Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Անարդարությունը հասավ նաև «Ռիո-2016»-ի մրցահարթակ

Անարդարությունը հասավ նաև «Ռիո-2016»-ի մրցահարթակ
20.09.2016 | 00:43

Անկեղծ ասած, չէի գրում, մտածելով, թե նախկին գրչընկերներս կանդրադառնան այս միջադեպ ասվածին: Չուզեցին կամ մոռացության մատնեցին, ուստի նորից գրիչ վերցրի, երբ հային կրնկակոխ հետևող անարդարությունը հասավ նաև «Ռիո-2016»-ի մրցահարթակ:

Ըմբշամարտի մրցագորգի վրա, աշխարհի աչքի առաջ, անարժանիորեն սերբին տվեցին ոսկե մեդալը: Բայց այդ նույն աշխարհը բաց աչքերով տեսավ, որ այդ պարգևը հայորդունն էր՝ Միհրան Հարությունյանինը: Մեր ըմբիշը նվաճել էր իր ուժով, իր կամքով, մարզաձևին իր անմնացորդ նվիրվածությամբ: Այո, գեղեցիկ և համառ պայքարում: Գեղեցիկ, որովհետև նա մարտը վարեց մարզաձևի բոլոր կանոններով, դիտարժան պայքարով: Համառ, որովհետև Միհրանը գիտեր, թե մրցավայրի կուլիսներում ինչպիսի ստահակ է կանգնած, որը աշխարհագրորեն մի քանի վայրերում իրեն արդեն զրկել էր պատվավոր հաղթանակից: Նույնն էլ եղավ Ռիոյում: Եվ այստեղ ևս ոչ այնքան մարդկային, ոչ այնքան աստվածահաճո հաղթանակը շնորհվեց պարտվածին:


Կեցցես, Կարեն Գիլոյան, քիչ ասացիր այդ ժամանակ:
Իսկ Միհրան Հարությունյանը դեռ ոսկե մեդալներ բերելու է Հայաստանին: Եվ փառք ու պատիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով իր և ազգի անունից իսկական ոսկե մեդալ շնորհեց մարզիկին: Եվ նրանք, ովքեր մեր մարզիկին զրկեցին գերագույն պարգևից, մի օր բումերանգի օրենքով զգալու են իրենց չարության ցավը:


Ինչ եղավ հետո, երբ ՀԱՕԿ լրատվականը այս լուրն ուղարկեց մրցավայրից սկսվեցին այն գրառումները, որոնք կատարեցին մամուլի գրչակները, ովքեր մեզ համարում են «սովետի թվի» լրագրողներ: Նրանք, հայ լրագրության քրմերի թիկնոցն ուսերին առած, «մատի փաթաթան» դարձրած «գեղեցիկ և համառ պայքարն ավարտվեց 1: 1 հաշվով, և քանի որ վերջին միավորը վաստակեց սերբը, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին»: Այստեղ չկա՝ Միհրանը պարտվեց, ընդամենը այն, որ վերջին միավորը տրվեց սերբին, և կանոնադրությամբ էլ՝ հաղթանակը շնորհեցին նրան: Այստեղ լրագրողն ավելին ասել չէր կարող, ոչ էլ կարող էր մրցավարական վերլուծություն կատարել, նա ֆիքսել էր այն, ինչ կատարվեց:
Եվ սկսվեցին քննարկում-վերլուծությունները, թե ՀԱՕԿ-ը աչքաթող է արել Միհրանին, որ դատավորների որոշումը չբողոքարկեցին, որ հաղթեց մեր ըմբիշը, որ ՀԱՕԿ-ի համար Միհրանը «գեղեցիկ ու համառ» պայքարում դարձավ փոխչեմպիոն: Եվ ովքեր էին սպորտային մեկնաբան դարձել: Շատերը աղանդավորի զոմբիացած համառությամբ, մտասևեռված այդ բառերի վրա, կրկնում էին այդ կապակցությունը: Վերևում տվեցի այդ պարզաբանումը:

Ամենազավեշտալին այն էր, որ քաղաքական դաշտում «թառից թառ» թռչկոտող մարդիկ էլ էին նույնը կրկնում՝ իրարից փոխառած բառերով: Նրանք, որոնք դպրոցում ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերից միշտ բացակա են եղել, որոնք ըմբշամարտի մարզահագուստին «ֆինկա-ֆուտբոլկա» են ասում, հավանաբար մեր մարզիկի պայքարը չէին դիտել, գրում էին: Դեղին մամուլի թեմա էր: Ի՞նչ պիտի աներ ՀԱՕԿ-ը: Բոլոր հասկացող-չհասկացողները վկան եղան մեր մարզիկի հաղթանակի: Մենք տեսանք նաև, թե ինչպես, որպես անարդարության դեմ բողոք, մոնղոլ մարզիչները մերկացան մրցագորգի վրա: Մենք տեսանք նաև, թե ինչպես ավարտվեց ՈՒկրաինայի սպորտային մարմնամարզության հավաքականի բողոքարկումը: Եղավ «շունը շան թաթ չի կծում» սկզբունքով: Մրցումները դադարեցվեցին, վերանայեցին ուկրաինացի մարզիկների ելույթի տեսագրությունը և… մրցավարները 0,5 նիշով իջեցրին նրանց վաստակած միավորները, հավաքականից էլ մի կլորիկ գումար տուգանք գանձեցին: Անարդարություններ շատ տեսանք, նաև՝ որպես հեռուստադիտող, որովհետև համոզված ենք, որ քաղաքականությունը «գորշ կարդինալի» նման բազմել է մարզական խաղերի մրցավայրերում: «Արդարության մոխրե թանաքով չակերտավոր, թե անչակերտ, մակդիրավոր, թե անմակդիր սուտ գրելը առնվազն անբարոյականություն է»՝ ասել է Պարույր Սևակը:


Հիմա ուզում եմ հարցնել այդ գրոտող-մրոտողներին՝ եթե այդ տողատակ չունեցող լուրերով ցանկանում էիք քար նետել ՀԱՕԿ-ին, ասեմ ձեզ՝ «քամին ժայռից բան չի տանի», ավելացնեմ, որ ՀԱՕԿ-ը ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի օգնության ու գովասանքի կարիքը չունի: Դուք այնքան սրտացավ ու անաչառ լինեիք, որ ցնծությամբ գրեիք, որ 206 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրեց 42-րդ տեղը, որ մեդալակիր 87 երկրներից մեկը Հայաստանն է, որ 59 ոսկե մեդալ նվաճողներից մեկը Հայաստանն է, և օվկիանոսից օվկիանոս տարածք ունեցող շատ երկրներ մեզնից հետ մնացին: Մի ծավալուն բան գրեիք այս մասին: Կամ մի գեղեցիկ ու ակնահաճո նյութ գրեիք հայոց բագինի Արամազդ աստծո կերպարանքով Արթուր Ալեքսանյանի մասին, ով իր հետ օլիմպիական խաղերին էր «տարել» Ռոբերտ Աբաջյանին: Նորից գրեիք երկու հերոսների մասին:


ՈՒշադիր լինեիք՝ գրեիք, որ երբ սպորտային բախտը երես թեքեց Արսեն Ջուլֆալակյանից, ինքը կարծես մեղանչել էր ազգի առաջ և որպես ապաշխարանք իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կներեք»: Այսպես կվարվեր միայն խիստ դաստիարակված, հայրենասեր ու ազգի առաջ իրեն պատասխանատու զգացող հայը (հայրենասիրությունը միայն մարտադաշտում չէ, իմ աչքերի մեջ պատերազմ կա): Այդ նույն Արսեն Ջուլֆալակյանը այնքան շատ ցնծության պահեր է պարգևել մեզ: ՈՒ դեռ կպարգևի: Ափսոս, մոտիկից չեմ ճանաչում, որ ասեի՝ ապրես, մի բառով մխիթարեցիր մեզ:


Շուշանիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ,

ԽՍՀՄ ժուռնալիստների միության վարչության անդամ
ք. Մոսկվա

Հ. Գ. 1. Վերնագիրը շարունակելով ասեմ, որ կայքի լրագրողները, առանց պաշտպանվելու, ոչ արդարանալու համար, անձայն հեռացան իրենց իսկ ստեղծած կայքից, որպեսզի ՀԱՕԿ-ի վրա քիչ վայրահաչողներ լինեն:
Հ. Գ. 2. Մտորումներս ավելի վաղ էին հանձնված տպագրության, երբ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ռիո-2016» օլիմպիական խաղերում մեր մեդալակիրների մեծարումը: Եվս մեկ անգամ շնորհավորենք ու շնորհակալություն ասենք մեզ հպարտություն և ուրախություն պարգևած մարզիկներին:

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ