ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մի գողացված առաջնության պատմություն (շարունակություն - 2)

Մի գողացված առաջնության պատմություն (շարունակություն - 2)
20.07.2012 | 02:03

ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻՋԵՎ

Մարզահամերգայինը վերականգնելու համար հանրապետությունում գիշերն էլ ցերեկ արվեց, ու մրցումների բուն սկզբից շատ ավելի վաղ ամեն ինչ բերվեց իր տեղը:
Ասել, թե սա միայն պատվի հարց էր, կնշանակի եղածի կարևորությունը ոչ թե փոքրացնել, այլ պարզապես վերցնել ու զրոյացնել: Սա անօրինակ հաղթանակ էր` հանրապետության շարքային քաղաքացուց մինչև երկրի ղեկավարի ոգու, կամքի ու միասնականության բացառիկ ցուցադրություն: Նախանձելի ցուցադրություն:
Սակայն առաջնությունը մեզնից խլելու գործընթացն արդեն թափ էր հավաքել: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այդ գործընթացի մեջ, այնուամենայնիվ, նաև որոշակի դժկամության տարրեր կային: Որքան էլ տարօրինակ հնչի, Մոսկվան առաջնությունը մեզնից տանում էր… չկամությամբ: Բանն այն է, որ նման մասշտաբի միջոցառումներն անխուսափելիորեն նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք են պահանջում: Խնդիրը, ի վերջո, այն Մոսկվայի բազմաթիվ սպորտային կառույցներից մեկում անցկացնելը չէր սոսկ:
Միայն շինությունով հա՞րց էր լուծվում:
Ի թիվս բազմաթիվ հարցերի շարանի, մեջտեղում էին առաջնության մեդալները, մրցանակակիրներին հանձնվելիք գավաթները պատրաստելու «մանրուքները», իսկ դրանց համար ժամանակ էր պետք: Այնպես որ, մարզահամերգայինի հրդեհվելուց հետո միութենական լրատվամիջոցներով Մոսկվայի ակնթարթային այն արձագանքը, թե առաջնությունն ընդունելուն ինքը վաղուց էր սպասում, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Ճշմարտությունն այն էր, որ Մոսկվան ոչ թե պատրաստ էր առաջնությունն ընդունելու, այլ հարկադրված եղավ ընդունել, իսկ արձագանքն արտաքին օգտագործման համար էր` ինչ-որ տեղ ոմանց խելքի գալու կոչ:
Այստեղ մենք մոտենում ենք չափազանց նուրբ թեմայի, որն առավել քան սևեռված ուշադրություն է պահանջում ընթերցողից, և որի արծարծումը ոչ այնքան դանակի շեղբի վրայով քայլել է նշանակում, որքան պատասխանատվությունը սեփական փխրուն ուսերի վրա բեռնելու հստակ կշռադատված գիտակցում, քանզի ինֆորմացիային ավելի շուտ ոչ թե հստակ, այլ ամբողջության մեջ չտիրապետելը կարող է թյուր մեկնաբանումների տեղիք տալ: Եվ այնուամենայնիվ, մեկ որ սկսել ենք, գնանք առաջ:
Եթե ասենք, որ պրոպագանդան` քարոզչությունը, ահռելի զորության զենք է, ավելի ահռելի, քան մարդկության երբևիցե ստեղծած ամենակործանարար զենքը, ոչինչ նոր բան ասած չենք լինի: Համենայն դեպս, քարոզչության սարսափելի հզորությունն ընդունենք ի գիտություն ու շարունակենք: Մարզահամերգայինի հրդեհվելու արդեն իսկ առաջին վայրկյաններից սկսած շրջանառության մեջ դրվեց մի վարկած, որ, իբր, շինարարության ընթացքում յուրացվել են ահռելի ֆինանսական միջոցներ, իսկ դրանց հետքերը կորցնելու համար անհրաժեշտ էր այն հրդեհել: Սա եղածի զգացմունքային ընկալման արտահայտությո՞ւն էր, իրականությունից սթափ ուղեղների կամ ամենագետների տրամաբանական բխեցո՞ւմ, թե՞ ինչ-որ այլ բան: Թույլ տվեք այդ ամենին պատասխանել հետևյալ հակակշռումով. մեր ընկալմամբ` սա շատ ավելի վերևներում պլանավորված ու իրականացված ակցիա էր, և ուղեղի այդ հիվանդագին կենտրոնը, համենայն դեպս, հանրապետության սահմաններից դուրս էր:
Մարզահամերգայինի հրդեհվելուն կամ հրդեհումին զուգահեռ շրջանառության մեջ դրվեց մի վարկած ևս` այս պարագայում շատ ավելի զգուշավոր, քան առաջին դեպքում: Վեհերոտ այդ թեման, որ արվում էր խիստ վստահելիների ու խիստ վստահելի մերձավորների վստահելի շրջանում, հետևյալն էր. Սփյուռքի հայտնի կառույցները խոստացել էին անպատիժ չթողնել թուրքերի մասնակցությունն առաջնությանը, համարելով, որ անհարիր է թուրքական դրոշի բարձրացումը Հայաստանում առհասարակ, Եղեռնի հուշարձանի հարևանությամբ գտնվող մարզահամերգայինում մասնավորապես, որ դա հիշատակի պղծում է և այլն, և այլն, ու, իբր թե, հնարավոր ահաբեկչական ակտից խորհրդային իշխանությունների մտավախությունն այնքան խոր էր, որ առաջնությունը Երևանից Մոսկվա տեղափոխելու քաղաքական որոշում կայացվեց ԽՍՀՄ ղեկավարության մակարդակով, չնայած Հայաստանի իշխանությունները տալիս էին վստահության բարձր երաշխիք:
Այս վարկածի մեջ համառապնդելը (սպառնալիքի ու սպառնալիքից զգուշանալու առումով) եկեք օրակարգային խնդիր չդարձնենք, սակայն փաստը մնում է փաստ, որ տեխնիկական առումով Երևանը կատարելապես պատրաստ էր առաջնությունն անցկացնելուն, մինչդեռ այն վերցվեց մեր ձեռքից, թեպետ Մոսկվան ոչ մի շահ չուներ այդ տեղափոխությունից, բացի ավելորդ գլխացավանքից:


ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՆՔ
Անդրադառնանք դրանցից երկուսին:
«Գլխացավանքներից» մեկի հարցը Մոսկվան հեշտությամբ լուծեց` հասցրեց պատրաստել առաջնության մեդալները, որովհետև, որքան էլ դրանք բարձրաճաշակ էին արված (մեդալների պատրաստման պատվերը մերոնք իջեցրել էին Իտալիային), «Երևան-1983» գրությամբ հայաստանյաններն արդեն բանի պետք չէին. պարզապես տրամաբանական կապ չկար Մոսկվայի ու Երևանի միջև:
Խնդիրը Մոսկվային անհամեմատ հեշտ էր թվացել առաջնության գավաթների հարցում: Մտածել էին` ինչո՞ւ ժամանակ ու հավելյալ ֆինանսներ ծախսել, երբ կարող են հայերից տիրաբար վերցնել գավաթներն ու, դրանց փորագրությունները փոխելով, ստանալ պատրաստին: Սակայն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ամենահեշտ թվացողի մեջ է թաքնված լինում իրական բարդությունը:
Գավաթների պատրաստումը Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը վստահել էր Արզնու բյուրեղապակու գործարանին: Դրանք երեք մեծն էին` թիմայինի մրցանակային եռյակի, ու տասը փոքրը` յուրաքանչյուր քաշային կարգի հաղթողի համար, ընդհանուր թվով` տասներեք գավաթ: Սակայն մեր ոսկեձեռն վարպետները «Երևան-1983» դրվագումներն արել էին ավազափոշու նոր տեխնոլոգիայի կիրառմամբ, իսկ այն մոտավորապես ստացվել էր դպրոցական դասագրքերից մեզ հայտնի այն պատմության հանգույն, որտեղ պատին գրված անունը ջնջելու անհնարինությունը գրողին թույլ էր տվել հպարտությամբ ասել` այդ անունը ջնջել չի լինի:
Այդ անհնարինությունը կամա, թե ակամա ապահոված մեր վարպետների արածը հանրապետության մարզական ղեկավարությունն անհնարին դարձրեց ևս մեկ խորամանկումով (կարծում ենք` ընթերցողը գլխի ընկնում է, որ նման բաները չէին կարող արվել առանց երկրի քաղաքական ղեկավարության ցուցումի): Այնուամենայնիվ, հոգու խորքում կասկածի ինչ-որ բաժին ունենալով, մերոնք, չնայած Մոսկվայի համառ պահանջներին, ձգձգեցին գավաթները Մոսկվա տեղափոխելու գործը, իսկ երբ բանը հասավ մեզ վրա ավելի ազդու միջոցներով ներգործելուն, գավաթները Մոսկվա հասցվեցին… Սոչիի միջանկյալ ճանապարհով` պատճառաբանությամբ, թե Երևան-Մոսկվա չվերթը չափազանց գերբեռնված է, դրա համար է ընտրվել Երևան-Սոչի-Մոսկվա երթուղին:
ՈՒղարկեցին ոչ միայն միջանկյալ ճանապարհով, այլև կարողացան ինքնաթիռի թռիչքն այնտեղ էլ մի քանի ժամով ուշացնել: Մի խոսքով, գավաթները Մոսկվա հասան այն ժամանակ, երբ մեծագույն ցանկության դեպքում էլ անհնար էր արդեն դրանց վրա դրվագված «Երևան-1983» փորագրություններին ձեռք տալը, որովհետև տակը ժամանակ չէր մնացել: Արդյունքում` ծանրամարտի աշխարհի 1983 թվականի առաջնության հաղթողները ստացան «Մոսկվա-1983» գրությամբ մեդալներ ու «Երևան-1983» դրվագազարդումով գավաթներ: Սա առաջնությունների պատմության մեջ նմանակը չունեցող դեպք է:
Փոքր, թե մեծ, ահա այսպիսի վրեժ լուծեց Երևանը Մոսկվայից` իր ձեռքից առաջնությունը տանելու համար, որում, ճշմարտության աչքերին ուղիղ նայենք, այնուամենայնիվ, Մոսկվայի մեղքն այնքան էլ չկար:
Սակայն հայերս միայն այս կերպ վրեժխնդիր չեղանք:

(շարունակելի)

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ