Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Կրքերը թեժանում են

Կրքերը թեժանում են
30.09.2016 | 09:52

Շոտլանդիայում «Սելտիկի» հետ խաղացած ոչ-ոքին (C խումբ) ավելի է բարձրացնում առաջիկայում սպասվելիք «Մանչեստր Սիթի»-«Բարսելոն» դիմակայության առանց այն էլ բարձր արժեքը, «Աթլետիկոն» «Բավարիային» հասկացնում է, որ Մադրիդում (D խումբ) «ասողն« ինքն է, չնայած եվրոպական ֆուտբոլի տոնահանդեսում նորեկ լինելուն, ծերուկ Ռանիերիի «Լեստերը» (G խումբ) չափից ավելի համարձակ խաղի մեջ է ներքաշվել, ու, ի՞նչ իմանաս, թե երկրի նախորդ տարվա առաջնության հանգույն չի հաջողի և այստեղ. կատարյալ խառնաշփոթ է H խմբում՝ հնարավոր ցանկացած ելքով: Ընդհանուր գծերով ահա սրանք են Չեմպիոնների լիգայի խմբային երկրորդ տուրի հիմնական ուրվագծերը:

E ԽՈՒՄԲ


Ինչպես առաջին խաղում ԲԿՄԱ-ի, այնպես էլ այս երկրորդում «Մոնակոյի» հետ Լևերկուզենի «Բայերը» չկարողացավ տեր կանգնել հաղթանակին ու կրկին բավարարվեց մեկ միավորով: Արդեն դժվար էլ է ասելը՝ բանակայինների նկատմամբ երկու գնդակի առավելություն ունենալու պայմաններում հաղթանակը ձեռքից բաց թողնե՞լն էր ավելի վիրավորական, թե՞ բառացիորեն վերջին վայրկյաններին մոնեգասկներից գոլ ուտելը: Եթե բանն այսպես գնա, «Բայերը» սգով է հիշելու կորցրած այս միավորները:
«Մոնակոյի» հետ առաջին խաղից դասեր քաղած «Անդերլեխտը» Մոսկվայում բավականին հաշվենկատ ու ռացիոնալ էր: Բանակայիններին պարտությունից չփրկեց անգամ իրենց նորակառույց մարզադաշտում առաջին անգամ հանդես գալու գործոնը, թեպետ նվազագույն հաշվով պարտությունն այնքան էլ անպատվաբերների շարքից չէ:
«Մոնակոն» ունի չորս, «Տոտենհեմը»՝ երեք, «Բայերը»՝ երկու, ԲԿՄԱ-ն՝ մեկ միավոր, ու հետագայի առումով այստեղ ոչինչ էլ պարզ չէ:

F ԽՈՒՄԲ


Սկզբունքորեն դժվար է պատկերացնել, թե այս խմբից առաջին երկու տեղով դուրս գալուն Մադրիդի «Ռեալին» ու Դորտմունդի «Բորուսիային» կարող են խանգարողներ լինել: Իրական վեճն այստեղ խմբում առաջին տեղը գրավելու մեջ է: Երկրորդ տուրն ուժերի հարաբերակցության մասին այնքան էլ հստակ պատասխան չտվեց, թեպետ 2:2 հաշիվը լավ էլ որպես հստակ պատասխան կարող է դիտարկվել: «Արքայականը» դորտմունդցիների հետ մրցավեճում երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ստացավ, սակայն երկու անգամ էլ առավելությունը չկարողացավ պահպանել: Մադրիդցիների կտրվածքով սա մտահոգիչ է այնքանով, որ արդեն երրորդ խաղն են ոչ-ոքի խաղում (ներառյալ ներքին առաջնության հանդիպումները), ու սա կարող է բնավորություն դառնալ: Ինչ վերաբերում է գերմանացիներին, նրանք վերջին չորս խաղում առաջին անգամ այդքան ժուժկալ եղան խփած գոլերի հարցում, թեպետ երկու գոլ, այն էլ «Ռեալին», շատ ու շատ թիմերի համար չիրականացած երազանք է: Ինչևէ: Չորսական միավորով առաջին երկու հորիզոնականում են հենց այս թիմերը, երեք միավոր ունի «Լեգիային» 2:0 հաշվով հաղթած «Սպորտինգը»:

G ԽՈՒՄԲ


Հաստատված ճշմարտություն է, որ ախորժակն ուտելիս է բացվում: Առաջինում «Բրյուգեի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո Անգլիայի գործող չեմպիոնը խիզախեց նաև «Պորտուի» հետ դիմակայությունում (1:0) ու վեց միավորով միանգամայն հո՜վ, ապահո՜վ գլխավորում է խմբայինը: Ինչպես երևում է, անցած տարի ներքին առաջնությունում ֆուրոր անելուց հետո, ծերուկ Ռանիերին հիմա էլ թիրախավորվել է Չեմպիոների լիգայի վրա: Տեսնենք, թե հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն, թեպետ այստեղ նույնն անելը անհամեմատ դժվար է լինելու: Ինչ վերաբերում է «Բրյուգեի» լեստերյան խայտառակությանը, բելգիացիները կարծես ուզում են բոլորին ապացուցած լինել, որ վատից վատթարն էլ կա: Համենայն դեպս, նրանք դա հաստատեցին «Կոպենհագենի» հետ խաղում՝ այս անգամ պարտվելով չորս անպատասխան գնդակի տարբերությամբ:
Այստեղ չորս միավորով երկրորդ հորիզոնականում «Կոպենհագենն» է, իսկ երրորդ տեղում գտնվող «Պորտուն» աղյուսակը գլխավորող «Լեստերից» հետ է ամբողջ հինգ միավորով:

H ԽՈՒՄԲ


«Յուվենտուսի» հետ պատվաբեր ոչ-ոքիից հետո (որքան էլ չլինի, մրցակցի հարկի տակ է վաստակվել միավորը՝ 0:0) «Սևիլիան» առավելագույնը քամեց «Լիոնի» հետ մրցակցությունից, ու ոչինչ, որ այդ հաղթանակը նվազագույն հաշվով էր: Կարևորը ձեռք բերած երեք միավորն է:
Զագրեբի «Դինամոյի» հետ դիմակայությունում նույնքան միավորով ունեցածը համալրեց և «ծեր սինյորան»: Տրամաբանորեն դա այդպես էլ պիտի լիներ, պարզապես հանդիպման հաշիվն անպարկեշտորեն մեծ ստացվեց՝ 4:0, մանավանդ որ, այդ գոլերը խփվել են արտագնայում: Նկատենք, որ ամբողջ հանդիպման ընթացքում զագրեբցիները ոչ մի դիպուկ հարված չեն կատարել մրցակցի դարպասին:
«Յուվենտուսն» ու «Սևիլիան» ունեն չորսական, «Լիոնը»՝ երեք միավոր:

A ԽՈՒՄԲ


Այն, ինչ «Պարի Սեն Ժերմենը» չկարողացավ անել «Արսենալի» հետ տնային խաղում, արեց «Լուդոգորեցի» հետ արտագնա մրցակցությունում, սակայն մինչև վերջնական արդյունքի ձևակերպումը (3:1) հիմնովին քայքայելով մարզասերների նյարդերը (նկատի ունենք առաջինը գոլ բաց թողնելը): Անհամեմատ անցնցում անցավ «Արսենալ»-«Բազել» դիմակայությունը, որտեղ անգլիացիները պարզապես փայլում էին: Մնում է միայն ապշել, թե այդ ինչպես շվեյցարացիները հաջողեցրին ընդամենը երկու անպատասխան գնդակի տարբերությամբ պարտվել, թեպետ չպիտի ուրանալ նրանց դարպասապահի ապշեցուցիչ խաղը: Ֆրանսիացիների հետ անգլիացիները չորսական միավորով աղյուսակի վերին երկու հորիզոնականում են, ու սկզբունքորեն դժվար թե լինի նրանց ախորժակը քացախեցնող երրորդ կողմ:

B ԽՈՒՄԲ


Այս խմբում բացահայտ լիդերության հայտ ներկայացրեց «Նապոլին»՝ երկրորդ հանդիպումում էլ վաստակելով երեք միավոր, իսկ մրցակիցը եվրոպական խաղարկությունների բովով բազմիցս անցած «Պորտուն» էր: Սա օրվա լավագույն դիմակայություններից էր, հարուստ ոչ միայն գոլային պահերով, այլև դրանց իրացումով: Մի խոսքով՝ 4:2: Չմոռանանք Մալիկին, ով «Նապոլիի» կազմում առայժմ լիուլի արդարացնում է իր ձեռքբերման համար ծախսված փողերը: Դատելով խմբայինում թիմերի տեղաբաշխումից՝ նեապոլցիները մի ոտքով արդեն եզրափակչում են:
Սուր պայքար էր «Բեշիքթաշ»-Կիևի «Դինամո» դիմակայությունում: Թուրքերն առաջինը հաջողեցին, սակայն ուկրաինական ֆուտբոլի ծագող աստղը՝ տասնիննամյա Ցիգանկովը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Ավելացնենք, որ եզրափակչի երկրորդ ուղեգրի համար խմբի բոլոր երեք թիմերն էլ շարունակում են մնալ պայքարի մեջ:

C ԽՈՒՄԲ


«Մանչեստր Սիթիի» ու «Բարսելոնի» օրվա մրցակիցները նախորդում խայտառակ հաշվով պարտություն կրած «Սելտիկն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էին (առաջինը զիջել էր յոթ «չոր», երկրորդը նույնքան «չոր» չորս գնդակի տարբերությամբ), և հետաքրքիր էր, թե սեփական հարկի տակ ինչպես կգործեն: Ասենք, որ երկուսում էլ կրքերի մի այլ կարգի շիկացում էր: «Սելտիկը» երեք անգամ առաջ անցավ հաշվի մեջ, երեք անգամ էլ մանչեստրցիները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Այդ օրը հաղթանակի էր արժանի մրցակցող թե՛ մի, թե՛ մյուս կողմը, սակայն, արձանագրված հաշիվը, երևի թե, լավագույն ելքն էր:
Ինչ վերաբերում է մյոնխենգլադբախցիներին, նրանք վիրավոր առյուծի նման ընկան բարսելոնցիների ջանին, առաջին խաղակեսից հետո անգամ հաղթում էին, սակայն ի վերջո մրցակցի բարձր կարգը զգացվեց՝ 1:2: Երկու տուրից հետո «Բարսելոնն» ունի վեց, «Մանչեստր Սիթին»՝ չորս միավոր, ու այստեղ իսկական երկրաշարժ է ակնկալվում առաջիկա մրցակցությունում: Կարծում եմ՝ հասկացաք, թե ինչու: Այնպես որ, սպասենք Խոսեպ Գվարդիոլայի նախկին ու ներկա թիմերի առճակատմանը:

D ԽՈՒՄԲ


Որ Չեմպիոնների լիգայի մրցումային երկրորդ օրվա «Աթլետիկո»-«Բավարիա» մրցավեճը ոչ միայն խմբի, այլև օրվա մրցավեճերից ամենասպասվածն էր, պայմանավորված էր ոչ միայն այս ակումբների ունեցած քաշ ու կշռով, այլև ոչ վաղ անցյալով: Ֆուտբոլասերը հարկավ չի մոռացել հեղինակավոր այս մրցաշարի անցած տարվա կիսաեզրափակիչը, որտեղ երկու խաղերի արդյունքով ճանապարհը շարունակելու իրավունք ստացավ մադրիդյան ակումբը: Առաջ անցնելով ասենք, որ «Վիսենտե դել Կալդերոնում» «Բավարիան» նորից դեմ առավ մադրիդյան անառիկ ամրոցին (0:1) ու նորից մնալու է «Ալյանց Արենայում» մուռը հանելու սպասումով: Իհարկե, այս խաղից հետո Գերմանիայում հարվածի քիչ սլաքներ չեն ուղղվի Կառլո Անչելոտիին, բայց սա մարզիչներին բաժին հասած խաչն է, ճակատագիրը:
Համառ մրցակցություն էր նաև «Ռոստով»-«Էյնդհովեն» առերեսումում: Կուրբան Բերդիևի սաները սեփական հարկի տակ փորձեցին առավելագույնը քաղել դիմակայությունից, սակայն բավարարվեցին լոկ մեկ միավոր վաստակելով՝ 2:2: Սա եվրոպական մրցաշարում նորամուտը նշող թիմի համար վատ արդյունք չէ: Նշենք, որ ինչպես «Աթլետիկոյի» հետ խաղում, այնպես էլ ռոստովցիների հետ դիմակայությունում հոլանդացիները դարձյալ չկարողացան իրացնել տասնմեկմետրանոց տուգանայինը:

ԱՄՓՈՓՈՒՄ


Խմբային երկու խաղերից հետո առավելագույն միավոր վաստակած ընդամենը չորս թիմ կա՝ «Նապոլին», «Բարսելոնը», «Աթլետիկոն», «Լեստերը»: Միավոր չվաստակածները նույնպես չորսն են՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Լեգիան», «Բրյուգեն», Զագրեբի «Դինամոն»: Իհարկե սրանով մենք առանձնապես ինչ-որ լուրջ բան չենք ակնարկում, սակայն, ինչպես պապը կասեր, հասկացողի համար մի բաժակ կոմպոտն էլ հերիք է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ