի հեղինակը տասնմեկմետրանոցն իրացրած Մեսին է: Սպասվածի պես լարված ընթացք ունեցավ «Սևիլիա»-«Աթլետիկո» դիմակայությունը: Տանտերերը հաղթել են նվազագույն հաշվով՝ ձեռքի հետ մրցակցին դուրս մղելով առաջին եռյակից: Ծանր հանդիպում ունեցավ և «Ռեալը», որը երկար ժամանակ չէր կարողանում կոտրել Բիլբաոյի «Աթլետիկի» դիմադրությունը: Ի վերջո, դա հնարավոր դարձավ ի հաշիվ փոխարինման ելած Ալվարո Մորատայի գոլի: Նշենք, որ հաղթանակ է տոնել և «Վիլյառեալը»՝ 2:1 (մրցակիցը «Լաս Պալմասն» էր): 21 միավորով առաջատարն «արքայական» ակումբն է: Նրանից ընդամենը մեկ միավորով է հետ մնում «Սևիլիան», որն իր հերթին մեկ միավոր ավելի ունի «Բարսելոնից» ու «Վիլյառեալից»: «Աթլետիկոն» 18 միավորով հինգերորդ հորիզոնականում է:
Յոթական գնդակով առաջնության լավագույն ռմբարկուները երկուսն են, երկուսն էլ ներկայացնում են «Բարսելոնը». Սուարեսը նման արդյունքի է հասել ինը, Մեսին՝ յոթ խաղում:

ԱՆԳԼԻԱ
«Արսենալ»-«Միդլսբրո»: Մինչ այս մրցակցությունը լոնդոնցիներն ունեին յոթ անընդմեջ հաղթական հանդիպումների շարք: «Միդլսբրոն» ժամանել էր եթե ոչ վատագույն, գոնե վատ ցուցանիշով՝ վերջին չորս խաղում երեք պարտություն: Ինչպես ցույց տվեց դիմակայությունը, օրեր առաջ ջունգլիների հետ պրեմիեր լիգայի համեմատությունը բավարար զգուշացում չէր եղել Արսեն Վենգերի սաների համար: Արդյունքում՝ թանկարժեք միավորների կորուստ՝ 0:0: Նույնպիսի արդյունք գրանցվեց և «Բոռնմուտ»-Տոտենհեմ» մրցակցությունում, որը տուրի հերթական անակնկալների շարքից էր: Ոչ-ոքիներով ավարտված հանդիպումների շարքը «ջանասիրաբար» համալրեց և «Մանչեստր Սիթին»՝ սեփական հարկի տակ 1:1 խաղալով «Սաուտհեմպտոնի» հետ: Հաշվի առնելով Չեմպիոնների լիգայում «քաղաքաբնակների» կրած խայտառակ պարտությունը «Բարսելոնից»՝ «սրբերի» հետ դիմակայության հաշիվը վատ չպիտի համարել: Փոխարենը, նախորդ տուրում «Մանչեստր Յունայթեդի» հետ ունեցած ոչ-ոքիից հետո, մարզասերին դասեր քաղած էր ներկայացել «Լիվերպուլը». 2:1 հաշվով հաղթել է «Վեստ Բրոմվիչին»: Թեպետ չեմպիոնական մրցավազքից անհուսալիորեն դուրս է մնացել «Լեստերը», բոլոր դեպքերում, նշենք նրա հաղթանակը (3:1) «Կրիստալ Պալասի» նկատմամբ:
«Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ»: Սա տուրի, թերևս, ամենասպասված հանդիպումն էր: Թե Մոուրինյոն ի՞նչ քենով էր լցված ժամանել լոնդոնյան «Ստեմֆորդ Բրիջ» ու ի՜նչ հաճույքով էր վայելելու իր նախկին թիմի պարտությունը, դժվար չէ պատկերացնել: Մինչդեռ ինչ եղա՞վ: Եղավ այն, որ Անտոնիո Կոնտեն հետևողականորեն լուսանցք հանեց ամբիցիոզ պորտուգալացու մարտավարությունը, որն առանձին գծերով հար և նման է Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի պատկերացումներին. եթե վերջինիս ֆուտբոլային մտածողության մեջ տեղ չունեին Մովսիսյանն ու Սարկիսովը, ապա նրա շատ ավելի մեծ ժամանակակիցը թիմի կազմում համառորեն տեղ չի գտնում Հենրիխ Մխիթարյանի համար: Սակայն Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ իր հայ գործընկերոջը պատուհասածից: Ինչևէ: Իններորդ տուրից հետո պրեմիեր լիգայում եռիշխանություն է՝ ի դեմս քսանական միավոր ունեցող «Մանչեստր Սիթիի», «Արսենալի» ու «Լիվերպուլի»: Նրանց տասնիննական միավորով հաջորդում են «Չելսին» ու «Տոտենհեմը»:
Լավագույն ռմբարկուն «Չելսին» ներկայացնող Դիեգո Կոստան է, ով, չնայած թիմի ունեցած գոլառատ հանդիպմանը, չի կարողացել դարպասի գրավումով առանձնանալ:

ԻՏԱԼԻԱ
Իտալական ֆուտբոլի երկու մեծագույն ակումբների՝ «Միլանի» ու «Յուվենտուսի» դիմակայությունն ավարտվեց տանտերերի հաղթանակով, ինչը, անկեղծ լինենք, անակնկալի որոշակի տարր է պարունակում այն կտրվածքով, որ վերջին տարիներին «Միլանը» սեփական ես-ի որոնումների մեջ է: Հանդիպումը կարող էր խաղաղ հանգուցալուծում ունենալ, եթե վերջին վայրկյաններին միլանցիների պատանի դարպասապահ Ջանլուիջի Դոնառուման, ում միանգամայն իրավացիորեն համարում են մեծագույն Ջանլուիջի Բուֆոնի հետնորդ, դարպասի վերին աջ անկյունից չհաներ Խեդիրայի թնդանոթային կրակոցը: Առաջին եռյակում մնալու իր հավակնությունները կրկին հաստատեց «Ռոման»՝ այս անգամ առավելության հասնելով «Պալերմոյի» նկատմամբ՝ 4:1: Ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, իտալական «գայլերը» շրջանցեցին «Միլանին» ու 19 միավորով երկրորդ հորիզոնականում են: Առաջատարը շարունակում է մնալ «Յուվենտուսը»՝ 21 միավոր:
Սկուդետեի լավագույն ռմբարկուն ինը խաղում ութ գոլ հեղինակած Էդին Ջեկոն է («Ռոմա»):

ԳԵՐՄԱՆԻԱ
Նախորդ տուրի համեմատ խմբագրումների ենթարկվեց բունդեսլիգայի առաջատար եռյակի կազմը: «Քյոլնը» 1:2 հաշվով զիջեց նույն այդ եռյակում քանիցս հայտնված «Հերտային» ու երկրորդից նահանջեց հինգերորդ հորիզոնական: Փոխարենը առավել հաջողակ գտնվեց նրա պես տասնհինգ միավոր ունեցած ու երրորդ հորիզոնականում հանգրվանած «Լայպցիգը», որը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Վերդերին» ու հայտնվեց երկրորդ տեղում: Արտագնայում «Ինգոլշտադտի» հետ չափազանց լարված հանդիպում ունեցավ Դորտմունդի «Բորուսիան» ու միայն ի հաշիվ հավելյալ ժամանակում խփած գոլի խուսափեց պարտությունից՝ 3:3: Սա դորտմունդցիների երկրորդ անընդմեջ ոչ-ոքին էր, որը թիմին տասնչորս միավորով մղեց վեցերորդ հորիզոնական: Ինչ վերաբերում է «Բավարիային», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ երկու անպատասխան գնդակի տարբերությամբ նրա հաղթանակը միանգամայն համոզիչ էր: «Բավարիան» առջևում է 20 միավորով, նրան հաջորդում են «Լայպցիգն» ու «Հերտան» (համապատասխանաբար՝ 18 ու 17 միավոր): Դորտմունդի «Բորուսիայի» միավորների թիվը 14 է:
Լավագույն ռմբարկուն ութ խաղում նույնքան գոլ հեղինակած Անտոնի Մոդեստն է, նա ներկայացնում է «Քյոլն» ակումբը: Նրանից մեկ գոլով է հետ մնում Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (Դորտմունդի «Բորուսիա»), ով, ի դեպ, յոթ խաղի է մասնակցել:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում շարունակում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն իր պինդ ձեռքերում պահել «Նիցցան»: Հերթականում նրա մրցակիցը սեփական հարկի տակ հանդես եկող «Մեցն» էր՝ 4:2: Առատագոլության առումով սա ինչ-որ չափով պատասխան էր նախօրեին հյուր եկած «Մոնպելիեի» նկատմամբ շատ ավելի խոշոր հաշվով հաղթանակ տոնած «Մոնակոյին»՝ 6:2: Առաջին եռյակից հաղթական այս բարձր նոտան, թվում էր, պիտի պահպաներ «Պարի Սեն Ժերմենը», սակայն միակ բանը, որ կարողացավ անել երկրի գործող չեմպիոնը, սեփական դարպասն անառիկ պահելն էր՝ 0:0: Սա ակնհայտորեն հաղթանակ էր մրցակցի՝ մարսելցիների համար, ովքեր ողջ խաղի ընթացքում անգամ մեկ անգամ չկարողացան դիպուկ հարվածել տանտերերի դարպասին, սակայն տուն են վերադառնում միավոր վաստակած: Դիվիզիոնի առաջատարը 26 միավոր ունեցող «Նիցցան» է: 22 միավորով նրան հաջորդում է «Մոնակոն», իսկ փարիզցիների ունեցածը 20 միավոր է:
Առաջնությունում ամենաշատ գոլ հեղինակածը «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Էդինսոն Կավանին է՝ տասը խաղում՝ ինը գնդակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ