Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գրախոսական չհամարեք

Գրախոսական չհամարեք
22.11.2013 | 12:39

Երկտող՝ Ալիս Հովհաննիսյանին

Վերջերս առիթ ունեցա մանկական գեղանկարչության թեմայով մի ջերմ (կարծում եմ) հոդված գրելու Բերձորի (Քաշաթաղ) արվեստի դպրոցի մասին, ուր ստիպված, մի քիչ էլ ինձ վտանգելով, որ կարող եմ մասնագետների շրջանում ժպիտ առաջացնել, արվեստի մի քանի ձևեր իմ հնարած տերմիններով էի անվանել՝ խխունջագործություն, կոճակագործություն (աշխատանքները փոքր խխուջներով, կոճակներով էին արված, այսինքն՝ նյութը դրանք էին)։ Հիմա ուզում եմ մի երկտող հղել քեզ, «Գրական թերթում» տպագրված քո «Ամենակարևորը» պատմվածքի առթիվ, և էլի նույն խնդրի առաջ եմ կանգնել, սիրելի Ալիս։ Համալսարանի բանասիրականն ավարտելուց (1970) հետո մինչ 1991 թ. աշխատել եմ Արմենպրեսում (հարահոս չոր ինֆորմացիա), ապա մինչև 2005 թ.՝ չինովնիկություն, վերջին տարիներս՝ լրագրային թարգմանություն։ ՈՒզում եմ ասել, որ գրական աշխարհի հետ շփումներս եղել են այնքանով՝ որքանով։ ՈՒստի, եթե ինչ-որ բան այնպես չասեմ, ներողամիտ կլինես։
Մի ամբողջ վեպի ատաղձ այս պատմվածքն այս հակիրճ տարբերակով, մանվածայնորեն, վերացական-աբստրակտից սիրո ոսկեթել հյուսքով այս ինչպե՜ս է հնարավոր եղել հասցնել այսպիսի լուսավո՜ր-լուսավոր վերջի (ես էլ քեզ պես վերջի այն բառը չեմ ուզում ասել)։ Հերթի դնելո՞վ... Այսքան է՜լ լուսավոր վերջ։ Դու էս ի՜նչ միտք, ի՜նչ հոգի, ի՜նչ հետևողական շունչ ունես։ Էսքան մանվածապատ ֆաբուլայի կծիկի պոչը ո՜նց չես կորցրել ու բերել-հասցրել ես ամենևին սևի նշույլ իսկ չենթադրող այդ «լուսավոր վերջին»։ «Իսկ էնտե՜ղ, էնտեղ գիտե՞ս ինչ հզոր լույս է արդեն... Լույսի մեջ բոլորը սպասում են քեզ... Եվ դու ես վառել լույսի էդ քո բաժինը... Իսկ լույսն անբաժան է, անվերջ է, Տե՜ր»։ Հավերժություն ոչ միայն իբրև անդրկյանքյա կյանքի, այլև անեղծ, ամբողջ մեկդարյա կյանքում փայփայված սիրո... Էս ո՞նց ինձ նման մեկին, որ իրեն ամենևին գրականության մարդ չի համարում, կարողացար ստիպել առավոտ շուտ «մատիտն առած թղթի ջանին ընկնել», որոշած լինելով, որ ինչ-որ բան է ուզում ասել։ (Գուցե և այնպես չի հասկացել, ինչպես դու ես ցանկացել ասել, բայց ընթերցողի իրավունքն է, չէ՞, յուրովի ընկալելու գեղարվեստի ասելիքը)։ Ամեն մեկս իրավունք ունի, չէ՞, տեսնելու իրենը։
Սկզբում թվում էր, թե ժամանակը ճիշտ չի հաշվարկվել. հո չէ՞ր կարող Մկրտիչը աստվածաշնչային պերսոնաժի երկարակեցությունն ունենալ (հետո հասկացա, որ սյուժեի կառուցվածքն է իմ գլխում բաներ խառնում)։ Բայց ոչ մի բան էլ սխալ չի հաշվարկված, ու հեղինակին շատ լավ է հաջողվել այդ լարված մանվածապատումը ծավալ-ծավալ բերե՜լ, հասցնել վերն ասված «լուսավոր վերջի» փիլիսոփայությանը։ Եվ որպես պատմվածք ծավալուն շարադրանքի ընթերցումն ավարտելուց հետո ես միայն զգում, որ կտրված ես եղել իրականությունից, անէացած, անգամ երբ կարդացել ես վաղ առավոտյան՝ լուռ ու ուշաշնանային զբոսայգու ծառուղիներում։
Ահա այսքանը։ Դատարկվեցի, հանգստացա...
Ի լրումն. ինչ վերաբերում է «Գրական թերթի» նույն համարում տպագրված «Աղասի Այվազյանի թատրոնը» գրախոսությանը, ապա բարդ «Ամենակարևորը» երկնած հեղինակի համար մեծ գրողի ստեղծագործության մի բույլի վերաբերյալ գրականագիտական մի զեղումն ի՜նչ է, որ։ Այվազյանի մեծության մի գեղեցիկ հավաստում և տուրքի մատուցում...
Համալսարանի բանասիրականում մի դասախոս ունեինք։ Չեմ կարող ասել, թե իրեն չէինք սիրում, բայց դասախոսությունից հետո զգում էինք, որ լսածներից բան չի մնում, խոսքի այդ հեղեղը նստվածք չունի։ Ասենք Չարենց էր կարդում՝ ասածներից մնում էր միայն «նա գիտեր, չէր կարող չիմանալ...» ֆրազը։ Բա՜ն չեմ հիշում նրանից։ Մինչդեռ, երբ լեզվաբան պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանն էր գրականություն կարդում (սովորություն ուներ տարին մեկ-երկու դաս նվիրելու գրականությանը, և «Տերյան» էր կարդում՝ էլ դու սուս։ Առողջություն եմ մաղթում մեծարգո պրոֆեսորին), զգում էիր, որ լցվեցիր, բա՜ն մնաց, իսկ երբ, կարծեմ էլի «Գրական թերթում», է՜, վաղո՜ւց, 70-ականներին, կարդացի Հենրիկ Էդոյանի՝ Դոստոևսկու ստեղծագործության մի վերլուծություն, առավել զգացի, թե էլի ինչպես կարելի է նյութը մատուցել, որ բան մնա։ Հիմա Ալիս Հովհաննիսյանինն է։ Շնորհակալություն, սիրելի Ալիս, համուհոտ առա, շնորհակալություն...


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 15617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ