ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Նա ռինգը թողեց` այդպես էլ չկլլելով նոկաուտի դառնահամը

Նա ռինգը թողեց` այդպես էլ  չկլլելով նոկաուտի դառնահամը
08.06.2012 | 00:06

Պրոֆեսիոնալ ռինգը լքեց համաշխարհային բռնցքամարտի ամենավառ դեմքերից մեկը` Շեյն Մոսլին, մարզիկ, ով իր երկարատև մարզական կարիերայի ընթացքում երեք տարբեր քաշային կարգերում կրել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Պրոֆեսիոնալ ռինգում նա հայտնվեց այն բանից հետո, երբ ընտրական մրցաշարում զիջեց Վերնոն Ֆորեստին ու չկարողացավ մեկնել 1992-ի օլիմպիադա: Մանրամասների մեջ չխորանալով ասենք, որ նրանից ամբողջ չորս տարի պահանջվեց բարձունքում հայտնվելու համար, ու այդ ուշացման մեջ մեղքի իր բաժինը քիչ էր:
Սկսած 1997 թվից` ութ անգամ աշխարհի ուժեղագույն թեթևքաշայինները ձեռնոց նետեցին նրան և ութ անգամ էլ անկարող եղան խլելու չեմպիոնական գոտին: Կամովին հրաժարումն իր կողմից եղավ: Պատճառը մեկ քաշ վերև կարգում փայլող Օսկար դե լա Հոյային հաղթելու մոլագար ցանկությունն էր, ապացուցելը, որ գերադրականով կարող են խոսել միայն իր մասին: Քաշը փոխեց ու հաղթեց միավորներով: Դա 2000 թվին էր:
Եկավ 2002-ը: Ճակատագիրը տասը տարի անց նրան հանդիպեցրեց Վերնոն Ֆորեստին` նրան, ով Մոսլիի առաջ փակել էր Բարսելոնի օլիմպիադա տանող դուռը` ինքն էլ չգնալով օլիմպիադա: Հաղթելու ծարավը մեծ էր, սակայն պարտվեց: Պարտվեց դաժանորեն, թեպետ տասներկու ռաունդ ոտքի վրա կանգնած մնաց: Արդյունքում կորցրեց չեմպիոնական գոտին: Մի քանի ամիս անց կրկին հանդիպեց Ֆորեստին` մատչ-ռևանշում: Դարձյալ պարտվեց: Ֆորեստը նրա համար չար ճակատագիր էր ճիշտ այնպես, ինչպես ճակատագիր էր Օսկար դե լա Հոյան, սակայն` հակառակ վեկտորով: Մոսլին կրկին չեմպիոն էր: Դա եղավ 2003-ին: Մեկ տարի անց նա մարտի ելավ առաջին միջին քաշի չեմպիոնական տիտղոսի համար: Բացարձակ չեմպիոնական տիտղոսի: Այն ժամանակ նրան էին պատկանում WBA, WBC վարկածներով չեմպիոնական գոտիները: Պարտվեց հավասար պայքարում:
2007-ին ճակատագիրը նրան հանդիպեցրեց Միգել Անխել Մարգարիտոյի հետ, ով չգիտեր պարտությունն ինչ բան է: Մոսլին չկարողացավ անցնել պուերտոռիկացու արգելքը: Բռնցքամարտի աշխարհում արդեն խոսում էին Շեյնի այլևս այն չլինելու մասին: Բնականաբար, թերահավատությամբ ընդունվեց 2009-ին Մարգարիտոյին նետված մարտահրավերը: Բոլորը հավատացած էին, որ պուերտոռիկացի սուպերաստղը կջախջախի ամերիկացուն: Սակայն Մոսլին ութերորդ ռաունդում նոկաուտով հաղթեց մեկին, ով մինչ այդ նոկդաունում անգամ չէր եղել:
Ամերիկացու վերջին հիշարժան մարտը կայացավ այս տարվա մարտին: Մրցակիցը քսանմեկամյա Սաուլ Ալվարեսն էր` պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահեղինակավոր վարկածի` WBO-ի չեմպիոնը, բռնցքամարտիկ, ում համար մարզաձևի հեղինակությունները կանխագուշակում են երկար ապագա: Որքան էլ Մոսլին ջանաց լինել բարձունքում, մեքսիկացին անկոտրում էր: Մենք այդ մարտի մասին գրել ենք ու ասել, որ Շեյնը քիչ թե շատ համոզիչ էր միայն առաջին ռաունդում, որի ընթացքում Սաուլը մրցակցին հարմարվելու խնդիր ուներ միայն:
Համաշխարհային բռնցքամարտը վերջին տարիներին «ծերանալու» հստակ միտումներ է դրսևորում, ռինգում քառասունից բարձր տարիքի բռնցքամարտիկների պակաս չկա: Սակայն Մոսլին որոշեց, որ քառասունն իր համար սահմանային է, ու ձեռնոցները կախեց մեխից: Որոշումը իրենն է, և ոչ ոք խառնվելու իրավունք, բնականաբար, չունի: Նա հեռացավ պրոֆեսիոնալ ռինգում ունեցած 56 մարտից հետո, որից 46-ը հաղթական էր (39-ը նոկաուտով): Այս թվերով, իհարկե, ոչ մեկին էլ առանձնապես չես զարմացնի: Զարմանալին ուրիշ բան է. Մոսլին իր և ոչ մի մարտում չի կլլել նոկաուտի դառնահամը: Իսկ սա, խոստովանենք, բացառիկ ցուցանիշ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ