Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ահա այսպիսի հայուհիներ

Ահա այսպիսի հայուհիներ
23.09.2016 | 10:20

Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական երեսունմեկերորդ խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն անդրադառնալով՝ մենք, կարծես, աչքաթող արեցինք այն հայազգի մարզիկներին, ովքեր ուրիշ երկրի դրոշի տակ նույնպես հասան նշանակալի հաջողությունների, եթե չասենք՝ դեռ մի բան էլ ավելի:

Առաջնահերթության կարգով առաջինը նշենք ծնունդով երևանցի Յանա Եգորյանին, ով հայ տարրի պատմության մեջ դարձավ առաջին կրկնակի օլիմպիական չեմպիոնուհին: Քսաներկուամյա մարզուհին անգերազանց էր թե՛ թիմային, թե՛ անհատական հաշվարկում՝ վերջինում առավելության հասնելով այնպիսի խոշոր անհատականության նկատմամբ, որպիսին իր թիմակից Սոֆյա Վելիկայան է: Նշենք նաև, որ Յանան թրասուսեր ձևում ու առհասարակ սուսերամարտում Օլիմպո՞սը նվաճած առաջին հայ մարզուհին է: Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե հրաշք հայուհին իր ողջ զորությամբ պոռթկացել է միայն օլիմպիական խաղերում: Մինչ այս նվաճումը նա աշխարհի, Եվրոպայի քառակի չեմպիոն էր ու է:


Անշուշտ գերազանց պիտի որակել նաև մեր մյուս մարզուհու՝ տասնյոթամյա Սեդայի մրցելույթը: Մարզական ընտանիքից սերված աղջնակը (հայրն անվանի սամբիստ, Խորհրդային Միության կազմում Հայաստանի անունը միջազգային բազում մրցասպարեզներում բազմիցս թնդացրած Գուրգեն Թութխալյանն է¤ օլիմպիական արծաթի է արժանացել թիմային հաշվակով՝ նույնպես ներկայացնելով Ռուսաստանի Դաշնությունը: Սեդան օլիմպիական մեդալի արժանացած առաջին հայ մարմնամարզուհին է: Գյումրիում ծնված այս աղջիկը նույնպես հարուստ մարզական կենսագրություն ունի: Նա 2014-ին ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ու Եվրոպայի 2015-ի մարզական առաջին խաղերի չեմպիոն է, թիմային հաշվարկով Եվրոպայի ընթացիկ տարվա առաջնության հաղթող, Ռուսաստանի Դաշնության կանանց առաջնության ու երկրի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:

Գոհունակությամբ ասենք, որ նրանց մարզական սխրանքը հավուր պատշաճի է գնահատել երկրի կառավարությունը: Խաղերի ավարտից հետո Յանա Եգորյանն արժանացել է Ռուսաստանի ամենաբարձր պարգևներից մեկին՝ Պատվո շքանշանի, իսկ Սեդա Թութխալյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի:

Նշանակալի է եղել նաև մարզուհիների պարգևատրման նյութական կողմը: Աղջիկները համապատասխանաբար ստացել են չորս և 2,7 միլիոն ռուբլի պարգևավճար, ինչպես նաև BMW X4 մակնիշի ավտոմեքենա: Վերջում նշենք, որ երկուսին էլ շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում:


Ի դեպ, 2016 թվականը Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետի կոչման շնորհմամբ առանձնացել է նաև գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի համար, ով 2016-ին ֆանտաստիկ մրցելույթների մի ամբողջ շարքի հեղինակ է աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության չեմպիոնական տիտղոսներով: Այս շարքում չմոռանանք նաև 2015-2016 թթ. մրցաշրջանի արդյունքներով կանանց մենասահքի նրա «Մեծ մրցանակի» դափնեկիր լինելը, ինչպես նաև ռեկորդային ցուցանիշը: Ավելորդ չհամարենք հիշեցնել նաև, որ Մոսկվայում ծնված տասնվեցամյա մարզուհին գեղասահքի պատմության մեջ առաջին հայ չեմպիոնուհին է՝ բոլոր մակարդակներով՝ բացառությամբ օլիմպիական խաղերի: Այն էլ՝ մեծահասակների: Դե ինչ, սրանով ավելի սպասված են դառնում 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ