«Իրատես de facto» ակումբում հյուրընկալվելուց հետո «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ պատասխանեց մեր հարցերին։
-Ձեր կարծիքով` Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրադարձությունները Հայաստանում ճի՞շտ ուղղությամբ են զարգանում, թե՞ անհրաժեշտ քայլեր կան, որ չեն ձեռնարկվում:
-Հայտարարվել է մի քանի քայլերի մասին, որոնք վստահ չեմ, որ արվելու են` իրավիճակը մինչև վերջ պարզաբանելու և բացահայտելու առումով: Օրինակ, ասվել է, որ Հայկ Մակուչյանը, Բուդապեշտում ուսանած հայ մյուս սպան, դիմելու է դատարան` իր դեմ ծրագրված մահափորձի հայցով: Եթե մենք ամբողջ լրջությամբ հասկանանք` ինչ է կատարվել 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում, այս քայլը շատ մեծ բացահայտումների կարող է հանգեցնել` լուծելով նաև Ռամիլ Սաֆարովին միջազգային արդարադատությանը վերահանձնելու խնդիրը: 2004-2006 թթ. Բուդապեշտում մեզ ընդամենը հաջողվել է կանխել դատավարությունը Բաքու տեղափոխելու Ադրբեջանի ցանկությունը, որտեղ սպանության մեղմացուցիչ հանգամանքներ կստեղծվեին Ռամիլ Սաֆարովի համար, և նա պատժվել է առավելագույն պատժաչափով` ցմահ բանտարկության: Բայց այսօր ակնհայտ է դառնում, որ սպանության պատվիրատուն եղել է Ադրբեջանի իշխանությունը:
-Ի՞նչ հիմքեր ունեք այդ պնդման համար:
-2004 թ. փետրվարի 23-ից հետո Բաքուն դադարեցրել է իր մյուս սպայի` Անար Ալիևի մասնակցությունը դասընթացներին, որ տևելու էին մինչև ապրիլ, և նա վերադարձել է Բաքու: Երբ Մարգարյանների դատապաշտպան Նազելի Վարդանյանի պնդմամբ հունգարական դատարանը նրան հրավիրում է դատաքննության, ադրբեջանական կողմը պատասխանում է, որ նա վայր է ընկել ուղղաթիռից և կորցրել է տեղաշարժվելու կարողությունը, որից հետո ասվում է, որ նա նաև խոսելու ընդունակությունն է կորցրել, ապա նաև հիշողությունը: Այսօր անգամ հայտնի չէ` նա ողջ է, թե ոչ:
-Ինչո՞վ էր նա վտանգավոր իբրև վկա:
-Երկու ադրբեջանցիների` փետրվարի 19-23-ին կատարված հարցաքննությունների միջև կան ակնհայտ հակասություններ. Անար Ալիևն ասում է, որ տեսել է սպանության գործիքները, մինչդեռ Ռամիլ Սաֆարովը բացառում է, որ նա տեղյակ է եղել իր մտադրությանը: Սա` մեկ: Կա շատ ավելի ուշագրավ փաստ` 2012 թ. օգոստոսի 10-ին «Ազատության» կենտրոնակայանի կայքում տեղակայված են Վաշինգտոնի համալսարանի դոցենտի դիտարկումները, թե 2004-2012 թթ. ինչպես է լուսաբանվել գործը: Հեղինակն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ փետրվարի 19-ին, սպանությունից ժամեր անց, մինչ Ռամիլ Սաֆարովը պատմում էր իր կատարած ոճրագործության դրդապատճառների ու հանգամանքների մասին` որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ շփում չունենալով, ադրբեջանական պետական հեռուստաընկերությունները և լրատվամիջոցները Բաքվում հրապարակում են այն, ինչ պատմում էր Սաֆարովը Բուդապեշտում: Օրինական է, չէ՞, հարցը` ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը համարյա բառ առ բառ ներկայացնել ցուցմունքների ամբողջ սյուժեն` չունենալով որևէ կապավոր, ընդամենը ունենալով մի սպայի, որ տեղյակ չէր կարող լինել Ռամիլ Սաֆարովի ցուցմունքներին: Ադրբեջանցի առաջին պաշտոնյաները` պաշտպանության նախարարության զինվորականներ, դեսպանության ռազմական կցորդը և առաջին քարտուղարը, Ռամիլ Սաֆարովին հանդիպել են փետրվարի 23-ին: Եթե փետրվարի 19-ին Բաքուն արդեն ներկայացնում է Սաֆարովի ցուցմունքները, նշանակում է` նախապես ունեցել է հանցագործության սցենարը:
-ՈՒրեմն Բաքուն նվազագույնը տեղյակ էր սպանության մտադրությանը և նախապատրաստությանը:
-Եթե չասենք` պատվիրատուն էր: Հենց այդ պատճառով էլ ժամանակից շուտ Բուդապեշտից հեռացվեց Անար Ալիևը, և անցած տարիներին համառ ջանքեր գործադրվեցին հայրենիք վերադարձնելու համար գլխավոր հանցագործին, որովհետև նրանք ամեն ինչ գիտեն հանցագործության պատվիրատուի մասին:
-Այդ դեպքում Բաքվին Սաֆարովն ընդհանրապես պետք չէ. քանի դեռ ողջ է, երբևէ կխոսի...
-Սաֆարովն իր գործը կատարել է և կարող է հեռանալ, նա արդեն հերոս է և արդեն ոչ մեկին պետք չէ, որովհետև լուրջ գլխացավանք կարող է դառնալ Ադրբեջանի համար: Հերոսի կերպարը, որ նրանք ծեփում են Ռամիլ Սաֆարովից, այնքան անորակ նյութից է, որ չի կարող երկար դիմանալ:
-Ի՞նչ կրթություն է ստացել Սաֆարովը, որ նրան Բուդապեշտ էր հասցրել:
-Ռամիլ Սաֆարովը ծնվել է 1977 թվականին, 14 տարեկանում տեղափոխվել է Բաքու` ուսանելու Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանում: 1992 թ. նրան ուղարկում են Թուրքիա, Իզմիրի Մալթեփե ռազմական լիցեյում սովորելու: 1992-2000 թթ.` ութ տարի Սաֆարովը սովորել է Թուրքիայում` ավարտել է լիցեյը, և 1996 թ. ընդունվել Անկարայի բարձրագույն ռազմական դպրոցը: Իր խոսքով` ռազմական պրակտիկաներն անցել է Կիպրոսում, և ուսումնառության շրջանակներում է սովորել տարբեր գործիքներով մարդկանց սպանելը: Հոգեբանական տիպի առումով` եզրակացության մեջ նշվում է, որ նա հակասոցիալական է, խաղում է սեփական կանոններով, կառավարելի է և այլոց ներգործության ենթակա: Թուրքիայում նման բնութագրով 15-ամյա պատանին չէր կարող հատուկ ծառայությունների ուշադրությունից վրիպել` որպես հրաշալի հումք, որից կարելի էր ստեղծել ցանկացած հանձնարարության կատարման գործիք: Այսօր նրա համար ոչ միայն հերոսի կերպարանք, այլև կենսագրություն է կերտվում` կենսագրության որոշակի հատվածներ ադրբեջանական լրատվամիջոցները շրջանցում են, որոշ հատվածներ հնարում: Այլապես դժվար է իրականում տգետ մեկից կրթյալ, ուսյալ, հայրենանվեր մեկը ստեղծել, ով ադրբեջանական արդարության հաղթանակի համար պատրաստ է ամեն ինչի: Ադրբեջանական մամուլը չի խոսում, որ Ռամիլ Սաֆարովը պարզապես դասալիք է, այն տարիներին, երբ Ադրբեջանն օր օրի պարտվում էր պատերազմում, նա ուսման պատրվակով երկրից ուղղակի փախած էր: Ի վերջո, ադրբեջանական հասարակությունն էլ մի օր կհասկանա, որ նա սովորական քիլեր է, ոչ ավելին:
-Լավ, աշխարհից մի հայ պակասեցնելու նպատակո՞վ է պետական մակարդակով օտար երկրում կազմակերպվում բարբարոս մի սպանություն, թե՞ խնդիրն այլ է:
-Խնդիրը համաշխարհային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի վրա դարձնելն էր:
-Բավարար չէ՞ր այդ ուշադրությունը 2004-ին:
-Համենայն դեպս, Ղարաբաղի խնդիրը չես համարի աշխարհի քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիր, ոչ էլ թիվ 2 կամ 3, անգամ` 4 կամ 5: 2004 թ. աշխարհում թիվ մեկ խնդիրն Իրաքն էր, խոշոր պետությունները զբաղվում էին այլ հարցերով: Այսօր էլ Ադրբեջանն ունի այդ խնդիրը, և սահմանային միջադեպերը հենց այդ նույն նպատակն ունեն` աշխարհի ուշադրությունը հրավիրել և սպառնալ, որ իրավիճակը կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ, եթե նրանք ձեռնամուխ չլինեն լուծմանը: Ընդ որում` իրենց ուզած ձևով:
-2004-ին վիճակը շոկային էր, և իրադարձային լուծումներ կարող էին տրվել խնդիրներին, բայց բավականին ժամանակ է անցել` իրադարձությունների բուն պատճառները պարզելու համար: ՈՒնե՞նք նման հնարավորություն հիմա:
-Միանշանակ, Հայկ Մակուչյանը բոլոր իրավունքներն ունի իր դեմ կազմակերպված մահափորձի հանգամանքների բացահայտման նպատակով դիմելու դատարան: Բնականաբար, Հայկը այդ քայլը մենակ չպիտի անի, Հայաստանի Հանրապետությունը պիտի օգնի նրան իր բոլոր մեխանիզմներով: Անար Ալիևի ճակատագրի անհայտության պատճառով` երկու ադրբեջանցիների ցուցմունքների հակասականությունը ի հայտ բերելն այսօր դժվար է լինելու, բայց բազում կետեր կան, որոնցով Հայաստանի Հանրապետությունը կարող է Ռամիլ Սաֆարովին վերստին արդարադատության ձեռքը հանձնել:
-Դուք դա համարում եք հավանակա՞ն:
-Այո, եթե Հայաստանի Հանրապետությունը հետևողական լինի և նման խնդիր դնի իր առաջ:
-Միջազգային կառույցներում այսօր բանաձևեր ու հայտարարություններ են ընդունվում, չե՞ք կարծում, որ այդ կետը կարող է լինել:
-Անպայման, բայց պիտի արվի չափազանց զգույշ, որպեսզի Ադրբեջանը խնդիրը ղարաբաղյան ենթատեքստ չտանի և չվերածի ղարաբաղյան հարցով զեկույցների և ռեկոմենդացիաների կետ: Ռամիլ Սաֆարովին և նրա գործած ոճրին առնչվող հարցերի շրջանակները պիտի հստակ սահմանագծվեն, կոնկրետ հարց պիտի քննարկվի, կոնկրետ բանաձևեր պիտի ընդունվեն: Միջազգային վեհաժողովներում անհատական հայտարարություններով հանդես գալը չափազանց քիչ է արդյունք ստանալու համար: Դիվանագետներից մինչև պատգամավորներ` միջազգային կառույցներում չպիտի բավարարվեն Ադրբեջանին դիմակազերծելու նպատակով, ավելի լուրջ խնդիր պիտի դնեն ու լուծեն` մասնավորապես Հունգարիայից արտահանձնված մարդասպանի վերադարձը Եվրոպա:
Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ