ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Պատասխան ստացած ու չստացած հարցերի խաղ

Պատասխան ստացած ու  չստացած հարցերի խաղ
09.10.2012 | 11:59

«Բարսելոն»-«Ռեալ» (Մադրիդ) խաղի վերաբերյալ թերթի էլեկտրոնային տարբերակում մենք ինֆորմացիա էինք զետեղել «Օրվա ֆուտբոլային գլխավոր տոնը» վերտառությամբ: Որ այդ հանդիպումը տոն էր լինելու, այստեղ ճշմարտության դեմ մենք ոչինչ հակառակ չէինք ասել: Մեր միակ վրիպումը ժամանակային չափման արհեստական նեղացման մեջ էր: Աշնան փոխարեն գրել էինք` օրվա: Հուսով եմ` դրա համար կախաղան չեն բարձրացնում, սակայն բոլոր դեպքերում ներողություններս ընթերցողին: Տեղեկատվության մեջ խոստացել էինք նաև թիմերի մրցակցության վերաբերյալ թվային այլ տվյալներ: Ինչպես նաև` հանդիպման մանրամասն վերլուծությունը: Արդ փորձենք խոստումը կատարել, բնականաբար, մեր իրազեկվածության ու իմացության շրջանակներում:


ԽՈՍՏԱՑՎԱԾ ԹՎԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ենթագլխային այս շարքից նախ օրվա հերոսների` Լիոնել Մեսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի, «թվային վկայակոչումներից»: Խփեր գոլ Ռոնալդուն` դառնալու էր առաջին ֆուտբոլիստը, ով «էլ կլասիկոյում» վեց անգամ անընդմեջ դարպասը գրաված կլիներ:
Խփեց:
Մեկի փոխարեն երկուսը:
Առաջինով առաջ մղեց իր թիմին, երկրորդով փրկեց պարտությունից:
Խփեր երկու գոլ Մեսին, կդառնար «Կամպ Նոուում» իր 150-րդ հոբելյանականի հեղինակ:
Խփեց:
Առաջինով հավասարեցրեց հաշիվը, երկրորդով իր թիմին մղեց առաջ:
Մեկ այլ թվային հիշատակում: Մինչ այս երկուսը նա «էլ կլասիկոներում» դարձել էր տասնհինգ գոլի հեղինակ ու լեգենդար Ռաուլի հետ կիսում էր երկրորդ-երրորդ տեղը: Հիմա նրան ընդամենը մեկ գոլ է պակասում Ալֆրեդո դի Ստեֆանոյի` նույնպես լեգենդար ֆուտբոլիստի, ռեկորդը կրկնելու համար:
Հաղթելու դեպքում «Բարսելոնը» կդառնար լա լիգայի մեկնարկային խաղերում յոթերորդ անընդմեջ հաղթանակ տարած առաջին թիմը:
Չդարձավ: Խնդրի լուծումը տեղափոխվեց հետո:
Չկարողացավ և «Ռեալի» հետ խաղերում տարած հաղթանակները հավասարեցնել ունեցած պարտություններին: Հիշեցնենք` օրվա դրությամբ միմյանց հետ հանդիպումներում «Բարսելոնն» ունի ութսունյոթ, «Ռեալը»` ութսունութ հաղթանակ: Ոչ-ոքիների թիվը դարձավ քառասունութ:
Վերջին քսանչորս հանդիպումներում կատալոնացիները խաղադաշտից չեն հեռացել առանց գոլի:
Քսանհինգերորդն էլ դարձավ այդպիսին:
Ճիշտ է, այս ցուցանիշը ռեկորդային չէ (նրանք երեսունվեց խաղից բաղկացած այդպիսի սերիա ունեն), սակայն դեպի ռեկորդ տանող ընթացքն էլ ընդհատված չէ:
Բայց ոնց որ թե շատ եղավ «Բարսելոնի» մասին:
Փոքր-ինչ մեղմենք «Ռեալի» երկրպագուների զայրույթն ու հիշատակում անենք նաև արքայական ակումբից, թեպետ առաջին հայացքից այն այնքան էլ ակնահաճո կարող է չներկայանալ ակումբի երկրպագուների համար:
Մոուրինյոյի ղեկավարությամբ (2010-ի հունիսից) «Ռեալը» ցայսօր կրել է ընդամենը տասնչորս պարտություն: Սա չասենք լավ, սակայն վատ ցուցանիշ էլ չէ: «Ռեալի» երկրպագուների համար վատը հետևելիք այս վկայակոչումն է` այդ պարտություններից յոթը եղել է «Բարսելոնից»: Ի դեպ, այս մրցաշրջանում արքայական ակումբն ունեցել է (դարձյալ այս պահի դրությամբ) երկու պարտություն: Ասել է թե` նույնքան, որքան ողջ անցած տարվա ընթացքում:
Եվ, վերջապես (պահպանելով թիմերի միջև եղած պարիտետը) մեր կարևորած վերջին փաստը: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը, մինչև այս խաղը, երկու հանդիպում են ունեցել, երկուսն էլ Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում: Առաջինում մադրիդցիները «Նոու Կամպում» զիջել են 2:3, փոխարենը «Սանտյագո Բեռնաբեուում» առավելության են հասել 2:1 հաշվով, ինչն էլ նրանց հնարավորություն է տվել տիրանալու սուպերգավաթին:
Բավարարվենք այսքանով ու անցնենք օրվա հանդիպմանն առնչվող մեկնաբանություններին` դարձյալ առաջնորդվելով դրանց առաջնայնությունների մեր կարևորումով:

ԽԱՂԻՑ ԱՌԱՋ ԻՆՉ ԷԻՆ ԱՍՈՒՄ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՈՒ ՎԻԼԱՆՈՎԱՆ

Շատ բան էին ասում:
Հատկապես Մոուրինյոն:
Սակայն սկսենք կատալոնյան ակումբի մարզչից:
Գլխավորի պոստում սա նրա առաջին «էլ կլասիկոն» էր, ու փորձությունը մեծ էր: Հիմա անգամ, երբ խաղն ավարտված է, դժվար է ասել` նրա բարեբախտությո՞ւնն էր, թե՞ դժբախտությունը «Ռեալի» դեմ առաջին հանդիպումը սեփական հարկի տակ անցկացնելը, որովհետև, եթե լիներ պարտություն, առանձնակի ցավոտ էր լինելու: Հարցեր կան, որոնք քննարկման ենթակա չեն: Հենց թեկուզ, անցանկալի արդյունքի դեպքում, զարմանալի Պեպի նկատմամբ կարոտախտի ջրի երես դուրս գալով:
Ինչևէ:
Խաղից առաջ Վիլանովան ի լուր ամենեցուն ձենձնեց` մենք գիտենք ինչպես պայքարել «Ռեալի» դեմ:
Սա սպասված էր:
Եթե բանականության ծիրից դուրս չգանք, բա ուրիշ ի՞նչ պիտի ասեր:
Մոուրինյոն, ով, պատկերավոր ասած, գործընկերոջ համեմատությամբ անհամեմատ փորձառու աղվես է, ինչն ինչպես անելու իր գիտցածի մասին լռություն պահպանեց, փոխարենը խոսեց պարզ ճշմարտություններից ու դրանց մեջ պարզից պարզն այն էր, որ երբ հանդիպում են արքայական ակումբն ու կատալոնյանը, աշխարհը շունչը պահած կանգ է առնում, որ դա ավելին է, քան առաջնության սովորական խաղը: Ասաց, սակայն պոչից կցելով, որ «Բարսայի» նկատմամբ հաղթանակն իր թիմին կտա նույնքան միավոր, որքան մյուս հանդիպումները:
Այ, առաջին հայացքից տեսականի հավակնություններ ունեցող այս մտքի մեջ է Մոուրինյոյի ողջ հմայքը: ՈՒշադրություն դարձրեք` չի ասում, թե կհաղթենք, բայց երեք միավորից է խոսում:
Լավ: Չերկարացնենք: Սակայն եկեք այսպես պայմանավորվենք. քանի որ շատ բաներից խոսելը դեռևս չի նշանակում ամեն ինչ ասել, ինչպես շատ բաների մասին լռելը նույնպես չի նշանակում հարկ եղածից ավելի բաների մասին լռել, ուստի անցնենք խաղի վերլուծությանը:

ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉՄՈՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐ...
Ա՜խ այդ Ռոնալդուն: Խոսք չկա, իսկապես լավն է: Վերջին խաղերում` հատկապես: Վերջին խաղերում վրան իջած համեստությամբ` մասնավորապես, երբ թիմակիցների համար ծամած գոլեր ստեղծելուց սկսել է նույնքան մեծ հաճույք ստանալ, որքան դարպասն անձամբ գրավելուց: Ասել է թե` ճիշտ և ճիշտ… Մեսիի նման, ում շուքի հետ կռիվ է տալիս նաև քնած ժամանակ:
Սակայն եկեք նյութից առանձնապես չշեղվենք, շարադրման մեջ թիրախ ունենալով խաղի վերլուծությունը` միաժամանակ պահպանելով դեպքերի զարգացման ժամանակագրությունը:
Առաջին քսան րոպեն ոչնչով ի նպաստ չէր «Բարսելոնին»: Պարզ երևում էր, որ, առանց Պույոլի ու Պիկեի, կատալոնյան ակումբի կենտրոնը նման էր անհաջող կարկատանի: Հասկանալի է, չէ՞, «Ռեալի» նման գազանի հետ խաղում:
Ինչ արեցին մադրիդցինե՞րը:
Որքան էլ զգուշավոր էին խաղում, վերցրին ու քրքրեցին իրենց բաժին քրքրելիքը: Առաջին գոլային լուրջ ահազանգը եղավ Օզիլի փոխանցումից հետո, սակայն Ռամոսն աններելիորեն վրիպեց: Չխփած գոլը հունից հանեց Ռոնալդուին, ով քիչ անց սուրաց տուգանային հրապարակ ու արեց իր անելիքը: Արե՛ց ու ձեռքի զսպիչ շարժումով կատաղության աստիճանի հասցնելով նախ «հանգստացրեց» մարզադաշտ եկած բարսելոնյան հարյուր հազարին, ապա և հաջորդ ժեստով մատնացույց արեց իր համեստ անձը, որը թարգմանվում է այսպես` այդ ե՛ս եմ:
Չթողնելով մրցակցին ուշքի գալ` հետևեց մադրիդցիների հաջորդ կատաղի գրոհը, ու սկզբունքորեն դժվար է ասել, թե այդ օրն ինչ կարող էր լինել «Կամպ Նոուում», եթե Բենզեմայի թնդանոթայինն իր վրա չընդուներ դարպասաձողը: «Բարսելոնի» համար զարգացումներն ընթանում էին կատաստրոֆիկ հունով, ու իբր նրա ունեցած նախախաղային «նվերները» քիչ էին, ավելացավ նաև վնասվածք ստացած Դանի Ալվեսը:
«Լողում» էր, իսկապես «լողում» էր «Բարսելոնը»:
Սակայն այս ակումբի գերագույն երջանկությունն է արգենտինական ծագմամբ Լիոնել Մեսի ֆուտբոլային հանճար ունենալը: Թե ո՞նց հաջողեցրեց այդ խառը դրության մեջ հայտնվել այնտեղ, որտեղ պիտի հայտնվեր գնդակը, դա նրա համար ասված չէ: Գոլից պարզ երևաց, որ, ի տարբերություն «Մենք ենք, մեր սարերի» Ավագ քեռու, Մեսին բարկացել էր ոչ թե աշխարհի և, եթե կուզեք ճիշտը իմանալ, ոչ էլ «Ռեալի» վրա, այլ նրա, ով անհամեստորեն մատնացույց էր արել իր նորին մեծությունը: Ռոնալդուի: Չգիտեմ` ով ինչ տպավորություն ունի, սակայն, իմ համոզմամբ, պորտուգալացու գոլից հետո դա մրցավեճ էր ոչ թե երկու ակումբների, այլ երկու վառ անհատականությունների, որոնց ներկայությունը մարզադաշտում այս հրաշք խաղն իսկապես վերածում է հանդիսության:
«Ռեալի» պաշտպանությունը Մեսին մի անգամ էլ փշրեց: Տակ չմնաց և նրա վիզավին: Սակայն եկեք խոստովանենք, որ անպույոլ, անպիկե բարսելոնյան պաշտպանությունը բնավ էլ մադրիդյան երկաթբետոնյան չէր: Սա մենք չենք ասում Ռոնալդուի արածի գինը գցելու համար: Բնավ:
Ինչևէ:
Դառնալով Վիլանովայի այն մտքին, թե «մենք գիտենք ինչպես պայքարել «Ռեալի» դեմ», այդ գիտենալն ավելի շատ վերաբերում է հանդիպման վերջին տասը րոպեն առանձնակի արդյունավետ կազմակերպել կարողանալու նրա հունարին, երբ թիմը վերջնականապես հոգնատանջ անելով մրցակցին` անցնում է նրան բզկտելուն` հաճախ դրանք հանդերձավորելով կամային հաղթանակ կոչված որակումով: Սակայն կիրակնօրյա հանդիպումում «Ռեալը» կարողացավ չոր պրծնել բարսելոնյան տասը «մահվան» րոպեներից ու Մադրիդ տանել մեկ միավոր (եթե բոլոր վտանգավոր պահերը չհիշենք էլ, գոնե պարտավոր ենք նշել, թե ինչ հրաշալի գոլի հեղինակ կարող էր դառնալ երիտասարդ Մոնտոյան, ում հարվածը գրեթե տեղից պոկեց դարպասը):
Կիրակի ֆուտբոլասերներին աշխարհի երկու մեծ թիմերը իսկապես տոն պարգևեցին: Դա գեղեցիկ մրցակցություն էր: Արժանի մրցակցություն: ՈՒ թեև հանդիպման հաշիվը հավանաբար չբավարարեց ոմանց (այդ ոմանցի մեջ մեր համեստ անձն էլ է առկա), սակայն մեծ ֆուտբոլի թողած տպավորությունը գերազանցեց շատ բաներ, իսկ սա գոհանալու համար քիչ բան չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ