ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Ի՞նչ արժեք ունի հինգ միլիոն դոլարը ութ միլիոն կուբացիների սիրո համեմատ»

«Ի՞նչ արժեք ունի հինգ միլիոն դոլարը ութ միլիոն  կուբացիների սիրո համեմատ»
15.06.2012 | 00:03

Վաթսուն տարեկան հասակում մահկանացուն կնքեց համաշխարհային սպորտի երևելիներից մեկը` կուբացի լեգենդար բռնցքամարտիկ Թեոֆիլո Սթիվենսոնը: Այս անունը բռնցքամարտի սիրահարների համար պաշտամունքային արժեք ունեցող մեծություն է: Պատճառը միայն նրա մարզական նվաճումները չեն, ինչը թեև քիչ բան չէ, սակայն ամեն ինչ էլ չէ: Նրա ապրած դարաշրջանում (դժբախտաբար, թե բարեբախտաբար) աշխարհի գոնե մի մասի համար արժեքային այլ համակարգ էր, անհատի, երկրի, հասարակության ընկալման ու ընդունման միանգամայն ուրիշ չափանիշ: Ինչ խոսք, մենք հակված չենք համակարգի համակարգը գունազարդելու, մանավանդ որ դրա ստվերոտ կողմերը պակաս ստվերային չէին, ինչի պատճառով էլ այն փլուզվեց, սակայն սա մեր այսօրվա շոշափելիքի դիտարկման շրջանակներից դուրս է: Մեր խնդիրը Թեոֆիլո Սթիվենսոն անհատին ներկայացնելն է, իսկ նա իսկապես այդ իրավունքը վաստակել է:
Միջազգային բեմահարթակում նրա ամենախոշոր հայտը Մյունխենի օլիմպիական խաղերում եղավ: Այն ժամանակ քսան տարեկան երիտասարդը քիչ է ասել, թե դարձավ օլիմպիական չեմպիոն: Որքան էլ պատվավոր է այդ տիտղոսը, այն, համենայն դեպս, քչերը չեն ստանում: Հետևաբար խնդիրը ոչ թե պարզապես ստանալը, այլ ինչպես ստանալն է: 1972-ի օլիմպիադան խոշոր հաշվով երեք մարզիկի ցնծության ցնծություն էր: Մեկն ամերիկյան հրաշք լողորդ Մարկ Սպիտցն էր, ով, Մեխիկոյում թույլ տված սխալներից ճիշտ հետևություններ անելով, «գերեվարեց» իր հերթականի ամբողջ ոսկին` ոչ մի մրցատարածությունում հույսի շող իսկ չթողնելով և ոչ մեկին, մյուսը դեռևս տասնհինգը չբոլորած Օլգա Կորբուտն էր, ով մարմնամարզությունում բոլորին գերեց իր գերբարդ հնարքներով ու արցունքների մեջ կախված կախարդական ժպիտով, մյուսն ինքն էր` աջ ձեռքի հուժկու հարվածով ու կատարելության հասցված տեխնիկայով:
Երկու տարի անց աշխարհի առաջնությունն էր, իսկ ևս երկու տարի անց` հերթական օլիմպիական խաղերը, որտեղ ոտքից գլուխ մկանունք կուբացին հաղթեց նոկաուտների շարքով:
Մոնրեալից հետո փող շինող աշխարհը խառնվեց իրար:
Ավելի ճիշտ` իրար խառնվեց Դոն Քինգը:
Ով է Դոն Քի՞նգը:
Որ երկար-բարակ բացատրությունների հետևից չընկնեմ, այսպես ասեմ` Քինգը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պապան է: Այդ նա փող շինող մարդու գիշատչական բնազդով հասկացավ, որ Թեոֆիլո Սթիվենսոնն իսկական Կլոնդայկ է` կատարյալ ոսկու երակ ու ոսկե երակ: Ամերիկացի պրոմոութերը նրան պրոֆեսիոնալ բռնցքամարտ քաշելու համար այն ժամանակ հինգ միլիոն դոլարի առաջարկ արեց: Նպատակն այնտեղ փայլող Մոհամեդ Ալիի դեմ ևս մեկ խարիզմատիկ մարզիկ հանելն էր:
Հինգ միլիոն ամերիկյան «կանաչը» մեր օրերում է «ծիծաղելի» գումար, իսկ այն ժամանակ առասպելական թիվ էր: Ազատության կղզում ծնված երիտասարդը (իրականում նա ծնվել է Ճամայկայում և միայն չորս տարեկանից է տեղափոխվել հայրենիք) այդ առաջարկը մերժեց այսպիսի հիմնավորմամբ. «Ի՞նչ արժեք ունի հինգ միլիոն դոլարը ութ միլիոն կուբացիների սիրո համեմատ»:
Սա ձև չէր նրա կողմից: Իսկապես նա համաժողովրդական սիրո էր վերածվել, արդեն իսկ դարձել երկրի այցեքարտ, երկրի ղեկավար Ֆիդելի կողքին համահավասար դրվող անուն:
Եթե գաղափարական կարծրատիպերի գործոնն էլ թողնենք մի կողմ, այն ժամանակ ի՞նչ չուներ Սթիվենսոնը, որ կարող էր տալ երազանքների երկիրը:
Տո՞ւն:
Կաստրոյի կարգադրությամբ, այն էլ մի քանի սենյականոց, նրա սեփականությունն էր:
Ավտոմեքենա՞:
Դարձյալ ուներ:
Սրանք` նյութական բարիքները, իսկ մյուսների ու դրանց մեջ ամենակարևորի մասին արդեն ասացինք:
Թեոֆիլո Սթիվենսոնի անվան դիմաց գրված է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (աշխարհի եռակի ու պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոնի տիտղոսները թողնենք մի կողմ, թեպետ դրանցից մեկն ունենալն էլ այլ մարզիկի երազների գագաթնակետը կարող է լինել):
Սա իրականո՞ւմ այդքան առանձնացող ցուցանիշ է:
Իհա՛րկե:
Մինչ նա սիրողական բռնցքամարտում օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է եղել միայն հունգարացի լեգենդար Լասլո Պապը:
Ինչպես իրենից առաջ միայն մեկն է եղել նման տիտղոսավոր, իրենից հետո էլ է դարձյալ մեկը:
Այդ մեկը նրա հայրենակից Ֆելիքս Սավոնն է:
Այլք` չիք:
Կարո՞ղ էր Սթիվենսոնը շատ ավելի գերազանցել այդ ցուցանիշը:
Անվիճելիորեն: Սակայն հենց ինքը զոհ դարձավ իր երկրի դավանած գաղափարախոսությանը: Ինչպես հայտնի է, Արևմուտքը բոյկոտեց Մոսկվայի օլիմպիական խաղերը, ի պատասխան Խորհրդային Միությունն էլ (նրա հետ նաև Կրեմլի արբանյակ Կուբան) բոյկոտեց Լոս Անջելեսի խաղերը, և գերծանրքաշային կարգում օլիմպիական ոսկու թիվ մեկ հավակնորդը զրկվեց իր օրինական հասանելիքից:
Քաղաքականությունը մի անգամ էլ ներխուժեց նրա կյանք: Սեուլի 1988 թվի օլիմպիական խաղերը բոյկոտեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, իսկ Կուբան դամքաշություն արեց արևելից կողմերի իր գաղափարակրին` հիրավի այդ բացառիկ մարզիկին զրկելով գրպանում դրված չեմպիոնությունից: Սեուլից հետո Սթիվենսոնին այլևս ոչինչ չէր մնում, եթե ոչ հայտարարել մարզական ակտիվ կյանքից հեռանալու մասին:
Իրեն փառքի գագաթին հասցրած երկիրը, ստացվում է, երկու անգամ խոչընդոտեց նրա ավելի մեծ լեգենդ դառնալուն, սակայն պատմությունը ոչ մի վկայություն չի մատնանշում այն մասին, որ մեծ մարզիկը վիրավորված էր իր երկրից: Ավելին, սրանից տասը տարի առաջ Մայամիում եղած միջադեպը բոլորովին հակառակի մասին է խոսում. օդանավակայանում Կուբայի հասցեին արված վիրավորական արտահայտության համար իր երկրի մեծ պատրիոտը զուտ հումանիստաբար «լեշել» էր մեկին:
Պարզվում է` աշխարհի մեծերը նաև այսպիսի խենթություններ են անում:
Ի դեպ, միանգամայն արդարացված խենթություն:
Որովհետև հայրենիքն անքննելի մեծություն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ