Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Էկլեկտիկան որպես շարունակություն

Էկլեկտիկան որպես շարունակություն
18.09.2012 | 02:51

Դատելով ժանրի կանոններից` հիմա դադարի ժամանակն է: Արտաքին քաղաքական: Ներքին քաղաքական: Իրադարձությունների տրամաբանությունը պահանջում է ժամանակ` ըմբռնելու ու եզրակացնելու: Սխալվելու: Որոնումների ու որոշումների: Շարունակության:

Եվ ուրեմն, կեցցե էկլեկտիկան, որովհետև ժանրի կանոններով ընդունվելու են էկլեկտիկ ակտեր ու որոշումներ, և միայն հեղինակն է տեսնում, թե կառավարելի քաոսի իր խաղը դեպի ուր է գնում: Բայց նա իրականում խաղից դուրս է, որովհետև սովորաբար խաղավարները չեն խաղում, նրանք խաղը հնարում են:
Փորձենք հասկանալ` ո՞վ է խաղավարը, որպեսզի հասկանանք խաղը:
Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների: Առանց պատճառների մեջ խորանալու` արձանագրենք, որ կողմերը հանդիսավոր հայտարարում են, թե ընդունում են մադրիդյան սկզբունքները, համենայն դեպս, որպես բանակցությունների հիմք, և պատրաստակամ են շարունակելու քննարկումները: Իրականում, սակայն, ամբողջ խնդիրը մադրիդյան սկզբունքները չընդունելն է: Վերջին հաշվով` ինչպես համադրել տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, եթե նույնիսկ գիտեն համանախագահները, միմյանց հետ համամիտ չեն, այլապես չէին հնարի հավերժական ոչ-ոքի տարբերակը: Հայկական կողմը ոչ մի դեպքում չի համաձայնելու Ղարաբաղի որևէ ինքնավարության Ադրբեջանի կազմում, ինչն ինքնին հասկանալի է, որովհետև քսանամյա անկախությունից հետո կամավոր կախյալ չեն դառնում: Ադրբեջանն էլ չի համաձայնելու իր տարածքային ամբողջականության խախտմանը, թեպետ չունեցած քսան տոկոսի կորուստը վաղուց նրան այլևս չի հուզում ու չի հետաքրքրում, բայց խնդիրը օրակարգում պահելը կենսականորեն պետք է իր պետականաշինության, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ղարաբաղը Ադրբեջանի անհրաժեշտությունն է, որովհետև եթե հանկարծ ու այս հարցը լուծվում է, Ադրբեջանի ամբողջ գաղափարախոսությունը փլվում է. երբ արտաքին թշնամին դադարում է թշնամի լինելուց, թշնամիները հայտնվում են ներսում: Ադրբեջանն այնքան նեգատիվ է պայմանավորել ու հիմնավորել Հայաստանով, այնքան կենսական հարցերի լուծում է հետաձգել Հայաստանի մեղքով ու պատճառով, վերջապես ռազմատենչությունն ու ատելությունն այնքան խոր են խրվել այդ երկրի ներքին, արտաքին, սոցիալական, գաղափարական, քաղաքական, հոգեբանական վիճակներում, որ խնդրի լուծումը Ադրբեջանի համար վիթխարի վակուում է հարուցելու, որը ոչնչով լցնել Ադրբեջանը չի կարողանում: Չարաբաստիկ 20 տոկոսը ադրբեջանցիների մղձավանջն է, նրանք վաղուց հաշտվել են, որ ինչ իրենցը չէր, իրենցը չի լինելու, բայց նրանք չեն կարող հաշտվել պարտվածի իմիջի հետ: Վերջին հաշվով` տարածաշրջանին գլոբալ խաղաղությունը կարող էր անկառավարելի դարձնել դրսի համար, իսկ դա անթույլատրելի է: Այդքան նավթի, գազի, հաղորդակցուղիների, աշխարհաքաղաքական տարատեսակ դիրքորոշումների պարագայում: Բայց նույնիսկ այդ դեպքում կոնֆլիկտի կողմերը սրընթաց կորցնում են կարգավորման հեռանկարը: Աշխարհի բթացող ուշադրությունը պարբերաբար պետք է հրավիրել այս տարածքի, այս խնդրի և այս իրավիճակի վրա: Ինչպե՞ս: Ադրբեջանն այդ խնդիրը լուծում է` կրակիր ու ինչ-որ մեկին կկպչի սկզբունքով: Ադրբեջանին անընդհատ սենսացիա է պետք, որ աշխարհը չմոռանա իր տեղը ու իր անիրավված, իրավազրկված վիճակը` 20 տոկոս տարածք, 1 միլիոն փախստականներ, որոնց թիվը ոչ ավելանում է, ոչ պակասում, թեպետ հայտնի է, որ մարդիկ ծնվում ու մեռնում են, բայց ոչ Ադրբեջանում: Նրանք ապրում են իրենց հնարած մառազմի մեջ ու պարբերաբար նաև իրենց բարերարություններն են հիշեցնում` «Էրիվանի խանությունն իրենցն էր, բայց նվիրեցին հայերին...» կարգի:

Եվ իրենց հնարած մառազմն աշխարհի մառազմ են ուզում դարձնել նավթադոլարներով: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Իրականում պատմական արդարությունն ու անարդարությունը, տարածքային ամբողջականություն, թե ազգերի ինքնորոշման իրավունք` ամեն ինչ կարելի է մի կողմ դնել և առաջնորդվել օրվա շահերով: Դիվանագետները տասնյակ նրբություններ ու նրբությունների նրբություններ են գործադրում իրենց ցանկացած մեկ բառին ու մտքին հասնելու համար, և հասնելու ընթացքը կոչվում է հաջողության ժամանակ: Ճիշտ է` հաջողությունը լինում է մեկ այս, մեկ այն կողմում: Բայց լինում է: Ամենամեծ հաջողությունը ԼՂՀ-ի գոյությունն է, ճանաչո՞ւմ է աշխարհը, թե՞ ոչ:
Օրվա խնդիրը, գործնականում, ԼՂՀ ճանաչումը չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ուժեղ ու օրեցօր ուժեղացող հանրապետություն ունենալը, որը կարող է տասնյակ խնդիրներ ունենալ, բայց ժողովրդագրական խնդիր չպիտի ունենա` մեկ, և չպիտի ունենա արտագաղթի խնդիր` երկու: Լուծվա՞ծ են այս խնդիրները: Իհարկե` ոչ: Պատճառներն արդեն վաթսունչորսերորդական նշանակություն ունեն: Պատճառներ չպիտի լինեն, պիտի լինի գործ: Գործն է, որ հարկադրելու է ԼՂՀ-ն ճանաչել: Գործն է, որ ԼՂՀ ներկայացուցչին վերադարձնելու է բանակցային սեղան: Գործն է, որ լուծելու է հարցը` անկախ որ գերտերությունն ինչ դիրքորոշում ու ինչ որոշում ունի: Նրանց շահերը հարափոփոխ են: Նրանց փոխհարաբերությունները հակասությունների հավասարակշռման վրա են հենվում: Տարածաշրջանն էլ փոխհարաբերությունների տեսանկյունից կարող էր ավելի լավը լինել, բայց կա` ինչ կա: Իսկ եթե դու չես ուզում խաղը վարել, վարում են քո խաղը: Եթե քո միակ փաստարկը պատմական արդարությունն է, աշխարհը պատմության ու արդարության ընկալման ու մեկնության իր հակափաստարկներն ունի: Ի վերջո, բոլոր երկրների պատմություններն ունեն հատման կետեր, փոխադարձաբար սեփականը համարվող տարածքներ, որոնց սահմաններն ու դրոշները միշտ չէ, որ համապատասխանում են իրենց պատմությանը, և աշխարհն այդ հիմքի վրա կարող է և իրեն թույլ տալ ուրիշներին չհասկանալու անարդարությունը:
Ղարաբաղի հարցում հիմա դադար է, շարունակությունը կարող է լինել երեք տարբերակով`
1. Բանակցությունները շարունակվում են, ինչպես եղել են: Խորհրդավոր հանդիպումներ, սահմանային միջադեպեր, ոչինչ չասող տեղեկատվություն, ամփոփիչ փաստաթղթերի ընդունում հայտարարությունների, հռչակագրերի տեսքով, որոնք ևս ոչինչ չեն պարտավորեցնում: Այս ուղղության նպատակը գործընթացը պահելն է` բանակցություններ հանուն բանակցությունների, մինչև, այնուամենայնիվ, որևէ փոփոխություն կլինի աշխարհում և իրադարձային ընդհատում կպարտադրի:
2. Բանակցություններից դուրս է գալիս Հայաստանը` հայտարարելով, որ Ադրբեջանը իրականում չի ուզում խաղաղ ճանապարհով հարցը լուծել, հիմք` Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի նախարարի, այլ պաշտոնատարների հայտարարությունները, պետական բյուջեն` սպառազինությունների մասով, որոնք միանշանակ վկայում են, որ Ադրբեջանը հարցի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով: Ընդ որում` Հայաստանն այս դեպքում կարող է և ճանաչել ԼՂՀ-ն, բայց դա ոչինչ չի ավելացնի զինանոցին, եթե ավելի չկաշկանդի:
3. Բանակցություններից դուրս է գալիս Ադրբեջանը` Հայաստանին ներկայացնելով 20 տոկոսի ավանդական մեղադրանքը և պահանջելով «օկուպացված տարածքների» ազատում, որից հետո միայն ինքը կբանակցի: Պատճառներն արդեն հայտնի են:
Կա նաև 4-րդ տարբերակը, որը միայն իբրև տարբերակ կարող է գոյություն ունենալ և ռեալության հետ քիչ կապ ունի. կազմալուծվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը` հայտարարելով, որ իր առաքելությունն ավարտել է, կամ նախադրյալներ չկան իր առաքելությունն իրականացնելու համար և ժամանակ է պետք` իր գործունեության արդյունքները փոխանցելու համար նոր կառույցի, որը պետք է ձևավորվի իբրև իրավահաջորդ` ունենալով, բնականաբար, այլ իրավասություններ, այլ ձևաչափ, այլ մեխանիզմներ:
Ինչպե՞ս ենք մենք այս դադարն օգտագործելու:
Ռամիլսաֆարովյան այս ամբողջ պատմությունը չպետք է դառնա դատարկ պարկուճներով կրակահերթ: Հուզական, պատմաժամանակագրական, արդարամիտ ու արդարամտության կոչող ելույթները ինձ հիշեցնում են ազնիվ ու դյուրահավատ հայերիս հարյուրավոր նամակները ԽՄԿԿ կենտկոմին, Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովին ու ընկերությանը 88-ից հետո: Աշխարհը գործառնում է փաստերով: Որքան պարզ, այնքան անվիճելի: Երկու ուղղություն` առաջին. շարունակվում է ոճրագործին վերստին դատակոչելու գործընթացը, երկրորդ. ստեղծված մթնոլորտն օգտագործվում է ակնառու դարձնելու, որ ԼՂՀ-ն երբեք ու երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի եղել ու չի լինելու: Եթե ոչ քաղաքական, ռազմական, պատմական, տնտեսական պատճառներով, ապա ամենաանհերքելի` բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման անհնարինության պատճառով:
Եվ երրորդ` Հայաստանը վերջապես պետք է դառնա խաղավար: Հայաստանը վերջապես պիտի սեփական քայլերն անի, ոչ ի պատասխան, ոչ իր կատարումն, ոչ ի տարբերություն: 20 տարի մենք առաջնորդվել ենք պատասխան հարվածի տրամաբանությամբ և 20 տարի հնարավորություն ենք տվել, որ մեզ առաջինը հարվածեն: 20 տարի մենք ջանացել ենք լարախաղացի մեր պարն անկորուստ կատարել, բայց ավելի շատ վայր ենք ընկել, քան ճոպանին ենք եղել: Իսկ եթե շարունակելու ենք նույն հոգեբանությամբ ու նույն տրամաբանությամբ, ևս մի նախարարություն պիտի բացենք` արտագաղթի, որի խնդիրը պիտի լինի մնացածների` երկրից կես քայլ դուրս անելու բացառումը: Պատճառն ասե՞մ, թե՞ մութ չէ: Էկլեկտիկան, ինչպես մեզ ուսուցանել են, անկապ ու անհեթեթ պատկեր է, բայց այդպես ուսուցանել են մեկ ժանրի կանոններ սահմանողները: Իսկ կյանքը համակ համադրում-հակադրում է, և ամբողջ կյանքդ կանոններով չես ապրի, առավել ևս` ուրիշի սահմանած:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրել էր խորհրդակցություն` հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պարզ ու որոշակի ասաց վարչապետին. «Այս առումով կառավարության աշխատանքը բացասական եմ գնահատում, շատ բացասական»: Իսկ հետո հետևեցին անթույլատրելի վիճակի հիմնավորումներ: Եվ ի՞նչ: Ոչինչ: Ամբողջ երեք օր միակ արձագանքը նախագահի խոսքին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովինն էր: Իշխանամետ, ընդդիմադիր որևէ կայք, որևէ գործիչ չհանդգնեց գնահատական տալ. խոսեցին, գրեցին ամեն ինչի մասին, բայց ոչ Հայաստանի նախագահի տված գնահատականից Հայաստանի վարչապետին, որովհետև ոչ ոք չէր ուզում սխալվել: Իսկ իրականում` որովհետև ոչ ոք չէր մտածում գործի մասին, մտածում էին կհանի՞-չի՞ հանի վարչապետին, բացասական գնահատականի պատճառների ու հիմնավորումների մասին ոչ մի խոսք: Վիճակը փոխելու հեռանկարների մասին ոչ մի խոսք: Բայց ճիշտ էր, չէ՞, որևէ նախարար չառարկեց, չպաշտպանվեց, ոչ թե արարողակարգն էր այդպես` հանդիպման ձևաչափը պատասխան չէր նախատեսում, ասելիք չկար: Ահա սա էլ ձեզ ներքաղաքական դադարը, ընտրեք` ի՞նչ եք անում. մտածում եք առաջիկա հնարավոր պաշտոնանկությունների ու դրանց հնարավոր հետևանքների՞ մասին, թե՞ մտածում եք ինչպես փոխել վիճակը, ինչպես լուծել այն խնդիրները, որ արդեն վաղուց պիտի լուծված լինեին և չհասնեին նախագահի մակարդակով խորհրդակցության: Էկլեկտիկայի հաղթանակը` եթե մտածում եք երկուսի մասին միասին, բայց հաջողության համար ընտրեք մեկնումեկը` էկլեկտիկան էլ ունի իր սահմանները:

Դիտվել է՝ 7991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ