Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

2028 թ. Հայաստանի «օլիմպիական» հայտը

2028 թ. Հայաստանի «օլիմպիական» հայտը
20.09.2016 | 00:13

Օլիմպիական հերթական խաղերը հեռավոր Բրազիլիայում ավարտվեցին: Հայերիս հետաքրքրող մեր մարզիկների մասնակցության շուրջ գնահատականներ արդեն հնչել են, դրանք կշարունակվեն առաջիկայում, մինչ պատմություն դառնալը: Իսկ պատմությունը մեզ հիշեցնում է, որ հնագույն դարերում սկիզբ առած օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, վերջին անգամ կայացել են մեր թվարկության 394 թվականին, որտեղ հաղթող է եղել Վարազդատ Արշակունի թագավորը: Այնպես որ, որ կողմ շրջվես, վերև թե ներքև շարժվես, մենք կանք, ներկա ենք, ամենուր ենք: ՈՒրեմն ինչո՞ւ այն հիմնավորապես չհաստատագրենք:


Ահա այսպիսի մտորումների մեջ են մերօրյա Հայաստանի պատասխանատուները, որոնց շրջապատում էլ ծագել է 2028-ի օլիմպիական ամառային խաղերը Հայաստանում հյուրընկալելու ցանկությունը: Այն օր առ օր, ինչ եմ ասում, ժամ առ ժամ իրողության նշաններ է ցուցադրում, վստահություն կա, որ արհեստական արև ստեղծելու ուղղությամբ հայաստանյան մտավոր ներուժի կողքին օլիմպիական խաղերի նոր որակի ու մակարդակի անցկացումն էլ հայոց պետականության հերթական նվաճումը կդառնա: Այլոց համար հազիվ 12 տարի ժամանակահատվածը մեզ համար մի ամբողջ դարաշրջան է, այնպես որ, խաղերին նախապատրաստվելը խնդիր չէ: ՀՀ իշխանությունների և հատկապես կառավարության վերջին տարիների աննախադեպ ձեռնարկումների արդյունքում նորանկախ երկրի 30 և 35-ամյակները կնշանավորվեն տնտեսաֆինանսական աներևակայելի հաջողություններով, որոնք երբևէ չեն գրանցվել ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրասիական միությունում: Միայն մեկ ապացույց նշեմ. ՀՀ տնտեսությունը հեռահար ծրագրերի ու ձեռնարկումների արդյունքում այս ընթացքում ցատկաթռիչքաձև զարգացում կապրի, աննախադեպ աճ կգրանցի և դա այն բանի շնորհիվ, որ մենք օլիմպիական հյուրընկալ երկիր ենք, դրանից բխող բոլոր պարտավորություններով ու ակնկալիքներով:

Կոռուպցիա և «ատկատ» հասկացությունները, գնումների գործընթացների երբեմնի տարօրինակությունները, այլևայլ տենդերներում հաղթողին որոշելու մերոնց յուրօրինակ պահվածքը, մարդ-արարածին ոչ պատշաճ այլևայլ դրսևորումներն արդեն մոռացության տրված երևույթներ կդիտարկվեն: Միայն այն, որ 2028-ին արդեն տրամվայների վերականգնված այլմոլորակային շարժամիջոցներ հիշեցնող համակարգը, ավտոբուսներն ու տրոլեյբուսները, հայկական օդագնացները խաղերի ողջ ընթացքում անվճար սպասարկում կիրականացնեն, լրացուցիչ մի քանի հարյուր հազար մարզասեր զբոսաշրջիկների Հայաստան ժամանելու առիթ կդառնան: Նրանց ոչ այնքան իրենց դրամապանակների խնայողությունը կհետաքրքրի, որքան մեր հաջողությունների արդյունքում նման հյուրընկալության դրսևորումը: Նկատեմ, որ ՀՀ քաղաքացուս վերջին տարիներին պարբերաբար հյուրընկալող ավստրիական Գրաց քաղաքում հանրային տրանսպորտն անվճար է ընդամենը նախաամանորյան չորս շաբաթների հանգստյան օրերին՝ շաբաթ-կիրակիներին: Այնպես որ, մերը հերթական անգամ ուրիշ է լինելու:


Իշխանության ու մասնագետների նեղ շրջանում քննարկվում է օլիմպիական գլխավոր մարզադաշտի ու ավանի տեղադրման հարցը, որը վերջնական որոշում ընդունելուց հետո կներկայացվի հանրային լայն քննարկման: Այս աշխատաոճի առավելություններից են, ըստ մերոնց, միջոցների ու ժամանակի խնայողությունը, հանրային կյանքի անհարկի շիկացումը, նեղ մասնագիտական մտքի մեկուսացումը, միջազգային գնահատականների չեզոքացումը, այն ամենի շրջանցումը, որը խոչընդոտում է մեր զարգացմանը: Այնպես որ, գլխավոր արենան երբեմնի երիտասարդական պալատի տեղում կառուցելն օրակարգից հանված չէ, սակայն քննարկումից քննարկում ավելանում են օլիմպիական մարզահամալիրը Երևանյան լճի տարածքում կառուցել առաջարկողների թիվը: Հիմնական փաստարկներից մեկն այն է, որ 2020-ին շահագործվող կրկնակի հզոր Եղվարդի ջրամբարը ծառայելու է թե՛ ջրային մարզաձևերի մարզիկներին, թե՛ Երևանի հյուսիսային թաղամասերի հարյուր հազարավոր բնակիչներին, որոնք այսօր զրկված են Երևանյան լճում հանգստանալու հնարավորությունից: Հայ ճարտարապետական միտքն ի զորու է Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո ճահճալճի 65 հեկտար տարածքում թե՛ գլխավոր արենան տեղադրելու, թե՛ օլիմպիական ավանը կառուցելու, այնպես որ, «Հանրապետական» և «Հրազդան» մարզահամալիրները հիմքից վերակառուցելու խնդիրը կվերանա, տրիլիոն դրամների հասնող ծախսերը կխնայվեն, որոնց արդյունքում էլ հնարավոր կլինի մետրոպոլիտենի կայարանները բոլոր կողմերից հասցնել օլիմպիական գլխավոր համալիր:


2028-ին օլիմպիական խաղերը Հայաստանում անցկացնելու երկրի վերնախավի առայժմ ինչ-որ առումով քողարկված ցանկություն-պահանջի պարզ ու նշմարելի դրսևորում է մեզանում չինարենի ուսուցման հանդեպ հոգածությունը: Պարզից էլ պարզ է, որ հայաստանյան տնտեսավարական մտքի յուրաքանչյուր չինացուն 1 ծիրան արդեն իրականացված ծրագրի շնորհիվ չինական թռիչքաձև զարգացման փոխարեն ՀՀ-ն ցատկաթռիչքաձև վերելք է ապահովել, և այս հանելուկը լուծելու նպատակով զբոսաշրջիկների անվան տակ Հայաստան կժամանեն հազարավոր չին տնտեսագետներ: Նրանց առջև մեր գաղտնիքները չբացահայտելն էլ կհռչակվի այն գերխնդիրը, որը կդրվի հատուկ դասընթացներ անցած և չինարենին տիրապետող մեր թարգմանիչների առջև: Հիշենք, որ սպորտը՝ սպորտ, իսկ քաղաքականությունն ամենուր է: Ամենուր են նաև, ինչպես միշտ, արևելյան հարևանի խարդավանքները` հայաստանյան օլիմպիական խաղերը ստվերելու ուղղությամբ: Դրանք չեն նվազում անգամ ավագ եղբոր տարօրինակ հորդորների պայմաններում:


Արևելք-Արևմուտք ճանապարհին գտնվելու շնորհիվ էապես բարենպաստ պայմաններն առավել բարենպաստ կդառնան տասնյակ հազարավոր մարզիկների, նրանց աշխատակազմերի ու մի քանի միլիոն մարզասերների ու զբոսաշրջիկների սնունդն ու հանգիստը լավագույնս կազմակերպելու ուղղությամբ: Մենք կանադացիներին ու չինացիներին կառաջարկենք իրենց իսկ երկրներից ներմուծված խոզի ու հավի մսից պատրաստված հայկական խորովածը, բրազիլական տավարի մսից լցոնված անզուգական տոլման, եվրոպացիներին էլ՝ իրենց կաթի փոշուց ստացված հայաստանյան պանրի տեսականիները: Իրենց ցորենից թխված հացը կվայելեն ռուսները, հարազատ լոլիկն ու վարունգը կնախընտրեն թուրքերը, սոխ ու սխտորով համեմված խորտիկները՝ պարսիկները, ստեպղինի հյութը՝ իսրայելցիները, մի խոսքով, հայկական խոհանոցը կբացահայտի իր ողջ հմայքը, ինչի շնորհիվ էլ ՀՀ թիվ 1 խոհարարը առաջին անգամ կհռչակվի օլիմպիական խաղերի թիվ 1 խոհարար:
Ամառային հերթական մարզահանդեսը նոր թափ կհաղորդի շինարարական ոլորտին, այնպես որ, հերթական անգամ տնտեսական ոլորտում կհաղթեն նրանք, ովքեր առաջարկում են ցեմենտի գործարան կառուցել նաև Արմավիրի մարզում:

Թեև ՀՀ-ում գործող առկա հզորություններն ի զորու են ապահովելու մարզաբազաների, օլիմպիական ավանի, կառուցվող հյուրանոցների ու համայն աշխարհին առաջարկվող բնակարանների ու առանձնատների շինարարության կարիքները, սակայն հնարավոր ֆորսմաժորային դրություններից դուրս գալու համար այդ գործարանը հարկ է կառուցել: Թող չաշխատի, ի՞նչ է եղել, որ: Իր նախագծային հզորությամբ չի աշխատում, չէ՞, Ախուրյանի 120 մլն դոլարով կառուցված շաքարավազի արտադրական հզորությունը, ո՞ւմ է ինչ եղել: Չեն գործում, չէ՞, երկրի ողջ տարածքով մեկ կառուցված գերժամանակակից սպանդանոցները, զբոսաշրջային գոտիների համար գնված 800 հազար դոլար արժեցող բիոսանհանգույցները… Չշտապենք, մի օր պետք կգան: Շոշափելի արդյունք տալիս են, չէ՞, հայրենի վերամշակողներին տրվող հարկային, մաքսային արտոնությունները, պարտքերը զիջելը, ֆինանսական ուղղակի աջակցությունները: Այս ամենը չտեսնել չի կարելի:


Վստահաբար կարող ենք արձանագրել, որ նոր որակի ու աստիճանի կհասցվեն օլիմպիական խաղերի լուսաբանումն ու հեռարձակումը: Ասենք, Ագրո թիվ 1, 2, 3, 4 և 5 հեռուստաընկերությունները, որոնք ռեյտինգային հեռուստասփռումներ են իրականացնում առաջինը՝ կարտոֆիլաբուծության, երկրորդը՝ լոլիկի մշակման, երրորդը՝ առվույտի ու կորնգանի աճեցման, մյուսները՝ խաղողի ու ծիրանի նոր համուհոտային հատկությունների ստացման ուղղությամբ, հայ հեռուստաակադեմիկոսների վերապատրաստական դասընթացների արդյունքում նոր մակարդակների կհասցվեն խաղերի առանձին ձևերի լուսաբանումն ու մեկնաբանումը: «Փոշմանել» բառն անվերադարձ մոռացության կտրվի: Նույն ճակատագրին կարժանանան «թռել է», «փախել է» արտահայտչաձևերը: Խաղերը յուրօրինակ լուսաբանող ԹավաTV-ական ընկերությունը վերջնականապես կլուծի տոլմայի ու քյաբաբի հայկականության հարցը, փաստելով, որ ամենահամեղը մեր պատրաստածներն են: Իրոք հեղափոխական խաղեր, որպիսիք աշխարհը չի տեսել, քանզի դրանք առաջին անգամ են տեղի ունենում Կովկասյան տարածաշրջանում, հատկապես՝ 1 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրում:


Թե ինչու եմ այսչափ լավատես, փորձեմ հիմնավորել: Օր չի լինի, որ Հայաստան երկրում տարածաշրջանային ու համաշխարհային որևէ երևույթի մասին չխոսվի, որի հիմքը դրվում է ՀՀ կառավարության կողմից հաստատվող ռազմավարա-ստրատեգիական իրատեսականից էլ անդին ծրագրերի շնորհիվ: Դրանք ընդգրկում են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, հանքա-հումքայինից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակութային ձեռնարկներից մինչև զբոսաշրջություն: Փորձեմ կանգ առնել վերջինիս գյուղատնտեսական կողմի՝ մեզանում պարբերաբար հիշվող գյուղական զբոսաշրջության վրա: Այստեղ հիմքը գյուղոլորտի աննախադեպ հաջողություններն են, որոնք արձանագրվում են անգամ տարերային խստագույն աղետների պայմաններում: Ասենք, ոչինչ, որ սերմերն ու տնկանյութերը պարբերաբար ներկրվում են, երբ երկիրն ունի մի քանի գյուղակադեմիա, սելեկցիոն կայաններ, պակաս չկա նաև մասնագետների առումով: Այդ նրանց շնորհիվ է, որ ցորենի դաշտերի միջին բերքատվությունը հասցվում է հեկտարից 3 տոննայի, երբ աշխարհում այն 7-8 տոննա է:

Մերոնց ջանքերի շնորհիվ հայոց հողերում առվույտ ու կորնգան են մշակվում, որն էլ, անասնակեր օգտագործելու արդյունքում, կովերի միջին տարեկան կաթնատվությունը հասցնում է 2 տոննայի, երբ շատ երկրներում այն 10-12 տոննա է: Այսօրինակ արդյունքներ են գրանցվում ֆինանսատնտեսական ոլորտներում, ասենք, հարկերի հավաքման գործում: ՀՀ-ում հարկերի հավաքագրումը 2028-ին նախորդող տարիներին արդեն կհասնի ՀՆԱ-ի 20 տոկոսին, երբ եվրոպական երկրներում այսօր արդեն ՀՆԱ-բյուջե հարաբերակցությունը 50-60 տոկոս է: Մեզանում հեռու չէ այն օրը, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանուր առմամբ գիտության նվաճումների գործնական ներդրման ծրագրերը նոր ցատկահրապարակ կդառնան «Հայք» էլեկտրամոբիլների ու մարտկոցների, այլընտրանքային էներգետիկայի, գերարագ կոմունիկացիաների, բնապահպանական առաջընթացի, բազում այլ ոլորտների համար:

Արդեն հիշատակված արհեստական արևի և դրա արդյունքում Սևանա լճի առափնյա ջրահատվածի ջերմաստիճանը տարվա զգալի մասում 25-26 աստիճանի հասցնելու շնորհիվ մեր մարդիկ կմոռանան Անթալիայի ու Քոբուլեթի ճանապարհները: Նոր որակի շարժակազմ կունենա հայ-իրանական երկաթուղին, որը կանցնի արդեն շահագործված ու քննություն բռնած թունելների միջով՝ միջինը 400 կմ/ժամ արագությամբ, Երևան- Մեղրի ճանապարհահատվածն անցնելով 34 րոպեում:


Այս ընթացքում ՀՀ ոստիկանությունը պարբերաբար բերման կենթարկի օլիմպիական խաղերի անցկացմանն ընդդիմացողներին, նրանցից գանձվող գումարներն ուղղելով ՀՀ բյուջե, այս կերպ թեթևացնելով ՀՀ պետական պարտքի մարումը: Իսկ ամենագլխավորն այն է, որ խաղերի անցկացման ծախսերի հիմնական հոգսը կկրեն մեր հայտնի տնտեսավարները, հասկանալի է, իրենց հանդեպ այլևայլ հոգածությունների պայմանով: Այս աշխատաոճն արդեն իսկ կիրառվում է, այն, անշուշտ, նոր որակներ կստանա և 2028-ին կհասնի կատարելության: Եվ այս ամենը՝ նախատեսվող օլիմպիական խաղերի շնորհիվ:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ. Գ. Հոդվածը գրվել է ՀՀ նախորդ կառավարության վերջին օրերին: Նորացող կառավարության մոտեցումը կտեսնենք առաջիկայում:

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ