ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Լավ ավարտի ակնկալիքով

Լավ ավարտի ակնկալիքով
18.05.2012 | 10:40

Գվատեմալայի Անտիգուա քաղաքում ավարտին է մոտենում մինչև քսան տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս պահի դրությամբ Չինաստանի տղաների ընտրանին թիմային հաշվարկով այնպիսի գերազանցություն է ապահովել մասնակից մյուս երկրների նկատմամբ, որ միայն զարմանք ու հիացք է առաջացնում: Նրանք ոսկե մեդալների են արժանացել 56 (Քսյոնգ Չեն` 260 կգ), 62 (Չեն Մաո` 300 կգ), 69 (Չաո Յու` 342 կգ), 85 (Հուասոնգ Ժանգ` 359 կգ) քաշային կարգերում` հնարավոր ութից չորսում:

Չին մարզիկների երկամարտի արդյունքները մենք հիշատակում ենք շատ պարզ դիտավորությամբ` մարզասերին առարկայնորեն ցույց տալու, որ դրանք մրցունակ են նաև մեծերի մրցաբեմում, իսկ առանձին դեպքերում` նաև հաղթական: Հատկապես գերազանց է 69 կգ քաշային Չաո Յուի արդյունքը, ինչն անվրեպ ոսկի է նաև մեծահասակների մեջ: Չին երիտասարդներն Անտիգուայից հեռանում են նաև արծաթե երեք մեդալ նվաճած` Մինհաո Հուանգ (62 կգ) Յինգ Սու (69 կգ), Ժիմին Գուաո (77 կգ): Փաստորեն, ում ուղարկել են, կա՛մ ոսկի է նվաճել, կա՛մ արծաթ: Ահա այսպիսի նախանձելի ընտրության հնարավորություն, որը պայմանավորված է գերազանց հիմքերի վրա դրված աշխատանքով: Սակայն այս մասին հետո:

Տղաներից հետ չեն մնացել նաև չին աղջիկները: Լինմեյ Ֆենգը (186=81+105), մրցակիցներին գերազանցել է 48, իսկ Վանգյոնգ Ժանգը (203= 90+113)` 53 կիլոգրամ քաշային կարգում: Երկամարտում (225= 99+126) արծաթե է եղել Դինգլինգ Լոնգի մրցելույթը, իսկ Վենյու Տիանը նվաճել է բրոնզե մեդալ (234= 102+132): Նրանք ներկայացրել են 63 և 69 կիլոգրամ քաշային կարգերը: Նշենք, որ առաջնությունում (կանանց բաժնեմասով) մենք ներկայացուցիչ չենք ունեցել:

Չեմ կարծում, թե առանձնապես շտապեցինք` չին մարզիկների մրցելույթների ամփոփ պատկերը ներկայացնելով: Բանն այն է, որ ծանրքաշային կարգերում նրանք ոչ թե հաջող ելույթներ չեն ունենում, այլ մրցունակ մարզիկների բացակայության պատճառով պարզապես առայժմ խուսափում են ներկայացված լինելուց, թեպետ մեծահասակների վերջին առաջնությունում +75 կիլոգրամ քաշային կարգում Լուլուի հայտնվելն ու Տատյանա Կաշիրինայից ոսկե մեդալ խլելը վկայում են այս ուղղությամբ ևս չինացիների հետևողական աշխատանքի մասին:

Աշխատանք։ Վերջապես հասանք այն կարևոր եզրագծին, որից սկսվում և որով էլ ավարտվում է ամեն բան: Իհարկե, այսպես ասելով, բնավ էլ չենք բացառում մարդու բնատուր օժտվածության գործոնը: Սա անվիճելիորեն հսկայական կապիտալ է, սակայն այն կարելի է շատ հեշտությամբ մսխել, եթե…

Այս «եթե»-ն ժամանակավորապես առկախում ենք առաջնությունում Հայաստանի ընտրանին 69 կիլոգրամ քաշային կարգում ներկայացրած Անդրանիկ Կարապետյանի մրցելույթին գնահատական տալու պարագայում, քանի դեռ չենք լսել մարզիչների բացատրությունը: Հիրավի տաղանդաշատ այս մարզիկն ամիսներ առաջ փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի մեծահասակների առաջնությունում` երկամարտում ցույց տալով 318 (145+173) կգ արդյունք (հանուն ճշմարտության ասենք, որ Անդրանիկն այս կիլոգրամները բարձրացրել է անձնական 70,6 կգ քաշի պայմաններում, մինչդեռ աշխարհի առաջնությունում կշռել է 67,2 կիլոգրամ): Սա գերազանց ցուցանիշ է, այսօր իսկ` մեդալային` մինչև քսան տարեկանների աշխարհի առաջնությունում (մոլդովացի Արտյոմ Պիպան աշխարհի բրոնզը նվաճել է` ցույց տալով 311 կգ արդյունք), մինչդեռ Գվատեմալայում մարզիկը բավարարվեց երկամարտի ընդամենը 296 կգ (136+160) արդյունքով ու տասներորդ հորիզոնականում հանգրվանելով:

Մարզիկի այսօրինակ ցածր արդյունքի առնչությամբ, կրկնում եմ, հոդաբաշխ բացատրություններ կարող են տալ միայն մարզիչները, միայն թե չլինեն այնքան նաիվ` ասելով` մարզիկը պատրաստ չէր կամ մրցումների օրը վատառողջ էր, քանզի, եթե վատառողջ էր, այս դեպքում հարց է առաջանում` հրում վարժությունում ի՞նչ տրամաբանությամբ է երրորդ մոտեցումում նրա համար պատվիրվում 174 կգ քաշ, երբ մինչ այդ հաղթահարելի է եղել 160-կիլոգրամանոց ծանրաձողը: Եթե սա քայլ է հանուն արդյունքի, կորսված դեմքը փրկելու (ո՛չ մարզիկի) կամ ինքնահաստատվելու (մենք շարունակում ենք ենթադրելի համարել մրցումների օրը մարզիկի վատառողջ լինելու վարկածը), ապա, արդյո՞ք չափազանց բարձր գին չի վճարվում, թե՞ մոռացել ենք Սմբատ Մարգարյանի պարագան:

Լինենք լակոնիկ, քանզի այս համառոտախոսությունն ինքնին ավելի խոսուն է:

Անդրանիկի մրցելույթի պարագայում անհանգստացնող ևս մի բան կա` հայկական ծանրամարտի համար բնութագրական դառնալու հավակնություններ ունեցող հիվանդությունը` մոտեցումների նվազագույն իրացվելիությունը. մեր պատանյակի պարագայում դրանցից արդյունավետ են եղել ընդամենը երկուսը:

Թեև կրկնում եմ, սակայն նորից ասեմ` չխորանանք, թեպետ ասելու շատ բան կա: Դրանց մի մասն արդեն իսկ հնչել է մեր նախորդ նյութերում, սակայն ոլորտի մեր պատասխանատուների համար դրանք կա՛մ վերերկրային մտքեր են, կա՛մ էլ մեր «ջոջերն» իրենց թերթ կարդալու նեղություն չեն տալիս: Ինչևէ:

Իհարկե, առաջնությունը մեզ համար չի ավարտվում միայն Անդրանիկ Կարապետյանի մրցելույթով, որովհետև առջևում է Գոռ Մինասյանի ելույթը, ով, իր կրտսեր թիմակցի համեմատությամբ, միջազգային մրցահարթակում ավելի հաջող մասնակցության փորձ ունի։ Այս մասին` մեր հաջորդ նյութում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ