Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«ԷԼ ԿԼԱՍԻԿՈՆԵՐԸ» ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀՈԳՆԵՑՆՈՒՄ

«ԷԼ ԿԼԱՍԻԿՈՆԵՐԸ» ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀՈԳՆԵՑՆՈՒՄ
27.01.2012 | 00:00

Կայացավ իսպանական ֆուտբոլի արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բարսելոն»-«Ռեալ» երկրորդ հանդիպումը: Ասել, թե ֆուտբոլի իսկական սիրահարն անհամբերությամբ էր սպասում այդ հանդիպմանը, կնշանակի գրեթե ոչինչ չասել, որովհետև, որքան էլ կոտրատվենք մեզ կոտորելով, թե, իբր, «էլ կլասիկոներն» իրենց հաճախականությամբ ու կանխատեսելիությամբ (արդյունքի առումով) հոգնեցնող են դառնում, միևնույն է, մեր հավաստման մեջ սոսկ կեղծելու ենք մեզ, որովհետև գեղեցիկի հետ հանդիպման ո՛չ հաճախակիությունը, ո՛չ էլ կանխատեսելիությունը չեն կարող հոգնեցնել, որովհետև, ոչ ավելի-ոչ պակաս, դա կլինի մարդկության վերջը:
Խաղն սկսվեց «Ռեալի» գրոհներով:
Սպասելի էր:
Այդ գրոհների մեջ կատաղի ագրեսիվություն կար:
Կանխատեսելի էր:
Մադրիդյան մամլիչն ամբողջ դաշտով մեկ սկսեց գործել խաղի առաջին իսկ վայրկյաններից:
Ենթադրելի էր` չափազանց պարզ պատճառով. վերքը ոչ թե խոր էր, այլ ցավալիորեն խոր (հիշենք Կասիլյասի ասածը` խաղալու ենք մինչև մահ):
Այնպես որ, ասել, թե այս ամենի մեջ անակնկալի տարր կար, նման պատասխանատվություն ես չէի համարձակվի վերցնել ինձ վրա, որովհետև մանկամտություն կլիներ այլ բան ակնկալելը (դարձյալ հիշենք Կասիլյասի ասածը): Իսկ որ «Բարսելոնի» պաշտպանությունը խաղասկզբի առնվազն տասը-տասնհինգ րոպեներին հանցավոր անփութությամբ գործեց, այդ թվում` երեխայական սխալներ թույլ տալով, այս մեկը չեմ կարող չասել, որքան էլ սիրելիի նկատմամբ մարդկային թուլություն ունի մեզնից յուրաքանչյուրը:
Չեմ կարող սույն փաստը գոնե ինձ համար չարձանագրել, որովհետև, թիմը Պեպ Գվարդիոլայի գլխավորելուց ի վեր, առաջին անգամ բազմոցը տակս մի քանի անգամ անհանգիստ ճռռաց «ի՞նչ ես տեղդ անհաղորդ վեր ընկել-մնացել» խոլ հարցով: Ինչ խոսք, որ սույնը նրա կողմից (ինձ համար իմ բազմոցը շնչավոր է` մենք ախպերության աստիճանի մտերիմ ենք) անպատշաճության տարրերով առկա կոպիտ ու գռեհիկ միջամտություն էր գործերիս, այն էլ այն ժամանակ, երբ անելիքս ամբողջությամբ դեռ չէի հստակեցրել գոնե ինձ համար։ Բայց ի՞նչ կարող ես անել: Անհանգստանալու իրավունք ունի ամեն ոք, ու դա յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքն է (ներքին սահմանադրական` ուրիշ բան չկարծեք):
Ինչևէ: Այսպես ես ու բազմոց ախպերս իրարից մի քիչ խռով, մի քիչ իրար նկատմամբ թունոտ եկանք հասանք խաղի երեսուներորդ րոպեին:
Շրը՛խկ` գոլ: Այդ Պեդրոն էր դարպասի ցանցը ալեկոծողը, Պեդրոն, ով «Ռեալի» երեք պաշտպանի «աշխատանքային քննարկման» հրավիրած դոկտոր Մեսիի փոխանցումից հետո պիտի աներ այն, ինչ պարտավոր էր անել:
Խոստովանեմ` այդ պահին ես ոչնչացնող հայացք նետեցի բազմոցիս, սակայն սրիկան գլուխը թեքել էր մի կողմ, իբր, լուրջ բանով է զբաղված ու անհաղորդ է ծավալվող զարգացումներին: Մեկ մտածեցի վերցնել ու դրա աչքը կոխել կոշկակարին ասած թագավորի էն հայտնի խոսքը, սակայն ասպետորեն խնայեցի ծեծ կերած կատվիս (շուն-գել` վերջը հազար տարվա ընկեր ենք):
Առաջին խաղակեսին բան չէր մնացել, երբ, հանդերձարան ուղևորվելուց առաջ, Դանի Ալվեշը ռմբահարեց «Ռեալի» դարպասի հեռավոր վերին անկյունը:
-Բան ասի՞ր, ախպերս,- չկարողացա զսպել ինձ`դառնալով բազմոցիս:
-Ի՜նչ ես դրած մի հանգի մորթում: Քոռ հո չե՞նք, տեսանք,- ի պատասխան գռմռաց նա, ու ես որոշեցի հարամ չանել մեղսավորի նրա վատ թաքնված վայելքը:
Երկրորդ խաղակեսը ոչ պակաս դիտարժան ստացվեց: Քրիշտիանու Ռոնալդուն շատ սիրուն անցումով իր գոլը խփեց, իսկ փոխարինման ելած Կարիմ Բենզեման անգամ հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսից հետո սսկված տակիս սրիկան այդ պահին նորից փորձեց ապստամբության դրոշ պարզել` հիմար-հիմար ինչ-որ դատողությունների փորձ անելով, բայց այնպես գոռացի վրան, որ պատկից հարևանս վախից ելել-գնացել, ջուր էր խմել:
Մոտավորապես այսքան բան «Բարսելոն»-«Ռեալ» խաղից, թեպետ հիշատակման արժանի բաներ էլի եղան, ինչպես կասեր մեծ Քերթողահայրը` հիշելով ու հիշեցնելով մեր փոքր ածու լինելը: Իսկ դրանք բավականին շատ էին: Պատժվելու գնով Կասիլյասն ասպետորեն իր վրա թեքեց մրցավարի արդար զայրույթը, որը տոնածառի կարմիր աստղի տեսքով շողշողալու էր «Ռեալի» պաշտպանի գլխին, ամբողջ խաղի ընթացքում թույլ տված կոպիտ խաղի համար հանդիպման վերջում մադրիդյան ակումբի մյուս պաշտպանը` Սերխիո Ռամոսը, չխախտեց խաղը տասը հոգով ավարտելու իր թիմի արդեն հին ու «բարի» դարձած ավանդույթը, քաղցր-անուշ Մեսիս դեղին քարտ ստանալու գնով նրբորեն վարձահատույց եղավ նախորդ հանդիպմանը Պեպեից ստացած վիրավորանքի դիմաց, Մոուրինյոն դաշտից հեռացված Ռամոսին ցուցադրական գրկեց` ականջին երկար-բարակ ինչ-որ բան փսփսալով` մինչդեռ իրականում ցույց տալով որ մարզիկ-մարզիչ հարաբերությունում իրարից իրականում այնքան էլ նեղացած չեն (հիշենք թիմերի առաջին խաղից հետո Սերխիոյի կոպիտ պատասխան-արձագանքը մարզչի դիտողությանը), անկրկնելի Չավիի երեսուներկու տարեկան դառնալը, որն ափսոս չնշանավորվեց հաղթանակով և այլն: ՈՒ ընդհանրապես` տեսնես աշխարհում կա՞ մի թերթ, որ կարողանա այնքան էջ տրամադրել լրագրողին, որ նա կարողանա իր ասելիքի մեջ ամբողջական լինել այս երկու մեծ թիմերի առնչությամբ: ՈՒ քանի որ չկա այդպիսի թերթ, համակերպվենք դառը իրականության հետ ու հենց այստեղ էլ վերջակետ դնենք` նորանոր հանդիպումների ակնկալիքով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ