«Եվրոպական համալսարաններում որակավորված վճռական առաջադիմականներ» ՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնում վերջերս տարածված ադրբեջանական այն նյութի վերաբերյալ, որտեղ Ադամն ու Եվան ներկայացվում են որպես առաջին ադրբեջանցիներ:
Մեր կազմակերպությունը բազմիցս մասնակցել է միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ գիտաժողովների, մեր անդամների զեկույցները տարբեր տարիների արժանացել են բարձրագույն գնահատականի (ՈՒրարտագետների հարավկովկասյան ֆորումի գլխավոր մրցանակ-2008, Հարավային Կովկասի հնագետների և լեզվաբանների գիտաժողովի հատուկ մրցանակ-2009):
Նման հակագիտական թեզերը և ազգային սնապարծության դրսևորումները խոչընդոտում են երկու կողմերի միջև խաղաղության երկխոսության հաստատմանը և ավելի են սրում երկու հասարակությունների միջև առկա լարվածությունը:
Մենք կողմ ենք հայկական և այլ մշակույթների և պատմության անաչառ քննությանը և ազգերի խաղաղ գոյակցությանը, իսկ նման հայտարարությունները առ ոչինչ են դարձնում այդ ուղղությամբ մեր կազմակերպության և մեր համախոհների ու գործընկերների ջանքերը:
Մեր կազմակերպությունը դեմ է ազգային սնապարծության և ազգամիջյան թշնամանքի հրահրման ցանկացած դրսեւորման և մենք կոչ ենք անում այդ հետազոտության հեղինակներին հրապարակավ ներողություն խնդրել այդ անհեթեթության համար և առաջիկայում զերծ մնալ նման անհեռատես գործողություններից:
«Եվրոպական համալսարաններում որակավորված վճռական առաջադիմականներ» ՀԿ