Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Հայաստան աշխարհի առաջ մարելիք պարտք ունեն

Հայաստան աշխարհի առաջ մարելիք պարտք ունեն
22.06.2012 | 11:40

Ծանրամարտի Հայաստանի այս տարվա պատանեկան առաջնությունը դարձյալ ուրախացրեց. թե՛ մասսայականությունն էր բարձր, թե՛ արձանագրված արդյունքները: Սա խոսուն փաստ է երկրում մարզաձևի հեղինակության (կեցցե՛ն մեր անվանիները` իրենց գործն արել ու անում են), դրա նկատմամբ եղած հետաքրքրության, տեղերում տարվող հետևողական աշխատանքի մասին: Այդ աշխատանքն իսկապես կա, և եթե երբեմն մենք հարկ եղածից ավելի խիստ ենք արտահայտվում աշխատանքների կազմակերպման դրվածքի, պակասող մարզագույքի ու այլնի առնչությամբ, պատճառը ոլորտը շատ ավելի առաջընթաց զարգացման մեջ տեսնելու ցանկությունն է, թեպետ ինքներս էլ մեզ հստակ հաշիվ ենք տալիս ցանկալիի ու ունեցած հնարավորությունների միջև եղած անհամապատասխանության առնչությամբ: Սա, հարկավ, խնդրի էական, շատ լուրջ կողմերից մեկն է, սակայն այն որպես վահան էլ չպիտի կիրառել ու պիտի գործել իրավիճակն օր առաջ շտկելու վճռականությամբ:
Ավարտված առաջնությունը ցույց տվեց, որ մեզանում աճում է իսկապես հզոր ու տաղանդավոր սերունդ, իսկ առանձին քաշային կարգերում ունենք ծանրորդներ, որոնց այսօր էլ առանց կարմրելու կարող ես տանել Եվրոպայի ու աշխարհի առաջնություն ու գլուխդ բարձր վերադառնալ:
Փաստե՞ր։ Խնդրեմ:
Հենց թեկուզ միայն 69, 77, +94 կիլոգրամ քաշային կարգերը, որտեղ կարող ենք աշխարհին ձեռնոց նետել` բացառապես ոսկու համար պայքարի մեջ մտնելով: Ավելի առարկայնացնեմ ասածս: Գրեթե կասկած չկա, որ Եվրոպայի առաջիկա պատանեկան առաջնությունում 69 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Վարդան Միլիտոսյանը: Գյումրեցի այս մարզիկը ներքին առաջնությունում հանդես եկավ 77 կիլոգրամ քաշային կարգում, որովհետև անձնական քաշը 72,5 կիլոգրամ էր: Իհարկե, մարզիչները ճիշտ վարվեցին` մարզիկի քաշը չգցելով, որովհետև այդ 3,5 կիլոգրամը «հալեցնելու» տեղն ու ժամանակը կգան: 77-ում Վարդանը երկամարտում ցույց տվեց 307 կիլոգրամ (135+172), որը, քաշը գցելն էլ մեջը հաշվենք, թող պակասի 10-12 կիլոգրամով, բայց հո չի՞ դառնա անցած տարի Իվան Կլիմովին չեմպիոնության բերած 289 կիլոգրամ:
Անձնական քաշի նույն 72,5-ի պարագայում հայթաղցի Անդրանիկ Կարապետյանը երկամարտում արձանագրեց 320 կգ (150+170) արդյունք: 77-ում անցած տարի Եվրոպայի չեմպիոնը երկամարտում ցույց է տվել 313 կիլոգրամ արդյունք` անձնական քաշի 76,63-ի պայմաններում: Հիմա մեր Անդրանիկի անձնական քաշին գումարեք մի 3,5-4 կիլոգրամ ու մտովի պատկերացրեք, թե ինչ ծանրություններ հաղթահարելու ունակ կլինի մեր այս պատանյակը, ով, ի դեպ, հրում վարժությունում իր ակտիվում հանրապետության մեծահասակների ու երիտասարդների առաջնություններում մարսված 173 կիլոգրամ ունի: Իսկ եթե սրա կողքին նկատի ունենանք, որ առաջին մոտեցումով 170 կգ կշռող ծանրաձողը սանձահարելուց հետո, նա 180-ի վրա գրոհի փորձ կատարեց, սա այս տղայի ներուժի մասին լրացուցիչ ինչ-որ բան հուշո՞ւմ է:
Տպավորի՞չ են Վարդան Միլիտոսյանի ու Անդրանիկ Կարապետյանի արդյունքները: Հետևություններ անելը թողնենք Ձեզ, դառնանք մեր գերծանրքաշայինին: Եվրոպականում ի՞նչ պակաս ոսկե կլինի Միշա Վարդանյանի երկամարտի 350-ը (170+200), որն անցած տարվա Եվրոպայի փոխչեմպիոնի արդյունքը գերազանցում է ութ կիլոգրամով: Ինչո՞ւ ենք մեր հսկայի արդյունքը փոխչեմպիոնի արդյունքի հետ համեմատում: Որովհետև չեմպիոնը մեր Գոռ Մինասյանն է եղել, իսկ նրա 390-ը, եթե ոչ ֆանտաստիկայի, ապա դրան մերձ հարևանություն անող արդյունք է:
Սակայն պատանեկան մեր հավաքականը միայն այս տղաները չեն: Այստեղ կա 77 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի բրոնզե մեդալակրի 290-ը կրկնած, հանրապետության պատանեկանում բրոնզե մեդալակիր դարձած Դավիթ Թաթոյան, 56-ում երկամարտի 225-ով (Եվրոպայի փոխչեմպիոնի ցուցանիշը մեկ կիլոգրամով գերազանցող արդյունք) առաջին տեղը գրաված Գևորգ Սարիբեկյան, 94-ում հաղթած Վանիկ Սարգսյան, ում երկամարտի 312-ը (135+177) երկու կիլոգրամով ավելի է Եվրոպայի անցած տարվա բրոնզե մեդալակիր Մհեր Պողոսյանի արդյունքից և վերջապես` տասնվեցամյա Ժորժ Եղիկյան: Ասենք, որ այս պատանուն հաղթանակ բերած երկամարտի 250-ը լուրջ քաշ է եվրոպական «մեջլիսի» համար:
Այս ամենը հրաշալի է, սակայն եկեք չմոռանանք տղաներին պատրաստած մարզիչներին ու պատշաճը մատուցենք նրանց: Հայթաղցիներ Անդրանիկ Կարապետյանին ու Միշա Վարդանյանին մարզում է նրանց համագյուղացի Վիգեն Խաչատրյանը, գյումրեցիներ Գևորգ Սարիբեկյանի ու Ժորժ Եղիկյանի մարզիչն է Պետրոս Եղիկյանը: Վարդան Միլիտոսյանի մարզիչը ծանրամարտից մեր վերջին օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանն է («համատեղությամբ»` նաև հայրը, ինչպես որ Ժորժի պարագայում Պետրոս Եղիկյանն է)։ Վանիկ Սարգսյանին մարզում է Ալեքսան Կարապետյանը, Դավիթ Թաթոյանին` Հակոբ Փիլոսյանը, ով իսկապես դարձել է չեմպիոններ «կռող դարբին»: Վերջին երեք մարզիկի բնակավայրը չնշեցինք, համոզված լինելով, որ չեք սխալվի նրանց գյումրվա ծագումնաբանության մեջ (սա առանձնացնում ենք Հայաստանի մյուս բնակավայրերի թասիբը շարժելու համար):
Կան, ուժեղ տղաներ կան (այս անգամվա մեր դիտարկումը պատանիների ու հավաքականի պոտենցիալ թեկնածուների կտրվածքով է), որոնց սպասում է մեծ ապագա: Իհարկե, Աստծո զորությամբ մեր այս ու մյուս տղաներին ցանկանք անփորձանք լինել, աճի մեջ` վերընթաց ու, որ շատ կարևոր է, այն հստակ գիտակցումով, որ իրենք նախ և առաջ Հայաստան հրաշք աշխարհի առաջ մարելիք պարտք ունեն: Այդ պարտքը երկրի անունը բարձր պահելն ու հնչեցնելն է, իսկ սրանից վեր հպարտություն չի լինում:
Իսկապես չի լինում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ