«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նախարարն այդպես էլ չանդրադարձավ այլ ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների որդիներին

Նախարարն այդպես էլ չանդրադարձավ այլ ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների որդիներին
18.01.2013 | 16:18

«Պահպանելով 2011-ի դրական ցուցանիշները` 2012-ին առաջընթաց արձանագրվեց անձնակազմի կարգապահության գործում, ինչի շնորհիվ նվազեց հանցագործությունների, իրավախախտումների թիվը։ Հասարակության մեջ վերացել է նաև անպատժելիության մասին թյուր կարծիքը»,- հունվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ամփոփելով 2012-ը։

Ընդհանուր առմամբ նախարարը թվերի լեզվով չխոսեց, ինչը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ նախորդ օրը զինդատախազ Գևորգ Կոստանյանն իր ասուլիսում արդեն նշել էր, որ 2012-ին 2011-ի համեմատությամբ զինվորական ծառայության անցած զինծառայողների մահվան ելքով դեպքերը նվազել են. 2011-ին եղել է 34, 2012-ին` 29 դեպք, որից 9-ը հայ-ադրբաջանական սահմանին` հակառակորդի սադրանքի պատճառով։ Գուցե և ներկայացված թվերն իրատեսական են, քանի որ 2012-ին 2011-ի և 2010-ի համեմատ մահացած զինծառայողների սևազգեստ ծնողների թիվը յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի առջև նվազել է։ Համենայն դեպս, նախարարն ընդգծեց, որ անցնող տարում զգալի աշխատանքներ են կատարվել կարգապահության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև հաջողություն է արձանագրվել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում։ Նկատենք, որ 2012-ին պահեստազոր է ուղարկվել կամ այլ պաշտոնների է տեղափոխվել 329 սպա, այդ թվում` 7 գեներալ և 35 գնդապետ։ «Վիճակագրությունում ընդգրկված են նաև այն պաշտոնյաները, ովքեր առանձնացել են իրենց անբարեխիղճ աշխատանքով»,- նկատեց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ անցնող տարում լուրջ աշխատանքներ են իրականացվել նաև զորակոչի բարելավման, ԶՈՒ համալրման կատարելագործման միջոցառումներում և 2011-14 թվականներին համալրման ծրագրի կատարման ուղղությամբ։ Հետաքրքրականն այն էր, որ նախարարն ինքն առաջինը խոսեց զորակոչի թերությունների, կոռուպցիոն ռիսկերի մասին, ինչը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ նախապես դրանք կանխելու միջոցառումներ են ձեռնարկվել։ «Կոռուպցիոն ռիսկերը կանխելու համար ձեռնարկվեցին հստակ միջոցառումներ զորակոչի ընթացքում հանցագործության դեպքերը, մանր և խոշոր խախտումները բացահայտելու, կանխելու, խափանելու և զորակոչը արդարության սկզբունքներին համապատասխան իրականացնելու համար»,- պարզաբանեց նախարարը և ընդգծեց, որ այդ գործում առանձնակի դեր են ունեցել ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ ծառայությունները։
Անդրադառնալով սահմանային խնդիրներին` նախարան ասաց. «Չնայած սահմանային միջադեպերին և հակառակորդի արկածախնդիր սադրանքներին, առաջնային գծում լիովին կատարվել են մարտական խնդիրները։ Նվազագույն կորուստներով կանխվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը, միաժամանակ հակառակորդին պատճառելով էական վնասներ»։ Ինչպես միշտ, այս անգամ ևս լրագրողներին ի պատասխան (կապված Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմական գործողությունների հարցին) նախարարը հստակ հասկացրեց, որ Հայաստանի զինված ուժերը մարտունակ են, զորեղ և կայուն։
Ի դեպ, նշվեց նաև, որ մեծ առաջընթաց է արձանագրվել զինուժերի կայուն զարգացման ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակած ուղղություններում, մասնավորապես ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, սպառազինության և տեխնիկայի արդիականացման, ինչպես նաև ռազմական կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նախարարը նշեց, որ 2012-ին զինված ուժերի շարքերը համալրել են շուրջ 700 պրոֆեսիոնալ սպաներ, ինչը, բնականաբար, դրական ազդեցություն կունենա կադրերի որակի վրա։ Նկատենք, որ 2013-ին շարունակելու է գերակա խնդիր մնալ սպայի դերի բարձրացումը։ Եվ, քանի որ, նախարարը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հստակ չասաց, թե բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները ծառայում են զինված ուժերում, թե ոչ, մենք խնդրեցինք նախարարին հստակեցնել` արդյոք նշված խավի երեխաները ծառայո՞ւմ են բանակում, թե՞ իրականում սովորում են սորբոններում։ «Իմ որդիներից մեկը ծառայել, մյուսը ծառայում է, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայել և ծառայում են, փոխնախարարների որդիները և շատ գեներալների և բարձրաստիճան սպաների որդիները ևս հավասարաչափ մյուսների նման ծառայում են զինված ուժերում։ Ովքեր որ գնում, դրսում սովորում են, այնուամենայնիվ, վերադառնում են և ծառայում զինված ուժերում։ Կան մասնագիտություններ, որոնց նկատմամբ համապատասխան վերաբերմունք ենք ցուցաբերում` նրանց գիտելիքները զինուժում օգտագործելու նպատակով»,- պարզաբանեց նախարարը, այդպես էլ չանդրադառնալով այլ ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների որդիներին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ