Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ակնկալված ու չակնկալված արդյունքներ

Ակնկալված ու չակնկալված արդյունքներ
23.09.2016 | 10:23

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններն արդեն մտնում են բնականոն հուն՝ ֆուտբոլասերին խոստանալով բազում գեղեցիկ մրցակցություններ, առաջինը լինելու անհաշտ դիմակայություններ: Ակնհայտ է, որ, բացառությամբ անգլիականի («Լեստերն» իր խիզախումն արել-պրծել է և ընթացիկում, ինչպես ասել է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, խնդիր ունի տասնյակում ամրապնդվել), մյուս առաջնություններում չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն նույն թիմերը, իսկ եթե փոփոխություններ էլ լինեն, լինելու են չնչին:

ԻՍՊԱՆԻԱ
«Վիլյառեալի» հետ ոչ-ոքիից հետո (1:1), լա լիգայի հերթական տուրն անակնկալի առաջ կանգնեցրեց սեփական հարկի տակ հանդես եկած Մադրիդի «Ռեալին», բայց դա, ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա զարգացումները, «արքայականին» չխանգարեց մնալու աղյուսակի վերնամասում:


Տուրի գլխավոր հանդիպումը, անշուշտ, Բարսելոնում էր, որտեղ «կապտանռնագույններն» ընդունել էին «Աթլետիկոյին»: Հաջողության դեպքում բարսելոնցիները, իհարկե, չէին շրջանցի «սերուցքայիններին» («Ալավեսից» կրած պարտությունը դեռ երկար կհիշվի), սակայն ընդհուպ կմոտենային նրան: Շտապենք ասել, որ մադրիդցիները մրցակցին զրկեցին երեք միավոր վաստակելու հաճույքից ու կարողացան խաղը հասցնել ոչ-ոքիի հանգրվան: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, ինչը նշանակեց, որ «Բարսելոնը» ևս մեկ տուր ստիպված է «գոհանալ» երրորդ տեղով:


Աղյուսակի առաջին հորիզոնականում «Ռեալն» է՝ տասներեք միավորով: Նրան հաջորդում է երկու միավոր պակաս ունեցող «Սևիլիան» (նվազագույն հաշվով առավելության է հասել «Բետիսի» նկատմամբ), իսկ «Բարսելոնի» ունեցածը տասը միավոր է:
Այստեղ, թերևս, ավելորդ չհամարենք նշել, որ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ կնքած պայմանագրի ժամկետն անցած շաբաթ ակումբի ղեկավարությունը կրճատել է: Խոսակցություններ կան, որ քառասունվեցամյա արգենտինացի մասնագետին իրենց թիմի ղեկին ցանկանում է տեսնել իտալական «Ինտերի» ղեկավարությունը:

ԳԵՐՄԱՆԻԱ


Բուդեսլիգայում առանց պարտության ընթացող միակ թիմը «Բավարիան» է՝ չորս տուրից հետո տասներկու միավոր: Երկրի գործող չեմպիոնը հերթականում ծնկի բերեց (3:0) մինչ այդ իր հետ հավասար ոտք գցող «Հերտային»: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում տասը միավոր ունեցող «Քյոլնն» է, որն արտագնայում 3:1 հաշվով առավելության է հասել «Շալկեի» նկատմամբ:


Արտագնայում հերթական խոշոր հաշվով հաղթանակն է տարել Դորտմունդի «Բորուսիան» (5:1)՝ «ատամնաթափ» անելով գերմանական «գայլերին»՝ «Վոլֆսբուրգին»: Դուրտմունդցիների ակտիվում է ինը միավոր, նույնքան ունեն և Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ու «Հերտան»:

ԻՏԱԼԻԱ


«Ջենովան» չգրավեց «Նապոլիի» դարպասը, բայց հյուրերին էլ իրենը գրավելու հնարավորություն չտվեց, իսկ սա նշանակում էր, որ եթե նախորդ տուրում «Ինտերից» կրած պարտությունից հետո «Յուվենտուսը» համապատասխան եզրակացություններ է արել, ապա կարող է կրկին գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Կալիարիի» հետ խաղում երկրի գործող չեմպիոնը գործեց անվրեպ՝ 4:0: Նույն հաշվով հաղթանակ տոնեց և «Ռոման» «Կրոտոնեի» հետ խաղում՝ տասը միավորով բարձրանալով երրորդ հորիզոնական: Տասներկու միավոր ունի «ծեր սինյորան», նեապոլցիները՝ տասնմեկ:

ՖՐԱՆՍԻԱ


Դիվիզիոնում արդեն կայացել է վեց տուր և յուրաքանչյուրը նոր փոփոխություններ է բերում աղյուսակի վերնամասում: Այսպես՝ հինգերորդ տուրի արդյունքներով աղյուսակը գլխավորած «Մոնակոն» «Նիցցայից» կրած խոշոր պարտությունից հետո (0:4, Բալոտելին դարձել է դուբլի հեղինակ) արդեն երրորդն է՝ տեղը զիջելով իրեն պատժածին: Ինչ վերաբերում է գործող չեմպիոնին, ապա «Պարի Սեն Ժերմենը» մրցակիցների նկատմամբ այլևս չունի նախորդ տարիների բացահայտ առավելությունը, թեպետ չի դադարում առաջին եռյակի պարտադիր մասը կազմելուց: «Դիժոնի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո թիմը տասներեք միավորով երկրորդ հորիզոնականում է: Նույնքան միավոր է գրանցված և «Մոնակոյի» հաշվին: «Նիցցան» ավելի է վաստակել մեկ միավոր:


ԱՆԳԼԻԱ


Անգլիայի լիգայի գավաթի երրորդ փուլում անխտիր հաջողակ եղան երկրի առաջատար ակումբները: Հետաքրքրական է, որ, բացի «Տոտենհեմից» (5:0 հաշվով հաղթել է «Ջիլինգեմին»), մնացածները եղել են հյուրի կարգավիճակում: «Լիվերպուլը» առավելության է հասել «Դերբի Քաունթիի» (3:0), «Մանչեստր Սիթին»՝ «Սուոնսիի» (2:1), «Արսենալը»՝ «Նոթինգհեմի» (4:0), «Մանչեստր Յունայթեդը»՝ «Նորտհեմպտոնի» (3:1) նկատմամբ: Վերջինիս առնչությամբ նշենք, որ երեք անընդմեջ պարտությունից հետո սա Մոուրինյոյի սաների առաջին հաղթանակն էր: Հանդիպմանը չի մասնակցել Հենրիխ Մխիթարյանը:
Ամենադրամատիկը եղել է «Լեստեր»-«Չելսի» դիմակայությունը: Արդեն երեսուներորդ րոպեին, 0:2 հաշվով պարտվելուց հետո, Անտոնիո Կոնտեի սաները կարողացել են հավասարեցնել հաշիվն ու հանդիպումը տեղափոխել լրացուցիչ խաղաժամանակ, որտեղ ևս երկու անգամ առավելության են հասել երկրի գործող չեմպիոնի նկատմամբ (հանուն ճշմարտության ասենք, որ արդեն երկրորդ խաղակեսի վերջից «Լեստերն» ուներ մեկ պակաս խաղացող): Նկատենք, որ առաջնության նախորդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչն իր մոտ է հրավիրել թիմի ղեկավարությանն ու դժգոհել խաղից: Ի դեպ, «Լիվերպուլի» հանդիպումն Աբրամովիչի համար եղել է հոբելյանական 250-րդը՝ ակումբի սեփականատիրոջ կարգավիճակում:


Հավելենք, որ արդեն կայացել է լիգայի գավաթի խաղարկության չորրորդ փուլի վիճակահանությունը: Նշենք զույգերից երկուսին՝ մեկում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», մյուսում՝ մանչեստրյան երկու ակումբները, ընդ որում, «Յունայթեդն» է հյուրընկալելու «Սիթիին»: Հիշեցնենք, որ առաջնության շրջանակներում «Սիթին» կարողացավ առավելության հասնել «Յունայթեդի» նկատմամբ՝ նրա իսկ դաշտում: Այնպես որ, Ժոզե Մոուրինյոն ամոթանքի մրուրը սրբելու ավելի քան պատեհ հնարավորություն է ստացել:

ՀԱՅԱՍՏԱՆ


Թեպետ ոչ մի չափորոշիչով հայաստանյան ֆուտբոլը չի տեղավորվում եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընտանիքում, այդուհանդերձ, այս անգամ բացառություն անենք: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի մեկնարկած խաղարկությունում «Փյունիկին» հյուրընկալած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շատ արագ երկու գոլ ընդունեց, իսկ խաղի մնացած ժամանակահատվածում չկարողացավ էական բեկում մտցնել, և պարտություն՝ 1:2 հաշվով: Օրվա գավաթային մյուս հանդիպումը «Գանձասարի» ու «Էրեբունիի» միջև չի կայացել: ՀՖՖ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Կապան մեկնած մրցավարական բրիգադն ավտովթարի է ենթարկվել: Հիշեցնենք, որ գավաթային խաղերը մեզանում մեկնարկում են միանգամից մեկ քառորդ փուլից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ