Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Երկրորդ տուրի պարզեցումները

Երկրորդ տուրի պարզեցումները
11.10.2016 | 09:14

Միանգամից ասենք, որ երկրորդ տուրին գրեթե անմիջապես հաջորդել է երրորդը, և թերթի ընձեռած աշխատանքային ռեժիմի պայմաններում, սույն նյութի մեջ հնարավոր է դարձել անդրադառնալ նաև G, I, D խմբերի երրորդ տուրի արդյունքներին: Ինչ վերաբերում է խմբային մրցելույթների այս պահի դրությամբ վերջնահաշվին, զուտ հիշեցման կարգով նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության եվրոպական թևի թիմերը բաժանված են ինը խմբի: Դրանցից ինն է, որ ուղիղ ճանապարհով կարող է մաս կազմել եզրափակչի, մյուս չորսը լինելու են երկրորդ տեղում հայտնված այն ութ հավաքականները, որոնք վիճակահանության արդյունքում կկազմեն զույգեր ու կվիճարկեն այդ դիմակայությունների հաղթողների դափնին: Ինչ վերաբերում է խմբայինում երկրորդ տեղում հայտնված, սակայն վատագույն ցուցանիշ ունեցած թիմին, բնականաբար, մնալու է հաշվից դուրս: Ցավով պիտի արձանագրել, որ, չնայած խմբային հանդիպումների տևական շարքին, անգամ այդ պատվին չի արժանանա Հայաստանի ազգային ընտրանին, քանի որ նրա ցուցադրած ֆուտբոլը ցանկացած այլ, բայց ոչ ֆուտբոլային տրամաբանության դասից է:

«ԲԱՑԱՌԻԿԸ»


Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության խմբային հանդիպումների երկրորդ տուրի խաղերի մասին Հայաստանի ազգային հավաքականի մասով միանգամայն հանգիստ խղճով կարելի է ոչինչ չասել՝ բացի վիճակագրության սիրահարների համար մրցակցի անունը (Ռումինիա) և խաղի հաշիվը (0:5) հիշատակելուց և, գործն ավարտած մարդու պես, անցնել մնացածներին:
Դաժա՞ն է, անսրտությո՞ւն է այսպես վարվելը հարազատ հավաքականի նկատմամբ:
Նկատի ունենալով զարգացումների այսպիսի վիճակը՝ ոչ թե՝ երևի, այլ հաստատապես՝ ո՛չ:
Թիմը հանգիստ թողնենք: Թիմն ի՞նչ մեղք ունի: Մի տուն, որ գլուխ չունի, մնացածներից ի՞նչ պահանջես կամ ի՞նչ ակնկալես: Մի տուն, որի գլխավորի գլխավորին ազգովին ասվում է՝ եղբայր, բերք ու բարիքը քաղովի է լինում, երբ արտը ջրովի է լինում, ու մանկանն իսկ հասու սույն ճշմարտությունը չի ընկալվում, էլ ի՞նչ ասես, ինչպե՞ս վարվես: Զոռբայությամբ, տարրական գրագիտության բացակայությամբ մինչ ո՞ւր ու մինչև ե՞րբ: Մի տուն, որի գլխավոր են բերում մեկին, ով բառերի կույտը բացահայտ շփոթում է հոդաբաշխ խոսքի հետ, ով տերմիններ է օգտագործում, այդպես էլ չընկալելով դրանց խորքն ու բուն նշանակությունը, նրանից ի՞նչ ակնկալես: Հայաստանում ի՞նչ ֆուտբոլի մասին կարող է խոսք լինել, երբ ֆուտբոլային գիտելիք չունեցող վերևի հրահանգով կազմ է որոշվում, այդ կազմն էլ բոբիկ ուղեղի (մի զարմացեք՝ ուղեղն էլ է բոբիկ լինում) բոբիկ պատկերացումներով մսացուի պես նետվում է դիմացինի մսաղացի մեջ:


Ընդհանրակա՞ն եմ խոսում: Բայց ես հո փչացած ձայնապնակ չե՞մ, որ մի կետի վրա ընկած անվերջ կրկնեմ, ու դուք էլ, հոգնելուն պես, արձագանքեք «դե զզվեցրիր»-ով: Էս է, արդեն քանի տարի գրում ենք, առարկայնորեն նշում, որ այսպես շարունակել չի կարելի, բայց ո՞ւմ ինչ:
Պահ եղավ՝ սկսեցի կասկածել՝ գուցե թե՞րթն է թանկ, որ հասու չեն հնչեցրած տագնապին: Սակայն թերթի արժեքի հարյուր դրամը մի ողջ կարողություն է խեղճ կենսաթոշակառուի կամ ձեռքի տակ գործ չունեցողի, բայց ոչ իրենց համար:


Հետո մի պահ եղավ, որ մտածեցի՝ գրածներիս գիտակցաբար ականջալուր չեն՝ նկատի ունենալով ֆուտբոլային իմացությանս մակերեսայնությունը, սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ բացի իրենց սպասարկու կազմից լրագրողների այս բույլի մեջ մի՞թե չկա իրենց իմացած պրոֆեսիոնալ մեկը, որ գոնե այդ մեկին ունկնդիր լինեն: Չէ, չկա, որովհետև սա… Հայաստան է ու՝ վերջ: Բան չունեմ ասելու, թող ձեր ասածը լինի, Հայաստանի զուլում բալեք, սակայն ձեր ասածն ու արածն իրականում նշանակում է Հայաստանի վերջ: Մասնավորապես ու ընդհանրապես:


Եթե շարունակենք ծավալվել, խոսքը ծայր չի ունենա, բայց և հավատալ, թե հետևություններ անող կլինի, խիստ եմ կասկածում ու այնքան ժամանակ, մինչ ամենաբարձր մակարդակով ձեռքը ցախավել վերցնող ու մեր ֆուտբոլային տնտեսության համար պատասխանատու անպատասխանատուներին իրենց իրական տեղը ցույց տվող մեկը չգտնվի: Ինչ վերաբերում է լեհերի հետ առաջիկայում սպասվելիք հանդիպմանը… դիմացեք, ժողովուրդ: Դիմացեք:
Այս, չգիտեմ էլ, համառոտ թե ընդարձակ, հասու թե անհաս խոսքից անցնենք… ֆուտբոլին` «գերազանցիկներ» ու «հարվածայիններ» պայմանական բաժանումով՝ նկատի ունենալով հավաքած միավորները:

«ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ»


Չնայած տանտերերի կատաղի դիմադրությանը (երկու անգամ հավասարեցրել են հաշիվը), այդուհանդերձ, շվեյցարացիները Հունգարիայից տուն դարձան երեք միավոր վաստակած (3:2) ու վեց միավորով միանձնյա գլխավորեցին աղյուսակը (B խումբ): Միանգամայն սպասված հաղթանակ են տոնել պորտուգալացիները: Անդորրացիները բոլորովին անօգ էին Եվրոպայի գործող չեմպիոնի հետ պայքարում՝ 6:0 (Ռոնալդուն դարձել է պոկերի հեղինակ): Սակայն պորտուգալացիների վաստակած երեք միավորը հնարավորություն չտվեց բարձրանալու երկրորդ հորիզոնական, քանի որ այնտեղ բավականին տաքուկ տեղ են գտել մեկ միավոր ավելի վաստակած Ֆարերյան կղզու ներկայացուցիչները, ովքեր, սպասելի թե անսպասելի, լատվիացիներից երեք միավոր կորզեցին նրանց իսկ դաշտում՝ 2:0:


Թեպետ չեխերի հետ խաղում (C խումբ) կասկած չէր հարուցում գերմանացիների հաղթանակը (3:0), բայց որ հյուրերն այդքան անօգնական կլինեն աշխարհի գործող չեմպիոնի հետ մրցակցությունում, փոքր-ինչ անսպասելի էր: Այս խմբում միանգամայն անսպասելի էր և ադրբեջանցիների ունեցած վեց միավորը (նվազագույն հաշվով առավելության են հասել նորվեգացիների նկատմամբ), բայց դե, ի տարբերություն այլոց, նրանց մոտ պատվախնդրության հարցը, ոնց որ թե, ավելի բարձր մակարդակի վրա է: Իհարկե, հետագա խաղերի արդյունքում մեր հարևանները կհասցնեն զրխկալով գահավիժել երկրորդ հորիզոնականից, սակայն այս պահի դրությամբ փաստն այսպիսին է: Հյուսիսային Իռլանդիան 4:0 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի նկատմամբ:
Մալթայի ընտրանու նկատմամբ տոնած 2:0 հաշվով հաղթանակից հետո (F խումբ) անգլիացիները նույնպես ունեցած միավորների թիվը հասցրին վեցի: Շոտլանդիայի ու Սլովենիայի ընտրանիներն ունեն չորսական միավոր: Առաջինը միայն վերջին րոպեներին սեփական հարկի տակ խուսափեց լիտվացիների հետ պարտությունից, երկրորդը նվազագույն հաշվով առավելության հասավ սլովակների նկատմամբ: Այստեղ, երևի թե, հարկ համարենք նշել, որ առնվազն տարօրինակ է դիտվում վերջիններիս անմխիթար մեկնարկը (երկու պարտություն):


H խմբում վեցական միավորով առաջատարները երկուսն են՝ Կիպրոսի ու Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանիներին 2:0 և 4:0 հաշվով հաղթած Հունաստանի ու Բելգիայի հավաքականները: Միանգամայն ակնհայտ է, որ առաջին տեղի համար պայքարում բելգիացիներին ձեռնոց են նետելու կամ հույները, կամ առայժմ երեք միավոր ունեցող բոսնիա-հերցեգովինացիները: Ինչ վերաբերում է ջիբրալթարցիներին 4:0 հաշվով պարտության մատնած էստոնացիներին (նույնպես ունեն երեք միավոր), ակնհայտ է, որ մերձբալթյան երկրներից սույնի մղած մարտերը տեղական նշանակության են:

«ՀԱՐՎԱԾԱՅԻՆՆԵՐԸ»


A խմբի առաջատարները չորսական միավոր ունեցող Ֆրանսիայի, Նիդերլանդների և Շվեդիայի ընտրանիներն են: Առաջին երկուսն օրվա մրցակիցներին՝ բուլղարացիներին ու բելառուսներին, պարտության են մատնել նույն 4:1 հաշվով, իսկ շվեդների հարցում բանը փոքր-ինչ բարդ է եղել՝ Լյուքսեմբուրգի հավաքականը նվազագույն հաշվով է զիջել հյուրերին: Իհարկե, այստեղ խաղից վերջնականապես դուրս չի կարելի համարել երեք միավոր ունեցող Բուլղարիայի ընտրանուն, սակայն կասկածից վեր է, որ ուղիղ ճանապարհով եզրափակիչ տանող պայքարում առավել մեծ են ֆրանսիացիների ու հոլանդացիների շանսերը:
D խումբը կազմածների երկրորդ տուրի դիմակայություններից հետո (ՈՒելս-Ավստրիա՝ 1:1, Իռլանդիա-Վրաստան՝ 1:0, Մոլդովա-Սերբիա՝ 0:3) երրորդ տուրի արդյունքներով (ՈՒելս-Վրաստան 1:1, Սերբիա-Ավստրիա՝ 3:2, Մոլդովա-Իռլանդիա՝ 1:2) աղյուսակում, ի դեմս Իռլանդիայի ու Սերբիայի ընտրանիների, երկիշխանություն է, նրանք ունեն յոթական միավոր: Երկուսին էլ հաղթական միավորները տրվել են ծանրագույն պայմաններում: Բնականաբար, դեռևս խաղից դուրս չի կարելի համարել հինգ միավոր ունեցող ուելսցիներին, ինչպես նաև ավստրիացիներին (չորս միավոր):


E խմբի հիմնական ֆավորիտները չորսն են՝ չորսական միավոր ունեցող Չեռնոգորիայի, Լեհաստանի, մեզ համար չարաբաստիկ Ռումինիայի և երեք միավոր ունեցող Դանիայի հավաքականները: Հայաստան-Ռումինիա դիմակայությանն անդրադարձել ենք, չկրկնենք: Ընթացքում 3:0 հաշվով լեհերը (երեք գոլի հեղինակն էլ Ռոբերտ Լևանդովսկին է) մազ էր մնացել, որ «հաջողեցնեին» միավոր նվիրել դանիացիներին: Բարեբախտաբար նրանց համար ամեն ինչ լավ ավարտվեց՝ 3:2: Չեռնոգորիայի ընտրանին ղազախների հետ վարվեց ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մեզ հետ վարվեցին ռումինացիները՝ 5:0: Հետաքրքրական է նկատել, որ այս խմբի բոլոր հանդիպումներում էլ հինգական գոլ է գրանցվել:


Չլիներ G խմբում արդեն իսկ խաղացված երրորդ տուրը, շնորհիվ ալբանացիների երկու հաղթանակի (երկրորդում 2:0 հաշվով պարտության են մատնել լիխտենշտայնցիներին), խումբը միանգամայն օրինաչափորեն կդիտարկվեր «Գերազանցիկները» ենթավերնագրի տակ: Սակայն անխուսափելիից չես խուսափի, մանավանդ որ այն խմբային առաջատարի համար եկավ Իսպանիայի ընտրանուն դիմակայելու տեսքով: Մի խոսքով, գլխից վեր ցատկել չհաջողվեց՝ 0:2: Սակայն ալբանացիներին չհաջողվեց ամրագրվել անգամ երկրորդ հորիզոնականում, քանի որ մակեդոնացիներին հյուր գնացած իտալացիները կարողացան երեք միավոր վաստակել՝ 3:2: Ասում ենք՝ կարողացան, որովհետև խաղավարտից քսաներկու րոպե առաջ տանտերերը հանդիպումը նույնիսկ շահում էին 2:1 հաշվով և դա 0:1 հաշվով պարտվելու պայմաններում: Յոթական միավորով աղյուսակի գլխամասում են Իսպանիայի ու Իտալիայի հավաքականները, որոնք երկրորդ տուրում ֆանտաստիկ հանդիպում ունեցան իրար հետ, սակայն Իտալիայում արձանագրված ոչ-ոքին՝ 1:1-ը, այդ դիմակայության, երևի թե, առավել տրամաբանական ելքն էր: Խմբային մյուս հանդիպումում Իսրայելի ընտրանին 2:1 հաշվով առավելության է հասել Լիխտենշտայնի հավաքականի նկատմամբ:
Եվ վերջապես I խումբը:


Երկրորդում Կոսովոյի ընտրանուն Կոսովոյում 6:0 հաշվով հաղթելուց հետո խորվաթները հաղթական հանդիպումների գրաֆիկին տեր եղան նաև ֆինների հետ խաղում, միայն այն տարբերությամբ, որ սեփական հանդիսատեսին կարողացան լոկ մեկ գոլային բերկրանք պարգևել: Յոթ միավորով աղյուսակում Խորվաթիայի հետ երկիշխանության մաս կազմեց թուրքերին սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնած Իսլանդիայի հավաքականը, որը երկրորդ տուրում սարսափելի ծանր մարտ էր ունեցել ֆինների հետ՝ ոչ միայն երկու անգամ կարողանալով վերականգնել հաշվի հավասարությունը, այլև հավելյալ ժամանակում հասնելով բաղձալի հաղթանակի: Ինչ վերաբերում է տուրում 3:0 հաշվով Կոսովոյի ընտրանու նկատմամբ առավելության հասած ուկրաինացիներին, հաղթական երեք միավորը ոչ միայն սփոփանք էր թուրքերի հետ խաղում կորցրած երեք միավորի դիմաց (հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով), այլև ուկրաինացի ֆուտբոլասերի համար հույսի որոշակի փայլատակում, որ իր երկրպագած թիմը շարունակում է մնալ եզրափակիչ դուրս գալու համար պայքարի ելածների ցանկում: ՈՒկրաինայի ընտրանու միավորների թիվը հինգն է:

ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԸ


Չորսական գնդակով նրանք չորսն են՝ Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան), Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա): Ռոնալդուին առաջինն ենք նշում, որովհետև նա բոլոր գնդակներն էլ խփել է մեկ խաղում: Ինչ վերաբերում է արդեն երկրորդ խաղում դուբլ արած Թոմաս Մյուլլերին, գերմանացիներն անշուշտ ուրախ են, որ իրենց հարձակվողը վերականգնել է կորցրած նշանառությունը, սակայն չեն մոռանում ցավակատակախառն նշել, որ լավ կլիներ դրանցից գոնե մեկը Թոմասը Եվրոպայի առաջնությունում խփեր՝ հիշեցնելով հավաքականում իր գոյության մասին: Գերմանացու նման իր չորս գոլերը երկու խաղում է խփել և Լևանդովսկին, իսկ ահա Մանջուկիչից այդ ցուցանիշն ապահովելու համար պահանջվել է երեք խաղ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ