ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ապավինելով ֆուտբոլային «ռուլետկային»

Ապավինելով  ֆուտբոլային «ռուլետկային»
22.06.2012 | 11:46

Երեկվանից աշխարհի ֆուտբոլասեր հանրությունը մտավ «աշխատանքային» նոր ռիթմի մեջ: Սկիզբն ազդարարողը Չեխիա-Պորտուգալիա դիմակայությունն էր` մեկ քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Այն այս պահի դրությամբ կայացած իրողություն է, ընթերցողը, ի տարբերություն մեզ, հանդիպման արդյունքի մասին արդեն գիտի, իսկ եթե ոչ, ապա առանձնակի դժվարություն չէ մտնել թերթի կայքէջ ու իսկույն տեղեկանալ կատարվածի մասին: Քանի որ կայացածի տրամաբանությունն ավելորդ է դարձնում Չեխիա-Պորտուգալիա հանդիպման նախախաղային «կրակոցներին» անդրադառնալը` դրանց արդեն ժամանակավրեպ լինելու առումով, ուստի եկեք փոխենք խնդրի դիտանկյունը:

Գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ խմբային խաղերից առաջ էլ ոչ մեկը չեխերի ընտրանին չէր տեսնում մեկ քառորդ դուրս եկող հավանական թիմերի թվում (օրիգինալ երևացողները հաշվի մեջ չեն), բայց արի ու տես, որ նրանք այնտեղ են, որտեղ կան, և արդեն բացված ախորժակից են խոսում, իսկ ախորժակը, ինչպես գիտենք, ուտելիս է բացվում: Ո՞րն է ճոխ սեղանի մոտ բերանը ջուր առած նստելու իմաստն այստեղ: Եթե պար ես մտել ու մեկ անգամ կոնքերդ շարժել ես, ինչո՞ւ չշարունակել սկսած պարը: Ի՞նչն է խանգարում: Այնպես որ, ռուսական երգի հայտնի «гулять, так гулять, стрелять, так стрелять» բառերը լավ էլ տեղին են ու, ոնց որ թե, այս պահի ու հատկապես չեխերի համար են ասված: Միևնույն է, կորցնելու բան չկա` կա՛մ շիշն է վառվելու, կա՛մ քյաբաբը:
Այ, միանգամայն այլ է մեկ քառորդում նրանց մրցակցի հարցը, որը հատկապես իր վերջին խաղով ապացուցեց, որ տղա է (ժարգոնի համար խնդրում եմ ներող լինել): Որքան էլ Հոլանդիան փորձեց ապահովել իր երաշխավորված տեղն արևի տակ, «մահվան» խմբի «Ռոնալդու և ընկերներ» կամպանիան նրանց ուղարկեց «վաստակաշատ» հանգստի` տանը հանգիստ գլխով մտածելու, թե այդ ինչպե՞ս եղավ, որ, ունենալով առաջնության ամենազորեղ հարձակողական գիծը, հիմա իրենք իրենց կանանց փեշերի տակ են ծվարել:
Գերմանիա-Հունաստան: Այս թիմերից ամեն մեկը մեկ քառորդի հանգրվան հասավ ծախսած միավոր էներգիայի տարբեր սպառման չափաբաժնով: Խմբայինի ընթացքը` երեք խաղ` երեք հաղթանակ (թիմերից միակը, որը չունեցավ միավորի կորուստ) համոզչորեն ցույց տվեց, որ գերմանական ընտրանին ապացուցում է Իսպանիայի հավաքականի հետ առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը լինելու փաստը:
Այստեղ Հունաստանի հարցը փոքր-ինչ այլ է: Այն ճռռալով դուրս եկավ խմբայինից, սակայն միանգամայն օրինականորեն արժանանալով ֆուտբոլասերի համակրանքին: Իսկապես նախանձել կարելի է նրանց կամքին ու համառությանը: Սակայն այս հատկանիշները որքանո՞վ են կռվան Գերմանիայի արգելքը հաղթահարելու համար, դրական ելքին հավատալը գոնե մեզ հրաշքների դաշտի բան է ներկայանում:
Անգլիա-Իտալիա: Այստեղ իսկապես սպասվում է դասական ոճի եվրոպական միկրոեզրափակիչ: Թեև Անգլիան խմբային երրորդ` իր համար (նաև մրցակցի) վճռական խաղում հասավ հաղթանակի, սակայն պիտի նաև շատ բաներով շնորհակալ լինի մրցավարներին` ուկրաինացիների խփած գոլը չհաշվելու համար, քանզի դժվար է ասել, թե դրանից հետո հորդացած էներգիայի գերկուտակումով ուկրաինացիները կբավարարվեին նրանց մինչև բրիտանական կղզի, թե Ատլանտյանի մյուս ափ «շպրտելով»: Այս հաղթանակն անգլիացիներին դուրս բերեց խմբային առաջին տեղ ու… առկախեց առաջիկա խաղում Իսպանիային մրցակից ունենալը` նրան բաժին հանելով ֆրանսիացիներին:
Իսպանիա-Ֆրանսիա: Սա, թերևս, մեկ քառորդի ամենասուր խաղն է լինելու: Սուր` ոչ միայն լարվածությամբ ու դրամատիզմով (բոլոր խաղերն էլ լարված ու դրամատիկ են լինելու` այսպիսին է այս փուլի տրամաբանությունը), այլև սպասվելիք գեղեցկությամբ, հարցի էսթետիկական կողմով:
Լորան Բլանի հավաքականը, ճիշտ է, չունի նախորդ տարիների ֆրանսիական ընտրանիների խաղային ռոմանտիզմը և ավելի հակված է ռացիոնալ ֆուտբոլին, սակայն, ինչպես գիտենք, արյունն «ավանդապաշտ» է, և որքան էլ նրան ներարկես նոր «գաղափարներ», միևնույն է, այն կա ու շարունակում է մնալ հիշողության կրող: Այնպես որ, Իսպանիա-Ֆրանսիա խաղում բանականությունն ու զգացմունքայնությունը խառնվելու են իրար, իսկ շահողը, բոլոր դեպքերում, մենք` ֆուտբոլասերներս ենք լինելու ու, անկախ հանդիպման ելքից, մեջներս ցավի ու ափսոսանքի զգացողություն է մնալու ավարտված հեքիաթի համար:
Շա՞տ եմ առաջ ընկնում զգացողություններիս մեջ:
Թույլ տվեք ասել` ոչ, ու հավաստիացնել, որ մեջտեղից «չձևած» արջի մասին խոսք-զրույցին մենք էլ ենք մի փոքր տեղյակ: Եթե Ֆրանսիան էլ չցանկանա խաղալ այդ գեղեցիկ ֆուտբոլը` ամփոփվելով իր մեջ ու ապավինելով հետխաղյա ռուլետկային, միևնույն է, Իսպանիան նրան կհարկադրի՜: Միայն ափսոս, որ այդ գեղեցկությունն ամբողջապես ապահովելու համար Իսպանիան առջևի գծում չունի Մեսի:
Նյութն ավարտելուց առաջ խոնարհաբար խնդրում եմ թույլ տալ մի երկու շտրիխով անդրադառնալ ավարտված խմբայինին` ասելով, որ այն մեզ գեղեցիկի հետ հանդիպման քիչ պահեր չպարգևեց: Դրանց մեջ եղան խաղեր, այդ խաղերի մրցակցային, գեղագիտական կողմն ապահոված հավաքականներ, որոնք իսկապես արժանի են հիշատակման: Կա՞ մեկը, ով ցավի կամ ափսոսանքի զգացում չապրեց առաջնությունից, մասնավորապես, Շվեդիայի ընտրանու դուրս մնալու համար: Կամ` Հոլանդիայի ու Հորվաթիայի: Որոշակի վերապահումներով` նաև Դանիայի ու թեկուզ ՈՒկրաինայի:
Չեմ կարծում:
Սակայն, ինչպես ասում են, մեդալն ունի և հակառակ երեսը:
Ո՞վ չհամոզվեց, որ այնպիսի ֆուտբոլով, ինչպիսին Իռլանդիայի, Լեհաստանի, մասամբ նաև Ռուսաստանի հավաքականների ցույց տվածն էր, առանձնապես հեռու չես գնա: Ո՞վ ակնհայտորեն դժգոհ չմնաց խմբերի վիճակահանության արդյունքից, որքան էլ այն վիճակահանություն է ու թվացյալ օբյեկտիվության արտահայտություն (այնուամենայնիվ, թույլ տվեք կասկածել):
Իսկ կա՞ մեկը, ով գոհ մնաց առանձին հավաքականների երկրպագուների պահվածքից, այս առաջնությունում տեղ գտած մեծապետական շովինիզմի, նացիոնալիզմի, ռասիզմի դրսևորումներից. չէ՞ որ ֆուտբոլը, այնուամենայնիվ, խաղ է, մրցակցություն, մարզադաշտերը` հանդիսության, ոչ թե կոպիտ ուժի կամ նախամարդու կրքերի ցուցադրման վայր: Սակայն, կարծես թե, մնալով ֆուտբոլի հետ, մենք շատ հեռացանք ֆուտբոլից:
Չփչացնեմ ո՛չ մեր, ո՛չ էլ ձեր տրամադրությունը:
Միևնույն է, մրուրը, դիրտը, տակունքը մնում են տակը, գեղեցիկը, վեհն են դառնում ուղեցույց ու առաջնորդող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ